Երևանի Փոքր թատրոնի բեմում են հաշմանդամություն ունեցող և չունեցող դերասանները
Մարմնի պլաստիկ ու ճկուն շարժումները վարպետորեն վերածելով պարային տեսարանների, դերասանները հանդիսատեսին են փոխանցում Շեքսպիրի ողբերգությունների հանրահայտ հերոսներին: Փոխակերպվում են Համլետից`Օթելոյի, Լիր Արքայի ու Մակբեթի, բեմի մյուս հատվածում խելագարվող Օֆելյան վերափոխվում է լեդի Մակբեթի, հայտնվում է հոր ուրվականը, ծաղրածուն…
Երևանի Փոքր թատրոնի բեմում ներառական ներկայացում է: Շեքսպիր են խաղում հաշմանդամություն ունեցող և չունեցող դերասանները: Արվեստի միջոցով կոտրվում են հասարակությանը պաշարած կարծրատիպերը. հաշմանդամություն ունեցող անձը նույնպես կարող է բեմից կերպար ներկայացնել, պլաստիկ շարժումներ կատարել, չտարբերվելով մյուսներից:
Փոքր թատրոնի, ինչպես նաև ներառական խմբի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանի խոսքով, սա մի գործիք է, որը փոխում է հասարակության վերաբերմունքը հաշանադամութուն ունեցողների նկատմամբ.
«Տեսանելի օրինակ է, ինչպես են մարդիկ մեկ հարթակի վրա հավասարը հավասարի հետ հանդես գալիս: Այսօր ներկայացանում ենք Շեքսպիրի «Շեյք»-ը, որը ֆիզիկական ու պարային թատրոնի խառնուրդ է: Ներկայացումը բեմադրել եմ, տարիներ շարունակ Շեքսպիր կարդալով և ուսումնասիրելով:
Ինչ որ զուգահեռներ էի անընդհատ տեսնում այդ չորս ողբերգությունների մեջ: Որտեղ են խաչվում Համլետն ու Մակբեթը, Օֆելյան ու լեդի Մակբեթը, հոր գաղափարը կա այդ չորս ողբերգություններում: Բեմադրելուց հասկացա, որ ներկայցման մեջ պետք է ներառել նաև ներառական խմբի անդամներին»:
Վահան Բադալյանը նշում է, որ 2014-ին մեկնարկած ծրագիրը սկսվել է նախապատրաստական աշխատանքից, կազմակերպվել են վարպետության դասընթացներ, որոնց մասնակցել են հաշմանդամություն ունեցող և չունեցող արվեստագետներ: Պարային դասընթացներից հետո հիմնվել է Հայաստանում առաջին ներառական թատերական և պարային խումբը՝ Միացյալ Թագավորության հանրահայտ Candoco պարային խմբի նմանությամբ և աջակցությամբ: 2014-ի հոկտեմբերին ՀայՖեստ փառատոնի շրջանակում տեղի է ունեցել պարախմբի առաջին` «Մի լքիր ինձ» բեմադրության պրեմիերան: Ներկայացումները իրականացվել են Բրիտանական խորհրդի «Պար առանց սահմաններ» ծրագրի շրջանակներում:
«Երբ եղավ այդ առաջարկությունը`աշխատել խմբի հետ, ես միանգամից ասացի`այո, որովհետև դա մի ուրիշ աշխարհ էր, որն ինձ, ասես, կանչում էր: Դա կյանքի փորձ էր, փորձառություն, նոր աշխարհի բացահայտում: Ընդհանրապես ասում ենք, սահմանափակ կարողություններով մարդիկ, բայց այդ սահմանափակության մեջ այնքան անսահամանփակություն կա՝ հարկավոր է ընդամենը տեսնել»,- ասում է Բադալյանը:
26-ամյա Մհեր Զալինյանը պատրաստվում է ներկայացմանը: Պատմում է, որ խմբում հայտնվել է երեք տարի առաջ, չնայած, որ բոլորովին կապ չուներ թատրոնի հետ և աշխատում էր հաշմանդամության հիմնահարցերով զբաղվող «Լիարժեք կյանք» կազմակերպությունում:
«Երբ իմացա ծրագրի մասին, անմիջապես դիմեցի, մի քանի փուլերից հետո արդեն հայտնվել եմ թատրոնում: Ներառական թատրոնը ցույց է տալիս, որ հաշմանդամությունը խոչընդոտ չէ, ու եթե մարդը կամք ունի ու ցանկություն իր ուզածին հասնելու համար, ապա կապ չունի նա ունի հաշմանդամութուն, թե չունի: Ընդամենը նվիրված, համբերատար և ուժեղ է հարկավոր լինել: Մեր անդամներից շատերը, ովքեր կոմպլեքսավորված էին, պարփակված իրենց մեջ, այսօր թատրոնի օգնությամբ այլ մարդ են դարձել, կոտրել իրենց միջի փակ դռները, ձեռք բերել հիանալի ընկերներ»,- ասում է հենաշարժողական համակարգի խնդիրներ ունեցող Մհերը:
Խմբի անդմաները համոզված են, ծրագիրը փոխել է ոչ միայն իրենց կյանքը, այլ նաև հանդիսատեսի, որը ներկայացումներից հետո դահլիճից հեռանում է բոլորովին այլ զգացողություններով:
Խմբի բոլոր անդամները հենաշարժողական խնդիրներ ունեն: Նրանցից մեկն էլ 21-ամյա Մանուկն է: Ասում է, սիրել է թատրոնը ու հիմա չի պատկերացնում իր կյանքն առանց փորձերի ու ներկայացումների.
«Ես փոխվել եմ, դարձել ավելի ազատ, ես բոլորից մեկն եմ ու չեմ տարբվերում»:
Դիմահարդարման սենյակում խառնաշփոթ է: Դերասաննները վերջին հարդարումներն են անում: «Շեյք» ներկայացման մեջ ներառված Մանուկն ու Մհերը նույնպես պատրաստվում են: Նրանց կողքին է Օպերային թատրոնի պարուհի Մարիաննա Պողոսյանը.
«Պարում ենք միասին, ինչը նշանակում է նախ հասկանալ ովքեր են նրանք, ինչ առավելութուններ ունեն, ինչ տարբերություններ, և այդ ամենը հասկանալով կարողանում ես քո և նրանց եզրույթները համատեղել մեկ ընդհանուր գործի մեջ: Թատրոնը իրենց տալիս է ամենակարևորը` բարձր ինքնագնահատանք՝ իրենց անհատականության ու հնարավորութոնների հանդեպ, իրենց ներքնաշխարհն արտահայտելու մեջ: Սա հասրակությունում ինտեգրվելու հարթակ է նրանց համար»:
Վահան Բադալյանն էլ նշում է նպատակը. պրոֆեսիոնալ որակ ստանալ այս երիտասարդներից և հասնել դրան, որ թատրոնը չհամարեն պարզապես ժամանակ անցկացնելու վայր.
«Իհարկե մեծ աշխատանք է հարկավոր, որ ստանանք մեր երեխեքի հնարավորությունների մաքսիմալ զարգացումը, ներգրավվածությունը: Իրենց ընտրել ենք տարբեր չափորոշիչներով, առաջին հերթին, որքան մեծ է նրա հետաքրքրվածությունը: Հաշվի էինք առնում ֆիզիկական հնարավորությունները, այստեղ ավելի կարևոր էր նրանց պատրաստակամությունն ու կամքը: Երեկ Գերմանիայից հյուր ունեինք, նա ասաց, որ միայն խոնարհման ժամանակ նկատեց խնդիր ունեցողին, մեր հիմնական նպատակն էլ հենց դա է, որ չտարբերվեն»: