«Խնդրում եմ, ձայններդ կտրե՛ք»
Ինքնաթիռի վթարի հետ կապված սկանդալներ ռուսական ֆեյսբուքում. արդյո՞ք նրանք արժանի էին նման մահվան
«Սնոբ» ամսագրի նյութերի հիման վրա
Ռուսական սոցցանցերում արդեն մի քանի օր է էթիկական մարտ է ընթանում, որում ներգրավվել են կարծես թե Ռուսաստանի բոլոր գրող մարդիկ: Թեման Սև ծովում հունվարի 25-ի առավոտյան ռուսական ՏՈւ-154 ինքնաթիռի կործանումն է:
92 մարդ է զոհվել՝ անձնակազմը, զինծառայողներ, 9 լրագրող՝ Առաջին ալիքի, ՆՏՎ և «Զվեզդա» հեռուստաալիքների նկարահանող խումբը, Ալեքսանդրովի անվան համույթի 68 երաժիշտ: Նրանք մեկնում էին Սիրիայի Խմեյմիմ ավիաբազայի ռուսական ավիախմբի Ամանորը շնորհավորելու: Դեռևս ոչ բոլոր զոհերի մարմիններն են գտնվել: Աղետի պատճառների հիմնական վարկածներն այս պահին երկուսն են՝ կամ օդաչուների սխալը, կամ բավականին հնամաշ ինքնաթիռի վթարվելը:
Սոցցանցերում հարցն այսպես է դրված. ինքնաթիռում իշխանամետ հեռուստաալիքների լրագրողներ և Ալեքսանդրովի անվան հայտնի պետական համույթի երաժիշտներն էին և նրանք բոլորը բացահայտ սատարում էին Պուտինի ռեժիմին և նրա բոլոր գործողություններին: Ինչպե՞ս արձագանքել նրանց մահվանը:
Ոմանք բացահայտ ուրախություն հայտնեցին լրագրողների մահվան համար: Մյուսներն ուրախացողների մահը ցանկացան:
Ինչպես գրում է «Սնոբը», «գրող մարդկանց շրջանակը Ռուսաստանում նեղ է, և նրանք սարսափելի վիճեցին Ղրիմի և Սիրիայի պատճառով: Թվում էր, թե դրանից ավել հնարավոր չէ կռվել, սակայն նոր առիթ ի հայտ եկավ. սուգն ու դրա բացակայությունը»:
Հրապարակում ենք ամենաբնորոշ արձագանքները ՏՈւ-154-ի վթարին, որոնք հավաքել է «Սնոբը»:
Արկադի Բաբչենկո, լրագրող.
«[Նրանք թռչում էին] Սիրիա՝ օդաչուների առջև երգելու և պարելու, նրանց ռազմական ոգին բարձրացնելու, որպեսզի նրանք ավելի լավ ռմբակոծեն…, զանգվածային պրոպագանդայի գործակալությունների 9 աշխատակից…, որոնք սյուժեներ էին սարքում ֆաշիզմի, խունտայի, երեխաների խաչման մասին, հազարավոր մարդկանց հավաքագրում Ուկրաինայում և այդ նույն Սիրիայում պատերազմելու համար, արդարացնում էին ընկերներիս նստեցնելը, ստում, որ ընկերոջս Սեգեժայի գաղութում կտտանքների չեն ենթարկում, կոչ էին անում ինձ և ընկերներիս հետ հաշվեհարդար տեսնել, տոննաներով կեղտ էին լցնում հարազատներիս վրա և բազմիցս սպառնալիքի տակ դնում նրանց կյանքը; հակամիգրանտական, հակաուկրաինական, հակալիբերալ, մանկապղծական և այլ արշավներ վարում, որոնք խաղաղ ռուսական քաղաքներում հանգեցրել են այլախոհների, այլազգիների հարյուրավոր, եթե ոչ հազարավոր սպանությունների, և որոնք առաջին շարքերում նոր օրուելյան իրականություն, բռնապետություն և ԳՈւԼԱԳ էին կերտում: Ես ո՛չ կարեկցանք, ո՛չ էլ ափսոսանք եմ զգում»:
Բոժենա Ռինսկա, լրագրող
