«Հայաստանի մարզերը կզարգանան, եթե իմ նման մարդիկ չլքեն դրանք»
Հայաստանի վիճակագրական կոմիտեն հրապարակել է Հայաստանի ժողովրդագրական իրավիճակը 2020 թվականի հուլիսի 1-ի դրությամբ։ Ըստ դրա, Հայաստանի մշտական բնակիչների թիվը կազմում է 2 միլիոն 963 հազար մարդ։
Կորոնավիրուսն իր դրական ազդեցությունն է ունեցել Հայաստանի ժողովրդագրական պատկերի վրա։ Փակ սահմանների պայմաններում այս տարվա հուլիսի 1-ին տարեսկզբի համեմատությամբ մշտական բնակչության թիվն ավելացել է 3300-ով։ Ժողովրդագետ Արտակ Մարկոսյանի ուսումնասիրությունների համաձայն, 1991 թվականից հետո առաջին անգամ կիսամյակային կտրվածքով Հայաստանում բնակչության թիվն աճել է։
Սակայն Հայաստանի մարզերից բնակչությունը շարունակում է հեռանալ։ Այս մասին ևս փաստում է պաշտոնական վիճակագրությունը։ 2019 թվականի հուլիսի 1-ից 2020-ի հուլիսի 1-ը ժամանակահատվածումՀայաստանի 6600 մարզի բնակիչ լքել է իր բնակավայրը և ավելացրել երևանցիների թիվը:
Ժողովրդագետները մտահոգիչ իրողություն են համարում մարզերի բնակչության թվի նվազումը և Երևանում կենտրոնացումը։
● Հայաստանում ժողովրդագրական ճգնաժամի պատճառները և ելքերը
● Հայաստանում գործարկվում է Ադրբեջանին սահմանակից գյուղերում ծնելիության խթանման ծրագիր
● Հայաստանում 6 անգամ ավելացնում են առաջին երեխայի համար նպաստը
● Գյուղ, որից սկսվում է Հայաստանը․ լուսանկարներ և տեսանյութ
Խնդրի մասին՝ մեկ մարդու օրինակով
«Մարզերը կզարգանան, եթե իմ նման մարդիկ չլքեն այն։ Բայց ոչ բոլորն ունեն այդ կամքը, որ իրենց կյանքը զոհաբերեն հանուն դրա։ Երևի ես այնքան համարձակ չգտնվեցի, որ մնամ Նոյեմբերյանում», — ասում է 25-ամյա երաժիշտ, երգահան Մագա Գիշյանը։
Մագան ասում է՝ լքեց ծննդավայրը, քանի որ հայրենի քաղաքում իրեն արդեն չէր պատկերացնում։ Երևան տեղափոխվեց աշխատելու, նոր հնարավորությունների և երաժշտական աշխարհին առավել մոտ լինելու համար․
«Երիտասարդ ես, ուզում ես սովորել մի բան՝ թեկուզ փորձի փոխանակման միջոցով։ Միջավայրը շատ բան է տալիս: Նոյեմբերյանում՝ բնության գրկում, ապրելը հրաշք է, բայց մասնագիտական առումով լավ չէ, քանի որ անընդհատ դոփում ես նույն տեղում»։
Մագայի կարծիքով, Հայաստանում մարդու կայացման, ինքնուրույն դառնալու լավագույն վայրը Երևանն է։ Նրա կյանքն այստեղ դժվար է, ինչպես և մարզերից եկած մյուս երիտասարդների համար. պետք է վարձով բնակվել, ինքուրույն վաստակել ապրուստը։
Տեղափոխվելով մայրաքաղաք՝ Մագան սկսեց ռեստորանում երգել, շփվել տարբեր երաժիշտների հետ, նրանց հետ համերգային երեկոներ կազմակերպել:
«Ինչո՞ւ ենք ձգտում Երևան, որովհետև երիտասարդ ենք, մի քիչ ավելի գույներ ենք ուզում, նոր միջավայր, բազմազանություն, որը մարզերում չկա», — ասում է նա:
Դեռևս 2011 թվականին Մագան արդեն տեղափոխվել էր Նոյեմբերյանից այլ քաղաք՝ մասնագիտական կրթութուն ստանալու համար։ Հայրենի քաղաքում երաժշտական ուսումնարան չկա: Չորս տարի Դիլիջանի արվեստի պետական քոլեջում սովորելուց հետո, վերադարձավ տուն։ Մոտ երկու տարի այստեղ կիթառ և երգեցողություն դասավանդեց երեխաներին, բայց ավելիին հասնելու ձգտումը կրկին ստիպեց նրան լքել Նոյեմբերյանը։
Իր փորձից ելնելով, Մագան եզրակացնում է․ մարդիկ կդադարեն մարզերը լքել, եթե նրանց համար ստեղծվեն հնարավորություններ, ենթակառուցվածքներ, սոցիալական պայմաններ։ Ցավով նշում է՝ այս պահին իր ծննդավայր վերադառնալու մասին չի մտածում։
Փորձագետի կարծիքը
«Պետք է այնպես անել, որ Երևանում կրթություն ստացած ուսանողը վերադառնա իր մարզ։ Հայաստանն իր աշխարհագրական դիրքով ունի երկու հակառակորդ հարևան պետություններ, Ադրբեջանի հետ պատերազմը դեռևս ավարտված չէ։ Գյուղերը մեր երկրորդ պաշտպանական գոտի են։ Եթե գյուղերը դատարկվեն, դա արդեն իսկ խնդիր է», — ասում է ժողովրդագետ Արտակ Մարկոսյանը։
Մարդիկ հեռանում են մարզերից՝ աշխատանքի և ենթակառուցվածքների բացակայության, սոցիալական վատ վիճակի, ապագայի հանդեպ անորոշության, նաև կրթական հաստատությունների ցածր մակարդակի պատճառով։
Կառավարությունն այս տարի մարզերում, գյուղական համայնքներում նախադպրոցական հաստատությունների ու դպրոցների շենքային պայմաններն է բարելավում։ Իսկ Արտակ Մարկոսյանն ընդգծում է՝ պետք է նաև կրթության որակի բարձրացման մասին մտածել.
«Հետազոտությունները ցույց են տալիս, որ քննությունների ժամանակ գյուղական բնակավայրերի աշակերտներն ավելի ցածր ցուցանիշներ են արձանագրում, քան քաղաքաբնական աշակերտները։ Եվ ծնողները, տեսնելով, որ գյուղերում դպրոցների որակը ցածր է, իրենց երեխայի ապագայի համար են նաև հեռանում այդ գյուղից»։
Երևանում բնակչության շարժն ու կենտրոնացվածությունը գնալով աճում է։ Հուլիսի 1-ի դրությամբ Երևանն ունեցել է 1 միլիոն 87 հազար մշտական բնակիչ։ Այսինքն՝ մայրաքաղաքում է բնակվում Հայաստանի բնակչության 37 %-ը, չհաշված մարզերից եկած և Երևանում դեռ չգրանցվածների թիվը։ Սա տարածքային բաշխվածության զգալի կենտրոնացում է, տարաբնակեցման համակարգի խախտում։
Ապակենտրոնացման ծրագրեր
Ժողովրդագետ Արտակ Մարկոսյանի կարծիքով՝ Երևանի հնարավորություններն արդեն սպառվել են, մայրաքաղաքը չի կարողանում մարզերից այսքան հոսքը կլանել։ Իրավիճակը շտկելու համար նա Հայաստանի մոտակա հինգ տարիների առաջնային խնդիրն է համարում մարզերի զարգացումը։
Որոշ բնակավայրերում դա տեղի է ունենում ինքնաբուխ՝ անհատների ու ակտիվ քաղաքացիների նախաձեռնությամբ։ Վերջին տարիներին նույնիսկ «Ագրոհեղափոխություն» անվանումով շարժում է սկսվել։ Դա տարբեր շրջաններից մի խումբ երիտասարդների նախաձեռնությունն է։ Նրանք որոշել են փոխել հայկական գյուղերի կյանքը, դրանք դարձնել ժամանակաից և հաձողակ։
Աշխատանքը սկսել են ամենաբարդ, անհեռանկարային համարվող գյուղերում, որոշակի հաջողության հասել և արդեն վարակել իրենց օրինակով այլ երիտասարդների։
Ագրոհեղափոխությունը մասնավոր նախաձեռնություն է և ոչ մի կապ չունի 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության և իշխանափոխության հետ:
Սակայն նոր կառավարությունն էլ է սկսել մարզերի զարգացմանն ուղղված քայլեր ձեռնարկել:
«Վարչապետի հանձնարարականով նախաձեռնել ենք ժամանակակից հայկական գյուղերի հայեցակարգի ու ռազմավարության մշակումը։ Շուտով հայեցակարգը պատրաստ կլինի, որտեղ ընդգրկված են այդ բոլոր խնդիրները, թե ինչպես անենք, որպեսզի գյուղերում ապրելը լինի հաճելի, և լինի այն կենսամիջավայրը, որտեղ մարդիկ կցանկանան ապրել», — ասում է համայնքների գծով վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը։
Մարզերից բնակչության տեղաշարժը կանխարգելելու համար կառավարությունն արդեն հաստատել է «Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագիրը»։
Այդ ծրագրով 2020-23 թթ. միանվագ դրամական աջակցություն է տրամադրվելու մարզային բնակավայրերում հիպոտեքային վարկով բնակարան ձեռք բերող քաղաքացիներին։ Այն ուղղվելու է կանխավճարի ֆինանսավորմանը։ Աջակցության համար կարող են դիմել երկու և ավելի անչափահաս երեխաներ ունեցողները։
Կառավարությունը նաև ծնելիության խթանման ծրագրեր է իրականացնում։ Այդ թվում, փաստացի ֆինանսկան աջակցություն է տրամադրում, որը կօգնի ծնողներին հոգալ երեխայի ծննդյան նախնական և առաջնային ծախսերը։
Օրինակ, 2020 թվականի հուլիսի 1-ին և դրանից հետո ծնված առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստն ավելացել է 250 հազար դրամով, երկրորդ երեխայինը՝ 150 հազար դրամով։ Դրանք այժմ կազմում են 300 000 դրամ։
Սակայն ժողովրդագետ Արտակ Մարկոսյանը կարծում է, որ ավել կարևոր է մարզերում նոր աշխատատեղեր ստեղծելը․
«Պետք է այնպես անել, որ գյուղական բնակավայրերում ապրող երիտասարդները չցանկանան հեռանալ, օգնել նրանց, որպեսզի իրենց բնակավայրերում ունենան զբաղմունք։ Պետք է թիրախավորված ծրագրեր իրականացվեն»։