Փրկարար զանգը
Քիշնևում՝ Մոլդովայում, բացառիկ ծառայություն են գործարկել: Կոչվում է «Մանուկների վստահության հեռախոսահամար», աշխատում է շուրջօրյա և անվճար: Այդ նախագիծը սկսել են որպես փորձարկում՝ չիմանալով, թե որքան մեծ է լինելու դրա պահանջարկը: Պարզվել է՝ այն չափազանց մեծ է:
Երեխաները միջինում օրական 10 անգամ զանգահարում են, հիմնականում՝ 12-14 տարեկան դեռահասները: Հոգեբանի հետ ամենահաճախ շոշափվող թեման ընկերների հետ տարաձայնություններն են, ոչ լիարժեք հարաբերություններն ընտանիքում, առաջին հիասթափությունը սիրո մեջ, շահագործումն ու ծաղրանքները:
Քանի դեռ պետությունը խորհում է
«Քանի դեռ իշխանությունները երեխաներին դիտարկում են որպես պարզապես վիճակագրական տվյալ, մենք երեխաների համար նախատեսված մի շարք խորհրդատվական ծառայություններ ենք ստեղծել (հեռախոսային կամ առցանց)», — ասում է «LaStrada» միջազգային կենտրոնի ներկայացուցիչ Դանիելա Միսայիլ-Նիկիտինան:
«Հաճախ են հանդիպում մանկական սեքսուալությունը չհասկանալու դեպքեր, դա նուրբ թեմա է, ծնողների հետ էլ չես քննարկի կամ վերջիններս չգիտեն, թե ինչպես դա քննարկել երեխաների հետ: Լինում են հասակակիցների մեջ թյուրըմբռնման իրավիճակներ՝ հաշվի առնելով տարիքային առանձնահատկությունները, ինչպես նաև դպրոցներում բռնության դեպքերը»:
Զանգահարում են նաև ավելի փոքր տարիքային խմբի երեխաներ՝ 5-9 տարեկան՝ հաճախ պարզապես մեկի հետ զրուցելու համար: «Նման դեպքերը մեզ համար ազդանշան են: Դա պատահում է, երբ երեխաները մենակ են տանը մնում: Սակայն լինում է, որ փոքրիկները զանգահարում են գիշերը, և դա խոսում է այն մասին, որ նրանք իրենց միայնակ են զգում, ծնողների անփութության մասին», — ասում է Դանիելա Միսայիլ-Նիկիտինան:
«Մայրիկն իրեն վատ է զգում, վախենում եմ շտապօգնություն զանգահարել»
Ի լրումն էմոցիոնալ-հոգեբանական խորհրդատվությանը, Երեխաների վստահության ծառայության աշխատակիցներն իրենց պարտավորված են զգում միջամտել ճգնաժամային իրավիճակներին, երբ, օրինակ, ֆիզիկական ագրեսիա կա երեխայի հանդեպ ընտանիքում և դրանից դուրս:
10-ամյա Մարիայի առաջին խոսքերը, երբ նա զանգահարել էր երեխաների վստահության հեռախոսահամարին, հետևյալն էին.
«Մայրիկս իրեն վատ է զգում, բայց վախենում եմ շտապօգնություն զանգահարել»: Աղջիկը լացակումած պատմել է, որ մայրը հաճախ ջղաձգումներ է ունենում և ուշագնաց է լինում, և նա վախենում է այդ իրավիճակներից: Խոսելու ընթացքում, Մարիան կրկնել է, որ իրեն մեղավոր է զգում այն ամենի համար, ինչ տեղի է ունենում: Երեխայի մայրը հոգեկան խնդիրներ ունի և չի կարողանում մշտական աշխատանք գտնել:
Խորհրդատուները խոսել են երեխայի հետ և աջակցել նրան, միաժամանակ տեղեկացրել են խնամակալության և հոգաբարձության պետական ծառայությանը խնդրի մասին: Այժմ այդ ընտանիքն ուշադրության կենտրոնում է և նյութական օգնություն է ստանում: Երեխան կանոնավոր դպրոց է հաճախում, ինչպես նաև հոգեբանի մոտ է գնում:
Մյուս դեպքը երեխայի մասին է, որը օգնության էր դիմել դպրոցում իր հանդեպ դրսևորվող ագրեսիայի կապակցությամբ:
«Ուսուցչուհիս փայտով հարվածում է ձեռքերիս ու ոտքերիս», – այսպես է սկսել հեռախոսազրույցը 12-ամյա Իլյան, մտաբերում է կանչն ընդունած խորհրդատուն:
Պատահել է նաև, որ հարևանն է զանգահարել ծառայության հեռախոսահամարով, երբ նկատել է, որ դեռահաս աղջիկը սոցցանցում անսովոր հաղորդագրություն է թողել: Խորհրդատուի հետ զրույցի ընթացքում 13-ամյա աղջիկը հայտնել է, որ սեքսուալ բռնության է ենթարկվում մոր կենակցի կողմից:
«Ուզում եմ սատկել»
