Ֆուտբոլ՝ միավորող և բաժանող
Ֆուտբոլը միավորում է, իհարկե, ֆուտբոլը նաև սահմաններ է գծում: Դժվար է պատկերացնել Հարավային Կովկասում մի այնպիսի օր, երբ ի հայտ կգան նույն քաղաքի ակումբներ, որոնք լուրջ հակամատության մեջ կլինեն: Հյուսիսերևանյան կամ հարավթբիլիսյան դերբիներ, ինչպես Լոնդոնում է, պատկերացնելն անգամ անկարելի է:
Սակայն ֆուտբոլը հարստանում է «առողջ հակամարտություններով»՝ մրցակցությամբ, թող և որոշ դեպքերում կրքերի թեժացմամբ: Նոր սերնդի համար փոքր-ինչ անիրական թվա, սակայն անդրկովկասում իսկական դերբիներ եղել են: «Դինամո» Թբիլիսի — «Արարատ» Երևան, «Արարատ» — «Նևֆթչի» Բաքու: Սովետական Միությունը գտել էր կարծես այն բանաձևը, որը լուծում էր անլուծելին:
Սակայն, եթե այդ դեպքում բանաձևի մեծություններից մեկը պարտադրանքի ուժն էր, ապա ինչո՞ւ այժմ չի կարող լինել իրական ցանկությունը. Եկեք այս դեպքում դա անվանենք «սերը դեպի ֆուտբոլը», չէ՞որ մենք բոլորս սիրում ենք այդ անգլիական խաղը:
Ամիսներ առաջ, երբ Չեմպիոնների Լիգայի խաղարկության երկրորդ որակավորման փուլում վիճակահանությամբ ստացվեց այնպես, որ միմյանց դեմ խաղացին Հայաստանի ու Վրաստանի չեմպիոններ «Ալաշկերտն» ու «Դինամո» Թբիլիսին, շատերը վերհիշեցին արդեն հիշատակված դերբիները:
Վրաստանի մայրաքաղաքում ու Երևանում, հենց այդ երկու խաղից բաղկացած մրցավեճի շնորհիվ միմյանց հանդիպեցին երկու երկրների ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչները, խոսեցին ու վերհիշեցին անցյալի հաջողությունները:
Վառ ու խամրած հիշողություններն իրենց հերթին, սակայն մեկ բան բոլորի համար միանշանակ էր: Ֆուտբոլն այլևս այն չէ, ինչ նախկինում: Ակումբները թույլ են ու անմրցունակ եվրոպական մրցասպարեզներում, երկրպագուները չեն ցանկանում գնալ մարզադաշտ: Այս շարքում թերևս բացառություն է միայն Ադրբեջանը, որի ակումբները պարբերաբար հայտնվում են Եվրոպայի Լիգայի խմբային փուլում:
Ֆուտբոլային ակումբների մեծ մասի համար ֆինանսական խնդիրները մահացու են: Միակ հիմնական ֆինանսավորողի կամ սեփականատիրոջ մոտ խնդիրների ի հայտ գալու դեպքում, առաջին հերթին, տուժում են հենց ակումբները: Այդպես եղավ նախորդ տարի Հայաստանում՝ բիզնեսմեն Միքայել Բաղդասարովի «Միկա»-ի հետ:
Եթե Հայաստանում արդեն մի քանի տարի է, ինչ Բարձրագույն խմբի հետնաբեմից անհնարին է թվում դուրս բերել մահամերձ «Արարատ»-ին, ապա Բաքվում դա ակտուալ է «Նևֆթչի»-ի համար:
Իհարկե, Վրաստանում որոշ ակումբներ լավ ֆինանսավորվում են, անգամ կա իրականացվող պետական ծրագիր, որը, ցավոք, դեռևս չի տալիս այն արդյունքները, որոնց ակնկալիքնով դրանք կյանքի են կոչվել: Եվրոպական ակումբային առաջնությունների որակավորման փուլերը շարունակում են մնալ մեծ հաշվով անհաղթահարելի:
«Ալաշկերտ»-ի ու «Դինամո»-ի մրցավեճը առիթ էր, որ մամուլում հայտնվի Վրաստանի չեմպիոնի նախագահ Ռոման Փիփիայի տեսլականը տարածաշրջանում ֆուտբոլի զարգացման մասին: Այն է՝ ստեղծել միասնական լիգա վրացական, հայկական, իրանական ու ադրբեջանական ակումբներով: Լուծում էր առաջարկվել նաև հայ-ադրբեջանական հանդիպումների համար, որոնք այս դեպքում կարող են կայանալ չեզոք դաշտում՝ Վրաստանում կամ Իրանում: Իհարկե, առաջարկի մասին այդպես էլ հետագայում չխոսվեց, սակայն այն, որ դա ակումբային ֆուտբոլի առողջացման տարբերակների շարքին կարելի է դասել՝ միանշանակ է:
Նախկինում եղած փորձն ու նույն խորհրդային շրջանում թույլ տրված բացթողումները կարելի է շտկել ներկայում: Վերջին տարիներին, հենց այժմ էլ մի շարք վրացի ֆուտբոլիստներ հանդես են գալիս Հայաստանի առաջնությունում, նույն Հայաստանի հավաքականի առանցքային ֆուտբոլիստների պրոֆեսիոնալ կարիերայի շարունակությունը տեսել ու տեսնում են Իրանում: Ստացվում է, որ ֆուտբոլային սերտ շփումներ կան ու այս շարքը հաստատապես կարող են լրացնել Հայաստանի հարևան երկրերի ֆուտբոլի գիտակները:
Ֆուտբոլը գծում է սահմաններ, սակայն և ջնջում է դրանք: Այդպես եղավ 2015-ին, երբ «Մեծ ֆուտբոլն» իր ամբողջ շուքով ժամանեց Թբիլիսի: «Բարսելոնա»-ի ու «Սևիլիա»-ի երկրպագուների կարելի է գտնել Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում: Սակայն, որ նրանք տասնյակներով կնստեն միասին նույն ստադիոնում դիտելու մեծ ֆուտբոլ, հազիվ թե շատերը հավատային…
Հրապարակվել է՝ 25.11.2016