Բողոքի երթ «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան լուրից հետո
Մարտի 16-ին ժամը 15:40-ին «Հաց բերող» Արթուր Սարգսյանը մահացել է «Արմենիա» բժշկական կենտրոնում՝ «սիրտ-թոքային անբավարարությունից»:
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանի խոսքով, Սարգսյանը հիվանդանոց էր ընդունվել մարտի 15-ին և գիշերը վիրահատվել` անհետաձգելի ցուցումներով։ Չնայած բժիշկների կողմից ձեռնարկված միջոցառումներին, նրա կյանքը չի հաջողվել փրկել:
Այս լուրի տարածումը մեծ իրարանցում առաջացրեց Հայաստանի քաղաքացիների շրջանում. մարդիկ հավաքվել էին Երևանի կենտրանական մասում՝ Ազատության հրապարակում, ապա արգելափակել Մաշտոցի պողոտան, որից հետո շարժվել էին դեպի արդարադատության նախարարություն:
Հուլիսի 17-ին մի խումբ զինված անձինք գրավել էին Երևանի ոստիկանության պարեկապահակային գունդը՝ պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ ձերբակալված ընդդիմադիր քաղաքական գործիչ Ժիրայր Սեֆիլյանին և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը:
Հուլիսի 26-ին Արթուր Սարգսյանը, իր անձնական օգտագործման մեքենայով ճեղքել էր ոստիկանական արգելապատնեշը և սնունդ հասցնել խմբի անդամներին: Արթուր Սարգսյանին, ում լրատվամիջոցներում սկսեցին անվանել «Հաց բերող», մեղադրանք էր առաջադրվել ՊՊԾ գնդի «տարածք մուտք գործելու, նշված ստորաբաժանման վարչական շենքը և հարակից տարածքը զավթելու, պահելու մեջ»:
Մինչև փետրվարի 9-ը Արթուր Սարգսյանի նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը: Սակայն փետրվարի 9-ին դատարանը որոշել էր փոխել վերջինիս հանդեպ կիրառված խափանման միջոցը և երկու ամսով կալանավորել նրան` պատճառաբանելով, որ վերջինս խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգքի 131-րդ հոդվածը, այն է` իր նկատմամբ կիրառված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի պայմանները: Ի պատասխան, «Հաց բերողը» դիմել էր հացադուլի, որը տևեց 23 օր և հանգեցրեց առողջական ծանր վիճակի:
Բողոքի երթի օրը նշանակված էր ավելի վաղ՝ բոլորովին այլ նպատակով: Դրան պետք է մասնակցեր նաև Արթուր Սարգսյանը: Ցուցարարների նպատակակետը պետք է լիներ ՌԴ դեսպանությունը: Այստեղ պետք է տեղի ունենար ստորագրահավաք՝ ապրիլի 2-ին [2016 թ.-ի ապրիլի 2-ին էր սկսվել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև «քառօրյա պատերազմը»] ՌԴ դեսպանության «դրոշները իջեցնելու պահանջով»: Այն պարզաբանվում էր կազմակերպիչների կողմից հետևյալ կերպ. ապրիլյան պատերազմի ժամանակ հայ զինվորները սպանվել են հենց ռուսական զենքից, որը ՌԴ-ն վաճառում է Ադրբեջանին:
«Հաց բերողի» մահը փոխեց կազմակերպիչների նախնական սցենարը: Երթի ընթացքում մասնակիցները պարբերաբար վանկարկում էին «Արթու՝ր, Արթո՝ւր» և «Հաց բերողին սպանել են»: Երթի ընթացքում ակտիվիստներին ուղեկցում էին ոստիկանության աշխատակիցները:
Փոխոստիկանապետ Օսիպյանը փորձում էր համոզել երթի կազմակերպիչներին տուն գնալ՝ կոչ անելով բախումներ չհրահրել կողմերի միջև:
Նրանց պատասխանն էր. բախումներ սադրելու ցանկություն չունեն, ոստիկանության դեմ ոչինչ չունեն, միայն ցանկանում են մոտենալ արդարադատության նախարարությանը և պատին սև ժապավենով հաց դնել:
Ցուցարարները պահանջում էին նաև արդարադատության և առողջապահության նախարարների հրաժարականը, որոնց մեղադրում էին «Հաց բերողի» մահվան մեջ:
Երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի ոսիտիկանները կարողանան համոզել ցուցարարներին լքել նախարարության շրջակայքը: Բողոքի ակցիայի կազմակերպիչները զիջումների գնացին այն պայմանով, որ շարունակելու են իրենց միջոցառումը մարտի 17-ին: