Վրաստան. փողոցային բողոքի ակցիան և բանակցություններն ընթանում են միաժամանակ. Ֆոտոռեպորտաժ
Մի քանի հազար մարդ, այդ թվում շրջաններից եկած ակտիվիստներ, մասնակցել են նոյեմբերի 14-ին Թբիլիսիում խորհրդարանի առջև հերթական բողոքի ակցիային՝ նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջով:
Բողոքի ցույցը անցկացվել է ընդդիմության և իշխանությունների միջև միջազգային կազմակերպությունների միջնորդությամբ ընթացող բանակցությունների ֆոնին (այդ մասին մանրամասն՝ ներքևում):
Ակցիան շարունակվել է շուրջ երեք ժամ, մասնակիցները ցրվել են 18:00-ին: Հայտարարվել է, որ հաջորդ ցույցը տեղի կունենա նոյեմբերի 17-ին՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի՝ Վրաստան ժամանելու օրը, և այդ ցույցը կլինի «լուռ բողոք»:
Վրաստանի բոլոր ընդդիմադիր ուժերը հոկտեմբերի 31-ին անցկացված ընտրությունները հայտարարել են կեղծված: Յոթ կուսակցությունները, որոնք անցել են խորհրդարան, հրաժարվել են իրենց տեղերից, անցկացնում են բողոքի ակցիաներ և պահանջում նշանակել նոր ընտրություններ:
Առաջին հանրահավաքներից մեկը բռնի կերպով ցրեց ոստիկանությունը՝ օգտագործելով ջրցան մեքենաներ, տուժեցին տասնյակ մարդիկ, այդ թվում՝ լրագրողներ:
Իշխանությունները պնդում են, որ հոկտեմբերի 31-ի ընտրությունները եղել են ազատ և ժողովրդավարական: Միջազգային կազմակերպությունները խոստովանում են, որ խախտումներ եղել են, բայց ընտրությունները համարում են կայացած:
Թբիլիսիի կենտրոնում հանրահավաքի ժամանակ արգելափակված էր ավտոմեքենաների երթևեկությունը: Բողոքի ցույցի մասնակիցները դիմակներով էին և ձգտում էին հեռավորություն պահպանել, ինչը կապված է Վրաստանում ծանր համաճարակաբանական իրավիճակի հետ. այստեղ օրական կորոնավիրուսով վարակման ավելի քան երեք հազար նոր դեպք է գրանցվում:
Ընդդիմությունը և կառավարությունը երկխոսություն են սկսել օտարերկրյա դիվանագետների միջնորդությամբ: Սակայն ընդդիմության պահանջը մնում է անփոփոխ. այն պահանջում է նշանակել նոր խորհրդարանական ընտրություններ և ազատել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Թամար Ժվանիային և աշխատակիցներին:
Բողոքի ակցիային քաղաքական առաջնորդները կրկին հայտարարել են, որ «ոչ մի ընդդիմադիր ուժ չի մտնի խորհրդարան, որը ձևավորվել է կեղծված ընտրությունների արդյունքում»:
«Սա ձեր՝ ժողովրդի վաստակն է, որ ընտրություններից 12 օր անց իշխանությունները հանդիպում են ընդդիմության հետ և լսում մեր պահանջները»,- բողոքի մասնակիցներին է դիմել «Միացյալ ազգային շարժման» առաջնորդներից մեկը՝ Նիկա Մելիան:
Բանակցություններ ընդդիմության և իշխանությունների միջև
Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը և Վրաստանում հավատարմագրված ուրիշ դիվանագետներ հանդես են եկել կառավարության և ընդդիմության միջև երկխոսության միջնորդությամբ:
Առաջին հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 12-ին, երկրորդն անցկացվել է Վրաստանում ԱՄՆ դեսպանի նստավայրում, նոյեմբերի 14-ին, հանրահավաքի մեկնարկից մի քանի ժամ առաջ։
Բանակցությունների երկու փուլերն էլ անհաջող անցան: Կողմերը մնում են իրենց դիրքորոշումներին, չնայած չեն հրաժարվում հետագա բանակցություններից:
Նոյեմբերի 14-ի հանդիպումից հետո խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալաքվաձեն փաստացիորեն կրկին հաստատեց, որ կառավարությունը չի պատրաստվում նշանակել նոր ընտրություններ.
«Մենք ողջունում ենք երկխոսության ձևաչափը և ձգտում ենք հնարավորինս մոտեցնել դիրքորոշումները […] Մենք պատրաստ ենք շարունակել այս երկխոսությունը խորհրդարանում: Քաղաքական կայունությունը այժմ բխում է ողջ հասարակության և պետության շահերից»:
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Քալաձեն, որը նաև իշխող «Վրացական երազանք» կուսակցության քարտուղարն է, լրագրողներին ասել է, որ ընդդիմությանը առաջարկվել է վերահաշվարկել քվեաթերթիկները և վերանայել ընտրատեղամասերում արված տեսանյութերը:
«Բայց մեր ընդդիմախոսները մերժել են երկու առաջարկն էլ»,- ասել է Քալաձեն:
Ընդդիմությունը, սակայն, պնդում է, որ ստիպված է պահանջել նոր ընտրություններ, քանի որ ԿԸՀ նախագահը հրաժարվել է դիտարկել իրեն ներկայացված կեղծիքների կոնկրետ փաստերը: Ինչպես նաև, ԿԸՀ-ն չի քննարկում վրացական հասարակական կազմակերպությունների կողմից ընտրությունների արդյունքների հիման վրա արված եզրակացությունները:
«Առայժմ դիրքորոշումները հեռու են միմյանցից, բայց մենք պայմանավորվել ենք շարունակել երկխոսությունը»,- ասել է ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդ Դավիթ Բաքրաձեն: