Թուրքական ԱԹՍ-ներ Լեռնային Ղարաբաղում
Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների պատճառով հին հակամարտությունում նոր գործոն է ի հայտ եկել՝ թուրքական անօդաչու թռչող սարքեր, որոնք օգտագործում են ադրբեջանական զինված ուժերը։ Թուրքիան մարտական դրոնների արտադրության հաջող ծրագիր է գործարկել, որոնք ապացուցել են իրենց արդյունավետությունն արդեն մի քանի հակամարտություններում, և երկիրը դառնում է սպառազինության համաշխարհային առաջատար արտահանողներից մեկը։
Ադրբեջանցի զինվորականները բազմաթիվ տեսանյութեր և լուսանկարներ են հրապարակում, որոնք վկայում են այն մասին, որ հայկական հակաօդային համակարգերի, տանկերի և հրետանային դիրքերի վրա գրոհների համար նրանք կիրառում են թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքեր։
•Մարտեր Հադրութի համար․ ի՞նչ է կատարվում ղարաբաղյան հակամարտության գոտում
•Կարծիք Երևանից․ «Թույլ չտալ, որ Թուրքիան միջնորդների թվում հայտնվի»
•Սուրբ Սոֆիան մզկիթ է դարձել։ Լուսանկարներ և պատմություն
Լեռնային Ղարաբաղն արդեն հինգերորդ կոնֆլիկտային գոտին է, որտեղ թուրքական սպառազինություն է կիրառվում։ Դրանից առաջ էին Լիբիան, Սիրիան, Իրաքի հյուսիսն ու Արևելյան Միջերկրականը, որտեղ Թուրքիան դիմակայում է Հունաստանին օգտակար հանածոների հանքավայրի համար վեճում,- իր հոդվածում նշում է Financial Times-ը։
Ամենանշանակալի իրադարձությունն ԱԹՍ-ների հաղթարշավն է, որոնց ստեղծման ծրագիրը Թուրքիայում սկսվել է 20 տարի առաջ։ Նպատակն արևմտյան երկրներից կախվածությունը նվազեցնելն էր։ Թուրքիային, ըստ փորձագետների, չի հաջողվի սեփական կործանիչներ ստեղծել, իսկ ԱԹՍ-ներն ապացուցել են իրենց արդյունավետությունը։
Ադրբեջանական ԱԹՍ-ի կիրառման տեսանյութ Ադրբեջանի պաշտպանության նախարարության ալիքով․
Մեկ այլ փորձագետ՝ Ռոբ Լին Լոնդոնի Թագավորական քոլեջից, կարծում է, որ ռազմական ԱԹՍ-ների ծրագրի ակտիվ զարգացումն ամբողջությամբ համապատասխանում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի վարած ագրեսիվ արտաքին քաղաքականությանը։
Դեռևս պարզ չէ, թե ովքեր են կառավարում ԱԹՍ-ները մարտադաշտում՝ ադրբեջանցի՞, թե՞ թուրք զինվորականները։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԱՄՆ ներկայացուցիչ Քերի Քավանոյի խոսքով՝ այդ զենքի կիրառումը կտրուկ ընդլայնել է մարտական գործողությունների գոտին և ավելացրել զոհերի թիվը։
Թուրքիան հույս ունի, որ իր ԱԹՍ-ների հաջող կիրառումը թույլ կտա ավելացնել դրանց արտահանումն այլ երկրներ։ Թուրքիան դեռևս հետ է մնում ԱՄՆ-ից, որն անցյալ տարի 56 մլրդ դոլարի զենք է վաճառել, և Ռուսաստանից (13.6 մլրդ)։ Սակայն դինամիկան տպավորիչ է․ 248 մլն՝ 2002-ին և 3 մլրդ՝ 2019-ին։
Թուրքիան դեռևս հիմնականում արտահանում է տանկեր, զրահափոխադրիչներ, հրաձգային զենք և ինքնաթիռների պահեստամասեր։ Սակայն անօդաչու ավիացիայի զարգացման ծրագիրը երկրում առաջնահերթ է համարվում։
Թուրքիայում ԱԹՍ-ների առաջատար արտադրողը Սելչուկ Բայրաքթարին պատկանող ընկերությունն է։ 2016 թ-ին նա ամուսնացել է նախագահ Էրդողանի դուստր Սյումիայի հետ։
Էրդողանի փեսայի ընկերության արտադրած ԱԹՍ-ները սկզբից կիրառվում էին Քրդական աշխատավորական կուսակցության կազմավորումների դեմ, այնուհետև՝ Սիրիայում և Լիբիայում, իսկ հիմա՝ Լեռնային Ղարաբաղում։
Դա խնդիրներ է ստեղծում թուրքական ԱԹՍ արտադրողի համար, որն իր արտադրության համար արտասահմանից ներկրում է բաղկացուցիչների մոտ 7 տոկոսը։ Օրինակ՝ այս շաբաթ Կանադայի կառավարությունն արգելել է Թուրքիայի ԱԹՍ-ների համար օպտիկայի մատակարարումը։