Հյուսիսային Կովկաս. իրավիճակը վատթարանում է
2016թ-ին Ռուսաստանն ուժեղացրել է այլախոհների հանդեպ հետապնդումներն ու էլ ավելի է խստացրել կարծիք, ասոցիացիաներ արտահայտելու և հավաքների ազատության հանդեպ վերահսկողությունը: Իշխանությունների խիստ պրեսինգի տակ են հայտնվել Հյուսիսային Կովկասի սալաֆիների համայնքներն, իրավապաշտպաններն ու լրագրողներն, ասված է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցում:
4 տարվա ընթացքում 30 ոչ կառավարական կազմակերպություն է փակվել
Հունվարի 12-ին հրապարակված զեկույցի հեղինակների տվյալներով, 2016թ-ի ընթացքում Ռուսաստանի իշխանությունները «արտասահմանյան գործակալ» են համարել էլի տասնյակ ոչ կառավարական կազմակերպություններ, որոնց թվում են նաև առաջատար իրավապաշտպան խմբերն ու անկախ վերլուծական կենտրոնները: «Այս վերլուծության պատրաստման պահին ՌԴ արդարադատության նախարարության համապատասխան ռեեստրում 148 ոչ կառավարական կազմակերպություն կար:
2012-2016թթ-ին նվազագույնը 30 խումբ է փակվել, որոնք հնարավոր չեն համարել շարունակել գոյություն ունենալ «արտասահմանյան գործակալ» պիտակով», — ասված է «Համաշխարհային զեկույց 2017: Պոպուլիզմը՝ մարդու իրավունքների դեմ. գլոբալ դիմակայություն» զեկույցի «Ռուսաստան: 2016թ-ի իրադարձություններ» բաժնում:
Զեկույցի հեղինակներն այս առնչությամբ հիշեցնում են իրավապաշտպան Վալենտինա Չերևատենկոյի հանդեպ հարուցված գործը, «Ագորա» իրավապաշտպան հասարակական միավորումների միջտարածաշրջանային ասոցիացիայի լիկվիդացիան, հրապարակումներում «արտասահմանյան գործակալ» նշման բացակայության համար տուգանքները, մասնավորապես, «Մեմորիալ» իրավապաշտպան կազմակերպությանն ուղղված նման որոշումը:
Բացի այդ, 2016թ-ին ռուսական իշխանություններն ավելի հաճախ էին մերժում քաղաքացիական և քաղաքական ընդդիմության բողոքի ակցիաները համաձայնեցնել և հետապնդում էին չարտոնված խաղաղ հավաքների մասնակիցներին և անհատական բողոքի ակցիա իրականացնողներին:
Զեկույցում նաև ասված է 2016թ-ին Ռուսաստանում ընդունված սահմանափակումների, այդ թվում նաև՝ «Յարովայայի օրենքի» մասին, որոնք լրատվամիջոցներին ստիպում են հայտարարագրել միջազգային աղբյուրներից ստացվող ֆինանսավորումը, կոնտենտի համար պատասխանատվություն են սահմանում նորությունների ագրեգատորների տերերի համար և պարտավորեցնում ՌԴ քաղաքացիություն ունենալ:
«2014թ-ի կեսերից մինչև 2016թ-ի աշուն, երբ պատրաստվում էր այս վերլուծությունը, ռուսական դատարնները անջատողականության վերաբերյալ քրեական գործերով նվազագույնը 5 մեղադրական վճիռ են կայացրել համացանցում արված գրառումների հետ կապված, նվազագույնը 15 գործ անավարտ է մնացել», — նշված է զեկույցում
ԻՊ հետ կապերն ու սալաֆիների հալածանքները
Զեկույցի՝ 2016թ-ին Ռուսաստանում տեղի ունեցած իրադարձություններին նվիրված հատվածում առանձին տեղ է հատկացված Հյուսիսային Կովկասում տիրող իրավիճակին: Հեղինակների տվյալներով, շարունակվել է զինված դիմակայությունը իսլամիստական ընդհատակի և ուժայինների միջև, հատկապես՝ Դաղստանում: Շարունակվել է տեղեկություն ստացվել, որ շրջանի բնակիչներն արտասահման են մեկնում Ռուսաստանում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանն անդամագրվելու համար, ինչպես նաև հյուսիսկովկասյան երկրներում քաղաքացիներին ձերբակալելու դեպքերը ԻՊ հետ կապի մեջ կասկածելու համար:
«Դաղստանում սալաֆիների համայնքն իշխանությունների խիստ պրեսինգի տակ էր և հալածանքների էր ենթարկվում իրավապահ մարմինների կողմից, քանի որ վերջիններս որոշակի առումով սալաֆիներին համարում են զինված ընդհատակի կողմնակիցներ և հանցակիցներ: Սալաֆիներին պրոֆիլակտիկ հաշվառման էին կանգնեցնում որպես էքստրեմիզմի հակվածների, բազմաթիվ անգամ և առանց հստակ հիմքերի ձերբակալում էին և բացատրություններ պահանջում: Մզկիթներում ռեյդեր էին անցկացվում, որոնք զանգվածային ձերբակալություններով էին ուղեկցվում:
Որպես սալաֆիական հայտնի մզկիթները, այդ թվում նաև Մախաչկալայի «Նադիրիան», փակվել են», — ասված է զեկույցում:
Չեչնիա
Նմանատիպ իրավիճակ է ստեղծվել, ըստ զեկույցի հեղինակների, Չեչնիայում, որտեղ Ռամզան Կադիրովը բացահայտ հայտարարել է, որ սալաֆիները տեղ չունեն հանրապետությունում, և տեղի ուժային կառույցներից պահանջել պատժել նրանց, ովքեր շեղվում են տարածաշրջանի համար ավանդական սուֆիական իսլամից: «Հանրապետությունում լայնորեն ռեյդեր էին անցկացվում սալաֆիների դեմ: Իշխանությունները նույնպես շարունակում էին զինված ընդհատակի ենթադրյալ մասնակիցների հարազատների հանդեպ կոլեկտիվ պատժի քաղաքականություն վարել, ներառյալ՝ նրանց տների այրումը»:, — նշում են զեկույցի հեղինակները:
Չեչնիայում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը վատթարացել է հանրապետության ղեկավարի սեպտեմբերյան ընտրությունների նախաշեմին: «Տեղական իշխանությունները համաձայնություն չհայտնողներին և ոչ արժանահավատներին զանգվածային հալածանքներ էին կիրառում: Դա ուղեկցվում էր առևանգումներով, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքով, ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներով և հարազատների հանդեպ սպառնալիքներով:
Իրավապաշտպաններն ու քննադատորեն տրամադրված լրագրողները հարձակումների էին ենթարկվում», — ասված է փաստաթղթում:
Զեկույցի հեղինակը Ինգուշիայում և Չեչնիայում 2016թ-ի մարտին լրագրողների ավտոբուսի, ինչպես նաև Չեչնիայում ռուսական իրավապաշտպան կազմակերպությունների Համահավաք շարժական խմբի ղեկավարի վրա հարձակումների օրինակներ է բերում, որից հետո կազմակերպությունն իր աշխատակիցներին դուրս է բերել հանրապետությունից:
https://youtu.be/SIEmG1N4rEs
«Մայիսին ռուս լրագրողը, որը Չեչնիայում նյութ էր պատրաստում հերթական պատժիչ հրդեհի մասին, ձերբակալվել է և ոստիկանության կողմից սպառնալիքներ ստացել: Սեպտեմբերին ոչ արդարադատ կերպով 3 տարվա ազատազրկման է դատապարտվել 23-ամյա տեղացի լրագրող Ժելաուսի Գերիևը:
Թմրանյութերի պահպանման վերաբերյալ գործը նրա հանդեպ հարուցվել է «Կավկազսկի ուզել» տեղեկատվական կայքի հետ նրա համագործակցության համար, որը հայտնի է Չեչնիայում տիրող իրավիճակի վերաբերյալ իր քննադատական նյութերով», — նշվում է զեկույցում:
2016թ-ի դեկտեմբերի 28-ին Չեչնիայի գերագույն դատարանն առանց փոփոխությունների է թողել Ժալաուդի Գերիևի վճիռը, որը սեպտեմբերի 5-ին ազատազրկման է դատապարտվել մարիխուանայի պահպանման համար: Չեչնիայի դատարանում Գերիևն ամբողջությամբ հերքել է քննության վարկածը՝ հայտարարելով, որ ճնշման տակ է ցուցմունք տվել:
Զեկույցում նշվում է նաև Հյուսիսային Օսիայում՝ Բեսլանում, 2004թ-ի սեպտեմբերի 1-ի զոհերի հիշատակման ամենամյա արարողությանը «Պուտին՝ Բեսլանի դահիճ» գրառմամբ վերնաշապիկներ հագած մի քանի ակտիվիստների ձերբակալման մասին:
«Իրադարձությունները լուսաբանող լրագրողներ Ելենա Կոստյուչենկոն («Նովայա գազետա») և Դիանա Խաչատրյանը («Տակիե դելա») հարձակման են ենթարկվել մի խումբ անձանց կողմից, որոնք հավանաբար տեղի ուժայինների հորդորով են գործել, ինչից հետո ծեծի են ենթարկվել գերեզմանոցում ոստիկանության անգործության պայմաններում: Բժիշկները Կոստյուչենկոյի մոտ գլխուղեղի վնասվածք են ախտորոշել», — ասված է զեկույցում: