Ի՞նչ է կատարվում Վրաստանի հավաքականի հետ
Ուղիղ 22 տարի առաջ տեղի ունեցավ անկախ Վրաստանի առաջին պաշտոնական խաղը՝ աշխարհի առաջնության նախընտրական խաղը, որին 100 հազար երկրպագու էր ներկա և որին մեծ հույսերով սպասում էին բացարձակապես բոլորը: Մթության մեջ ընկղմված, պատերազմ վերապրած, սառած ու հարստահարված երկրի հույսերն ի չիք դարձրեց ոմն Եպուրյանու: Այս մարդու ազգանունը ոչ ոք ոչ խաղից առաջ, ոչ էլ հետո չէր լսել: Ավելին՝ ոչ ոք պատկերացում անգամ չուներ, թե ով է նա և որտեղից հայտնվեց: Պարզապես գիտեին, որ Մոլդովայի ոչնչով աչքի չընկնող հավաքականի ոչ մի բանով աչքի չընկնող ֆուտբոլիստ է: Սակայն նա խաթարեց պլանավորված ազգային տոնը: Այն ժամանակ մոլդովացիները մեկ կամ երկու անգամ էին անցել մեր կիսադաշտ, սակայն մեկ գոլ այնուամենայնիվ խփեցին:
Այն ժամանակ երիտասարդ թիմ ունեինք, ապագայի թիմ: Բազմաթիվ տաղանդավոր և շատ հեռանկարային տղաներ: Վառ արտահայտված անհատականությունների և թիմային մարտիկների հայտնված պայթած սերունդ: Այդ երիտասարդ տղաները հետագայում խաղացին աշխարհի մեծ մարզադաշտերում, մեծ ակումբների համար, և խաղում էին այնպես, որ անխոցելի մնացին չար քննադատության համար, նրանց մինչև այսօր հիշում և սիրում են, անգլիացիներին, գերմանացիներին, իտալացիներին, հոլանդացիներին և մյուսներին հարցրեք:
Չնայած այն ոչ հիշարժան օրվան՝ մենք մարզադաշտ էինք գնում՝ հավաքականի յուրաքանչյուր գնդակին հույսով ու լավատեսությամբ սպասելով: Գրեթե յուրքանչյուր խաղ տոն էր դառնում, անգամ եթե պարտվում էին. ոչ մի խաղ առանց Գիո Կինկլաձեի հնարքների չէր անցնում, որը խաղից հետո քննարկում էին երկրպագուները, իսկ մարզադաշտից վերադառնալուց հետո երեխաները փորձում էին կրկնել դրանք ասֆալտե ֆուտբոլային խաղահրապարակում: Բացառված էր, որ ֆուտբոլասերներից մեկի համար Թեմուր Կեցբայի անձնազոհությունն ու դաշտում մղած պատերազմն աննկատ մնար, անմոռանալի էր Արվելաձե եղբայրների, Ցխադաձե-Շելիա տանդեմի խաղը պաշտպանության կենտրոնում և շատուշատ այլ բաներ:
Սակայն այն ժամանակ մեզ անընդհատ ինչ-որ բան չէր հերիքում, ինչ-որ մի բան միշտ խանգարում էր: Այսօրվա դիրքից այդ «ինչ-որ բանը» հավանաբար մարզիչն էր և այսպես կոչված «վրացական բնավորությունը». այն ժամանակ ֆուտբոլիստներին հաճախ էին ասում, իբր ակումբների համար կյանք են տալիս, սակայն ի՞նչ է նրանց հետ կատարվում հավաքականի շապիկներով: Եթե ինձ հարցնեք, ապա ոչինչ էլ տեղի չէր ունենում, նրանք նույնքան էին ցանկանում հաղթել, որքան մենք բոլորս:
Տարիներ անցան և կարծես միաժամանակ ամեն ինչ մարեց:
Ո՞վ է հիշում այն ժամանակները, երբ Բունդեսլիգայում միաժամանակ 3 վրացի էր խաղում, կամ Կախա Կալաձեն երկու անգամ բարձրացրեց Չեմպիոնների գավաթը, կամ այն հրաշալի ժամանակահատվածը, երբ Գիո Կինկլաձեն խելքահան էր անում փորձառու անգլիական ֆուտբոլասերներին, իսկ Շոթա Արվելիձեն սեզոնը չէր ավարտում ռմբարկու չդառնալով:
Հիմա ուրիշ ժամանակներ են:
Այսօր մեր ֆուտբոլիստները ելույթ են ունենում ռուսական, ուկրաինական, ղրղզական, հայկական, ադրբեջանական և այլ թիմերի կազմում և, պատկերացրեք, ոչ միշտ են հիմնական կազմում հայտնվում: Ի՞նչ պահանջել նրանցից, ինչպե՞ս պետք է արդյունքի հասնի մի հավաքականը, որի ֆուտբոլիստների մեծ մասն իրենց ակումբներում պահեստայինների նստարանն է փայլեցնում: Ոչինչ:
Սակայն մի նախընտրական փուլից մյուսը հույսով ենք ապրում: Նախկինի պես մարզադաշտ ենք գնում, հույսը կրկին վերածնվում է, երբ մի մարզչին փոխարինում է մյուսը.
«Կարծես թե թիմի է նմանվում»;
«Չես համեմատի, ավելի լավն է, քան առաջ էր»;
«Տեսնենք, նախորդ հանդիպումը լավ անցկացրին»:
Զարմանում ենք մեկ նրա վրա, որ սովորել են երկրորդ խաղակեսը նորմալ անցկացնել, մեկ նրա վրա, որ 60-րդ րոպեից հետո դաշտում ոչ մեկի շունչը չի կտրվում և չի ընկնում, ինչպես նաև այն բանի վրա, որ մարզչի առաջադրանքներն ու ցուցումները ֆուտբոլիստները հստակ և որակով են կատարում. այսպիսի փոքրիկ հույսերով է սկսվում և ավարտվում յուրաքանչյուր նախընտրական խաղաշրջան: Սակայն ավարտվում է նույն կերպ. մենք կամ աղյուսակում վերջից երկրորդն ենք կամ երրորդը, մի անգամ էլ բոլոր «ռեկորդները» խփեցինք. այն ժամանակ ազգային հավաքականի մարզիչը Էկտոր Ռաուլ Կուպերն էր: Տրամաբանորեն մարզչի մեջ էլ պետք է խնդիր լինի, չնայած խնդիրների մասին երկար կարելի է խոսել, դա ծավալուն թեմա է:
Այս տարի՝ ընթացիկ ընտրական փուլում էլ, այդպես եղավ: Վեջին երկու հանդիպումները հավաքականը լավ անցկացրեց: Իռլանդիայի հետ, ինչպես ասում են, շատ վիրավորական պարտություն կրեց, Ուելսի շատ ուժեղ հավաքականի հետ (որին ժամանակին հաղթել էր 5:0 հաշվով) ոչ-ոքի խաղաց: Դրանից ավելի առաջ՝ ամռանը, Եվրոպայի առաջնությունից անմիջապես առաջ ընկերական խաղում հաղթանակ տարավ Իսպանիայի հանդեպ Թոռնիկե Օքրիաշվիլիի գոլի շնորհիվ: Հավաքականում նոր ֆուտբոլիստներ էլ հայտնվեցին՝ Գվիլիան, Կվերկվելիան, Կակաբաձեն և այլն:
Եվ երկրպագուների մոտ կրկին հույս արթնացավ: Նոյեմբերի 12-ին Մոլդովայի հետ խաղին բոլորը միահամուռ գնացին մարզադաշտ: Չեմ հիշում, թե մարզադաշտում վերջին անգամ երբ էի այդքան մարդ տեսել: Չնայած, ինչպե՞ս չեմ հիշում. երբ խաղում էինք Իսպանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի հետ: Սակայն այն ժամանակ մարզադաշտը լցվում էր Ինյեստային, Գյոտցեին, Պոգբային և այլ արտասահմանյան աստղերին տեղնելու ցանկությունից դրդված:
Իսկ նոյեմբերի 12-ին մարզադաշտը լցվեց երկրպագուներով, որոնց մեջ Վրաստանի հավաքականի վերջին խաղերը սկսել էին հույս արթնացնել: Հստակ չեմ հիշում, բայց կարծես Վրաստնի հավաքականը երբեք չի հաղթել այն խաղերում, երբ հաղթանակը օդի պես անհրաժեշտ է եղել: Մյուսներին, այո, նվիրել են, օրինակ, Շոտլանդիային: Այս անգամ էլ չկարողացան հաղթանակ տանել: Եվ ո՞ւմ չկարողացան հաղթել: Աշխարհի այսօրվա երևի ամենաթույլ թիմիմն: Այս ոչ-ոքին ավելի հիասթափեցնող էր, քան նույնիսկ 22 տարի առաջ առաջին պաշտոնական խաղում կրած պարտությունը:
Այն ժամանակ հույս կար: Հույս և մի սերունդ, որը Վրաստան էր գալիս երկրի հավաքականի համար խաղալու՝ ավիատոմսերը սեփական փողով գնելով: Այդ տղաներն օգտվում էին սառցակալած հանդերձարաններից, մարզվում էին կիսաքանդ բազայում, և միևնույնն է հաղթում էին Բուլղարիայի՝ Խրիստո Ստոիչկովի հավաքականին:
Այսօր կարծես հույսը վերջնականապես մարեց: Նոյեմբերի 12-ին Մոլդովայի հետ ոչ-ոքիից հետո երկրպագուները մարզադաշտը լռելյայն էին լքում: Մարզադաշտից նման տխուր հեռացում ես երբեք չէի տեսել. մարդիկ կարծես ալարեին բղավել, հայհոյել, միայն տեղ-տեղ մի քանի վշտալից բացականչություններ էին լսվում: Ֆուտբոլիստները նույնպես դաշտից հանդերձարան գնացին՝ գլուխները կախ:
Չգիտեմ, թե քանի խաղաշրջան, քանի սերունդ և որքան մարդ է մարզադաշտ գնալու՝ խաղից խաղ վատ տրամադրություն ունենալով, սակայն չեմ կարող չհամաձայնել իմ ընկեր Ալեքսանդր Բագրատիոն-Դավիդովի ֆեյսբուքյան գրառման հետ.
«Վրաստանի հավաքականը Դավիթ Կլդիաշվիլիի և Մուրակամիի պատմվածքների խառնուրդ է՝ լի կեղծ ակտիվությամբ և ահռելի անհուսությամբ»:
Հրապարակվել է 18.11.2016