Մոլդովայում 2012թ-ի դեկտեմբերից մեկ այլ ծառայություն է գործում՝ «ինքնասպանության կանխարգելման կանաչ գիծ», որը նախատեսված է դժվար իրավիճակում հայտնված երեխաների և դեռահասների համար:
«Ես գործարկեցի այս նախագիծը, որովհետև այդ տարվա մայիսին և հունիսին անչափահասների շրջանում ինքնասպանության դեպքերն առանձնապես շատ էին», — պատմում է Լյուբով Չեբանը:
«Ես փորձեցի հասկանալ՝ արդյոք ինչ-որ մեկն այդ ուղղությամբ աշխատում է: Մեր տված հարցերին բոլորն ուսերն էին թոթվում: Այդ ժամանակ ես նոր էի վերադարձել ԱՄՆ-ում փորձի փոխանակման ծրագրից հետո և լի էի հասարակության համար օգտակար մի բան անելու ցանկությամբ»:
Այսօր Լյուբով Չեբանն աշխատում է մի քանի կամավորների հետ, նրանք ամեն տարի դժվար իրավիճակներում հայտնված երեխաների և դեռահասների կյանքեր են փրկում:
«Վերջին դեպքերից մեկը վերաբերում է մի աղջկա, որն իր բլոգում գրել էր. «Ուզում եմ սատկել»: Եթե երեխան նման բան է ասում, դա նշանակում է, որ նա էմոցիոնալ առումով անհավասարակշռված է»:
Երբ Լյուբով Չեբանը ծանոթացել է աղջկա հետ, պարզվել է, որ նա իր խմբում առաջատար է, և խոստացել է չհանձնվել:
«Նա շատ տաղանդավոր երեխա է, սակայն ծնողները նրան չէին հասկանում, չգիտեին, թե ինչ բան է առաջատար լինելը և սովորական շրջանակներից դուրս լինելը: Այդ իրավիճակն ինձ ստիպեց մտածել. քանի երեխա մեր երկրում չի կարող լիդեր լինել միայն այն պատճառով, որ շրջապատում չկան մարդիկ, որոնք կնկատեն երեխայի ներուժը, որը բացահայտ անհնազանդություն է դրսևորում», – ասում է Լյուբա Չեբանը:
Ստեղծել է ծառայություն, որի կարիքն ինքն է ունեցել
Սերգեյ Կարաջիան դեռևս ուսանող է, սակայն արդեն մոտ երեք տարի է սոցցանցերում բավականին հայտնի ռեսուրսի մոդերատոր է: Այստեղ դիմում են անանունության պայմանով խորհուրդ հարցնելու համար:
Կարաջիան ասում է, որ այդ գաղափարը ծնվել է այն ժամանակ, երբ դեռահաս տարիքում գիտակցել է, որ շատ հարցեր ունի, որոնք անպատասխան են մնում:
«Կարծում եմ՝ նրանք, ովքեր ինձ հաղորդագրություն են ուղարկում, որպեսզի ես դրանք հրապարակեմ անանունության պայմանով, մեկի հետ իրենց զգացողությունների մասին խոսելու կարիք ունեն, և ես դրանով օգնում եմ նրանց», – ասում է Սերգեյը:
Ամենաբարդը, նրա խոսքով, տեխնիկական մասն էր, որը պետք է թույլ տար հարցերի հրապարակումն իրոք անանուն դարձնել: Կայքի անհրաժեշտություն կար, սակայն ֆինանսավորման բացակայության պատճառով նա որոշել է երկու գործող պորտալներից օգտվել:
Այսպես սկիզբ է դրվել Մոլդովայում աննախադեպ մի նախագծի, որին նա «Անոնիմ» խորհրդանշական անվանումն է տվել:
«Տարիքի հետ շատ հարցեր են առաջանում, որոնց պատասխանները մենք չգիտենք: Հատկապես հիմա, երբ շատերի ծնողներն են մեկնում արտասահման աշխատելու: Ուղակիորեն չես կարող հարցնել. որոշ մարդիկ քեզ լուրջ չեն ընդունի, մյուսները կարող են խուսափել պատասխանից, քանի որ չգիտեն՝ ինչպես այն ձևակերպել»:
«Իսկ այսպես անանուն հարց հղելով՝ համացանցում բազում պատասխաններ ես ստանում, որոնցից կարող ես ընտրել այն պատասխանը, որը դուրդ գալիս է, կամ ծանրութեթև անել տարբեր պատասխանները և հասկանալ, թե որն է ճշմարիտը», — բացատրում է Սերգեյն իր ոգևորությունը, թեկուզև խոստովանում է, որ եղել են պահեր, երբ նա ուզել է հրաժարվել նախագծից, որն այժմ իր ողջ ազատ ժամանակն է զբաղեցնում:
Ռեսուրսն արդեն մոտ 30 հազար գրանցված ունի: Ամեն օր մի քանի տասնյակ դեռահասներ, երեխաներ և երիտասարդներ հարցեր են տալիս և կիսվում նրանով, ինչ զգում են, իսկ նրանց ստացած պատասխանների թիվը հասնում է մի քանի հազարի:
Հրապարակվել է 16.10.2016