Մու-մու
Աբխազիայի Վերահսկիչ պալատը խորհրդային տարիներից ի վեր առաջին անգամ որոշել է իմանալ, թե քանի ձեռնարկություն է դեռևս հաշվառված որպես գոյություն ունեցող: Ստուգումները երեք ամիս տևեցին: Պարզվեց, որ ընդհանուր առմամբ 24 գործարան ու ֆաբրիկա կա գրանցված: Սակայն դրանցից և ոչ մեկը չի աշխատում: Ինչպես հայտնեց Վերահսկիչ պալատի նախագահ Ռոբերտ Արշբան, “բոլոր ձեռնարկությունների աշխատանքը կայանում է տարածքը վարձով տալու մեջ:
Մեկնաբանելով վարձույթի երևույթը՝ Արշբան ասաց, որ դա “ոչ միշտ է արդյունք տվել: Սակայն պարզվեց, որ նախկին խորհրդային գործարանների և ֆաբրիկաների խոշոր պահեստները վարձով են տրվում նույն գնով, ինչ Սուխումի ծայրամասում մեկ սենյականոց բնակարանը՝ 3-10 հազ. ռուբլի [մոտ $40 — $150]. Այնպես որ “ոչ միշտ է արդյունք տվել արտահայտությունը շատ մեղմացված է հնչում:
Ստուգումների ենթարկված ձեռնարկությունների թվում են, օրինակ, Սուխումի կարի ու ծխախոտի ֆաբրիկան, մսի կոմբինատը, քիմիական գործարանը, քաղաքի տարբեր շրջաններում տեղակայված թեյի ֆաբրիկաներն ու մի շարք ձեռնարկություններ, որոնք Աբխազիան ժառանգել է խորհրդային տարիներից: Դրանք բոլորն էլ վաղուց չեն աշխատում ըստ նշանակության:
Խորհրդային տարիներին այս բոլոր գործարաններն ու ֆաբրիկաները բարգավաճում էին: Դրանք պլան էին կատարում, սոցմրցույթների հաղթողների կարմիր դրոշները ստանում: ԽՍՀՄ ահռելի շուկան այնքան էլ չէր կենտրոնանում արտադրանքի որակի վրա, այլ կուլ էր տալիս այդ ձեռնարկությունների ամբողջ արտադրանքը: Գերտերության փլուզումից հետո աբխազական գործարանների ու ֆաբրիկաների երբեմնի հզորությունը հօդս ցնդեց: Հնարավոր է, որ այսքան կտրուկ շրջադարձ չլիներ էլ, եթե ձեռնարկությունների ղեկավարները կարողանային օգուտ ստանալ կամ վերադասավորել դրանց գործունեությունը նոր շուկայական խաղի կանոններով: Սակայն դա, բացառությամբ եզակի գործարանների (Սուխումի գինու գործարան, գարեջրի գործարան), չի հաջողվել:
Բարձիթողի վիճակում հայտնվեցին ոչ միայն այն ձեռնարկությունները, որոնք սովետական արդյունաբերությունից ժառանգություն էին մնացել Աբխազիային, այլ նաև գործարանները, որոնցում բոլորովին վերջերս բավականին լուրջ գումարներ են ներդրվել: Օրինակ՝ Սուխումի կաթի գործարանը:
2012թ. այդ ձեռնարկությունում ռուսական ֆինանսական օգնության հաշվին ներդրվել է 118 մլն ռուբլի [մոտ $ 4 մլն 2012-ի ռուբլու փոխարժեքով]: Կապիտալ վերանորոգումից հետո կաթի գործարանն ընդամենը մեկ տարի աշխատեց և փակվեց՝ կաթնամթերք ներկրողների մրցակցությանը չդիմանալով:
Էկոնոմիկայի նախարար Ադգուր Արձինբայի կարծիքով, գործարանի հիմնական խնդիրնը սեփական հումքի բացակայությունն էր: Այն գնվում էր արտասահմանից, ինչն անդրադառնում էր ինքնարժեքի վրա:
Այժմ ժամանակակից սարքավորումներով հագեցած գործարանը չի աշխատում, դրա վերանորոգված տարածքը վարձով որպես պահեստ է տրվում:
Սեպտեմբերի վերջին Աբխազիա ժամանեց Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովը: Նա այն ժամանակ առանձնահատուկ հետաքրքրվում էր կաթի գործարանով: Ըստ պաշտոնական տեղեկատվության, այժմ Թաթարստանի հետ բանակցություններ են վարվում կաթի գործարանը վերագործակելու ուղղությամբ: Ենթադրվում է, որ վարձակալելով գործարանը՝ Թաթարստանն իր հումքը կներկրի, իսկ արտադրանքը կիրացնի տեղական շուկայում:
Աուդիտի ցնցող արդյունքների հետ կապված էկոնոմիկայի նախարար Ադգուր Արձինբան մասշտաբային կադրային փոփոխություններ խոստացավ անցկացնել: Սակայն միաժամանակ նշում էր, որ ձեռնարկությունների տնօրենների դիմադրությունն այդ փոփոխություններին կատակ բան չէ:
Տնօրենների մեծ մասը ղեկավարում է ձեռնարկությունները տասը տարուց ավել, և թեև պաշտոնապես գործարաններն ու ֆաբրիկաները պետական են, մենեջերները սովոր են դրանք գրեթե սեփականը համարել: Որոշ ձեռնարկություններում ղեկավարությունը փոխանցվում է հորից տղային, փեսային, եղբորը, և որևէ դիմադրություն պետության կողմից մինչև վերջերս նրանք չեն զգացել: Այս իրավիճակից ելքը կարող է դառնալ օբյեկների փոխանցումը մասնավոր սեկտորին: Սակայն օրենքը թույլ չի տալիս մասնավորեցնել նման խոշոր ձեռնարկություններ: Չնայած, բոլոր կանոններն էլ բացառություն ունեն: Կոնկրետ օբյեկտի վաճառքը մասնավոր անձի հնարավոր է՝ առանձին օրենք ընդունելով:
Շատ տնօրեններ թղթի վրա իրենց ի պաշտպանություն փորձում են օգտագործել նաև քաղաքական գործոնը՝ պնդելով, որ նրանց հեռացնում եմ, քանի որ նրանք ներկայիս ընդդիմաության կողմնակիցներն են:
Օրինակ, մեծ արձագանք ունեցավ «Աբխազափապաշտպանություն» ունիտար ձեռնարկության տնօրեն Մաքսիմ Խարչիլավայի պաշտոնանկությունը: Ձեռնարկությունը զբաղվում է գետերի ափերի ամրապնդմամբ ու կամուրջների կառուցմամբ:
Ընդդիմությունն այս որոշումը կապեց Խարչիլավայի քաղաքական հայացքների հետ, ով «Ամցախարա» ընդդիմադիր կուսակցության անդամ է: Էկոնոմիկայի նախարար Ադգուր Արձինբան ասում է, որ չնայած տնօրենների դժգոհությանը, հեռացումնները շարունակվում են. «Մենք ոչ ոքի չենք կարող թույլ տալ նման կերպ օգտագործել պետական գույքը: Իսկ եթե ամեն ոչ արդյունավետ մենեջեր, ում հեռացրել են պաշտոնից, սկսի հավակնել քաղաքական դիսիդենտի կարգավիճակի, ապա մենք հազիվ թե պետություն կառուցենք»: