Վրաստան․ ընդդիմությունը նոր հանրահավաքի է կանչում, իշխանությունները խոսում են քրեական գործեր հարուցելու մասին
Վրաստանում միացյալ ընդդիմության առաջնորդներն իրենց կողմնակիցներին կոչ են արել նոյեմբեր 9-ին ժամը 18:00-ին հավաքվել Թբիլիսիի Ռուսթավելու անվան կենտրոնական պողոտայում՝ հոկտեմբերի 31-ին կայացած խորհրդարանական ընտրությունների կեղծման դեմ բողոքի ցույցը շարունակելու։
Նախօրեին՝ նոյեմբերի 8-ին, Թբիլիսիում մասշտաբային հանրահավաք անցկացվեց, որն ավարտվեց ուշ երեկոյան, երբ այն երկու անգամ ցրվեց՝ ջրցանների և արցունքաբեր գազի կիրառմամբ։ Մի քանի մարդ տուժեց և հիվանդանոց ընկավ, այդ թվում՝ «Թի-Վի Պիրվելի» և «Ֆորմուլա» հեռուստաալիքների լրագրողները։
- Հազարավոր մարդիկ Թբիլիսիում բողոքում են ընտրությունների կեղծման դեմ։ Ֆոտոռեպորտաժ
- Ընտրություններ Վրաստանում․ հաշվարկ, ցույցեր, բոյկոտ
Իշխանություններն ընդդիմության առաջնորդներին մեղադրել են անկարգությունների կազմակերպման համար և խոստանում են քրեական գործեր հարուցել նրանցից մի քանիսի դեմ։
Ցույցի տուժած մասնակից Թբիլիսիում, 2020 թ-ի նոյեմբերի 8
Վրաստանի իշխանության դիրքորոշումը
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն նոյեմբերի 8-ին ուշ երեկոյան ճեպազրույց անցկացրեց, որի ժամանակ փաստացի մեղադրանք առաջադրեց «Միասնական ազգային շարժման» (հիմնադիրը նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին է) առաջնորդներից մեկի՝ Նիկա Մելիայի դեմ։
«Հենց Մելիան է գլխավորել խորհրդարանի գրոհի փորձը 2019 թ-ի հունիսի 20-ին։ Այս միջադեպի առնչությամբ քրեական գործը շարունակվում է։ Եվ այս անգամ նույնպես նա ու իր համախոհները [Կենտրոնական ընտրական հանձնաժողովի] գրոհի նախաձեռնողներն էին»։
Կոբախիձեն հայտարարել է, որ «Վրաստանում շուտով կգան ժամանակներ, երբ քաղաքականությամբ կսկսեն զբաղվել քաղաքական գործիչները, հանցագործները բանտ կնստեն՝ օրենքին համապատասխան», և բոլորին կոչ է արել «զերծ մնալ հակաօրինական գործողություններից»։
Ի՞նչ է ասում ընդդիմությունը
Նիկա Մելիան, իր հերթին, ասել է, որ իշխող կուսակցության առաջնորդ, օլիգարխ և Վրաստանի ստվերային ղեկավար Բիձինա Իվանիշվիլին «ստախոս, զեղծարար և անգամ հանցագործ է»։
Նիկա Մելիան՝ «Միասնական ազգային շարժման» առաջնորդներից մեկը
«Մենք բոլորս ուզում ենք, որ մեր երեխաներն ապրեն ազատ Վրաստանում, առանց ճնշումների և բռնության, այդ պատճառով էլ [նոյեմբերի 9-ի հանրահավաքին] պետք է հավաքվի ողջ ժողովուրդը, այլ ոչ միայն ընդդիմությունը», — լրագրողներին նոյեմբերի 8-ին ուշ երեկոյան հայտարարել է Նիկա Մելիան Թբիլիսիում հանրահավաքը ցրելուց հետո։
Նոյեմբերի 8-ի հանրահավաքը ցրելիս տուժել է «Պիրվելի Թի-Վի» հեռուստաընկերության օպերատորը
«Անհամաչափ ուժ է կիրառվել»․ Վրաստանի ժողովրդական պաշտպանի հայտարարությունը
Վրաստանի ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան Թբիլիսիի ԿԸՀ շենքի մոտ կատարվող իրադարձությունների վայրում է եղել նոյեմբերի 8-ի երեկոյան։
Նա կառավարությանը մեղադրել է, որ հանրահավաքի ցրումը սկսվել է առանց զգուշացման, իսկ դա միջազգային չափանիշների խախտում է։
Նա հայտարարել է նաև, որ ոստիկանությունն անհամաչափ ուժ է կիրառել մի իրավիճակում, երբ «մարդկանց մեծ, ագրեսիվ և զինված զանգված» չի եղել։
«Նման իրավիճակում և ցուրտ եղանակին ջրցանների կիրառումը կարելի է հավասարեցնել դաժան վերաբերմունքի», — ասել է Լոմջարիան։
Նա կառավարությանն ու ընդդիմությանը կոչ է արել բանակցություններ սկսել։
Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի կտրուկ աճ և պարետային ժամ
Վրաստանում պահպանվում է ծանր համաճարակային իրավիճակը։ Ամեն օր մինչև երեք հազար նոր դեպք է հաստատվում, առողջապահական համակարգը չի կարողանում ամբողջությամբ վերահսկել իրավիճակը։ Սոցցանցերում շատերը գրում են, որ չեն կարողանում բուժօգնություն ստանալ նույնիսկ հեռախոսով։
Նոյեմբերի 9-ից Թբիլիսիում և ևս վեց խոշոր քաղաքներում պարետային ժամ է սահմանվել․ արգելված է փողոց դուրս գալ ժամը 22:00-ից մինչև 05:00-ն։
Վրաստանում 2020 թ-ի հոկտեմբերի 31-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների մասին
Ըստ հոկտեմբերի 31-ին Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքների՝ «Վրացական երազանքը» երրորդ անգամ է իշխանության մնում։ Ստացած բացարձակ առավելությունը նրան թույլ է տալիս ինքնուրույն նշանակել կառավարության անդամներին։
Սակայն 2012 թ-ին «Վրացական երազանքի» իշխանության գալուց ի վեր առաջին անգամ է ընդդիմությունը ձայների զգալի տոկոս հավաքում։
- Իշխող «Վրացական երազանքը» հավաքել է 48,24 տոկոս ձայն,
- «Ազգային շարժում – Միացյալ ընդդիմությունը»՝ 27,15 տոկոս ձայն,
- «Եվրոպական Վրաստանը»՝ 3,79 տոկոս ձայն,
- «Հայրենասերների դաշինքը»՝ 3,14 տոկոս ձայն,
- «Լելոն»՝ 3,16 տոկոս ձայն,
- «Աղմաշենեբելիի ռազմավարությունը»՝ 3,15 տոկոս,
- «Գիրչին»՝ 2,89 տոկոս,
- «Քաղաքացիներ – Ալեկո Էլիսաշվիլին»՝ 1,33 տոկոս։
Ընդդիմությունը հայտարարել է, որ իշխանությունները կեղծել են ընտրությունների արդյունքները։ Բոլոր յոթ ընդդիմադիր կուսակցությունները, որոնք խորհրդարան են անցել, հրաժարվել են այդ տեղերից և պահանջում են նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել։
- Վրաստանի ընտրություններում գրանցված խախտումները դրանց արդյունքների չեղարկման համար հիմք չեն տալիս․ ԱՄՆ դեսպանատուն
- «Նոր ընտրություններ ենք պահանջում»․ Թբիլիսիում ցույց է անում ընդդիմությունը։ Ֆոտոռեպորտաժ
Խոսքը ձայների ոչ մեծ տոկոսի մասին է, որն, ինչպես պնդում է ընդդիմությունը, նրանից գողացել են։ Սակայն հենց այդ տոկոսն իշխող կուսակցությանը պետք է հնարավորություն չտար ինքնուրույն կառավարություն ձևավորել։
Ընդդիմությունն ընտրատեղամասերից մի քանի արձանագրություն է ներկայացրել՝ թվերի սխալներով։ Օրինակ՝ կան արձանագրություններ, որտեղ «Երազանքն» ավելի շատ ձայն ունի, քան ընտրողների միջին թիվը։
Ընդդիմությունն ու հասարակական կազմակերպությունները հայտարարում են նաև ընտրակաշառք բաժանելու և ընտրողներին վախեցնելու բազում դեպքերի մասին։ Այս մասին է հայտարարել նաև Վրաստանի ժողովրդական պաշտպանը։
Սակայն միջազգային դիտորդները չեն սատարում ընտրությունների նման գնահատականները։ ԵԱՀԿ դիտորդների, ինչպես նաևՎրաստանում ԱՄՆ դեսպանատան հայտարարության համաձայն՝ Վրաստանում, թեև ընտրություններն անթերի չէին, ընտրողներին վախեցնելու և ընտրակաշառք բաժանելու դեպքեր են եղել, սակայն հիմնական ազատությունները պահպանվել են։