Ավելի լավ է չհիվանդանալ
Անունը՝ բուժամբուլատորիա
Տանձուտ համայնքում 60-ականներին կառուցված այս շենքում բուժսպասարկում է ստանում համայնքի 1900 բնակիչ: Շենքը գտնվում է գյուղի ծայրամասում, իսկ կիսավեր շենքից դժվար է կռահել, որ այն բուժհաստատություն է: Չկա ցուցանակ, որը կհուշի շենքի պատկանելությունը, իսկ կիսաքանդ պատերն ու պատուհանների կոտրված ապակիներն ամբողջացնում են պատկերը:
2006 թվականին շենքը վթարային է ճանաչվել: Բուժամբուլատորիայի տնօրեն Անահիտ Բեգլարյանը շենքային պայմանների մասին բազմիցս ահազանգել է տեղական ու մարզային իշխանություններին, սակայն ոչինչ չի փոխվել: 5 տարի առաջ համաշխարհային բանկից են եկել, նայել են, շենքը գնահատել, ճանաչել են վթարային ու խորհուրդ տվել նորը կառուցել:
Համաշխարհային բանկի խորհուրդն ում էր հասցեագրված, ամբուլատորիայի տնօրենին պարզել չի հաջողվել: Երկու տարի առաջ նույն խնդրով կրկին Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին է դիմել: Մարզպետը խոստացել է ներառել ծրագրում, բուժամբուլատորիայի տնօրենն էլ դեռ հույսով սպասում է, ժամկետներ չեն սահմանվել:
Մինչ օրս պարզ չէ, ո՞ր ծրագրի մեջ է ընդգրկված ամբուլատորիայի կառուցումը
Տանձուտի գյուղապետարանում ամբուլատորիայի կառուցման ծրագրից տեղյակ չեն: Միայն գիտեն, որ համայնքի բյուջեով նոր բուժամբուլատորիա կառուցել չեն կարող: Այստեղ ասացին, որ գյուղի ամբուլատորիան որևէ ծրագրում ընդգրկված չէ: Գյուղապետ Մխիթար Պետրոսյանը շատ անգամ այս խնդրով դիմել է մարզպետարան, սակայն հուսադրող պատասխան չի ստացել:
Ամբուլատորիայի նոր շենքի կառուցումը մեծ միջոցներ է պահանջում, բայց ֆինանսական սուղ միջոցների պատճառով այստեղ չի հաջողվում նույնիսկ հիվանդների սպասարկման սենյակները տաքացնել:
Ձմռան ամիսներին բուժանձնակազմը մեկ սենյակում է աշխատանքը կազմակերպում, մեկ մանկական սենյակ էլ տաքացվում է միայն պատվաստումների օրերին, և շատ հաճախ երեխաների բուժզննումը մանկական բժշկուհին իր տանն է իրականացնում: Ասում է, բուժաշխատողները ամբուլատորիայում վերարկուներով են նստում, ինչպես կարող են երեխաների շորերը հանել, թոքերը լսել, զննում կատարել:
Բացի շենքային պայմաններից, ամբուլատորիայում նաև ջրի խնդիրն է օրակարգային: Ջրագիծ չկա, իսկ օրվա օգտագործվող ջուրը բուժաշխատողները բերում են հարևան սեփական տներից:
Աստիճանները մի օր կքանդվեն, հիվանդները կընկնեն ու կվնասվեն
Բուժամբուլատորիաները տարբեր համայնքներում նույն պատկերն ունեն, շենքերի խարխուլ վիճակը գրեթե նույնն է, խնդիրներով էլ դրանք միմյանց չեն զիջում:
Անահիտ Տեր-Հարությունյանը շուրջ 23 տարի է, ինչ աշխատում է Արմավիր գյուղի առողջության կենտրոնում որպես տնօրեն: Ասում է, այդ 23 տարիների ընթացքում բուժհաստատության խնդիրները միայն ավելացել են:
Գյուղական բնակավայրերում բուժամբուլատորիաները իրականացնում են հիվանդի նախնական զննում, ախտորոշում և առաջին բուժօգնություն: Երբ հիվանդի մոտ լուրջ հիվանդություն է ախտորոշվում, բժիշկը ուղեգրով հիվանդին ուղարկում է մասնագիտացված բուժհաստատություն:
Հիմնականում հիվանդները ուղեգրվում են, քանի որ գյուղական ամբուլատորիաների մեծ մասը չունի հիվանդին բուժսպասարկում ցուցաբերելու տարրական պայմաններ: Օրինակ, Անահիտ Տեր Հարությունյանն ասում է, որ շատ դեպքերում, երբ հիվանդին անհրաժեշտ է պահել հսկողության տակ և բուժում իրականացնել, անձնակազմը դժվար կացության մեջ է հայտնվում, քանի որ այդ նպատակով նախատեսված հիվանդասենյակները զուրկ են նույնիսկ բավարարին մոտ մահճակալներից:
Բժշկուհուն ամենաշատը լաբորատորիայի անմխիթար վիճակն է անհանգստացնում, ասում է, այնտեղ նույնիսկ լվացվելու հնարավորություն չկա, ստիպված հարցը լուծել են տարայով ջուր կուտակելու և լվացարանի նախնադարյան մեթոդն օգտագործելու միջոցով:
Առողջության կենտրոնը սպասարկում է միամանակ Արմավիր և Հայկավան համայնքների 3950 բնակիչների: Արմավիրի մարզի գյուղական համայնքների բուժամբուլատորիաների 50 տոկոսից ավելին նույն ծանրաբեռնվածությամբ է աշխատում: Մեկ ամբուլատորիան երբեմն երեք համայնքի բնակիչների է սպասարկում:
Անահիտ Տեր-Հարությունյանը առողջության կենտրոնի շենքային պայմանների հարցով բազմիցս դիմել է պատկան մարմիններին, սակայն հուսադրող պատասխան չի ստացել:
Միայն 2013-ին Առողջապահության նախարարության ԾԻԳ-ի գրասենյակից զանգել են, շենքի արտաքին ու ներքին պատկերը բնութագրող լուսանկարներ ուզել: Նկարները ուղարկել են ու մինչ օրս լուր չեն ստացել:
Հրապարակվել է՝ 29.11.2016