Ով ինչպես է ապրում Կովկասում
2008-2009 թթ. տնտեսական ճգնաժամից հետո 2010-2013 թթ. սկսվեց ճգնաժամից դուրս գալու ժամանակաշրջան, երբ կովկասյան տարածաշրջանի երկրների տնտեսությունները գրանցեցին միջինում 5% աճ: 2014 թվականից սկսած՝ իրավիճակը կրկին վատթարացավ, ինչն, առաջին հերթին, բացատրվում է Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժմամբ (ինչի հետևանքով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառվեցին): Իրավիճակը սրվեց նավթի գների զգալի անկման արդյունքում. տարածաշրջանի երկու երկրների՝ Ռուսաստանի և Ադրբեջանի տնտեսությունները զգալի կերպով կախված են նավթի գներից: Այդ ժամանակահատվածում տարածաշրջանի երկրների տնտեսական աճի միջին տեմպը կրճատվեց մինչև 1,7%: Զզալի կերպով արժեզրկվեցին տարածաշրջանի բոլոր երկրների ազգային արժույթները: Գնաճի մակարդակը բարձրացավ, կրճատվեց մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը՝ դոլարային համարժեքով:
Դիտարկենք յուրաքանչյուր երկիրն առանձին-առանձին.
Վրաստան
Վերջին տարիներին Վրաստանում քաղաքական իրավիճակը կայուն է, ընտրություններն անցկացվում են համեմատաբար խաղաղ մթնոլորտում: Սակայն միևնույն ժամանակ կովկասյան այլ երկրներում քաղաքական և տնտեսական իրավիճակն ավելի բարդ էր, ինչը Վրաստանի վրա միանշանակ բացասական ազդեցություն ունեցավ: Վրաստանն ունի փոքր, բաց տնտեսություն, որի զարգացումը մեծապես կախված է արտասահմանյան ներդրումներից, առևտրից, զբոսաշրջությունից, արտաքին ֆինանսական հոսքերից և աջակցությունից: Տնտեսական գլոբալացման միջազգային ցուցանիշում 184 երկրների շարքում Վրաստանը զբաղեցնում է 16-րդ տեղը: Սա նշանակում է, որ Վրաստանի տնտեսությունը շատ զգայուն է այլ երկրների տնտեսություններում տեղի ունեցող գործընթացների հանդեպ:
Տնտեսական աճը. 2010-2012 թթ. Վրաստանի տնտեսությունը միջինում 6,6% ամենամյա աճ է գրանցել, 2013-2016 թթ. երկրի տնտեսության աճի միջին տարեկան տեմպը նվազել է 3.2%-ով: Իսկ 2016 թ. Վրաստանի տնտեսությունն աճել է ընդամենը 2,2%-ով: 2013 թ. Վրաստանում տնտեսական աճի տեմպերի դանդաղելը հիմնականում պայմանավորված էր իշխանափոխությամբ և անորոշությամբ, թե զարգացման ինչ ուղի կընտրի նոր կառավարությունը: Զգալիորեն կրճատվեց նաև ենթակառուցվածքների կառուցման տեմպը:
Ազգային արժույթ. 2014 թվականից ի վեր ճգնաժամը այս կամ այն չափով սկսեց անդրադառնալ տարածաշրջանի բոլոր երկրների վրա: Վրաստանում իրավիճակը վատթարացավ հատկապես 2014 թ-ի վերջին, ինչի հիմնական պատճառը արտահանման և արտերկրից դրամական փոխանցումների կրճատումն էր: Արտարժութային մուտքերի կրճատումն արագ կերպով անդրադարձավ նաև լարիի փոխարժեքի վրա. 2015 թ-ից սկսած՝ լարին զգալիորեն արժեզրկվեց և 2016 թ-ի վերջում արժեզրկվեց 53%-ով:
Գնաճը. Վրաստանում գնաճի ցուցանիշներն աճեցին 2015-2016 թթ-ին: Սպառողական ապրանքը թանկացավ 7% -ով:
Մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը. Լարիի արժեզրկումը կրճատում է դոլարային համարժեքով եկամուտը: 2014 թ-ին անցկացված մարդահամարի արդյունքները ցույց տվեցին, որ Վրաստանում ապրում է ոչ թե 4,4 մլն մարդ, այլ՝ 3.7 մլն: Արդյունքում, վերջին տարիներին մեկ շնչին բաժին ընկնող տարեկան եկամուտը դոլարային համարժեքով, ըստ էության, չի փոխվել և 2016-ին կազմել է 3772 ԱՄՆ դոլար, գնողունակությունը (հաշվի առնելով ԱՄՆ-ի և Վրաստանի միջև գնային տարբերությունը)՝ 10100 ԱՄՆ դոլար:
Պարտքերը. Լարիի արժեզրկման և ներքին պարտքի ավելացման արդյունքում Վրաստանի պետական պարտքը ՀՆԱ-ի նկատմամաբ աճել է մինչև 42%: Համեմատության համար՝ 2013 թ-ի վերջում երկրի պետական պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ կազմել է 35%:
Գործազրկության մակարդակը. Ըստ պաշտոնական վիճակագրության՝ երկրում գործազրկության մակարդակը նվազել է: 2015 թ-ի վերջում գործազրկության մակարդակը կազմել է 12%, մինչդեռ 2012 թ-ին կազմում էր 15%:
Ադրբեջան
Տնտեսական աճը. 2013 թ-ին Ադրբեջանի տնտեսական աճը կազմել է 5.8%, 2014-2015 թթ. տնտեսական աճի միջին տեմպը կրճատվել է 2%-ով: Իսկ 2016 թ-ին, ըստ Համաշխարհային բանկի տվյալների, երկրի տնտեսությունը կրճատվել է մոտ 3%-ով: Վեջին տարիներին Ադրբեջանի տնտեսության անկումը պայմանավորված է նավթի գների անկմամբ:
Ազգային արժույթը. Նավթի արտահանման կրճատմամբ պայմանավորված արտարժութային եկամուտների կրճատումը հանգեցրեց ադրբեջանական մանաթի զգալի արժեզրկման: Մինչև 2015թ-ի փետրվար Ադրբեջանում, ըստ էության, կար մանաթի՝ ԱՄՆ դոլարի հանդեպ ֆիքսված փոխարժեք. 1 ԱՄՆ դոլարն արժեր 0.78 մանաթ: Չնայած այն, որ Ադրբեջանի Կենտրոնական բանկը մանաթի փոխարժեքի պահպանման նպատակով ծախսեց մոտ 10 մլրդ դոլար (ընդհանուր պահուստը կազմում էր 15 մլրդ դոլար), 2016 թ. վերջում մանաթն արժեզրկվեց 131%-ով և 1 ԱՄՆ դոլարը սկսեց արժենալ 1.80 մանաթ:
Գնաճ. 2016 թ-ին գնաճի մակարդակը հասել է 13%-ի:
Մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը. Մանաթի արժեզրկումը և տնտեսության անկումը զգալիորեն կրճատեցին մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը դոլարային համարժեքով: 2014 թ-ին այս ցուցանիշը կազմում էր 8000 դոլար, իսկ 2016-ին՝ արդեն 3760 դոլար:
Պարտքեր. Պետական պարտքը ՀՆԱ նկատմամբ 11% -ից աճել է մինչեւ 40%:
Գործազրկության մակարդակը. Գործազրկությունը չի աճել. վերջին 7 տարիների ընթացքում այն չի գերազանցում 6%-ը:
Հայաստան
Հայաստանն ունի փոքր տնտեսություն, որը մեծապես կախված է արտաքին ներդրումներից, օտարերկրյա դրամական հոսքերից և փոխանցումներից: 2015 թ-ից Հայաստանն անդամակցում է Եվրասիական միությանը և, ըստ այդմ, նրա տնտեսությունը մեծապես սկսեց կախված լինել Ռուսաստանից. Հայաստանի արտահանման 23%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին:
