Մուտքն արգելված է
Լուսանկարը՝ Գևորգ Ղազարյանի
Ղարաբաղյան հակամարտությունը պատկանում է այն սակավաթիվ հակամարտությունների շարքին, որոնք հանգեցրել են հասարակությունների գրեթե էթնիկ լիակատար սեգրեգացիայի (տարանջատման): Հակամարտության արդյունքում Ղարաբաղից և Հայաստանից հեռացան գրեթե բոլոր ադրբեջանցիները, իսկ Ադրբեջանը լքեցին բոլոր հայերը: Բացառություններ իհարկե կան, հատկապես ինչ վերաբերում է խառն ընտանիքներին, սակայն դրանք բացառություն են կանոնը հաստատելու համար:
Բոլոր մնացած հակամարտություններում, օրինակ վրաց-աբխազական, վրաց-օսական, մերձդնեստրյան, նույնիսկ Բալկաններում և Մերձավոր Արևելքում տեղի ունեող հակամարտություններում նման կոշտ սեգրեգացիա չէր նկատվում՝ չնայած արյունալի պատերազմներին և դիվանագիտական լուծումների բացակայությանը:
«Թշնամու» տարածքում ապրող մարդկանց և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում ընկալում են կամ որպես գերի, կամ որպես ռազմական գործողությունների չվերսկսման երաշխիք, կամ վստահելի երկխոսություն կառուցելու համար կամուրջ:
Ղարաբաղյան հակամարտությունում այդ կամուրջն ի սկզբանե է քանդվել: Ըստ տարբեր տվյալների՝ Հայաստանն ու Ղարաբաղը 1990-91թթ-ին մինչև 700 հազար ադրբեջանցի է լքել, իր հերթին Ադրբեջանից հեռացել է մոտ 400 հազար հայ:
Այսպիսով, սեգրեգացիան հանգեցրել է նրան, որ երկու ժողովուրդների միջև շփումը հայրենակիցների համար դավաճանության պես մի բան է: Իսկ մեկ ազգի ներկայացուցչի հայտնվելը «թշնամի» երկրում հավասարվում է կյանքի սպառնալիքի:
Հայաստանում այդ հարցն այնքան էլ սուր չէ. ադրբեջանցիների մուտքը երկիր արգելված չէ, որոշակի ժամանակահատվածում ադրբեջանցիները հանգիստ Հայաստան և անգամ Ղարաբաղ էին այցելում և չէին բողոքում անհյուրընկալ վերաբերմունքից:
Ադրբեջանում ամեն ինչ մի փոքր այլ է. հայերի այցելությունը երկիր արգելված է պետական մակարդակով: Ճիշտ է, պաշտոնապես դա չի խոստովանվում, սակայն սահմանապահ ծառայությունների պաշտոնյաները չեն թաքցնում, որ հայկական ազգանուններով անձանց մուտքը երկիր արգելված է:
Բազմաթիվ դեպքեր են հայտնի, որ այլ երկրների քաղաքացիներին Ադրբեջան չեն թողել հայկական ազգանվան պատճառով: Վերջին դեպքը կապված էր հայկական ազգանուն ունեցող 8-ամյա տղայի հետ, որի մայրն ու խորթ հայրը ռուս են:
Բացի այդ, Բաքվում վերջերս կալանավորվել է Ադրբեջանում մի քանի տարի աշխատող Ռուսաստանի քաղաքացի Մ.Վ. Ուելդանովը, որը ավստրիական Do&Co աշխատակից է և Բաքու է եկել գործուղման: Նրան կալանավորել են, երբ պարզվել է, որ նրա երկրորդ ազգանունը Գալուստյան է:
Այդպիսի «հանդուրժողականության» ֆոնին գերիների, պատանդների և սահմանը հատածների ճակատագիրը սահմանի երկու կողմերում էլ շատ ավելի մտահոգիչ է: Սահմանի մյուս կողմում լինելն արդեն շատերի կողմից ընկալվում է որպես մահվան դատավճիռ, իսկ «թշնամական» երկիր տեղափոխվելը՝ որպես ուրացում և պետական դավաճանություն:
Ադրբեջանի և Ղարաբաղի իշխանությունների և կառույցների միջև կապի բացակայությունը ոչ միայն բարդացնում է շատ իրավիճակային խնդիրների լուծում, այլ նաև խորացնում է երկու ժողովուրդների միջև անդունդը: Բաքուն համառորեն չի ցանկանում «բարեհաճ գտնվել» ղարաբաղյան իշխանությունների հանդեպ՝ համարելով, որ ցանկացած շփում կհավասարեցվի Ղարաբաղի անկախության ճանաչման: Չնայած Վրաստանի և այլ երկրների փորձը բոլորովին այլ բան է ասում:
Վերջին ժամանակներս ղարաբաղյան կարգավորման բանակցություններն ավելի շատ «հումանիտար» հարցերի շուրջ են տեղի ունենում, ավելի ճիշտ՝ գերիներին և պատանդներին վերադարձնելու շուրջ: Մասնավորապես Ադրբեջանը Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ փորձում է հասնել 2014թ-ի հուլիսին Ղարաբաղում կալանավորված Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հանձնմանը: Հիշեցնենք, որ նրանք ձերբակալվել են Ղարաբաղի տարածքում, նրանց մեղադրել են սահմանի ապօրինի հատման, երկու մարդու սպանության համար և երկարատև ազատազրկկման դատապարտել: Նրանք պահվում են Ստեփանակերտի բանտում: Ժամանակ առ ժամանակ նրանց այցելում են ԿԽՄԿ ներկայացուցիչները:
