Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների առաջին հանդիպումը պատերազմից հետո․ ի՞նչ սպասել
Ռուսաստանի նախագահը սեփական նախաձեռնությամբ հունվարի 11-ին Մոսկվայում եռակողմ հանդիպում է կազմակերպում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ։ Արցախյան երկրորդ պատերազմից հետո (2020 թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը) սա նրանց առաջին հանդիպումն է։
Հայաստանում և Ադրբեջանում ակնկալիքներն այս հանդիպումից արմատապես տարբերվում են։
Երևանում ակնկալում են տնտեսական հարցերի, գերիների վերադարձի և անհետ կորածների որոնման խնդիրների քննարկում։
Ադրբեջանում կարևորում են Արցախում ռուս խաղաղապահների ներկայության հետագա պայմանների քննարկում։
Կարծիքներ Երևանից և Բաքվից, ինչպես նաև ռուս քաղաքագետի մեկնաբանությունը, որը կարծում է, թե «զինված հայերը պետք է լքեն Ղարաբաղը»։
- Փաշինյան-Ալիև հիպոթետիկ հանդիպումն ու տարածքների հանձնումը․ Հայաստանում նախօրոք դեմ են
- Մեղրիով ճանապարհ դեպի Նախիջևան․ Հայաստանը տարածքներ է հանձնում Ադրբեջանի՞ն, թե՞ ապաշրջափակում
- Հայաստանի 62 քաղաքացի Ադրբեջանում է․ ռազմագերինե՞ր, թե՞ դիվերսանտներ
- Հայաստան-Ադրբեջան․ «Նոր-հին սահման», ինչո՞ւ են սահմանազատման խնդիրներն այդքան շատ
Երևան, պաշտոնական տեղեկություններ այն մասին, թե ինչ է քննարկվելու հանդիպմանը
Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է, որ հանդիպման ընթացքում քննարկվելու է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը։
Նախևառաջ, դա միջազգային բեռնափոխադրումների իրականացման հարցն է՝ այդ թվում Հայաստանից դեպի Ռուսաստան, Իրան, ինչպես նաև Հայաստանի կենտրոնական հատվածներից Նախիջևանի երկաթուղով դեպի Սյունիքի մարզ:
Միաժամանակ Գևորգյանն անտեղի է համարում ադրբեջանական կողմի և հայկական որոշ շրջանակների կողմից անընդհատ շրջանառվող այսպես կոչված «Մեղրիի միջանցքի»՝ տարանցիկ նոր ճանապարհի հնարավոր շինարարության թեմայի ակտիվ քննարկումները։ Խոսվում է, որ այն իբր կապելու է Նախիջևանն Ադրբեջանին Հայաստանի տարածքով՝ Մեղրի քաղաքով։
«Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ [որով դադարեցվել են ռազմական գործողությունները] չկա ոչ Մեղրի, ոչ էլ Հայաստանի տարածքով միջանցք ստեղծելու մասին որևէ դրույթ», — գրել է Մանե Գևորգյանը:
Մոսկվայում կայանալիք հանդիպման քննարկման մյուս առանցքային թեման Հայաստանում համարում են գերիների վերադարձի, ադրբեջանցիների թիկունքում մնացած զինվորների փրկության, զոհվածների դիերի հայտնաբերման և անհետ կորածների ճակատագրերը պարզելու հարցերը։
«Առանց այս հարցերի լուծման կամ էական առաջընթացի չափազանց դժվար կլինի տնտեսական օրակարգի արդյունավետ քննարկումը», — գրել է Գևորգյանը։
Բանակցությունների ավարտին, հաղորդել է նա, հնարավոր է հանդիպման արդյունքների վերաբերյալ համատեղ հայտարարության ստորագրում, եթե հանդիպման ընթացքում օրակարգային հարցերի շուրջ հնարավոր լինի հասնել համաձայնությունների:
Նիկոլ Փաշինյանի այցի շրջանակում Մոսկվայում կկայանա նաև նրա երկկողմ հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Հայաստանում քաղաքական գործիչներն ու հասարակությունը մտավախություն ունեն, որ «Ադրբեջանի հետ հերթական նվաստացուցիչ պայմանագիրն» է ստորագրվելու
