Հռոմի պապը Բաքվում
Ավարտվեց Հռոմի պապի մեկօրյա այցը Բաքու: Միանգամից ի մի բերելով՝ նշենք, որ հանրության առանձնահատուկ հիացմունքին այս իրադարձությունը չարժանացավ:
Մեկ օրվա ընթացքում Պապը հասցրեց Բաքվի կաթոլիկ եկեղեցում պատարագ մատուցել, հանդիպել նախագահի և պաշտոնատար անձանց, ինչպես նաև՝ Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ: Այդ իրադարձությունը լուսաբանում էին երկրի գլխավոր «պաշտոնական» լրատվամիջոցները:
Այնուհետև քննարկման թեման եղել է ադրբեջանցի ազգի աննախադեպ հանդուրժողականությունն, ինչպես նաև չարի բազմացումն աշխարհում, ինչի համար Պապն ափսոսանք է հայտնել:
Հասարակություն
Ինչ վերաբերում է լայն հանրությանն, ապա այն Պապի այցին սառը վերաբերվեց: Մուսուլմանների շրջանում (որոնք Ադրբեջանում բնականաբար մեծամասնություն են կազմում), գերակշռում էր «Իսկ մեզ դրանից ի՞նչ» տրամադրությունը: Սոցցանցերում կատակում էին. «Պապին բերել են, որ ասի, թե ով է մեզ թուղթուգիր արել»: Ինչ-որ մեկն ակնարկում էր հին ձեռագրերի վերականգնման նախագիծը, որի շրջանակում Ադրբեջանի առաջին տիկնոջ գլխավորած Հեյդար Ալիևի հիմնադրամն օգնել է Վատիկանին 2014թ-ին. «Այս այցից հետո մի քանի միլիարդի էլ մի այլ հին կաթոլիկ սպասք կվերանորոգեն, և այս ամենը ադրբեջանցի հարկատուի հաշվին»:
Բնականաբար, նրանք, ովքեր ներկա են եղել պատարագին, բոլորովին այլ տպավորություններ ունեն. «Այսօր Ֆրանցիսկոս պապն ինձ օծեց սուրբ ջրով և երեք անգամ կողքովս պարզած ձեռքի հեռավորության վրա անցավ: Ես իրոք չէի սպասում, որ պատարագից հետո այսպիսի անկրկնելի զգացողություն կունենամ, իսկ ես այն ունեմ, որքան էլ դա տարօրինակ լինի»:
Հանդուրժողականություն
Ադրբեջանում ընդանուր 2000 կաթոլիկ կա: Բաքվի՝ Սուրբ Կույս Մարիամի անարատ հղիության եկեղեցին միակն է երկրում, և այն ընդամենը 200 ծխական ունի: 2011թ-ի հուլիսի 6-ին Վատիկանի վավերացումից հետո ուժի մեջ մտավ Ադրբեջանի կառավարության հետ կաթոլիկ համայնքի պետական գրանցման մասին կնքած համաձայնագիրը:
Կաթոլիկ, ինչպես նաև այլ կրոնական համայքների (ուղղափառ, հրեական) ներկայացուցիչները պարբերաբար շնորհակալություն են հայտնում Ադրբեջանի կառավարությանը բոլոր կրոնների խաղաղ գոյակցության և որևէ խտրականության բացակայության համար:
Սակայն ադրբեջական հասարակութան հանդուրժողականությունը չի նշանակում իսլամից զատ այլ կրոնների գործերի հանդեպ ակտիվ հետաքրքրություն: Այդ մասին է խոսում, օրինակ, այդ ընդհանուր միտքն արտահայտած Գյունդուզ Աղաևի ծաղրանկարը, որտեղ ոստիկանությունը ադրբեջանցիներին «քշում է» Պապին դիմավորելու:
Հրապարակվել է 03.10.2016