Ադրբեջանը չի համաձայնում ուղղակիորեն համագործակցել Ղարաբաղի իշխանությունների հետ և նրանց վրա ճնշում գործադրելու համար փորձում է միջազգային կապերն օգտագործել: Օրինակ, հայտնի է, որ Ադրբեջանը Ռուսաստանի ղեկավարությանն է դիմել, կոչ անելով օգտագործել Հայաստանի վրա ունեցած իր ազդեցությունը, և պահանջել վերադարձնել նշված քաղաքացիներին: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բացահայտ կոչ է արել Հայաստանի ղեկավարությանը վերադարձնել Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին, սակայն Երևանը մատնացույց է արել Ստեփանակերտը և կոչ արել ուղղակիորեն դիմել Ղարաբաղի իշխանություններին:
Հումանիտար հարցերի լուծումն է դրվել ղարաբաղյան կարգավորման այսպես կոչված ռուսաստանյան նախաձեռնության հիմքում: Հիշեցնենք, որ կարգավորման հիմնական բանակցությունները տեղի են ունենում Մինսկի խմբում ԱՄՆ, Ռուսաստանի և Ֆրանսիայի համանախագահության ձևաչափում: Սակայն Ռուսաստանը ժամանակ առ ժամանակ փորձում է եռակողմ ձևաչափ կազմել Մոսկվայի, Բաքվի և Երևանի մասնակցությամբ:
Այսպիսով, ղարաբաղյան կարգավորման ռուսական նախաձեռնությունը հենց սկզբից ավելի շուտ հումանիտար խնդիրների լուծում էր ենթադրում, քան քաղաքական: Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները համաձայնել են գերիներին փոխանակել և վերադարձնել զոհվածների մարմինները: Հենց դա է համարվել 2011թ-ի Կազանի հանդիպման գլխավոր ձեռքբերումը: Այդ ուղղությամբ որոշակի աշխատանք կատարվել է, և ինչ-որ պահի կողմերը հայտարարել են գերիների և պատանդների լիակատար բացակայության մասին:
Այժմ Ադրբեջանում, ըստ պաշտոնական տվյալների, միայն մի ռազմագերի կա: Ադրբեջանի իշխանությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գերեվարված քաղաքացի Արսեն Բաղդասարյանին դատապարտել են 15 տարվա ազատազրկման: Նա մեղադրվում է դիվերսիա իրականացնելու համար: Արսեն Բաղդասարյանը գերի է ընկել 2014թ-ի դեկտեմբերի 26-ին:
2014թ-ից ի վեր հայկական և ադրբեջանական կողմում պարբերաբար զինվորականներ և քաղաքացիական անձինք են հայտնվում: Նրանք բոլորը վերադարձվել են հայրենիք բարի կամքի դրսևորման կամ փախանակման շրջանակում:
Վերջերս Ղարաբաղում գերի է ընկել մեկ այլ ադրբեջանցի զինվորական՝ 1995թ-ին ծնված Էլնուր Հուսեյնզադեն: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ նա բանակից զորացրվել է կարգապահության խախտման պատճառով և երկրի զինված ուժերում հաշվառված չէ: Իսկ Ղարաբաղի Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ 2017թ-ի փետրվարի 1-ին ԼՂ Թալիշ գյուղի ուղղությամբ մի խումբ ադրբեջանցի զինվորականներ դիվերսիոն ներթափանցման փորձ են ձեռնարկել: Փորձը կասեցվել է ղարաբաղյան ստորաբաժանումների կողմից, նույն օրը հայտնաբերվել և բերման է ենթարկվել Ադրբեջանի ԶՈւ հետախուզական վաշտի 157—րդ մոտոհրաձգային բրիգադի զինծառայող Էլնուր Հուսեյնձադեն:
Վերջերս Ադրբեջանի Թալիշների հանրապետական մշակութային կենտրոնի անդամ, «Թալիշի Սադո» թերթի նախկին աշխատակից Շահին Միրզոևն ապաստան է խնդրել հայկական իշխանություններից: Երևանը համաձայնել է ապաստան տրամադրել:
Ավելի վաղ՝ 2016թ-ին, Բաքվի իշխանություններին ապաստան տրամադրելու խնդրանքով է դիմել Հայաստանի քաղաքացի Վահան Մարտիրոսյանը: Խնդրանքը նույնպես բավարարվել է:
Վահան Մարտիրոսյանը որոշ ադրբեջանցի գործընկերների հետ վերջերս Խաղաղության պլատֆորմի ստեղծում է հայտարարագրել, որն իբր ուղղված է հայերի և ադրբեջանցիների միջև կամուրջներ կառուցելուն: Հայկական կողմից այդ պլատֆորմին չեն շտապում միանալ: Դա բացատրում են նրանով, որ Ադրբեջանում պահպանվում է այլատյացության բարձր մակարդակ. չի կարելի խոսել խաղաղության մասին և միաժամանակ արգելել մարդկանց մուտքը երկիր միայն այն պատճառով, որ նրանք հայկական ազգանուններ ունեն:
Սակայն հումանիտար հարցերը քաղաքականից տարանջատելը կարող էր լավ պլատֆորմ դառնալ երկու հասարակությունների միջև իրական կամուրջների կառուցման համար: