Ո՞վ է ֆուտբոլում կարևոր դեր խաղում
Բոլորովին վերջերս Մոսկվայի «Սպարտակի» սեփականատեր Լեոնիդ Ֆեդունը, գնահատելով ժամանակակից մարզչի դերը թիմի հաջողություններում, նրան ընդամենը 10% հատկացրեց, ինչի համար բոլոր կողմերից խստագույն քննադատության արժանացավ (և այլ կերպ չէր էլ կարող լինել):
Սակայն չնայած Ֆեդունի դեմ հանկարծակի դուրս եկած ողջ քննադատ զանգվածին՝ նրա խոսքերում, անկասկած, ճշմարտություն կա:
Ամենահայտնի ռուսական ակումբի սեփականատեր լինելու ժամանակահատվածում մոտ տասնյակ մարզիչներ փոխելուց հետո նա լիովին կարող է եզրակացություններ անել՝ սեփական փորձից ելնելով: Հավանաբար նրա ճանապարհին հայտնված յուրաքանչյուր մարզիչ պարտադիր կերպով թիմի ելույթների արդյունքները կապել է ֆուտբոլիստների տրանսֆերների վրա ծախսված կլորիկ գումարի հետ:
Եվ ամեն անգամ նույն բանը լսելով՝ նա պրագմատիկ եզրակացություն է արել. թիմի հաջող ելույթների առյուծի բաժինը կախված է նրա ծախսերի բյուջեից, մի մասն էլ մարզչի վրա է ծախսվում, որը պետք է այդ ֆուտբոլիստներին դաշտում ճիշտ դասավորի:
Տեսնելով, թե ովքեր են հաղթում տարբեր ազգային առաջնություններում, եվրոպական գավաթներ շահում, այնուհետև համեմատելով տեղերի դասավորությունը մրցաշարային աղյուսակում առաջնությանը մասնակցող ակումբների բյուջեներով (իսկ այնտեղ, հազվադեպ բացառությամբ, նույն բանն է), հասկանում ես, որ Լեոնիդ Ֆեդունը հեռու չէ ճշմարտությունից:
Անգամ ամենաուժեղ մարզիչներն, օրինակ Ժոզե Մոուրինյոն, Պեպ Գվարդիոլան կամ Կառլո Անչելոտին իրենց անվան հանրահայտությունից զատ արդյունքն ուղղակիորեն կապում են առկա կազմի հետ: Իսկ այդ կազմը պարտադիր կերպով պետք է աշխարհի հավաքականի տարբերակներից մեկը լինի:
Ասացեք՝ ի՞նչ արդյունք կունենար Գվարդիոլան անգլիական Պրեմիեր լիգայում, որտեղ նա այժմ մարզում է «Մանչեսթեր սիթիին», եթե, ասենք, այս սեզոնում նա գլխավորեր ոչ թե արաբ շեյխերի այդ սիրելի խաղալիքը, այլ, ենթադրենք, նույնպես ոչ աղքատ (այս պրեմիեր-լիգայում ընդհանրապես աղքատ թիմեր չկան), սակայն սահմանափակ հնարավորություններով «Բորնմութը»: Չեմպիոնշիփից դուրս չմնալը թերևս արդեն հաջողություն համարվեր, որով նա կհպարտանար:
Ոչ մի «տիկի-տակա», որով Պեպը մի սուպերգավաթից մյուսին է անցնում, «Բորնմութում» հազիվ ինչ-որ մեկը տեսներ, քանի որ նման խաղաոճը, որը կարճ փոխանցում և գնդակի հանդեպ վերահսկողությունը չկորցնելուն ուղղված չընդհատվող գործողություն է, չի աշխատում, եթե կազմը համալրված չէ համաշխարհային դասի ֆուտբոլիստներով:
Կալում Ուիլսոնը, Ջոշուա Քինգն ու Հարի Արթերը, որքան էլ որ հարգենք «Բորնմութի» ֆուտբոլիստներին, անգամ զուտ բրիտանական ֆուտբոլի աստղ չեն կարող հարմարվել, էլ չենք խոսում համաշխարհային չափանիշների մասին: Խաղացողների նման կազմով «Բորնմութում» Գվարդիոլան դատապարտված կլիներ երկրորդ դերերում մնալ՝ հույսը դնելով սակավ հակագրոհների և ստանդարտ դիրքերի խաղարկման վրա:
Սակայն այնուամենայնիվ, հենց նման կարգի ֆուտբոլիստների հետ մարզիչները կարողանում են արդյունք ցույց տալ, երբեմն էլ՝ չեմպիոններ դաձնել նրանց:
Այո, կարելի է համարել, որ իր թիմերով երբեք ոչինչ չշահած Կլաուդիո Ռանիերի բախտը բերեց, երբ նրա գլխավորած համեստ «Լեսթերը» հանկարծ Անգլիայի չեմպիոն դարձավ: Այժմ նույն կազմով ու նույն մարզիչով թիմն աղյուսակի ստորին հատվածում է՝ կասկածի տակ դնելով մարզչի հաջողության համակարգվածությունը:
Սակայն, օրինակ, եվրոպական ֆուտբոլում կան մարզիչներ, որոնք մշտապես ապացուցում են, որ ֆուտբոլում հաջողությունը միշտ չէ կախված քսակից:
Մի ժամանակ (հեռավոր 2008-ին) Յուրգեն Կլոպն ընդունեց Դորտմունդի՝ ողբալի ֆինանսական դրության մեջ գտնվող «Բորուսիան» և երեք տարվա ընթացքում նրանից չեմպիոն դարձրեց: Իսկ նրա գտած և հետևաբար գրոշներով գնած ֆուտբոլիստները մի քանի սեզոնից հետո աստղեր դարձան:
Ճիշտ է, նրանցից ոմանք, օրինակ, Մարիո Գյոտցեն սուպերաստղ էր այնքան ժամանակ, քանի դեռ խասում էր Կլոպի ղեկավարության տակ, սակայն դա ընդամենն ընդգծում է գերմանացու մարզչական կարողությունները:
Այժմ նմանատիպ մի բան Յուրգեն Կլոպն ուզում է «Լիվերպուլի» հետ անել: Ի տարբերություն Մոուրինիայի և Գվարդիոլայի՝ նա ակումբի սեփականատերերից չի պահանջում (չնայած նման հնարավորություն կա) տրանսֆերային շուկայում աստղաբախշական թվեր ծախսել, այլ հույսը դնում է բացառապես իր մարզչական տաղանդի վրա և խաղացողներին համոզելու, որ նրանց համար անլուծելի խնդիր չկա:
Եվ ախր ոչ ոք չի կարող ասել, որ սեզոնի ավարտին նրան չի հաջողվի իր թիմով առաջ անցնել երկու մանչեսթերյան գրանդներից:
Չգիտեմ ինչու, թվում է, թե «Բորնմութի» դեպքում էլ նա չէր ընկճվի, և 2-3 սեզոնի ընթացքում փառքով չծանրաբեռնված այդ թիմին կվերածեր մի թիմի, որի հետ բոլորը հաշվի են նստում:
Կլոպին զուգահեռ, իր ուղով է գնում հենց մարզչական թիմերի ստեղծման մեկ այլ մասնագետ՝ արգենտինացի Դիեգո Սիմեոնեն: Նրա ֆուտբոլը պակաս տեսարժան և ավելի պաշտպանողական է՝ ի տարբերություն նրա, թե ինչ է սովոր իր թիմերի հետ ցուցադրել գերմանացին:
Այնուամենայնիվ, եթե ժամանակակից ֆուտբոլում մրցանակ շնորհեին ամենաագրեսիվ թիմին, ապա մրցանակակիրն անկասկած Մադրիդի «Ատլետիկոն» կդառնար: Այս ակումբի թիմային խաղն այնպես է կառուցված, որ այնտեղ գրեթե ֆուտբոլիստների բաժանում չկա՝ տերբերություն չկա, թե ով է դաշնամուրը քարշ տալիս, իսկ ով՝ նվագում:
Թիմի միակ սուպերաստղ Անտուան Գրիզմանը սևագործ աշխատանք է կատարում, ինչպես և մյուսները: Եվ դա Սիմեոնեի ֆուտբոլային փիլիսոփայության անբաժանելի մասն է: Այլապես «Ատլետիկոն» չի կարող մրցակցել աշխարհի հավաքականների երկու տարբերակների՝ Մադրիդի «Ռեալի» և «Բարսելոնայի» հետ:
Եվ այնուամենայնիվ, Ֆեդունն իրավացի չէ: Հենց մարզիչն է լավ ու վատ ֆուտբոլիստների հավաքածուից թիմ ստեղծում: Կամ չի ստեղծում, և այդ ժամանակ համոզմունք է լինում, որ թիմի հաջողությունների 10%-ն է ընդամենը մարզչի աշխատանքի արդյունքը:
Հրապարակվել է 24.10.2016