Արցախյան երկրորդ պատերազմից տուժածների համար նոր ծրագրեր Հայաստանում
Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 10-ին ևս մի քանի ծրագիր է ընդունել, որոնք ուղղված են արցախյան երկրորդ պատերազմից տուժածներին օգնելուն։
Պետությունից ֆինանսական օգնություն կստանան անհետ կորածների ընտանիքները, պատերազմին մասնակցած ուսանողները, ինչպես նաև արցախցիները, որոնց տներն ավերվել են ռազմական գործողությունների ժամանակ։
- Օգնություն Հայաստանի կառավարությունից՝ Արցախում ռազմական գործողություններից տուժածներին
- Անվճար կոմունալ ծառայություններ, օգնություն Եվրամիությունից և նպաստներ Հայաստանի կառավարությունից՝ արցախցիներին
- Արցախի շուրջ տարածքների «գնման» մասին․ սկանդալային զրույցի ձայնագրության հրապարակում
Օգնություն անհետ կորած զինվորականների ընտանիքներին
Ընտանիքները, որտեղ անհետ կորած զինվորականներ կան, վեց ամիս կարող են աջակցություն ստանալ Հայաստանի կառավարությունից։ Այս մասին հայտարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։
Կես տարվա ընթացքում յուրաքանչյուր ամիս ընտանիքը ստանալու է 300 հազար դրամ։ Այս նպատակով նախարարությունը Զինծառայողների կյանքի և առողջության ապահովագրության հիմնադրամին կփոխանցի 500 մլն դրամ։
Նույնպիսի օգնություն կստանան գերեվարվածների ընտանիքները՝ ընդհուպ մինչև նրանց վերադարձը։
Այն դեպքում, երբ կորած զինծառայողը չհայտնաբերվի և մահացած ճանաչվի, նրա ընտանիքը մշտապես հատկացումներ կստանա այդ նույն հիմնադրամից։
Կառավարության որոշմամբ՝ անհետ կորած ճանաչվելու ժամկետները մեկ տարուց կրճատվել են մինչև վեց ամիս։
«Սակայն այդ վեց ամսվա ընթացքում ընտանիքները պետք է ինչ-որ աջակցություն ստանան, ինչի համար էլ ընդունվել է որոշումը», — հաղորդել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ի՞նչ են ստանալու ուսանողները
Պետությունն ամբողջությամբ փոխհատուցում է այն ուսանողների ուսման առաջին կիսամյակի վճարները, որոնք մասնակցել են արցախյան երկրորդ պատերազմին։
Ընդ որում, փոխհատուցում կարող են ստանալ նաև ռազմական գործողություններին մասնակցածների երեխաներն ու կանայք, որոնք բուհերում են սովորում։
Նրանք, ովքեր վճարել են ուսման համար, գումարը հետ կստանան։
Այս որոշումը տարածվում է ոչ միայն ուսանողների, ասպիրանտների և բժիշկ-օրդինատորների, այլ նաև միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողների վրա։
500 դոլար՝ վնասված տների համար
Մեկ հոգու հաշվարկով 250 հազար դրամի չափով միանվագ հատկացում կստանան արցախցիները, որոնց տներն ավերվել են պատերազմի ժամանակ։
Ծրագիրը ներկայացրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։ Նա ընդգծել է, որ ընտանիքներին օգնություն կտրամադրվի նաև անչափահաս երեխաների համար։
Այն նախատեսված է նրանց համար, ում տները պատերազմի ավարտից հետո մնացել են հայկական կողմի վերահսկողության տակ, սակայն ավերվել են ռազմական գործողությունների հետևանքով։
Արցախի այն բնակիչները, որոնց տները մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում, 300 հազար դրամ միանվագ գումար կստանան։ Այս ծրագրով փոխհատուցումը նույնպես կտրամադրվի ընտանիքի յուրաքանչյուր անդամին։
Բուժօգնություն ուժայիններին
Անվճար վերականգնողական բուժօգնություն կարող են ստանալ Հայաստանի ուժային գերատեսչությունների ծառայողները, որոնք տուժել են պատերազմի ժամանակ։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ ծրագիրը նախատեսված է ոչ միայն պաշտպանության նախարարության աշխատակիցների, այլև մյուս գերատեսչությունների ծառայողների համար, որոնք մարտական խնդիրներ են կատարել, մասնավորապես՝ փրկարար ծառայության աշխատակիցների, ինչպես նաև ժամկետային զինծառայողների և կամավորների համար։
Ինչ վերաբերում է կադրային զինվորականներին և փրկարարներին, ապա նրանց անվճար օգնությունը կերաշխավորվի՝ նրանց ապահովագրական փաթեթներում «բժշկական-սոցիալական աջակցություն» կետի ավելացմամբ։ Մինչ այս՝ վերականգնողական բժշկությունն այս խմբի համար չէր մտնում անվճար ծառայությունների ցանկի մեջ։ Այս նպատակի համար կառավարությունը կտրամադրի մոտ 3 մլրդ դրամ։