Տնտեսական աճ. 2010-2012 թթ. Հայաստանի տնտեսությունը յուրաքանչյուր տարի աճել է 4.7%-ով, 2013-2016 թթ. տնտեսական աճի տարեկան միջին տեմպը կրճատվել է 3.1%-ով: Ըստ Համաշխարհային բանկի նախնական տվյալների՝ 2016 թ. Հայաստանի տնտեսությունը 2.4% աճ է գրանցել:
Ազգային արժույթ. Ռուսաստանի տնտեսության բարդ իրավիճակը զգալի բացասական ազդեցություն ունեցավ: Չնայած արժույթային ճգնաժամի իմաստով տարածաշրջանի այլ երկրների համեմատ Հայաստանը պակաս տուժեց. հայկական դրամն արժեզրկվեց ընդամենը 20%-ով:
Գնաճ. Գնաճի մակարդակը Հայաստանում չի աճել. 2016 թ. այն կազմել է 1%:
Մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը. 2016 թ. մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը դոլարային համարժեքով 2014 թ-ի համեմատ նվազել է 7% -ով և կազմել 3596 դոլար, մինչդեռ գնողունակությունը կազմել է 8880 դոլար:
Պարտքեր. Պետական բյուջեի պակասորդն, ինչպես և պետական պարտքն, աճել է: 2012 թ. վերջում պետպարտքը ՀՆԱ նկատմամբ կազմում էր 36.5%, մինչդեռ 2016 թ. վերջում աճել է մինչև 51%:
Գործազրկություն. Հայաստանում գործազրկության մակարդակը չի աճել և կազմում է 18% :
Թուրքիա
Վերջին տարիներին Թուրքիան հայտնվեց լուրջ խնդիրների առջև: Առաջին հերթին, հարկ է նշել հաճախակի դարձած ահաբեկչական հարձակումները, որոնք ավելի քան զգալի հարված են հասցրել Թուրքիայի տնտեսության կարևոր բաղադրիչին՝ զբոսաշրջությանը: Այս պատճառով 2016 թ-ին 2015-ի համեմատ Թուրքիան կորցրեց իր եկամուտների 30% -ը
2015 թվականին ացնկացվեցին երկու խորհրդարանական ընտրություններ, քանի որ առաջին ընտրությունների արդյունքում չհաջողվեց ձևավորել կոալիցիոն կառավարություն: 2015 թվականի վերջում Էապես վատթարացան ռուս-թուրքական հարաբերությունները, ինչը հանգեցրեց Ռուսաստանի կողմից Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների կիրառման: 2016 թվականի ամռանը տեղի ունեցավ ռազմական հեղաշրջման փորձ: Սիրիական ճգնաժամի պատճառով Թուրքիա եկան միլիոնավոր փախստականներ:
Տնտեսական աճը. Չնայած վերոնշյալ քաղաքական խնդիրներին՝ Թուրքիայի տնտեսությունը պահպանել է դրական աճի միտումը: 2010-2013 թվականներին Թուրքիայի տնտեսությունը տարեկան աճել է միջինում 6.1%-ով, 2014-2016 թվականներին այս ցուցանիշը կրճատվել էր մինչև 3,2%: Ըստ Համաշխարհային բանկի նախնական տվյալների՝ 2016 թվականին Թուրքիայի տնտեսությունն աճել է 2,5%-ով:
Ազգային արժույթ. Վերջին երեք տարիների ընթացքում թուրքական լիրան արժեզրկվել է 67%-ով:
Գնաճ. 2015-2016 թվականներին գնաճի տեմպը կազմել է 9%: Վերջին 5 տարիների ընթացքում սպառողական ապրանքների և ծառայությունների գինը լիրայով աճել է 46%-ով:
Մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը. Լիրայի արժեզրկումը հանգեցրեց դոլարային համարժեքով եկամուտների կրճատմանը: 2016 թվականին մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը կազմել է 9317 ԱՄՆ դոլար, մինչդեռ 2013 թվականին կազմում էր 10761 ԱՄՆ դոլար, մեկ շնչին բաժին ընկնող տարեկան գնողունակությունը՝ 21150 ԱՄՆ դոլար:
Գործազրկությունը. Գործազրկության մակարդակը չի ավելացել՝ տատանվելով 10%-ի սահմաններում:
Պարտքեր. Պետական պարտքը նվազել է: 2012 թվականին պետական պարտքը ՀՆԱ նկատմամբ կազմում էր 36%, իսկ 2016 թվականի վեջում՝ 32%:
Ռուսաստան
Ռուսաստանի տնտեսությունում լուրջ խնդիրներ սկսվեցին 2014 թվականին, ինչը պայմանավորված էր նավթի գների կտրուկ անկմամբ և Ռուսաստանի կողմից ուկրաինական տարածքների բռնակցմանն ի պատասխան արևմտյան երկրների կողմից հակառուսական պատժամիջոցների կիրառմամբ: Ռուսաստանի արտահանման 60%-ը կազմում է նավթի և գազի մատակարարումը, իսկ դաշնային բյուջեի 50%-ը լրացվում է
Տնտեսական աճը. 2010-2013 թվականներին Ռուսաստանի տնտեսությունը գրանցում էր 3,3% միջին տարեկան աճ: 2014 թվականին Ռուսաստանի տնտեսությունն աճել է 0,7% -ով: Ամենածանր տարին 2015 թվականն էր, երբ երկրի տնտեսությունը կրճատվեց 3,7%-ով: Ըստ Համաշխարհային բանկի նախնական տվյալների՝ 2016 թվականին Ռուսաստանի տնտեսությունը կրճատվել է 0,6%-ով:
Ազգային արժույթ. 2014-2016 թվականներին ռուսական ռուբլին արժեզրկվել է 85%-ով: Սա այն ֆոնին, երբ ռուբլու կայունացուման համար Ռուսաստանի Կենտրոնական բանկն արտարժույթի պահուստները կրճատել էր 148 մլրդ ԱՄՆ դոլարով (456 միլիարդ-ից՝ մինչև 308 միլիարդ):
Գնաճ. Վերջին երեք տարիներին Ռուսաստանի միջին տարեկան գնաճը կազմել է 10%:
Մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը. Ռուբլու արժեզրկումը և տնտեսության կրճատումը հանգեցրին մեկ շնչին բաժին ընկնող դոլարային համարժեքով եկամտի 57%-ով կրճատմանը: 2016 թվականին յուրաքանչյուր բնակչի եկամուտը կազմել է 8838 դոլար, մինչդեռ 2013 թվականին՝ 15560 դոլար: Մեկ շնչի հաշվարկով տարեկան գնողունակությունը կազմել է 26100 դոլար: Կովկասում սա ամենահարուստ երկիրն է:
Պարտքեր. Ռուսաստանի պետական պարտքը 13%-ից աճել է մինչև 17%:
Գործազրկությունը. 2013 թ-ից հետո գործազուրկների թիվն ավելացել է մոտ կես միլիոնով, իսկ գործազրկության մակարդակը հասել է 6%-ի (նախկինում՝ 5.5%):
Հոդվածի հեղինակը՝ Բեսո Նամչավաձե, Վրաստանի բարեփոխումների ասոցիացիայի գլխավոր տնտեսագետ, Ազատ համալսարանի դասախոս
Հոդվածը պատրաստվել է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի տվյալների հիման վրա:
http://www.worldbank.org/en/publication/global-economic-prospects
http://www.imf.org/external/ns/cs.aspx?id=28