Ինչին պատրաստ չէին ռուսամետ ղրիմցիները. «Յարովայայի օրենքի» հետևանքները
Ձերբակալություն՝ ուկրաինամետ արտահայտությունների կամ իշխանությանը քննադատելու համար
Սոցցանցի գրառումները շուտով կարող են ղրիմցիների քրեական հետապնդումների պատճառ դառնալ, իսկ էլեկտրոնային նամակագրությունն ու հեռախոսի sms-հաղորդագրությունները հասանելի են լինելու հատուկ ծառայություններին: Այս ամենը շուտով իրականություն է դառնալու Ղրիմում, որն արդեն երկու տարի է՝ ապրում է ռուսական օրենսդրությամբ:
2016թ-ի հուլիսի 20-ին ուժի մեջ է մտնում պատգամավոր Իրինա Յարովայայի և սենատոր Վիկտոր Օզերովի այսպես կոչված «հակաահաբեկչական փաթեթը», որն ընդունվել է Պետդումայում հունիսի 24-ին: Օրենսդրական նախաձեռնությանը կողմ է արտահայտվել 277 ռուս պատգամավոր:
Հուլիսի 7-ին օրենսդրական փաթեթը ստորագրեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ընդունված օրինագծերը ՌԴ ուժային կառույցների համար հասանելի են դարձնում հեռախոսազրույցներն ու էլեկտրոնային նամակագրությունը: Կապի օպերատորներին պարտավորեցրել են կես տարվա ընթացքում պահպանել բոլոր օգտատերերի հաղորդագրություններն ու պետական օրգաններին ծածկագրված նամակագրության ապակոդավորման միջոցներ տրամադրել:
WhatsApp և Telegram մեսինջերները 1 մլն ռուբլով կտուգանվեն հաղորդագրությունների ապակոդավորման բանալիներն Անվտանգության դաշնային ծառայության համար չբացելու համար:
ՌԴ Քրեական օրենսգրքում ներառվել է նաև չմատնելու վերաբերյալ հոդված. ըստ որի «հանցագործության մասին չհաղորդելու համար» կհասնի մինչև մեկ տարի ազատազրկում: Բացի այդ, ահաբեկչության մասին գործերով իջեցվել է քրեական պատասխանատվության ենթարկման տարիքը՝ 14 տարեկան: Ներմուծվել է նաև նոր հոդված «միջազգային ահաբեկչության» մասին, որն ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում է սահմանում:
Ռուսաստանում ՔՕ նոր փոփոխություններն արդեն աննախադեպ դաժան են անվանում: Բռնակցված Ղրիմի բնակիչների համար, ովքեր ուկրաինական օրենսդրությամբ են ապրում, դա կարող է հետապնդումների նոր ալիքի պատճառ դառնալ: Ավելին, նույնիսկ ռուսամետ բնակչությունն է հաճախ շոկի ենթարկվում ուժայինների գործողություններից. տարվա սկզբից Ղրիմում մի քանի հանրահավաք են ցրել՝ կոպիտ ձերբակալություններով:
«Ռուսական իշխանություններն անձնական կարծիքի ցանկացած դրսևորում ընկալում են որպես սպառնալիք սեփական գոյությանը: Ելնելով դրանից՝ ավելի ու ավելի խիստ «էքստրեմիստական» և ահաբեկչական» փոփոխություններ են մտցվում ռուսական օրենսդրություն, — պատմում է Ղրիմի իրավապաշտպան խմբի անդամ Վիսարիոն Ասեևը: — Ղրիմցիները սովոր են Ուկրաինայի՝ հանրահավաքների, սեփական կարծիքի արտահայտման ազատությանը, սակայն նույնիսկ ռուսամետ ղրիմցիներն են շոկի մեջ այդ պատիժներից: Նույնիսկ կազակներն, ովքեր կողմ էին օկուպացիային, բողոքի ակցիա են անում և նրանց ցրում են: Նրանք դա չեն հասկանում»:
Ղրիմյան փորձ
Ղրիմցիների համար թերակղզում տիրող նոր իրականության վառ օրինակ դարձավ միանգամից մի քանի դեպք: 2016թ-ի մայիսի 6-ին Սիմֆերոպոլում ուժայինները ցրեցին Ղրիմի կազակների կազմակերպած հանրահավաքը: Այդ ժամանակ կազակները Սիմֆերոպոլում մտադիր էին կադետական դպրոցի փակման դեմ բողոքի ակցիա անել: Տեղի իշխանությունների կողմից չարտոնագրված հանրահավաքի համար ուժայինները ձերբակալեցին դրա մասնակցիներին:
Ավելի ուշ Ալուշտայում ռուսական ոստիկանությունը ցրեց հանրահավաքը, որի մասնակիցները բողոքում էին ծովափին ատրակցիոններ տեղադրելու դեմ, որոնք փակում են դեպի ծով տանող ճանապարհը:
Ակցիային, որն սկսվել էր հունիսի 4-ին՝ շաբաթ առավոտյան, մասնակցում էր մոտ 50 մարդ: Տեղում հայտնված ուժայինները ձերբակալեցին կազմակերպիչներին և տարան ոստիկանական բաժանմունք: Ձերբակալվածների թվում էր նաև Ալուշտայի քաղխորհրդի պատգամավոր Պավել Ստեպանչենկոն, ում բաժնից դուրս էին թողել 7 ժամից, ծվեն-ծվեն եղած հագուստով և մեջքին կապտուկներով:
Բռնակցումը չընդունող ղրիմցիների հետապնդումները
ՌԴ օրենդրության համաձայն՝ Ղրիմում դատում են Ղրիմի թաթարներին այսպես կոչված «փետրվարի 26-ի գործով»: Հենց 2014թ-ի փետրվարի 26-ին Ղրիմի թաթարները խորհրդարանի շենքի մոտ հավաքվեցին՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու նպատակով:
Ղրիմի բռնակցումից հետո Ախտեմ Չիյգոզին, Ալի Հասանովին և Մուստաֆա Դեգերմենջիին մեղադրեցին Ուկրաինայի տարածքում ուկրաինամետ ակցիաների ժամանակ զանգվածային բախումներ հրահրելու համար: Լսումները դեռ շարունակվում են, ձերբակալվածները մեկ տարուց ավել է՝ ՔԿՀ-ում են:
Ավելի ուշ ռուսական ուժերի՝ թերակղզի գալուց հետո այստեղ զանգվածաբար ձերբակալում և դատում են Ղրիմի մուսուլմաններին այսպես կոչված «Խիզբութ-Թահրիրի գործով»:
«Խիզբութ-Թահրիրն» իսլամիստական կազմակերպություն է, որը Ռուսաստանում ահաբեչական է ճանաչվել: Այժմ թերակղզում զանգվածաբար վարույթ են սկսում Ղրիմի մուսուլմանների դեմ, ովքեր իբր խմբավորումների կազմակերպիչներ և «Խիզբութ-Թահրիրի» համակիրներն են:
Ճիշտ է, ռուսական քննչական մարմնին չի հաջողվում բավականաչափ ապացույցներ հավաքել, և իրավապաշտպանները պնդում են, որ Ղրիմի մուսուլմաններին ձերբակալում են խոհանոցային խոսակցությունների և քաղաքացիական դիրքորոշման համար:
Այժմ, «Յարովայայի փոփոխություններից» հետո ձերբակալությունների քանակը կարող է աճել, քանի որ Ռուսաստանի ներխուժումը Ղրիմ տեղի թաթարների հիմնական թեման է, ինչպես նաև ապօրինի ձերբակալություններն ու Ղրիմի մուսուլմանների տների խուզարկությունը, պնդում է Ղրիմի իրավապաշտպան խմբի համակարգող Աբդուռեշիտ Ջեպարովը:
«Այն, որ գաղտնալսումը, սոցկայքերը, հանրային վայրերում շփումները… այդ ամենն արդեն հանցագործություն է լինելու: Ղրիմում 400 հազար թաթար կա, նրանցից ցանկացածը կարող է հանցագործ լինել, քանի որ մեզ մոտ քչերը չեն խոսում այդ թեմայից: Եվ շփվում են այն առումով, որ յուրաքանչյուրն իր համար փոփոխությունների է սպասում, իսկ մեր հասկացողությամբ՝ փոփոխությունները փորձ է փոխելու այն, ինչ մենք հիմա ունենք: Մեզ ձեռնտու չէ նման ռեժիմը, մեզ դուր չի գալիս արդարադատությունը, իսկ դա արդեն ինչ-որ բան է: Վատ է, քանի որ դրանից առաջ էլ այնքան լավ չէր: Մեզ մոտ այնպես է դասավորվել, որ բնակչության մի մասը ռուսամետ է, և այդ դեպքում նրանք հաճույքով մատնություններ կանեն», — ասում է Ջեպարովը:
Դեռ նախքան «Յարովայայի փոփոխությունները», ուկրաինացի ակտիվիստներին իբր էքստրեմիզմին դիմակայելու վերաբերյալ արվող զգուշացումներն արդեն սոցցանցերի սքրինշոթեր էին դառնում:
Այդպես եղավ ուկրաինացի գրող Տարաս Շևչենկոյի ծնդդյան օրը: Ուկրաինական մշակութային կենտրոնի ակտիվիստ Լեոնիդ Կուզմինի խոսքով, մարտին Սիմֆերոպոլի իշխանություններն արգելեցին Կոբզարի ծննդյան կապակցությամբ հանրահավաք անցկացնել:
Ավելի ուշ Ուկրաինական մշակութային կենտրոնի ակտիվիստներին Ռուսաստանի կողմից վերահսկվող դատախազությունից զգուշացում եկավ Սիմֆորոպոլում Տ. Շևչենկոյի արձանի մոտ 2016թ-ի մարտի 9-ին ցանկացած հանրահավաքների անթույլատրելիության մասին: Զուգշացման առիթ է դարձել Ֆեյսբուքի հաղորդագրությունը:
«Նրանք միշտ հետևում են տեղեկատվությանը, որը հրապարակվում է Ֆեյսբուքում: Դատախազության աշխատակիցը իմ հրապարակման հղումն էր տվել, որտեղ ես կոչ եմ անում Սիմֆերոպոլում Շևչենկոյի ծննդյան օրը նշել», — հիշում է Կուզմինը:
Ռուսական փորձը
Թե ինչ է նշանակում երկու տարվա ազատազրկում համացանցում արտահայտվելու համար, Ռուսաստանում արդեն գիտեն:
2016թ-ի մայիսի 6-ին Տվերի բլոգերներից մեկը՝ Անդրեյ Բուբեևը դատապարտվել է 2 տարվա և 3 ամսվա ազատազրկման «Վկոնտակտեի» իր էջում Բորիս Ստոմախինի «Ղրիմն Ուկրաինա է» հոդվածի հրապարակման համար և «Հանիր Ռուսաստանը մեջիցդ» գառմամբ լուսանկարի համար, որի վրա ատամի մածուկ էր պատկերված:
Դատապարտվածի կնոջ՝ Անաստասիայի խոսքերով, Ռուսաստանում հասարկաությունը քննարկում է Յարովայայի նոր օրինագիծը, մասնավորապես՝ էքստրեմիզմի մասին հոդվածներով պատիժների խստացման հարցը:
Այդ հոդվածների ձևակերպումները բավականին լղոզված են, այդ պատճառով էլ Ռուսաստանում ոչ ոք վստահությամբ չի կարող ասել, թե կոնկրետ ինչի համար մարդուն կարող են պատասխանատվության ենթարկել:
«Նախորդ տարվա ընթացքում այսպես կոչված քաղաքական հոդվածներով քրեական գործերի քանակը սարսափելի չափերի հասավ: Իմ կարծիքով, այժմ խնդիր է դրված խեղդել բնակչության ցանկացած քաղաքական ակտիվություն համացանցում, այդ թվում նաև՝ սոցցանցերում (որպես տեղեկատվության փոխանակման ունիվերսալ հարթակ)»:
Նոր օրենքները, հասարակ քաղաքացիների հանդեպ ցուցադրական դատերը ոչ այլ ինչ են, քան վախեցնելու փորձեր: Մարդկանց մեջ վախի զգացում են առաջացնում ցանկացած տիպի ինքնաարտահայտման համար: ՌԴ-ում արդեն մարդկանց նստեցնում են բողոքի խաղաղ ակցիաների, ոչ ստանդարտ արվեստի, նամակագրության համար՝ այդ ամենում քաղաքական ենթատեքստ գտնելով:
Նոր օրենսդրական փոփոխությունները միայն ընդլայնում են իրավապահների գործողությունների սահմաններն ու հեշտացնում քննիչների աշխատանքը՝ միաժամանակ մի քանի անգամ բարդացնելով յուրաքանչյուր քաղաքացու մասնավոր կյանքը: Իհարկե, ղրիմցիներին, ովքեր հիմա ռուսական օրենքներով են ապրում, այս ամենը վերաբերում է: Այս երկրում ցանկացած նախաձեռնություն կարող է պատժվել», — բացատրում է Անաստասիա Բուբեևան:
Ռուսաստանում ձերբակալում են ոչ միայն ուկրաինամետ արտահայտությունների կամ Ղրիմի բռնակցման համար: Ռուսաստանում և բռնակցված տարածքներում որպես էքստրեմիզմ կարող է գնահատվել և իշխանության քննադատությունը:
Օրինակ, Տոմսկի վիդեոբլոգեր և հասարակական ակտիվիստ Անդրեյ Տյումենցևին 5 տարվա ազատազրկման դատապարտեցին ընդհանուր ռեժիմի գաղութում: Գործի հարուցման առիթ էր տվել Youtube-ում և «Վկոնտակտեում» Տյումենցևի էջում երկու տեսանյութերի հրապարակումը՝ «Ժողովրդական ցասման օր Տոմսկում՝ չինովնիկների և երթուղայինի վարորդների ամենաթողության դեմ» և «Դոնեցկի և Լուգանսկի շրջանների բնակիչնե՛ր, դո՛ւրս Տոմսկից»:
Առաջին անգամ հրապարակվել է 11.07.2016