Վրացերեն խոսելն այստեղ չի ողջունվում
Տասնյակ ընտանիքներ լքեցին Գալի շրջանը նախորդ և ներկա ուսումնական տարվա ընթացքում, քանի որ շրջանում ոչ մի դպրոց չի մնացել, որտեղ կարելի է վրացերեն լեզվով սովորել:
Գալի շրջանի բնակչության մեծամասնությունն էթնիկ վրացիներ են, երեխաներից շատերն ընդհանրապես վրացերենից զատ այլ լեզվով չեն խոսում:
Մինչ այս ուսումնական տարին Գալի շրջանում 15 վրացական դպրոց կար, որտեղ կրթությունն ամբողջությամբ վրացերենով էր անցկացվում: Դա շրջանի հանրակրթական դպրոցների կեսն է, դրանց ընդհանուր թիվը 31 է:
Սակայն Աբխազիան վերանայեց իր դիրքորոշումն այդ հարցում, և 2015-2016թթ. ուսումնական տարում ռուսերենը հաստատվեց որպես նախնական կրթություն ստանալու միակ լեզու:
Գալի շրջանի ռեսուրս-կենտրոնի ղեկավար (Աբխազիայի կրթության նախարարության աքսորում գտնվող բաժին, որը ձևական գործում է Թբիլիսիում պատերազմից հետո) Նոնա Շոնիան պատմեց, որ ներկա պահին վրացերենը շրջանում ամբողջությամբ անտեսվում է. «Այն նույնիսկ օտար լեզվի տեսքով չի ուսումնասիրվում»:
Համարվում է, որ հինգից տասնմեկերորդ դասարանների կրթական լեզուն Գալի միջնակարգ դպրոցներում վրացերենն է մնացել, սակայն 8-րդ դասարանից «վրացերեն լեզու և գրականություն» առարկային ընդամենը շաբաթական մեկ ժամ է հատկացվում:
Դա կարող է Գալի դպրոցների շրջանավարտների համար փակել ճանապարհը դեպի վրացական բուհեր, քանի որ իրերի այս դասավորությամբ նրանք չեն հասցնում ծրագրով նախատեսված նույնիսկ նվազագույն գիտելիքները ձեռք բերել:
«Երեխաների համար շատ դժվար է, նրանք ոչ գրել գիտեն, ոչ կարդալ, ոչ մտածել ռուսերեն, նրանք շփոթվում են ու չեն կարողանում սովորել: Մենք կարծում ենք, որ դա նրանց իրավունքների կոպիտ խախտում է», — ասաց Նոնա Շոնիան: Նա պատմեց, որ վրացախոս ծնողների երեխաները անընդհատ բողոքում են Սուխումի պատկան մարմիններին, սակայն մինչ այժմ ոչ մի պատասխան չեն ստացել:
Նախորդ տարիներին Գալի շրջանի որոշ դպրոցականներ սովորել են վրացական իշխանություններին պատկան վրացական դպրոցներում, օրինակ Ցալենջիխի կամ Զուգդիդի շրջաններում: Դա մի շարք դժվարություններ ու ռիսկեր է առաջացրել գոնե միայն այն պատճառով, որ երեխաները ստիպված են եղել օրը երկու անգամ հատել սահմանը, որը վրացական կողմը վարչական է անվանում, իսկ աբխազականը՝ պետական:
Տեղացիներն ասում են, որ այսօր դժվարությունների են հանդիպում ոչ միայն դպրոցականներն, այլ նաև ուսուցիչները. նրանց մեծ մասը ռուսերենին միջակ է տիրապետում և իր առարկան ռուսերենով չի կարողանում բացատրել:
«Հաճախ նրանք դասերը վարում են վրացերենով, սակայն այդ մասին ոչ ոք չպետք է իմանա, — ասում է տեղացիներից մեկը: — Եվ ուսուցիչները, և աշակերտները վախենում են ստուգումներից և գիտեն, որ ամեն պահի դուռը կարող է բացվել»:
Աշակերտների ծնողներն ասում են, որ պարբերաբար հանպատրաստից ստուգումներ են անցկացվում, ստուգում են ոչ միայն լեզուն, որով դասավանդվում է առարկան, գրառումները նույնպես պետք է ռուսերենով լինեն: Պատմում են, որ ստուգվում են նաև աշակերտների դասագրքերը:
Դասագրքերը հավելյալ խնդիր են Գալի շրջանի համար: Չնայած որ տեղի դպրոցները վերահսկվում են Աբխազիայի կրթության նախարարության կողմից՝ սկսած 90-ական թվականներից, վրացական կողմին մինչ այժմ հաջողվում էր դասերն անցկացնել սեփական ծրագրով:
Ընդհուպ մինչև վերջին ժամանակներս Գալի վրացական դպրոցների աշակերտները սովորում էին ոչ միայն վրացերենով, այլ նաև վրացական դասագրքերով: Դա նյարդայնացնում էր Աբխազիային, քանի որ կոնֆլիկտի պատճառով բաժանված վրացական և աբխազական կողմերը սկզբունքորեն տարբեր հայացքներ ունեն սեփական պատմությանն ու աշխարհարագրությանը:
Այս խնդրի շուրջ Աբխազիայի տեսակետին կարող եք ծանոթանալ այս նյութում
Հրապարակվել է 20.06.2016