Մարտեր Արցախում։ 2020 թ-ի հոկտեմբերի 6-ի ռեպորտաժները, տեսանյութերը, լուսանկարները
-
Շտապօգնության մեքենան հրետակոծության տակ է ընկել Ադրբեջանի Աղդամի շրջանում
Ադրբեջանի Աղդամի շրջանում շտապօգնության մեքենան հրետակոծության տակ է ընկել,- հաղորդում է Qafqazinfo պարբերականը։
Ըստ աղբյուրի՝ մեքենայի կողքին հրետանային արկ է ընկել և պայթել։
Կատարվածի հետևանքով զոհերի և վիրավորների մասին դեռ տվյալներ չկան։
-
Ղարաբաղի նախագահը կոչ է անում «միջազգային հակաահաբեկչական նոր կոալիցիա ձևավորել»
Արայիկ Հարությունյանն այս կոչով է հանդես եկել Facebook-ի իր էջում։
Նա հայտարարում է, որ Արցախն ու Հայաստանը հայտնվել են միջազգային ահաբեկչության դեմ պայքարի առաջնագծում․
«Սակայն մեր դեպքում առանձնահատկությունն այն է, որ համաշխարհային քաղաքակրթության գոյությանը սպառնացող այս թշնամին մեր հայրենիքի դեմ դուրս է եկել արդեն ՄԱԿ անդամ պետության դրոշի տակ քողարկված, այդ պետության կանոնավոր բանակի կազմում և շատ հաճախ՝ այդ կանոնավոր բանակի փոխարեն։ Ժամանակակից աշխարհում, երբ տառացիորեն հնարավոր չէ ոչինչ թաքցնել ոչ մեկից, բոլորն իրենց աչքերով տեսել ու արձանագրել են համաշխարհային ջիհադիստական ահաբեկչական ցանցի ներթափանցումն Ադրբեջան։ Աշխարհում որևէ պետության համար արդեն գաղտնիք չէ, որ այդ հրեշավոր տեռորիստական ցանցի թիրախում Արցախի ու Հայաստանի խաղաղ բնակչությունն է, մեր քաղաքներն ու գյուղերը, ազատ ապրելու ու մեր ճակատագիրը տնօրինելու իրավունքը»։
Լեռնայի Ղարաբաղի նախագահի կարծիքով, հենց Թուրքիան է Ադրբեջանի իշխանությունների համաձայնությամբ ստեղծում համաշխարհային ահաբեկչության նոր օջախը, քանի որ ներգրավված է այդ ցանցի կառավարման մեջ։ Եվ Արայիկ Հարությունյանն աշխարհի բոլոր պետություններին կոչ է անում խանգարել Թուրքիայի պլաններին՝ «Հարավային Կովկասը ահաբեկչության որջ դարձնել»․
«Հայաստանն ու Արցախն այսօր պայքարի առաջնագծում են, որովհետև արժանապատվորեն ընդունել են մեզ նետված մարտահրավերը։ Ու մենք պայքարելու ենք մինչև վերջնական հաղթանակ։ Սակայն սա միայն Արցախի և Հայաստանի խնդիրը չէ։
Որպես իր անկախության համար պայքար մղող պետության նախագահ՝ կոչ եմ անում քաղաքակիրթ աշխարհին ակտիվ մասնակցություն ունենալ այս պայքարում։ Համաշխարհային հակաահաբեկչական գործուն ու արդյունավետ կոալիցիայի ստեղծումը օրվա հրամայական է»:
-
Իրանի նախագահը զանգահարել է Իլհամ Ալիևին
Հեռախոսազրույցի ընթացքում Իրանի նախագահ Հասան Ռոհանին իր երկրի մտահոգությունն է հայտնել ադրբեջանական և հայկական զինված ուժերի շփման գոտում շարունակվող ռազմական գործողությունների առնչությամբ։
«Իրանի և Ադրբեջանի պետական սահմանի օկուպացված տարածքի մի մասն արդեն ազատագրված է, և ազատագրված սահմանամերձ տարածքներում մոտ ժամանակներս սահմանային ենթակառուցվածքներ են ստեղծվելու, որտեղ ծառայելու են ադրբեջանցի սահմանապահներ», — նշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
-
Ադրբեջանը հումանիտար միջանցքներ է բացում հայկական բնակչության համար․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Անար Էյվազովի խոսքով՝ հակամարտության գոտում հայկական բնակչության համար հայտարարություն է արվել հումանիտար միջանցքների բացման վերաբերյալ։
«Ուղերձը նաև ուղղված է հակառակորդի զինծառայողներին, որոնք ցանկանում են կամավոր հանձնվել։ Ադրբեջանական բանակը մարտերի անցկացման գոտում պահպանում է միջազգային իրավունքի նորմերը։ Մեր զինծառայողներն օգնություն են ցուցաբերում անձանց, որոնք չեն մասնակցում մարտական գործողություններին», — նշել է նա։
-
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Հայաստանի կառավարության հայցն ընդդեմ Թուրքիայի
Սա Հայաստանի արդեն երկրորդ դիմումն է Եվրոպական դատարան։ Այս անգամ Հայաստանը ՄԻԵԴ էր դիմել Թուրքիայի դեմ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով։ Դիմումը ներկայացվել էր այն առնչությամբ, որ Թուրքիան ներգրավված է հակամարտության գոտում ռազմական գործողություններում և աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանի ԶՈՒ-ին։
Ընդ որում, ինչպես նշված է հայցում, այդ ռազմական գործողություններն ուղղված են Ղարաբաղի և Հայաստանի քաղաքացիական բնակչության դեմ և ուղեկցվում են միջազգային հումանիտար իրավունքի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կոպտագույն խախտումներով։
Եվրոպական դատարանը կրկին բավարարել է Հայաստանի կառավարության հայցը․
«Դատարանը հաստատել է սեպտեմբերի 29-ի որոշումը միջանկյալ միջոց կիրառելու մասին և կոչ է արել հակամարտությանն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ներգրավված երկրներին, այդ թվում Թուրքիային, զերծ մնալ քաղաքացիական բնակչության՝ եվրոպական կոնվենցիայով նախատեսված իրավունքների խախտումից»։
Հայաստանի առաջին դիմումը ՄԻԵԴ էր ներկայացվել սեպտեմբերի 27-ին։ Դա կապված էր Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Հայաստանի Վարդենիսի շրջանի ուղղությամբ մասշտաբային ռազմական գործողությունների մեկնարկի հետ։ Հայաստանը պահանջել էր ստիպել Ադրբեջանին՝ դադարեցնել հարձակողական ռազմական գործողություններն, ինչպես նաև մարդկանց, քաղաքացիական օբյեկտների և բնակավայրերի թիրախավորումը։
ՄԻԵԴ առաջին որոշման մեջ կոչ էր հնչում հակամարտող երկու կողմերին՝ Ադրբեջանին և Հայաստանին, «զերծ մնալ ցանկացած միջոցներից, այդ թվում՝ ռազմական գործողություններից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բնակչության կոնվենցիոնալ իրավունքների խախտման, այդ թվում վտանգել նրանց կյանքն ու առողջությունը»։
-
Հակառակորդը հրետակոծում է Ադրբեջանի երեք շրջաններն․ Ադրբեջանի ՊՆ
«Հայկական զինված ուժերը հրետակոծել են Եվլախի Գերանբոյի և Բայլագանի շրջանները», — ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։
-
Իրանը նախազգուշացնում է ղարաբաղյան հակամարտության կողմերի դեմ կոշտ միջոցների մասին
Իրանի իշխանությունների վրդովմունքն է առաջացրել այն, որ ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների ընթացքում իրենց երկրի տարածք արդեն ոչ առաջին անգամ արկեր են ընկնում։ Հոկտեմբերի 5-ին Իրանի լրատվամիջոցները հաղորդել են, որ Հայաստանին և Ադրբեջանին սահմանակից իրենց շրջանի տարածքում մի քանի ռումբ է ընկել, 6-ամյա երեխա է վիրավորվել, բնակելի տներ են տուժել։
Իրանի պաշտպանության նախարար, գեներալ Ամիր Խաթամին հայտարարել է․ «Մեր սահմանների անվտանգությունը մեզ համար կենսական կարևորություն ունի։ Մեզ համար անընդունելի է ցանկացած հարձակում, և եթե այս քայլերը կրկնվեն, մենք զգուշացումից զատ կանցնենք նաև ավելի կոշտ միջոցների»։
Առաջին անգամ հաղորդվում էր, որ Իրանի տարածքում է ընկել ադրբեջանական կողմից բաց թողնված արկը։ Թե որտեղից են ռումբեր ընկել այս անգամ, չի հաղորդվում։
-
Ադրբեջանի հատուկ ծառայությունները հայտարարել են հայկական կողմից կռվող վարձկանների երկխոսությունների գաղտնալսման մասին
Ինչպես հաղորդվում է ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության հաղորդագրությունում, հայկական բանակի կազմում Լեռնային Ղարաբաղում կռվում են Իրաքից և Սիրիայից եկած քրդական ահաբեկչական խմբավորումների անդամներ։
Հաղորդագրությունում նշվում է, թե Ադրբեջանի ՊԱԾ-ը գաղտնալսել է ահաբեկիչների ռադիոերկխոսությունները։
«Ներկայացված ձայնագրությունում ահաբեկիչները խոսում են հայկական կողմից մեծ կորուստների, բանակում տիրող բարդ իրավիճակի, ադրբեջանցի զինծառայողների կողմից ԱԹՍ-ների արդյունավետ օգտագործման մասին և ափսոսանք են հայտնում, որ եկել են հակամարտության գոտի», — ասված է հաղորդագրությունում։
-
«Ադրբեջանն անտեսում է Իրանի անվտանգությունը»․ Հայաստանի ՊՆ
Կեսօրին մոտ Ադրբեջանի ԶՈՒ-ն, օգտագործելով իր ռեզերվային ուժերն ու մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա, այդ թվում՝ տանկեր և հրետանի, լայնամասշտաբ հարձակում է սկսել շփման գծի հարավային ուղղությամբ։ Այս մասին հաղորդել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը․
«Հակառակորդի կողմից անտեսվում է նաև Իրանի Իսլամական Հանրապետության տարածքի անվտանգությունը։ Մեթոդաբար և շարունակաբար ոչնչացվում են հակառակորդի մեծաթիվ կարողություններ»։
-
Հայաստանի վարչապետը Լեռնային Ղարաբաղում է
Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել ռազմական ղեկավարության հետ,- հաղորդվում է կառավարության ֆեյսբուքյան էջում։ Քննարկվել են օպերատիվ իրադրությունն առաջնագծում և Զինված ուժերի պլանավորվող գործողությունները։ Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 5-ին այցելել է Արցախի Հանրապետություն: Վարչապետն ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի և…
Posted by ՀՀ կառավարություն on სამშაბათი, 06 ოქტომბერი, 2020
-
«Ադրբեջանական կողմը շարունակում է ապատեղեկատվություն տարածել»․ Հայաստանի ՊՆ
Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը հաղորդում է, որ Ադրբեջանը շարունակում է տեղեկություններ տարածել այն մասին, իբր հայկական զինուժը հրետակոծում է Ադրբեջանի խաղաղ քաղաքները․
«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է միջազգային հանրությանն ու սեփական ժողովրդին մոլորության մեջ գցելու իր գործելակերպը։ Հայտարարում ենք, որ Ադրբեջանի ուղղությամբ որևէ զինատեսակից կրակ չի վարվել։
Ակնհայտ է, որ պաշտոնական Բաքվի այս ապատեղեկատվությունը միտված է մարտական գործողությունների վերսկսման համար քարոզչական հող նախապատրաստելուն, անտեսելով միջազգային հանրության, մասնավորապես՝ համանախագահ երկրների մարտական գործողությունների անհապաղ դադարեցման մասին հայտարարությունները»։
Այն մասին, որ Պաշտպանության բանակը հարվածում է միայն «թշնամու ահաբեկչական կազմավորումներին», ֆեյսբուքյան իր էջում գրել է Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը․
«Իրավիճակն Արցախում կայուն լարված է․․․ Որոշ դիրքային հաջողություններ ունենք»։
-
«Հրահանգվել է շարունակել հակառակորդի ուժերի պլանաչափ, նպատակաուղղված և հետևողական ոչնչացումը»․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի ղեկավարությամբ հատուկ ծառայողական խորհրդակցություն է կայացել։
«Խորհրդակցության ընացքում վերլուծվել է տարվող հակահարձակման գործողության ընթացիկ իրավիճակը և հրահանգվել է շարունակել հակառակորդի պլանաչափ, նպատակաուղղված և հետևողական ոչնչացումը։
Պաշտպանության նախարարը զորքերին հրահանգել է ազատագրված տարածքներում ձեռնարկել կենսական կարևորության և անհրաժեշտ միջոցները։
Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ հակառակորդի կողմից «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների կիրառման դեպքում ադեկվատ պատասխան գործողություններ են ձեռնարկվելու։
Հասանովն Ադրբեջանի բանակին հրամայել է ոչնչացման մեծ ուժ ունեցող զինատեսակներից հայկական կողմի տարածքում ռազմական-ռազմավարական ենթակառուցվածքներին հարված հասցնելուն ուղղված գործողություններ պլանավորել», — ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։
-
Իլհամ Ալիևը հանդիպել է Թուրքիայի արտգործնախարարին
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Բաքու է ժամանել։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 6-ին ընդունել է Թուրքիայի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը։
Հանդիպման մանրամասները դեռ չեն հաղորդվում։
-
«Ստեփանակերտի մշտական հրետակոծման պատճառով շտապօգնության բժիշկները չեն կարողանում ժամանակին օգնություն ցուցաբերել»․ Հայաստանի առողջապահության նախարար
«Ադրբեջանը շարունակում է անթույլատրելի գործողություններ անել՝ հրետակոծելով բնակելի շենքերն ու քաղաքացիական ենթակառուցվածքները։ Ես անձամբ ականատես եմ եղել, թե ինչպես է հրթիռը պայթել Ստեփանակերտի կենտրոնական հիվանդանոցի մոտ։ Չենք բացառում, որ հաջորդ նագամ հարվածը հասցվելու է հենց հիվանդանոցին», — ճեպազրույցի ճամանակ հայտարարել է Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նրա խոսքով՝ ռազմական հոսպիտալներն ու քաղաքացիական հիվանդանոցները Լեռնային Ղարաբաղում ապահովված են անհրաժեշտ դեղորայքով և արյան պաշարով։ Մասնագետների պակաս նույնպես չկա։ Սակայն Հայաստանից շատ բուժաշխատողներ են ուզում Ղարաբաղ մեկնել՝ գործընկերներին օգնելու։ Նախարարն ասել է, որ նրանց մերժում են՝ «քաոսից խուսափելու և ամեն ինչ հարկ եղած ձևով կամզակերպելու համար»։
-
«Ստեփանակերտը հրադադարի մասին չի խնդրելու»․ Ղարաբաղի խորհրդարանի խոսնակ
Ի սկզբանե պատերազմը նախաձեռնել է Ադրբեջանի իշխանությունը, սակայն այժմ այն արդեն վարում է Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունը,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի խոսնակ Արթուր Թովմասյանը։
«Սա հայերի և ադրբեջանցիների պատերազմը չէ, սա Անդրկովկաս ներխուժելու Թուրքիայի փորձն է»։ Այս առնչությամբ Թովմասյանը կարծում է, որ միջազգային հանրությունը պետք է պատժամիջոցներ կիրառի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ։
Բացի այդ, Ստեփանակերտն, ըստ խորհրդարանի խոսնակի, պետք է մասնակցի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններին։
-
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել Չախրլու գյուղից, որն անցել է ադրբեջանական բանակի վերահսկողության տակ
Ջաբրայիլի շրջանի Չախրլու գյուղն ադրբեջանական բանակի վերահսկողության տակ է անցել հոկտեմբերի 3-ին։ Այս մասին Թվիթերում հաղորդել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
-
«Գիշերը սահմանին համեմատաբար հանգիստ է անցել»․ Հայաստանի ՊՆ
Ինչպես Facebook-ի իր էջում գրում է Հայաստանի ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը, դա «ԼՂ հակամարտության գոտում մարտական գործողություններն անհապաղ դադարեցնելու վերաբերյալ միջազգային հանրության բազմաթիվ կոչերի» արդյունքն է։
Նա եզրափակում է իր գրառումը հերթական զգուշացումով այն մասին, որ «հետագա սրացումների դեպքում ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»։
-
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է հայկական կողմի հաղորդագրությունը
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դյարգահլիի խոսքով՝ Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցչի տարածած տեղեկություններն ադրբեջանական բանակի զինծառայողներին «խորամանկ ծուղակի» մեջ գցելու և նրանց ոչնչացման մասին, անհիմն է և հերթական ապատեղեկատվությունն է։
«Հայտարարում ենք, որ հայկական բանակը ստիպված է եղել նահանջել՝ կրելով կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի մեծ կորուստներ։ Ազատագրվում են մեր օկուպացված տարածքները։ Սա անհերքելի փաստ է», — ասել է նա։
-
Իրավիճակը հոկտեմբերի 6-ի առավոտվա դրությամբ՝ հակիրճ
Արցախում մարտերի տասներորդ օրը
• Հայկական կողմից սեպտեմբերի 27-ին մարտերի մեկնարկից ի վեր զոհվել է 224 զինծառայող,- հաղորդում են հայկական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ղարաբաղի Պաշտպանության բանակի տեղեկությունները։ Վիրավորների թիվը չի հաղորդվում։ Թե քանի ադրբեջանցի զինծառայող է զոհվել, չի հաղորդվում։ Փորձագետները ենթադրում են, որ զոհերը շատ են՝ հաշվի առնելով մարտերի ինտենսիվությունը, որոնք շարունակվում են արդեն տասներորդ օրը։
• Աճում են զոհերը խաղաղ բնակիչների շրջանում։ Ադրբեջանական կողմից ընդհանուր առմամբ զոհվել է 26 մարդ, 121 մարդ վիրավորվել է։ Հայկական կողմից զոհվել է 19 խաղաղ բնակիչ, վիրավորվել է մոտ 80 մարդ։
• Անցած օրվա ընթացքում ադրբեջանական բանակն իր վերահսկողության տակ է առել Ֆիզուլիի, Ջաբրայիլի և Մարտակերտի շրջանների ընդհանուր առմամբ 25 գյուղ և Ջաբրայիլ քաղաքն, ինչպես նաև մի քանի ռազմավարական բարձունք,- հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
• Երկու կողմից երեկ հաղորդվում էր համառ մարտերի շարունակման մասին։
• Ադրբեջանի տարածքում հայկական ուժերի կողմից կրկին հրետակոծվել է Գյանջա քաղաքը՝ Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաքը։ Հրետակոծվել են նաև Տերտեր և Աղջաբեդ քաղաքները։
• Շարունակվում էր Ադրբեջանի զինվորականների կողմից Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի հրետակոծությունը։
• «Մարտական գործողությունները կարող են տեղափոխվել Ադրբեջանի ողջ տարածք», — այսպիսի հաղորդագրություն էր հրապարակել Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղարը։
• Ղարաբաղի Պաշտպանության բանակը հայտարարել էր, որ «ծուղակն է գցել» ադրբեջանական ստորաբաժանում՝ նահանջի տպավորություն ստեղծելով։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այս լուրը ֆեյք էր անվանել։
• Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել էր այն լուրը, թե հոկտեմբերի 4-ի երեկոյան հրետակոծվել է Ադրբեջանի Մինգեչաուր քաղաքը, որտեղ գտնվում են ջրամբարն ու հիմնական էլեկտրակայանը։ Հայտարարվել է, որ մինչև քաղաք հեռավորությունը չափազանց մեծ է «Սմերչ» համակարգի արկերի համար, ինչպես նաև նշել է, որ արկերն ավելի մեծ ավերածություն են առաջացնում, քան արձանագրված է Ադրբեջանում հրապարակված լուսանկարներում։
• Հայաստանի վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանը, որպես կամավոր մեկնել է ճակատ։
• Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ ԱԳՆ ղեկավարները համատեղ հայտարարություն են տարածել որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ։ Նրանք կոչ են արել կողմերին անհապաղ դադարեցնել կրակն ու հայտարարել են ողջ տարածաշրջանում կայունության սպառնալիքի մասին։
• Հայաստանի վարչապետը զանգահարել է Ռուսաստանի նախագահին։ Քննարկվել է Ղարաբաղում մարտերի մասշտաբային բնույթն ու կողմերի կրած մեծ կորուստներն, այդ թվում՝ խաղաղ բնակիչների թվում։ Պուտինն ընդգծել է, որ անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։
• Երևան են ժամանել Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովի նախապատրաստմամբ (գործում է Ռուսաստանի առաջնորդությամբ) զբաղվող խմբի անդամները։ Գագաթնաժողովը կայանալու է հոկտեմբերի 8-9-ին, դրան կմասնակցի նաև Ռուսաստանի վարչապետ Միշուստինը։
-
Մարտեր Արցախում։ 2020 թ-ի հոկտեմբերի 5-ի ռեպորտաժները, տեսանյութերը, լուսանկարները