«2013թ-ին ես քիչ էր մնացել՝ մահանայի: Ֆիզիկապես քիչ մնաց մեռնեի ՆՏՎ-ի հալածանքներից: Այդ հեռուստաալիքն իմ վերաբերյալ ստեր էր տարածում, զրպարտում էր, նպատակաուղղված ինքնասպանության էր հասցնում: ՆՏՎ-ի աշխատակիցները բացահայտ խարդախություններ էին անում՝ փորձաքննության բերելով մեկ այլ տեսախցիկ, ոչ այն, որով ինձ նկարահանել են: Եվ դատարանը մերժեց փորձաքննություն անցկացնել՝ խախտելով իմ իրավունքը: Որովհետև ՆՏՎ-ցիների համար նախագահականից զանգահարում խնդրում էին: Եվ ես ՆՏՎ յուրաքանչյուր աշխատակցի հանցավոր խմբի անդամ եմ համարում, որը նպատակաուղղված զբաղվում է այլախոհներին հալածելով: Եվ ես երջանիկ եմ, որ հանցագործների դատաստանը, որը չի կարող դատարանը տեսնել, երկինքն է տեսնում: Կաղամախու ցից է պետք խրել յուրաքանչյուր պրոպագանդիստի գերեզմանը: Ամեն»:
Արինա Խոլինա, հրապարակախոս
«Ես աշխատում եմ գործընկերներիս չվիրավորել: Սակայն, պարզ է, որ միշտ չի հաջողվում հետևել այդ կանոնին, սակայն աշխատում եմ: Սակայն ահա Բոժենա Ռինսկա գրել է, որ շատ ուրախ է ՏՈւ-154-ում գտնվող ՆՏՎ-ի լրագրողների մահվան կապակցությամբ: Եվ Բոժենան նույնիսկ մի քիչ դժգոհ էր Տիրոջից, որ բոլոր ՆՏՎ-ցիները չեն եղել այդ ինքնաթիռում: Գործընկերնե՛ր, կան բաներ, որոնք կարելի է գնահատել որպես «այլ կարծիք», սակայն սա կարծիք չէ: Սա չտեսնված դաժանություն է, իսկական սոցիոպաթիա, բարոյական կողմնորոշման լրիվ բացակայություն: Ինձ թվում է, որ նման մարդու հետ աշխատելն ամոթ է: Ես ցավակցում եմ բոլոր նրանց, ովքեր կորցրել են իրենց հարազատներին այդ ահավոր ողբերգությունում: Էական չէ, թե ով էր նրանցից ընկեր, ով՝ թշնամի, թե ով ում կողմից է: Ցավակցում եմ ընտանիքներին, ընկերներին, գործընկերներին: RIP, և եկեք փորձենք շարունակել ապրել այնպիսի աշխարհում, որտեղ մարդիկ ուրիշի ողբերգությամբ չեն ուրախանում»:
Վիտալի Միլոնով, Պետդումայի պատգամավոր
«Բաբչենկոն և Կուրիցինան (Բոժենան) պետք է զրկվեն Ռուսաստանի քաղաքացիությունից, երկրից արտաքսվեն, իսկ նրանց ունեցվածքը պետք է աճուրդում իրացվի ի օգուտ Դոկտոր Լիզայի՝ ԴԺՀ երեխաների հիմնադրամի»:
Անդրեյ Լոշակ, լրագրող
«Ալեքսանդրովի անվան համույթը, Դոկտոր Լիզան, Անկարայում ՌԴ դեսպանն, ինչպես նաև գրեթե մեկ տարի առաջ Եգիպտոսից Սանկտ Պետերբուրգ թռչող ինքնաթիռի 217 հոգին կենդանի կլինեին, եթե նախագահ Պուտինն իր անձնական հրամանով մեր զորքերը Սիրիա պատերազմելու չուղարկեր: Քանի սիրիացի երեխաներ և կանայք են զոհվել Հալեպում ռուսական հրթիռներից, հնարավոր չէ հաշվել, սակայն այստեղ բոլորն ընդհանրապես թքած ունեն… Տարօրինակ է, որ անցած տարվա ընթացքում ոչ ոք Պուտինին այդպես էլ չհարցրեց, թե ինչի համար, ինչ բարձր նպատակի համար զոհվեցին այն 25 ռուս երեխաները, որոնք Եգիպտոսից թռչող ԻԼԻՊ-ի պայթեցրած ինքնաթիռում էին: Մոսկվայում չեչենական ահաբեկչությունները դեռ կարելի էր ինչ-որ կերպ արդարացնել «Ռուսաստանի տարածքային ամբողջականության» համար» մղվող պատերազմով: «Հիբրիդային» պատերազմն Ուկրաինայի արևելքում արդարացնում են մերձավոր հարևանությամբ և «ռուսական աշխարհով» (չնայած, դա հազիվ թե սփոփի մալայզիական «Բոինգի» ուղևորների բարեկամներին, որը պայթեցվեց ռուսական հրթիռով): Բայց թե ինչու մեր բանակը ներգրավվեց հերթական մերձավորարևելյան մսաղացի մեջ, երկրում ոչ ոք նորմալ չի հասկանում: Ցանկացած մարդու փողոցում հարցրեք, չի պատասխանի, ստուգել եմ: ԻԼԻՊ-ի հետ պատերազմի մասին հեքիաթին ոչ ոք չի հավատում… Ավելի շատ հավատում են Ամերիկայի հետ մարտավարական պատերազմին. թե իբր, տեսեք, ցույց տվեցինք դրանց, որ դատարկ տեղ չենք: Դա ինձ Միչուրինսկում մի մարդ բացատրեց: Եվ այդ ասելիս ոչ մի վրդովմունք չցուցաբերեց: Արդեն հարյուրավոր ռուսաստանցիներ են զոհվել պատերազմի պատճառով, որը երկիրը վարում է չգիտես՝ որտեղ և չգիտես՝ ինչու: Պետք է իհարկե բոլորովին ուղեղ չունենալ, որպեսզի այն ամենից հետո, ինչ պատմվել է և ցուցադրվել է Աֆղանստանի մասին, կրկին նույն պատմության մեջ խրվել»:
Զոյա Սվետովա, լրագրող, իրավապաշտպան
«Բոլոր նրանց համար, ովքեր չեն հասկանում. ես համարում եմ, որ պուտինիզմը ներթափանցել է մեր բոլոր ծակոտիներով: Պուտինիզմը… բարոյական դեգրադացիա է, փլուզում: Նորմալ է ցավակցել երկնքում անպաշտպան մարդկանց մահվան կապակցությամբ, ովքեր էլ լինեն: Այլ կերպ չի կարող լինել: Ինչի համար էլ մեկնելիս լինեին, բայց առանց զենքի էին մեկնում: Բաբչենկոն նրանց ռուս զինվորականների հանցակից է անվանում: Իմ կարծիքով, դա բարու և չարի սահմանից անդին է: Չեմ հասկանում՝ ինչպես կարելի է չկարեկցել երկնքում մարդկանց մահվան համար: Անպաշտպան, չար ճակատագրի բերումով՝ Սուրբ Ծնունդին: Եվ Բոժենա Ռինսկան, որն այդպիսի դաժանությյամբ է գրում ՆՏՎ լրագրողների մահվան մասին, որովհետև այդ հեռուստաընկերության լրագրողներն ինչ-որ ժամանակ հալածել են իրեն: Դա պարզապես մանկապարտեզ է»:
Վիկտոր Շենդերովիչ, գրող
«Խնդրում եմ բոլոր նրանց, ովքեր պաշտպանության նախարարության ինքնաթիռի աղետի կապակցությամբ ուրախություն են զգում կամ ուզում են պուտինյան հանցագործությունների համար մահացածների հանդեպ պատասխանատվության, աստծո կամքի և այլ հիմարությունների մասին բարոյական խրատ կարդալ, ինքնաարգելափակվել»:
Եվգենի Լևկովիչ, լրագրող
«Չէի ուզում ինչ-որ բան գրել, սակայն, տեսնելով իմ էջում անսահման չարախնդություն, երբեմն էլ՝ բացահայտ ուրախություն, իմ խորը ցավակությունն եմ հայտնում զոհվածների հարազատներին, ընկերներին ու ծանոթներին, ներեցեք պաթոսի համար: Մեր բարոյական աղետի հետևանքները պակաս հրեշավոր չեն, քան ավիավթարինը»:
Ալեքսանդ Տվերսկոյ, լրագրող
«Այն երկրի քաղացիները, որտեղ Ստալինի հուշարձանն ու ԳՈւԼԱԳ-ի աշխատակիցների հուշատախտակներն են կանգնեցնում, մարդկայնությունից խոսելու իրավունք չունեն: Այն երկրի քաղաքացիները, որտեղ մարդկանց նստեցնում են գրառումների, լայքերի և փողոցային պաստառների համար, իրավունք չունեն ուրիշներին ինչ-որ մեկի հանդեպ անմարդասիրական վերաբերմունքի համար մեղադրել: Այն երկրի քաղաքացիները, որը ռմբակոծում է սիրիական քաղաքները՝ դա «մարզում» անվանելով, իրավունք չունեն կարեկցանքի կոչ անել»:
Սերգեյ Պոնոմարյով, լուսանկարիչ
«Մեր հասարակությունը հիվանդ է: Եվ պարզ չէ, թե ինչը կարող է այն բուժել: Ինչպե՞ս ընդհանրապես կարելի է ուրախանալ հայրենակցի մահվան համար՝ անկախ նրանից, թե նա սզնու թուրմից է մահացել, մեջքին են հարվածել, թե վայր ընկած ինքնաթիռում է եղել»:
Հրապարակվել է 29.12.2016