Հայաստանի 62 քաղաքացի Ադրբեջանում. ռազմագերինե՞ր, թե՞ դիվերսանտներ
Հադրութի շրջանի տարածքում, որը Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ, ձերբակալվել է Հայաստանի 62 քաղաքացի: Ադրբեջանական կողմը ձերբակալվածներին համարում է դիվերսանտներ, որոնք դատարանի առաջ պետք է պատասխան տան: Հայկական կողմը վստահ է, որ նրանք ռազմագերիներ են և պետք է վերադարձվեն հայրենիք:
- Զրահաբաճկոնը փրկություն չէ՞ր․ լրագրողների աշխատանքը Արցախյան պատերազմի օրերին
- Հայաստան-Ադրբեջան․ «նոր հին սահման», ինչո՞ւ են այդքան խնդիրներ առաջանում սահմանագծման ժամանակ
- Փաշինյան-Ալիև հիպոթետիկ հանդիպումն ու տարածքների հանձնումը․ Հայաստանում նախօրոք դեմ են
Որպես ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի փաստաթուղթ՝ շրջանառվել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի կողմից ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղղված նամակը:
Նամակում խոսվում է «Հայաստանի գործունեության մասին՝ ուղղված կայունությունը խարխլելուն և միջազգային իրավունքի ու նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությանը հակասող», հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Բայրամովն իր նամակում նշել է, որ «Ադրբեջանի օկուպացիայից ազատագրված Խոջավենդի շրջանի տարածքում հայկական զինված ուժերը դիվերսիաներ ու սադրանքներ են իրականացնում: Ադրբեջանի համապատասխան կառույցների կողմից իրականացված հակաահաբեկչական գործողությունների արդյունքում բերման են ենթարկվել դիվերսանտների խմբի 62 անդամները, որոնք Հայաստանի քաղաքացի են»:
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ուշադրությանն է ներկայացվել, որ «համատեղ հայտարարությունը ստորագրելուց մեկ ամիս անց Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքներում այդպիսի դիվերսիա և սադրանք իրականացնելը Հայաստանի կողմից միջազգային իրավունքի սկզբունքների, ինչպես նաև հայտարարության համաձայն ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտման վկայություն է»:
Արձագանք Հայաստանից
Հայաստանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայ ռազմագերիների հանդեպ քրեական հետապնդումը դատապարտող հայտարարությամբ․
«Ադրբեջանի իշխանությունների գործողությունները միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտում են: […] Ռազմագերիների ազատ արձակման և հայրենադարձման պահանջը հստակորեն ամրագրված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, և եռակողմ հայտարարության ընդունումից հետո ռազմագերիների հանդեպ քրեական հետապնդումը հանդիսանում է հայտարարության կոպիտ խախտում»:
Հայտարարության մեջ ասվում է նաև, որ հայ զինծառայողները գերի են ընկել եռակողմ հայտարարության մեկ այլ դրույթի խախտման հետևանքով, «երբ հրադադարի հաստատումից մեկ ամիս հետո Ադրբեջանը ռազմական գործողություններ էր ձեռնարկել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի ուղղությամբ».
«Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը հայտարարել է ռազմագերիների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ հայ զինծառայողների գերեվարումից մոտ մեկ ամիս հետո, ինչը ցույց է տալիս, որ Ադրբեջանը հայ ռազմագերիներին օգտագործում է որպես պատանդներ իր քաղաքական օրակարգն առաջ մղելու նպատակով»:
Ադրբեջանցի զինվորականների կողմից գերեվարված բոլոր հայ զինծառայողները պետք է ազատ արձակվեն ու վերադարձվեն Հայաստան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը․
«Դա պետք է արվի անհապաղ ու առանց որևէ նախապայմանի»:
Օմբուդսմենն անընդունելի է համարում այն փաստը, որ նոյեմբերի 10-ի զինադադարի մասին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ համաձայնագրի ութերորդ կետում չեն նշվում գերիների փոխանակման կամ վերադարձի հստակ ժամկետները.
«Բայց սա չի նշանակում, որ Ադրբեջանի իշխանությունների համար թույլատրելի է մարդու իրավունքների միջազգային պահանջների ու մարդասիրական պայմանավորվածությունների անընդհատ խախտումը. արհեստական ձգձգվում է գերիների վերադարձը, չի հայտնվում նրանց իրական թիվը, ու նույնիսկ փորձեր են արվում ներկայացնել իրական թվից նվազ թվաքանակ, այդ ողջ ընթացքում շարունակվել է նրանց նկատմամբ խոշտանգումն ու անմարդկային վերաբերմունքը, այդ մասին վկայող տեսանյութերի նպատակային հրապարակումը, խոչընդոտվում է զոհվածների մարմինների փոխանակումը»:
Ադրբեջանի իշխանությունների հայտարարությունները, թե գերեվարված հայերը ոչ թե ռազմագերիներ են, այլ դիվերսանտներ, Արման Թաթոյանի խոսքով, կոպտորեն ոտնահարում են հետպատերազմյան մարդասիրական գործընթացը և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պահանջները.
«Այդ հայտարարություններն ուղիղ հակասում են նաև 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի պահանջին: Նրանք կարգավիճակով գերի են, և վերջ»:
Հայաստանի օմբուդսմենը «բացարձակ դատապարտելի է համարում բնույթով մարդասիրական ու մարդու իրավունքներին առնչվող այս հարցի քաղաքականացումը», այն տարածքային որևէ հարցի հետ կապելու ադրբեջանական իշխանությունների ակնհայտ փորձերը:
Մեկնաբանություններ Բաքվից
«Հետաքրքիր պատկեր է ստացվում,- գրում է Caucasus Policy Analysis Center-ի տնօրեն Ահմեդ Ալիլին: — Հայտնի եռակողմ պայմանագրում ասվում է, որ զորքերը պետք է կանգնեն իրենց դիրքերում, որտեղ գտնվել են փաստաթուղթը ստորագրելու պահին»:
«Հայկական կողմը վերծանում է այն հետևյալ կերպ. եթե այն տարածքներում, որոնք ժամանակին ԼՂԻՄ—ի կազմում էին, իսկ այժմ վերահսկվում են Ադրբեջանի կողմից, «կղզյակներում» կան հայ զինծառայողներ, նրանք պետք է մնան այնտեղ: Ներկա պահին այս հանգամանքը կողմերի միջև թեժ քննարկումների թեմաներից մեկն է:
Բայց հիմա հանրությանը հայտնի է դառնում, որ նշված հայ զինծառայողները թաքնվել են Հադրութում և հարակից գյուղերում փրկված ու չհրկիզված տների տանիքներին և նկուղներում: Այս համատեքստում «պետք է մնան իրենց դիրքերում» արտահայտությունը սկսում է նոր իմաստ ձեռք բերել»,- նշել է Ալիլին:
Ռազմական դիտորդ Ասաֆ Գուլիևը այլ կարծիքի է: JAMnews-ին տված իր մեկնաբանությունում նա ասել է.
«Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել երկու կետի: Նախ՝ այս 62 ձերբակալվածների քաղաքացիությանը: Ցավոք, ես այս հարցի շուրջ տվյալներ չունեմ:
Եթե նրանք Հայաստանի քաղաքացիներ են, ապա դա նշանակում է, որ Հայաստանը չի կատարում նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից բխող իր պարտավորությունները: Բայց այստեղ հնարավոր է նաև վարկած, համաձայն որի՝ Հայաստանը կարող է հայտարարել, թե ձերբակալվածները չեն ենթարկվում Հայաստանի իշխանություններին: Եթե այդպես է, ապա այդ մարդիկ ռազմագերիներ չեն, այլ ահաբեկչական խմբավորման անդամներ, որոնք չեն ենթարկվում ոչ իրենց երկրի, ոչ էլ Ադրբեջանի օրենքներին: Ելնելով դրանից՝ նրանք հանցագործներ են:
Բայց եթե ձերբակալվածները Լեռնային Ղարաբաղի բնակիչներ են, նրանց կարելի է դասել որպես Ադրբեջանի տարածքում ապրող, բայց այս երկրի օրենքներին չհնազանդվող: Եվ այս դեպքում էլ նրանք չեն կարող համարվել ռազմագերիներ:
Ինչ վերաբերում է տերմինաբանությանը, դիվերսանտներն ու ահաբեկիչները տարբեր հասկացություններ են: Դիվերսանտները որևէ երկրի զինված ուժերի մի մասն են, որոնք կատարում են իրենց հանձնարարվածը: Ահաբեկիչները օրենքից դուրս են, նրանց նկատմամբ չեն կիրառվում ռազմագերիների կարգավիճակի մասին Ժնևի կոնվենցիաները»:
Տեղեկատվություն Ադրբեջանում հայ ռազմագերիների մասին
Կողմերը պայմանավորվել են գերիների փոխանակման շուրջ` «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Ընդհանուր առմամբ, 44-օրյա պատերազմի ավարտից հետո 54 գերի է վերադարձել Հայաստան: Բայց, ըստ հայկական կողմի, Ադրբեջանում հայ գերիների թիվը շատ ավելին է:
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը, որը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացնում է հայ գերիների շահերը, պնդում է, որ Հայաստանն ունի անհերքելի ապացույցներ այն մասին, որ Ադրբեջանում պահվում է առնվազն 120 հայ գերի:
Այնուամենայնիվ, Ադրբեջանի գերիների գործերով պետական հանձնաժողովը հաղորդում է ընդամենը հինգ հայ գերիների մասին՝ երկու զինծառայողի և երեք քաղաքացիական անձի: Ըստ Սահակյանի՝ խոսելով ընդամենը հինգ գերիների մասին՝ Ադրբեջանը «չարաշահում է Հայաստանի իշխանությունների անօգնական վիճակը»: