Նա վիշապ է
«Հոգեբանության մեջ հոգեբանական դրամայի տեխնոլոգիա գոյություն ունի. եթե ուզում ես վստահ լինես, վտահություն խաղա: Նուրբ լինել՝ նրբություն խաղա: Նման կերպ որոշակի ներքին մկան է մարզվում»:
Ռեժիսոր Ինդար Ջենդուբաևը ծնվել է Կարաչաևո-Չերկեսիայում, որը հայտնի է ֆենտեզի ժանրի իր «Նա վիշապ է» ֆիլմով: Ջենդուբաևը նոր է Աբխազիա այցելել, և այդ այցի արդյունքում երիտասարդ աբխազ ռեժիսորների համար կանոնավոր կերպով վարպետաց դասընթացներ կազմակերպելու ծրագրեր են ծնվել: Բացի այդ, ինչպես աասում է ռեժիսորը, նա «Աբխազիայում ֆիլմ նկարահանելու հետաքրքիր առաջարկներ է ստացել»:
«Ես նոր եմ սկսել մտածել այդ մասին, քանի որ նախագիծ ստեղծելու գործընթացը հեշտ բան չէ: Փոխնախագահ Վիտալի Գաբնիայի հետ հանդիպմանը մենք խոսեցինք պատմությունից, «Անակոպիայի պատերի մոտ» նախագծից, որը մշակվում է այստեղ: Արդեն մտածում էինք զուտ կինեմատոգրաֆիական սահմանափակումների մասին, և եկանք այն համոզմունքին, որ «Անակոպիայի պատերի մոտ» [Ռոման Պետրոզաշվիլիի վիպակը, 1983] ստեղծագործությունը դեռևս գրականություն է, դրանից նախագիծ սարքելը լուրջ բան է: Ես նվազագույնը պետք է կարդամ այդ գործը, որպեսզի կարողանամ որոշում կայացնել», – ասել է Ինդար Ջենդուբաևը:
Նրա առաջին մասնագիտությունը հոգեբանությունն է: Փրոդաքշն-ինդուստրիա է մտել որպես կոմիքսների հեղինակ, թատերական ներկայացումների բեմադրող ռեժիսոր: Կինոինդուստրիայում հաստիքային օգնականից հասել է լիամետրաժ ֆիլմերի ռեժիսորի:
Չունենալով ոչ պրոֆեսիոնալ կրթություն, ոչ լիարժեք կինոինդուստրիա հայրենի հանրապետությունում՝ Ինդարը դարձել է առաջին աբազին ռեժիսորը: Նրա դեբյուտային ֆիլմը՝ «Նա վիշապ է», ֆենտեզի ժանրում է նկարահանված, ինչը զարմանալի է հենց ռեժիսորի համար:
«Իմ աշխարհում ֆանտաստիկ ֆիլմ չկա՝ ոչ «Ավատարը», ոչ էլ անգամ «Մատանիների տիրակալը»: «Նա վիշապ է» ֆիլմն առաջինն էր»:
Ավելի ուշ Ինդարն ասաց, որ «Նա վիշապ է» ֆիլմի շեշտադրումներն իրականում բացառապես ազգային մոտիվների վրա են արված:
«Իմ ֆիլմում վիշապն աղջիկ է փախցնում, իսկ հետո ամուսնանում է նրա հետ: Իհարկե հետո ստիպված ես լինում ուրիշներին բացատրել, որ փախցնելը կարևոր մաս է, ավանդույթ է, դրանից էլ ամեն ինչ սկսվում է»:
Այդ նախագծի պրոդյուսերը դարձավ հայտնի ռուսաստանցի կինոռեժիսոր Թիմուր Բեքմամբեթովը, որի հետ Ջենդուբաևն աշխատել էր 2011թ-ին «Նախագահ Լինքոլն. վամպիրների որսորդ» ֆիլմի վրա:
4 տարի Ինդար Ջենդուբաևն աշխատել է Հոլիվուդում: Այժմ նա ռուսական BAZELEVS ստուդիայի ռեժիսոր է, որը տեսագովազդի և գեղարվեստական ֆիլմերի ռուսական խոշոր արտադրողներից է (հիմնադիրը Թիմուր Բեքմամբեթովն է):
Վերջերս Ինդար Ջենդուբաևը «Նա վիշապ է» նախագծի երկրորդ մասն է սկսել, այս անգամ՝ Չինաստանում:
Նրա խոսքով, ֆիլմի առաջին մասն այնտեղ շատ լավ արձագանք է ստացել, ոչ օրիգինալ տարբերակը չինական կայքերից մեկում երկու օրվա ընթացքում 5 մլն-ից ավել մարդ է դիտել:
Ինդար Ջենդուբաևն ասաց, որ Աբխազիան իր համար միայն հիմա է բացահայտում, սակայն իրեն այստեղ օտար չի զգում: Ինչը թերևս զարմանալի չէ. աբխազներն ու աբազինները բարեկամ ժողովուրդներ են այն աստիճան, որ քաղաքացիության մասին աբխազական օրենքի համաձայն, էթնիկ աբխազներից բացի միայն աբազինները կարող են ավտոմատ կերպով Աբխազիայի Հանրապետության քաղաքացի դառնալ:
Հոդվածում հնչած կարծիքներն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության կարծիքի հետ
06.10.2016