Ճամբար՝ պատերազմից հետո
15-ամյա Էրիկի աչքերում կուտակված տխրությունն անթաքույց է` իր հարազատ գյուղում տեղի ունեցած ռազմակամ գործողությունների մասին հիշողությունները դեռ թարմ են: Հոգու խորքում մեծ ցանկություն կա՝ երբևէ նորից վերադառնալ Թալիշ, որտեղ անցել է մանկությունն ու որտեղ դեռ մտածում է կառուցել ապագան:
«Միշտ էին կրակում, մենք չէինք վախենում, բայց այդ օրը ահավոր էր: Կրակոցներից արթանացանք, իջանք նկուղ, մնացինք մինչև գիշերվա երեքը, հետո դուրս եկանք, հասանք գյուղապետարան, այնտեղից էլ արդեն մեքենաներով տարհանում էին գյուղի բնակչությանը: Նկուղում մտածում էի , որ սա վերջն է… Եթե մեր անվտանգությունը ապահովեն, մենք առաջիններից կլինենք, որ հետ կգնանք»,- ասում է Էրիկ Սարգսյանը:
Նա ԼՂ հարավ-արևելյան հատվածում գտնվող Թալիշ գյուղից է, այժմ ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստանի Չարենցավան քաղաք:
Թալիշի բնակչությունը (500 մարդ) էվակուացվեց այս տարվա ապրիլի երկուսին ադրբեջանական զինված ուժերի կողմից սկսած լայնածավալ ռազմական գործողություններից հետո: Տարհանված բնակչությունը տեղափոխվել է Ղարաբաղի և Հայաստանի տարբեր քաղաքներ:
14-ամյա Դավիթ Պետրոսյանը նույնպես Թալիշից է: Շատերի նման նրա ընտանիքն էլ է տեղափոխվել Չարենցավան: Ապրիլի երկուսի գիշերային մղձվանջից հիշում է միայն, թե ինչպես էր պինդ փակել ականջները «պատերազմի ձայնը» խլացնելու համար:
«Այնտեղ շատ ընկերներ ունեի, հիմա տարբեր տեղերում ենք հայտնվել՝ Չարենցավան, Հրազդան, Աբովյան… Կարոտում ենք իրար, բայց ի՞նչ անենք, այդ գիշեր համոզված էի, որ լավ է լինելու, որ փրկվելու ենք, ու հիմա էլ այստեղ ենք, փորձում ենք նոր ընկներներ ձեռք բերել: Այստեղ բոլորս անցել ենք պատերազմի միջով, ու դա մեզ մի տեսակ կապում է իրար»,- ասում է եղբորը, Վահեին, ամուր գրկած Դավիթը:
Թալիշեցի ութ երեխաները ամառվա վերջին օրերն անցկացրին Իրաքից ու Սիրիայից ավելի վաղ Հայաստան ներգաղթած ևս 32 երեխաների հետ Վանաձորի ԵՄՔԱ-ի Արամյան ճամբարում՝ Երևանից 150 կմ հեռավորության վրա:
Save the children կազմակերպության սիրիահայերի աջակցության ծրագրերի ղեկավար Սիրանուշ Վարդանյանը նշում է. Վանաձորի ԵՄՔԱ-ի Արամյան ճամբարում իրականցվող ծրագիրն ունի մեկ նպատակ՝ տարբեր ժամանակահատվածներում պատերազմի թոհ ու բոհով անցած երեխաներին հանել սթրեսային իրավիճակից: Նրա կարծիքով, YMCA ճամբարը լավագույն միջավայրն է ստեղծում դրա համար: Ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՓԳՀ) ֆինանսավորման շնորհիվ:
«Ցավոք մենք ունենք երեխաներ, երիտասարդություն, որոնց աչքերը պատերազմի վկաներն են, նրանց ներկայությամբ ականներ, ռումբեր են պայթել, նրանք տեսել են այդ ամենը, բայց այստեղ փորձում են դուրս գալ այդ սթրեսից: Մեր կամավոր ջոկատավարները իրաքահայեր են ու սիրիահայեր, ովքեր Հայաստան են եկել շատ ավելի վաղ, անցել են նույն այդ ճանապարհը, ինչով այսօր անցնում են փոքրերը»,- ասում է Սիրանուշ Վարդանյանը:
Յուրաքանչյուր կամավոր ջոկատավար աշխատում է չորս պատանու հետ: Ճամբարականները 12-17 տարեկաններ են: Ճամբարում անցկացնում են 12 օր: ԵՄՔԱ-ի Արամյան ճամբարում չկա ինտերնետ, բջջային հեռախոսներ՝ սա ոչ թե պատահականություն կամ թերացում է, այլ միտումնավոր քայլ, մոտեցում հոգեբանական վերականգնման ընթացքին:
ՄԱԿ ՓԳՀ գրասենյակի արտաքին կապերի և հասարակական տեղեկատվության համակարգող Անահիտ Հայրապետյանը նշում է.
«Այստեղ կա հստակ դեր ու պատասխանատվություն, այստեղ հնչում է արևմտահայերերեն ու արևելահայերեն, բայց այս բազմաշերտ խմբում որտեղ կա նոր տեղահանված, միջին տեղահանված և հին տեղահանված, երեքն էլ դեռ վերքեր ունեն, մեկինը շատ սուր է, մյուսը քիչ թե շատ արդեն հաղթահարել է ու անցել այդ ճանապարհը, իրար հասկանում են»,- ասում է Հայրապետյանը:
Սիրիահայ 14-ամյա Նանոր Աբելյանը երկու տարի առաջ է Հայաստան տեղափոխվել Հալեպից: Խոստովանում է. չի ուզում վերադառնալ տուն, ճամբարում էլ ասես բոլորն իրար վաղուց գիտեն.
«Չեմ զգում, որ տարբեր ենք իրարից, Թալիշից եկածների հայերենը մի քիչ պարզապես այլ է: Բոլորս հայ ենք, մեզ մեկ ընդհանուր բան է կապում՝ տեսել ենք պատերազմը՝ իրաքահայերը ավելի վաղ, հետո մենք, հիմա Թալիշը, բայց այստեղ անգամ դրա մասին չենք խոսում: Ինձ համար կարծես երազ լինի, ու սա մեր հայրենիքն է»:
Կեսօրին ջոկատավարները աշխատում են խմբերի հետ, մի տեղ պարում են, մի տեղ երգում, մյուս խմբում խոսում են հոգատարության, ընկերության, խաղաղության ու ազնվության մասին, սովորում տիրապետել առաջնորդության սկզբունքներին:
Տաս տարի առաջ Իրաքից Հայաստան ներգաղթած 20-ամյա Շանթ Սարգիս Ավադիսը ՄԱԿ ՓԳՀ կամավորներից է: Թալիշեցի յուրաքնաչյուր պատանու մեջ Շանթն իրեն է տեսնում՝ տաս տարի առաջ.
«Մեր մաշկի վրա ենք զգացել ու փորձում ենք հանել այդ հիշողությունները նրանց միջից, ես ինձ եմ տեսնում իրենց հայացքում, պարզապես իմ տեսած դաժանությունները սարսափելի էին՝ պայթող մեքենաներ, օդի մեջ թռչող մարդկային գլուխներ, ոտքեր… Մայրիկիս էլ այնտեղ սպանեցին, ես քրոջս ու հորս հետ Հայաստան հասա: Սա պատասխանատվություն է ջոկատավարներիս համար: Ճամբարը մեզ տալիս է նոր ընկներներ, նոր մարդիկ իրենց պատմություններով, նոր բնավորություն»:
Ճամբարը թաքնված է Լոռվա հիասաքանչ բնության գրկում, սաղարթախիտ անտառների ծոցում: Առավոտները բացվում են լուսաբացները դիմավորելով, երեկոները՝ խարույկի շուրջ զրույցներով:
Ջոկատավարներից սիրիահայ 20-ամյա Նուբար Նալբանդյանն էլ Հալեպից է. «Հոգեբանական զրույցներ ենք ունենում գիշերները՝ վստահության, պատասխանատվության մասին, լսում ենք իրենց կարծիքները: Չենք խոսում պատերազմից, բայց ամեն ինչ արվում է հետպատերազմական շրջանը հաղթահարելու համար»:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հոգեբան-խորհրդատու Մարիամ Սարգսյանն էլ է աշխատում այս պատանիների հետ: Նա նշում է, որ թալիշցիները հետպատերազմյան տրավմատիկ վիճակում են, սիրիայի երեխաները, ովքեր արդեն մի քանի տարի Երևանում են, ունեն որոշակի ապահովության զգացում, սակայն նրանք էլ արդեն սկսել են բախվել այլ հարցերի, որոնք կոչվում են հետմիգրացիոն հարմարման խնդիրներ:
«Իրաքի երեխաները արդեն հասուն են ու այստեղ են որպես ջոկատավարներ, ու շատ լավ է, որ իրենց կյանքի հենց այս փուլում ստանձնել են մի դեր, որն իր մեջ նաև պատասխանատվություն է կրում. երբ պատասխանատու են լինում օգնել մեկ ուրիշին, ներքին ամրության մեխանիզմ է սկսում աշխատել, ինչը լավ փորձադաշտ է իրենց հնարավորությունների սահմանները ստուգելու, իրենց ներուժը իրացնեու համար: Այստեղ կան ջոկատավարներ, որ կարող են իդեալական ես-ի մոդել լինել փոքրերի համար»,- ասում է հոգեբանը:
Այստեղ մտածել են անգամ խոհանոցի մասին, որպեսզի այն դուր գա բոլորին: Ճամբարի տնօրեն Կարինե Բոյաջյանը նշում է. կերակուրները այնպես են պատրաստում, որպեսզի յուրքանչյուրի քիմքին հաճելի լինի:
«Թալիշեցիների հետ վախենում էի, մտածում էի գուցե դուրները չգա, բայց ասեմ, որ սիրիական խոհանոցը շատ են սիրել բոլորը: Այսօր հարիսա ենք պատրաստել, թաբուլե՝ իրենց պատվերով»,- ասում է Բոյաջյանը:
Ծրագրի պատասխանատուները համոզված են՝առկա մշակութային տարբերությունը միայն դրական արդյունք կտա:
Հոգեբան Մարիամ Սարգսյանը նշում է. նրանց բոլորի մոտ նույն զգացողություններն են, որ իրենցից յուրաքանչյուրն անցել է նույն ճանապարահը, նույն շոկի միջով, ոմանք արդեն իսկ հաղաթահարել են այդ բոլոր դժվարությունները.
«Կարող են արդեն իսկ որոշակի եզրակացությունների հանգել իրենց կյանքի հետ կապված և ոգեշնչվել, ունենալ սեփական ապագայի իրենց պատկերացումները, իսկ հետոյի պատկերացումները որքան լայն, որքան այլընտրանքները՝ շատ, այնքան ավելի ճկուն են լինում, ու ավելի լավ են կարողանում հարմարվել: Այս համատեքստում փորձի փոխանակումը իրենց մոտ կունենա դրական ազդեցություն»:
Հոդվածում հնչած կարծիքներն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության կարծիքի հետ:
Հրապարակվել է՝ 02.09.2016