Մոսկվայում կայանալիք հանդիպման մասին լուրը բուռն և հիմնականում բացասական արձագանք է առաջացրել Հայաստանում։
Մի քանի մեկնաբանություն սոցցանցերից․
«Նոր հանդիպում՝ նոր դավաճանություն»։
«Իշխանություններն ասում են, որ եռակողմ հայտարարությունում (2020 թ․ նոյեմբերի 10-ի) Մեղրիի մասին ոչինչ գրված չէ։ Այնտեղ Շուռնուխ գյուղի մասին էլ խոսք չկա։ Ուրեմն ինչո՞ւ տվեցինք այն»։
«Նոյեմբերի 9-ի համաձայնագրում շատ հարցերի վերաբերյալ դրույթներ չկային, բայց շատ բան բանավոր է խոստացվել․ օրինակ՝ GPS-ի միջոցով սահմանազատումն ու Հայաստանի տարածքների փոխանցումն Ադրբեջանին»։
Հայկական լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել այն մասին, որ Մոսկվա կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն իբր պատրաստվում է ստորագրել հետևյալ կետերը ներառող համաձայնագիր․
- Հայաստանի տարածքով միջանցքի բացում՝ Ադրբեջանն ու Նախիջևանն իրար կապելու համար,
- Հայաստանի ինչ-որ տարածքների փոխանցում Ադրբեջանին,
- հայկական զորքերի դուրսբերում Լեռնային Ղարաբաղից։
Հրապարակումներում ասվում է, որ համապատասխան փաստաթղթերն արդեն նախապատրաստվել են և ուղարկվել Հայաստանի արդարադատության նախարարություն։
Հունվարի 9-ին Երևանում արդարադատության նախարարության շենքի մոտ բողոքի ակցիա տեղի ունեցավ՝ «Ադրբեջանի հետ հերթական նվաստացուցիչ պայմանագրի» ստորագրման մասին տեղեկությունը հերքելու պահանջով։
Ցուցարարներին հանդիպեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը և վստահեցրեց, որ ոչ մի «գաղտնի համաձայնություն» Ադրբեջանի հետ չկա։
Նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետին կոչ էր արել պայմանավորվածությունների ձեռք բերման դեպքում առաջնորդվել բացառապես համազգային շահերով և անշեղորեն պահպանել ՀՀ Սահմանադրության և օրենսդրության պահանջները:
«Մեր պահանջն է, որ Երևանը որևէ համաձայնագրի ստորագրությամբ չվտանգի Հայաստանի գերիշխանությունը, պետականությունն ու հողային ամբողջականությունը», — հայտարարել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը։ Նա հայ եկեղեցու Լիբանանի, Սիրիայի, Իրանի, Պարսից ծոցի երկրների, Հունաստանի, ԱՄՆ-ի, Կանադայի և Կիպրոսի թեմերի հոգևոր առաջնորդն է։
«Դաշնակցություն» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Նիկոլը persona non grata է ողջ Հայաստանում և հայկական աշխարհում։ Նիկոլի ձեռքն այսուհետև սեղմում է միայն թշնամին, և հենց թշնամու օգնությամբ է նա շարունակում զբաղեցնել Հայաստանի վարչապետի պաշտոնը։ Բայց դա խիստ ժամանակավոր է»։
«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարել է, որ «Նիկոլ Փաշինյանը չի ներկայացնում Հայաստանը և Արցախը, չունի համապատասխան մանդատ: Հայաստանի ու Արցախի շահերի դեմ ընդունվող ցանկացած որոշում […] չի վավերացվելու ու չեղարկվելու է իշխանափոխությունից հետո»:
Բաքու․ անհրաժեշտ են բանակցություններ ռուս խաղաղապահների պարտավորությունների և լիազորությունների շուրջ
Անվտանգության գլոբալ և տարածաշրջանային խնդիրների կենտրոնի ղեկավար Գաբիլ Հուսեյնլին JAMnews-ի հետ զրույցում խոսել է այն մասին, թե ինչը պետք է լինի Իլհամ Ալիևի, Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպման քննարկման կենտրոնում։
«Նախևառաջ՝ հստակ բանակցություններ են անհրաժեշտ Ղարաբաղում խաղաղապահ կոնտինգենտի պարտականությունների և լիազորությունների շուրջ։ Լուրեր են ստացվում այն մասին, որ խաղաղապահները զորավարժություններ են անցկացնում հայկական ուժերի ներգրավմամբ, թեև պաշտոնապես այդ մասին դեռևս չի հայտարարվում։
Պետք է պատժամիջոցներ սահմանվեն խաղաղապահ առաքելության համար, եթե այն դուրս գա իր լիազորություններից։
Երկրորդ հերթին՝ հաճախ են փոփոխություններ տեղի ունենում խաղաղապահների տեղակայման քարտեզներում։ Երբեմն Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող որոշ տարածքներ ձգտում են ներկայացնել որպես խաղաղապահ առաքելության վերահսկողության տակ գտնվող տարածք։ Դա անթույլատրելի է և հարված է հասցնում տարածաշրջանում ռուսական ուժերի նկատմամբ վստահությանը։
Երրորդ՝ Ադրբեջանը երբեք չի ճանաչելու «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն» ու դրա «նախագահ» Արայիկ Հարությունյանին։ Մոտ ապագայում պետք է այդ տարածքի գեներալ-մարզպետ նշանակվի՝ հաշվի առնելով Ադրբեջանի կարծիքը։ Իսկ Հարությունյանը մեղադրվում է Ադրբեջանի Քրեական օրենսգրքի մի քանի կետերով և պետք է փոխանցվի պաշտոնական Բաքվին։
Չորրորդ՝ մոտ ապագայում պետք է միջանցք բացվի Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի հիմնական մասի միջև։ Հայկական կողմը փորձում է փոխել մոտեցումն այս հարցին։ Պետք է «կարմիր գիծ» անցկացվի այս միջանցքի հարցում։
Հինգերորդ՝ նմանատիպ հետագա հանդիպումներին պետք է ներկա լինի նաև Թուրքիան։ Որովհետև Թուրքիան գործընթացի մաս է, և Ռուսաստանն ընդունում է սա։ Կարծում եմ, որ բանակցային գործընթացում պաշտոնական Անկարայի ներկայությունը թույլ չի տա, որ այն փակուղի մտնի»։
Ռուս քաղաքագետ․ «Դա Ադրբեջանի տարածք է, զինված հայերը պետք է լքեն այն»
Քաղաքագետ, «Ազգային պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն՝ «Մոսկվա-Բաքու» ամսագրին տված հարցազրույցում․
«Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների եռակողմ հայտարարությունում, հաշվի առնելով, որ այն մշակվել է ռազմական գործողությունների և ժամանակավոր ցայտնոտի պայմաններում, անհնար է եղել մանրամասնել ղարաբաղյան պատերազմի ավարտի և ղարաբաղյան կարգավորման բոլոր հարցերը։
Այդ պատճառով էլ, իմ կարծիքով, [հունվարի 11-ին կայանալիք] եռակողմ հանդիպումը պետք է ավելի հստակ, մանրամասն որոշի հետևյալ հարցերը։
1. Հայկական ուժերի լիակատար դուրսբերում Ադրբեջանի տարածքից։ Դա վերաբերում է ոչ միայն Հայաստանի զինված ուժերին, այլև այսպես կոչված ԼՂՀ զինված ապօրինի կազմավորումներին, որը դե ֆակտո գոյություն չունի, բայց փորձում է իրենից ինչ-որ բան ներկայացնել։
2. Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանների որոշում։
3. Տրանսպորտային միջանցնքներ, որոնք պետք է գործարկվեն տարածաշրջանում։ Եռակողմ համաձայնագիրը [որ ստորագրվել է 2020 թ․ նոյեմբերի 10-ին] հստակ արձանագրում է տրանսպորտային միջանցք Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև։ Եվ այս տրանսպորտային միջանցքի ստեղծումը Հայաստանի շահերից էլ է բխում։
4. Ղարաբաղում վերահսկողությունը պետք է լինի ռուս խաղաղապահների, այլ ոչ թե գոյություն չունեցող ԼՂՀ ինքնահռչակ այսպես կոչված առաջնորդների ձեռքում։
Վերջ, պատերազմն ավարտվել է։ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշված չէ, բայց դա Ադրբեջանի տարածք է, այդ պատճառով էլ զինված հայերը պետք է լքեն այդ շրջանը»։