Դիգերներ. ընդերքի հետազոտողները
Իմ փոքրիկ լապտերը թույլ լուսավորում է ճանապարհը: Թողնում եմ, որ Վախոն ինձնից առաջ անցնի և հետևում եմ նրան՝ լայն բացելով աչքերս ու խարխափելով:
Բացարձակ լռություն է տիրում: Սառն է: Խոնավության ու բորբոսի ծանր հոտ է գալիս: Ինձ իմ ստվերը հանգիստ չի տալիս՝ սողալով շրջանաձև աղյուսով պատված պատի վրայով: Շուտով սկսում է թվալ, որ ինչ-որ մեկը մեզ հետևում է: Լարվում եմ:
«Մի վախեցիր, սա սովորական պատմություն է ամայի վայրերում, որտեղ վաղուց ոչ ոք չի եղել, մարդկանց մոտ հաճախ են տեսիլքներ լինում», — հանգստացնում է Վախոն:
«Ամայի վայրը», որտեղ ես, Վախոն ու նրա երկու ընկերները խարխափում ենք մթության մեջ, Թբիլիսիի կենտրոնում է՝ ամենամարդաշատ թաղամասում՝ մետրոյի «Ռուսթավելի» կայարանի մոտ:
Մեզ չեն հասնում ոչ հուլիսյան շոգը, ոչ քաղաքի աղմուկը: Մենք գետնի տակ ենք՝ թունելում: Իմ ուղեկիցները պրոֆեսիոնալ դիգերներ են, այսինքն մարդիկ, ովքեր ճամփորդում են զուգահեռ ստորգետնյա աշխարհով՝ թունելներով, ապաստարաններով, բունկերներով:
«Սաղավարտդ վերցրել ես, չէ՞: Կոշիկներդ ամո՞ւր են: Լապտեր ունե՞ս: Իմացի՛ր, բջջային կապը չի բռնում: Միայնակ մի՛ փորձիր իջնել, սարսափելի է: Վերևում անպայման մեկը պետք է լինի, որ փրկարար ծառայություն կանչի, եթե ներքևիններն ուշանան», — կցկտուր տեղեկացնում է Վախոն և բացում Թբիլիսիի կենտրոնում գտնվող իտալական բակերից մեկի հին դուռը:
Ժայռի մեջ դրված դուռը 10-15մ բարձրություն ունի, դրանից է սկսվում մոտ մեկ կիլոմետր լաբիրինթոսանման թունելը:
Ներս ենք մտնում: Դանդաղ շարժվում ենք առաջ:
Երկար միջանցքի երբեմնի կանաչ ներկված պատեր, ժանգոտած խողովակներ: Տեսնում եմ լվացարանների, զուգարանի, ցնցուղների մնացորդներ: Մոխրագույն մեգում հայտնաբերված այդ կոմունալ կետերն էլ ավելի մեծ խորհրդավորություն են ձեռք բերում:
Ճանապարհին իմ ուղեկիցները պատմում են “Զեմելիայի բունկեր անվամբ ապաստարանի պատմությունը:
“Այն կառուցել են կոմունիստների օրոք՝ Երկրորդ աշխարհամարտի սկզբին: Հաշվարկված է եղել 1500 մարդու համար: Ռմբակոծությունների ժամանակ մարդկանց այտեղ պետք է բերեին:
“Սա օդային և կոմունալ համակարգեր են: Հավանաբար, ապաստարանն ի վիճակի է եղել նաև քիմիական ռմբակոծության դիմակայել:
Դիգերներն ասում են, որ “Զեմելիա թունելը Թբիլիսիի տակ գտնվող ստորգետնյա հսկայական աշխարհի ամենփոքր ու ամենատարրական հատվածն է:
Խորհրդային իշխանությունը մեծ ուշադրություն էր դարձնում ստորգետնյա ճարտարապետությանը, այդ մասին է վկայում այն փաստը, որ միայն հին Թբիլիսիի տարածքում մոտ 400 նմանատիպ բունկերներ և ապաստարաններ կան:
Վրացի դիգերները “հաղթահարել են բազմաթիվ ապաստարաններ, չնայած, երբ նրանց հարցնում եմ Թբիլիսիի ստորգետնյա օբյեկտների քարտեզի մասին, լղոզված պատասխան եմ ստանում՝ ճշգրիտ քարտեզ չկա, իսկ եթե լիներ, ապա դրա մասսայականացումն իրենց պլանների մեջ չի մտնում:
Կոմունիստների ժամանակ ստորգետնյա օբյեկտները հիմնականում դպրոցներից, բնակելի շենքերից, գործարաններից ու հիվանդանոցներից հեռու են կառուցվել: Դրանց նպատակը հասարակական անվտանգության ապահովումն էր: Չնայած իր ուղղակի նշանակությամբ նրանք երբեք չեն օգտագործվել, քանի որ Երկրորդ աշխարհամարտը Վրաստանին չի հասել:
Թունելների մեծ մասը թալանվել է 1990-ականներին. բնակչությունը որպես մետաղի թափոն հանձնում էր պղինձն ու մնացած երկաթեղենը: Որոշ բունկերներ վերածվել էին աղբահավաք վայրերի: Մյուսներում լիմոնադի արտադրության ցեխեր են բացվել կամ ինչ-որ մեկի անձնական նպատակներին են ծառայում: Որոշներում զվարճանքի վայրեր են կառուցվել: Օրինակ, հայտնի “Դիվանի ակումբը Թաբիձե փողոցում նախկինում բունկեր է եղել, ինչպես նաև Ֆիլհարմոնիայի հարևանությամբ գտնվող բիլիարդ խաղալու օբյեկտը:
Նախկինում ժողովուրդը ապաստարանների մասին առասպելներ էր հորինում: Օրինակ, դրանցից մեկի համաձայն, Թբիլիսիի բոլոր թունելները հատվում են խորհրդարանի տակ: Խոսում էին նաև, որ կոմունիստների ժամանակ ստորգետնյա գաղտնի լաբորատորիաներ են գործել, որտեղ կենդանիների, ինչպես նաև մարդկանց վրա փորձարկումներ են արել:
“Բնականաբար դրանց մեծ մասը հիմարություններ են, սակայն այն որ ստորգետնյա Թբիլիսին շատ առանձնահատուկ պատմություններ ու գաղտնիքներ ունի, որոնք անհետանում են ու կորչում ուշադրության բացակայության պատճառով, փաստ է, — ասում է Վախոն: Նրա խոսքով, նմանատիպ “տարածություններն արտասահմանում փոխակերպվում են թանգարանների, որոնք այցելում են հազարավոր զբոսաշրջիկներ: “Այդ տեսանկյունից Վրաստանը մեծ ներուժ ունի, — համոզված են դիգերներն, ովքեր իրենք իրենց ընդերքի հետազոտողներ են անվանում:
Չնայած, որ “դիգեր բառն անգլերեն է, այդ հայտնի ուրբանիստական մշակույթի հայրենիքը Ռուսաստանն է: 1990-ականների սկզբին Ռուսաստանում արդիական դարձավ ստորգետնյա խորհրդային մշակույթի ուսումնասիրումը: Այդ ալիքը հասավ նաև Վրաստանին:
Իսկական դիգերներն իրենց չգրված օրենքներն ունեն՝ առաջին ու գլխավոր կանոնը ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա: Նրանք երբեք չեն դիպչում հայտնաբերված առարկաներին ու փաստաթղթերին, ոչինչ չեն ոչնչացնում և չեն փչացնում:
“Մենք վանդալներ չենք: Հայտնաբերված առարկաները միայն գրանցում ենք, լուսա- և տեսանկարահանում ենք, — ասում է Վախո Նոզաձեն, և նրա թիմի բոլոր երեք անդամները համաձայնում են՝ Վախո Կաշմաձեն, Մարի Մգեբրիշվիլին և Լուկա Ջափարիձեն:
Այս երիտասարդները ծանոթացել են 4 տարի առաջ ինտերնետ-ֆորումում և բացահայտել, որ իրենց միավորում է էքստրեմալ ռոմանտիկայի հանդեպ սերն ու ադրենալինով հարուստ արկածները:
“Վրաստանում այս հոբբիով մարդիկ կային, սակայն նման միահամուռ և կազմակերպված թիմ երբեք չի եղել, — ասում է Վախոն:
Նրա թիմի ոսկե կանոնը ստորգետնյա տարածքը չաղտոտելն է, կրակ չվառելը, չծխելը, քանի որ հնարավոր է պայթյունավտանգ գազ հավաքված լինի ինչ-որ տեղ:
Չգրված օրենք է, որ դիգերները երբեք ստորգետնյա օբյեկտներ չեն իջնում, որոնք պետական վերահսկողության տակ են: Օրինակ՝ մետրո:
“Մենք գիտենք՝ ուր իջնել, այդ պատճառով էլ ոստիկանության հետ ոչ մի խնդիր չի եղել: Ոչ մի հակաիրավական բան մենք չենք անում՝ չենք գողանում, չենք փչացնում: Միակ բանն, ինչ “վերցնում ենք տարածքից տեսանյութերն ու լուսանկարներն են, անմոռանալի տպավորություններն ու հիշողությունները, — ասում է Վախո Կաշմաձեն:
Դիգերներն իրոք շատ հիշողություններ ունեն: Դրանց մեջ կան նաև տհաճները: Նրանք վտանգավոր հոբբի են ընտրել և շատ լավ գիտեն դա: Օրինակ, Լուկան պատմում է, թե ինչպես է մահից փրկվել. “Օբյեկտներից մեկում աստիճանը փլուզվել էր, և եթե Վախոն չլիներ, կընկնեի 75 մ բարձրությունից:
Խումբը հիմնովին պատրաստվում է ստորգետնյա էքսպեդիացիաների՝ հատուկ հագուստ, պարաններ, պահուստային մարտկոցներ լապտերների համար: Հենց այսպես զինված էլ մենք անցանք երկրորդ օբյեկտին առաջին անմոռանալի ճամփորդությունից հետո:
Աղբով պատված փոքր աստիճանի տակ կրկին ժանգոտ դուռ ենք բացում՝ այժմ արդեն թբիլիսյան կենտրոնական հիվանդանոցներից մեկի բակում:
Հիվանդանոցի ապաստարանը երկու մուտք ունի: Առաստաղից կախված նեղ խողովակի միջով երկնքի կտոր է երևում:
Ժանգոտ երկաթյա մահճակալը, փոքր սառնարանն ու բժշկական գործիքների սայլակը տեսնելիս ինձ թվում է, որ ֆիլմի մեջ եմ հայտնվել: Փոքր սենյակներից մեկի անկյունում տասնյակ հակագազներ են թափված: Այսօր նմանները չեն թողարկվում, դրանք հնություն են: Ուղեկիցներս ուշադիր ուսումնասիրում են բոլոր առարկաները և լուսանկարում դրանք:
Այս ապաստարանը կառուցվել է 1980թ-ին և հաշվարկված է եղել 200 հիվանդի համար: Ռազմական գործողությունների ժամանակ նրանց պետք է իջեցնեին այս բունկեր: Այստեղ պահպանվել է 7 ապահովիչ, հերմետիկ դուռ և օդափոխության, ջրամատակարարման համակարգերի հետքեր:
Հսկայական դիզելային գեներատորի, կոմպրեսորի և խորհրդային տարիների այլ տեխնիկական սարքերի մասերը միստիկ մթնոլորտ են ստեղծում: Այնպիսի տպավորություն է, որ ճամփորդում եմ ժամանակի մեջ:
Մտածում եմ նաև այն մասին, որ այս թաքստոցն ամբողջությամբ թալանված չէ և այն դեռ կարելի է վերականգնել:
“Դեռևս ամեն ինչ չէ թալանված, պետք է սառեցնել, լավ կլիներ այստեղ թանգարան բացել, — Վախո Նոզադեն կարծես մտքերս է կարդում և շարունակում է.
“Վրաստանում գոյություն ունեցող թանգարանների մեծ մասը պետական ֆինանսավորում է ստանում, իսկ մեր գաղափարն իրականացնելու համար շատ փող պետք չէ: Թանգարանային նմուշները թափված են այսուայնտեղ, մենք կարող ենք դրանք անվճար հավաքել: Եթե պետությունը մեզ տրամադրի քանդվելու սպառնալիքի տակ գտնվող գեթ մեկ օբյեկտ, մենք այն հետաքրքիր թանգարան կսարքենք:
Քանի դեռ վրացի դիգերների գաղափարը վերածվում է նախագծի, նրանք շփվում են չեխ, հոլանդացի, լեհ, ուկրաինացի գործընկերնրի հետ: Նրանց երազանքն այդ երկրների ստորգետնյա տարածքով ճամփորդելն է:
Նրանք հատկապես երազում են Ռուսաստանում հայտնվել, քանի որ այնտեղ ստորգետնյա օբյեկտներն ավելի հարուստ են տարաբնույթ հնարավորությունների առումով և շատ ավելի մութ, քան ցանկացած այլ տեղում:
“Ինձ հաճախ են հարցնում՝ ինչ եմ մտածում այս կամ այն օբյեկտի մասին, — ասում է Լուկան, — պատասխանում եմ՝ դուք անցնում եք դրանց կողքով ամեն օր: Դրանք ամենուր են՝ դպրոցներում, համալսարաններում, փողոցում… Պարզապես չեսք տեսնում, իսկ մենք այդ դռները նկատում ենք միանգամից:
Հրապարակվել է 6.07.2016