Բելառուս․ իշխանություններն ուժեղացնում են բռնաճնշումներն ու «բարեփոխումներ» առաջարկում
Բելառուսի իշխանություններն անցել են ընդդիմության դեմ ակտիվ բռնաճնշումների։ Շարունակվում են առաջնորդների ձերբակալությունները․ Մարիա Կոլեսնիկովան, որը պատռել է իր անձնագիրը, որպեսզի իրեն չկարողանան արտաքսել երկրից, բանտում է։ Ուժայինները սկսել են ձերբակալել ընդդիմության Համակարգման խորհրդի մնացած անդամներին։ Խորհրդի վերջին անդամին՝ Նոբելյան մրցանակի դափնեկիր Սվետլանա Ալեքսիևչին պաշտպանելու են եկել արտասահմանյան դիվանագետներ։ Այնուամենայնիվ, հեղափոխությունը Բելառուսում հնարավոր չէ կասեցնել, կարծում են փորձագետները։
Ամենաակտիվ առաջնորդներից մեկը բանտում է
Բելառուսական ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Մարիա Կոլեսնիկովան, որը հրաժարվել է լքել Բելառուսը, քննչական մեկուսարանում է։ Ինչպես հաղորդում է Եվրոռադիոն, այս մասին հայտնի է դարձել նրա հորը։ Ավելի վաղ նրա գտնվելու մասին ոչինչ չէր հաղորդվում։
Ընդդիմության Համակարգող խորհրդի անդամ Մարիա Կոլեսնիկովան ձերբակալվել է սեպտեմբերի 7–ին մայրաքաղաքի կենտրոնում, նրան փորձել են ստիպել արտասահման մեկնել։ Սակայն Կոլեսնիկովան պատռել է անձնագիրը։ Արդյունքում՝ նրան կրկին Մինսկ են տեղափոխել։
Կլեսնիկովայի հետ միաժամանակ ձերբակալվել էին խորհրդի անդամներ Անտոն Ռոդնենկովն ու Իվան Կրավցովը։ Ուկրաինայի հետ սահմանին Կոլեսնիկովային մեքենա են նստեցրել, որտեղ արդեն եղել են Ռոդնենկովն ու Կրավցովն՝ ուկրաինական հատված տեղափոխվելու համար։ Սակայն Կոլեսնիկովան կարողացել է խուսափել բռնի արտաքսումից։
«Երբ նա մեքենա նստեց, տեսավ իր անձնագիրը, վերցրեց այն ու միանգամից պատռեց։ Դրանից հետո նա մեքենայից դուրս եկավ պատուհանով, որովհետև հետևի դռներն արգելափակել էին», — կատարվածն է նկարագրում Անտոն Ռոդնենկովը Նովայա գազետայի հետ զրույցում։
• Ռուսական պրոպագանդիստական դեսանտը գրավել է Բելառուսը
• «Կոմերսանտ»․ նախապատրաստվում է Բելառուսի և Ռուսաստանի կոնֆեդերացիան
Ձերբակալությունները շարունակվում են, նոբելյան մրցանակակիրը սպասում է իր հերթին
Իրավաբան և Համակարգող խորհրդի նախագահության անդամ Մաքսիմ Զնակը ձերբակալվել է Մինսկում սեպտեմբերի 9–ին։ Նա հասցրել է գրել «դիմակավորներ» բառն ու հեռախոսով ասել «կարծես, մեր տուն են եկել»։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նա ձերբակալվել է խորհրդի անդամների դեմ հարուցված «ազգային անվտանգությանը վնաս հասցնելուն ուղղված հանրային կոչերի» մասին գործով։
Համակարգման խորհուրդը ստեղծվել է Բելառուսի նախագահի գլխավոր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի նախաձեռնությամբ։ Դրա մեջ մտնում է 33 մարդ՝ քաղաքական գործիչներ, ակտիվիստներ, ինտելիգենցիայի և աշխատավորների ներկայացուցիչներ։
Այժմ Բելառուսում խորհրդի անդամներից ազատության մեջ է միայն Նոբելյան մրցանակակիր, գրող Սվետլանա Ալեքսիևիչը։ Մնացածները կամ ձերբակալված են, կամ ստիպված են եղել լքել երկիրը։
«Սկզբից մեզնից գողացան երկիրն, առևանգում են մեզնից լավագույններին․․․ Սակայն մեր շարքերից հանվածների փոխարեն հարյուրավոր ուրիշներն են գալու։ Ապստամբել է ոչ թե Համակարգման խորհուրդը։ Ապստամբել է երկիրը», — հայտարարել է Ալեքսիևիչը։
Սվետլանա Ալեքսիևիչի ուղերձն ավարտվում է խոսքերով, որ անհայտ անձինք կրկին թակում են իր դուռը։
Գրողի ուղերձին արձագանքել են արտասահմանյան դիվանագետներ Չեխիայից, Սլովակիայից, Շվեդիայից, Ավստրիայից, Ռումինիայից և այլ երկրներից։ Նրանք գնացել են Ալեքսիևիչի տուն՝ հնարավոր ձերբակալությունից նրան պաշտպանելու համար։
«Մենք ազդակներ ստացանք, որ նրա բնակարանի դուռը թակում են օտար մարդիկ, հավանաբար, անվտանգության ծառայության կամ միլիցիայի աշխատակիցներ։ Մենք որոշեցինք, որ նրան ձերբակալություն է սպառնում», — ասել է Լիտվայի դեսպանը։
Լուկաշենկոն խոստովանում է, որ «երկար մնաց», սակայն դեռևս չի պատրաստվում հեռանալ
Սեպտեմբերի 8–ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր առաջին մեծ հարցազրույցն է տվել ցույցերի դաժան ցրումից հետո՝ ռուսական գլխավոր Russia Today, «Առաջին ալիք» և «Ռոսիա» հեռուստաալիքներին։
«Այո, հնարավոր է, մի քիչ երկար մնացի։ Հնարավոր է, որ ինձ ցույց են տալիս են ոչ միայն հեռուստացույցով, այլև արդուկով ու թեյնիկով։ Սակայն միայն ես հիմա կարող եմ պաշտպանել Բելառուսը, — հայտարարել է նա ռուս լրագրողներին։ — Ես հենց այնպես չեմ հեռանալու»։
Լուկաշենկոն հայտարարել է, որ չի շփվելու Համակարգման խորհրդի հետ, որը ստեղծել է ընդդիմությունը, «քանի որ չգիտի, թե ովքեր են այդ մարդիկ»։
Նա հավելել է, որ պատրաստ է սահմանադրության բարեփոխում իրականացնել, որից հետո չի բացառում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը։
Սեպտեմբերի 8–ին հայտնի է դարձել, որ Բելառուսի իշխանությունները պատրաստ են սահմանադրական բարեփոխումներ իրականացնել 2022 թ–ին։
ԱՄՆ և Եվրոպայի արձագանքը
ԱՄՆ–ն խորապես անհանգստացած է Բելառոուսում Համակարգման խորհրդի անդամներ Մարիա Կոլեսնիկովայի, Անտոն Ռոդնենկովի և Իվան Կրավցովի առևանգմամբ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։
«Մենք բարձր ենք գնահատում Բելառուսի ժողովրդի քաջությունը, որը խաղաղ պաշտպանում է իր արդար և ազատ ընտրությունների միջոցով առաջնորդ ընտրելու իրավունքն՝ ի դեմ բելառուսական իշխանությունների կողմից չարդարացված բռնության և բռնաճնշումների», — հայտարարել է պետքարտուղարը։
Նա նշել է, որ ԱՄՆ–ն իր գործընկերների և դաշնակիցների հետ միասին դիտարկում է լրացուցիչ պատժամիջոցների սահմանումն՝ այն անձանց պատասխանատվության ենթարկելու համար, ովքեր մասնակից են Բելառուսում մարդու իրավունքների խախտմանն ու բռնաճնշումներին։
Սեպտեմբերի 9–ին Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին Վարշավայում հանդպել է Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի հետ։
«Մենք հիացմունքով ենք հետևում Ձեր պայքարին, հարգանքով ենք վերաբերվում Ձեր վճռականությանն ու նպատակասլացությանը՝ հանուն ինքնիշխան և ազատ Բելառուսի», — նշել է Մատեուշ Մորավեցկին։ Նա հավելել է, որ շուտով Լեհաստանը տնտեսական օգնության պլան կտրամադրի բելառուսական բիզնեսին, ուսանողներին, անկախ լրատվամիջոցներին և ընդդիմությանը։
Հեղափոխությունը հնարավոր չէ՞ կանգնեցնել
Բելառուսական ընդդիմության ներկայացուցիչները հայտարարում են, որ ոչ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ իշխանությունների առաջարկը, ոչ բռնաճնշումները չեն կանգնեցնի ցույցերը։
«Մենք տեսնում ենք, որ ռեժիմը փորձում է մեղմել [հասարակության] ճնշումն իր վրա, միաժամանակ սակարկության մեջ է մտնում՝ փորձելով նրան այդպես հանդարտեցնել։ Սական դա չի ազդի․ մարդիկ չեն ուզում երկու տարի սպասել։ Եվ նոր ձերբակալությունները կարող են միայն արագացնել անկումը, քանի որ դրանից առաջ ձերբակալությունները միայն խթանում էին ցույցերը», — «Նովայա գազետային» տված հարցազրույցում ասել է Համակարգման խորհրդի անդամ Անդրեյ Ռոդչենկովը, որն Ուկրաինա է արտաքսվել։
Բելառուսական ծագմամբ լեհ լրագրող և քաղաքական մեկնաբան Ռուսլան Շոշինը զուգահեռներ է անցկացնում Բելառուսի և Լեհաստանում կոմունիստական ռեժիմի անկմանը նախորդած իրադարձությունների միջև։
«Հեղափոխությունը Բելառուսում անհնար է կասեցնել, իշխանության նկատմամբ ատելությունն աճում է, մարդիկ թաղամասերով, փողոցներով, քաղաքներով են փողոց դուրս գալիս։ Լուկաշենկոն միայն երկու տարբերակ ունի․ ռազմական դրություն կամ կլոր սեղան։ Կամ էլ ռազմական դրություն, հետո՝ կլոր սեղան։ Կամ ուկրաինական Մայդան», — գրում է Շոշինը Facebook–ի իր էջում։