Հրաժարվել զոհի կարգավիճակից
Երջանիկ ավարտով տխուր պատմություն
Հասմիկ Խաչատրյանը հաջողակ անհատ ձեռներեց է. Գեղարքունիքի մարզին հատուկ փախլավա է պատրաստում և հանձնում խանութներին: Նրա օրը սկսվում է առավոտյան 10-ին և վերջանում՝ երեկոյան 10-ին:
Հասմիկի համար օրվա ամենակարևոր պարտականությունը աղջկան՝ Վարսենիկին դպրոց տանելն է, որից հետո գնում է Սուրմալու կոչվող շուկա, ալյուր, կարագ և այլ պարագաներ գնում՝ փախլավայի համար: Ինչպես ինքն է ասում՝ ամբողջ օրը վազում է, բայց երբեմն չեղարկում է ամեն ինչ և մնում տանը՝ ինքն իրեն վերլուծելու, հետագա քայլերը պլանավորելու համար:
Հասմիկ Խաչատրյանը միայն վերջին երկու տարիներին է, որ հնարավորություն ունի ինքնուրույն որոշումներ կայացնել սեփական կյանքի, պլանների վերաբերյալ: Մինչ այդ՝ ամուսնության 9 տարիների ընթացքում շարունակաբար ենթարկվել է խոշտանգումների ու բռնության ամուսնու և նրա ընտանիքի կողմից: Մի գիշեր դաժան ծեծի ժամանակ փախել է տնից, ասում է՝ հակառակ դեպքում կարող էր կորցնել կյանքը:
Հասմիկը մինչ առավոտ մնացել է գյուղի ճահճուտների մեջ՝ բոբիկ ու ճղրտված շորերով: Նա չի համարձակվել դուրս գալ փողոց կամ գնալ ծնողների տուն, քանի որ ամուսինը մեքենայով շրջել է փողոցներում՝ նրան գտնելու ու սպանելու սպառնալիքով:
Առավոտյան Հասմիկին գտել են ծնողները և միանգամից Գավառի շրջանի Գանձակ գյուղից տեղափոխել Երևան՝ հիվանդանոց: Հասմիկը դիմել է «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ին, որը նրան ապահովել է ժամանակավոր կացարանով, հոգեբանական և իրավաբանական աջակցություն ցուցաբերել:
Ավելի ուշ՝ դատարանում, Հասմիկի ամուսնուն՝ Սարգիս Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով` հատուկ դաժանությամբ խոշտանգում, որի համար սահմանված պատիժը 3-7 տարի ժամկետով ազատազրկումն է:
Մոտ մեկ տարի տևած դատական գործընթացից հետո Սարգիս Հակոբյանի մեղադրանքը վերաորակվել է խոշտանգումից դառնալով դիտավորությամբ առողջությանը թեթև վնասվածք պատճառել: Այսպիսով՝ նա դատապարտվել է 1,5 տարվա ազատազրկման և համաներմամբ ազատ արձակվել դատական նիստերի դահլիճից:
Հասմիկ Խաչատրյանը ասում է, որ նախկին սկեսուրը, ով Հայաստանում հայտնի բախտագուշակ է, մեծ գումարով միշտ կարողացել է կաշառել իրավապահ ու դատական մարմիններին. իր դեպքը նույնպես բացառություն չէ:
Ազատության մեջ գտնվելով՝ Սարգիս Հակոբյանը՝ հավատարիմ մնալով ինքն իրեն, շարունակել է բռնություն գործադրել ընտանիքում՝ արդեն սեփական ծնողների նկատմամբ: Ծնողներին ծեծելու, նրանցից գումար շորթելու և տունը հրկիզելու փորձ կատարելու համար անցյալ տարի Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել, քննիչը երկամսյա կալանքի որոշում է կայացրել։ Դատարան այս գործը չի հասել:
Այժմ Սարգիս Հակոբյանն ազատության մեջ է և որևէ պատասխանատվություն չի կրում կնոջ և ընտանիքի մյուս անդամների հանդեպ բռնություն կիրառելու համար:
Ի դեպ, Սարգիս Հակոբյանը նույն չափ ագրեսիվ է իրեն դրսևորել նաև մեկ ուրիշ կնոջ նկատմամբ: Հասմիկ Խաչատրյանի դատավարության ընթացքում լրագրողների հետ կապվել էր Վիկա Թովմասյանը, ով նշել էր, թե ինքը Սարգիս Հակոբյանի երկրորդ զոհն է. 2 տարի շարունակ ծեծի, խոշտանգումների ու ստորացումների է ենթարկվել նրա կողմից:
Ծեծի հետևանքով կոտրվել է Վիկայի քիթը, վիժել է 5 ամսականում, դիմել ոստիկանություն: Սարգիսի սպառնալիքներից հետո Վիկա Թովմասյանը հետ է վերցրել դիմումը ոստիկանությունից և փախել Ռուսաստան:
Ընտանեկան բռնության մասին օրենքի բացակայություն
Հայաստանի իրավապահ մարմինների համար ընտանեկան բռնությունը դիտվում է ոչ թե որպես հանցագործություն, այլ նեղ ընտանեկան խնդիր: Հաճախ ոստիկանություն դիմող կնոջը հենց ոստիկանական բաժնում համոզում են հետ վերցնել դիմումը՝ ասելով, թե ամուսնու դեմ բողոքելը հարիր չէ հայ կնոջը: Իսկ այն կանայք, ովքեր հասնում են դատարան, ի վերջո բախվում են արդարադատության անարդար իրականությանն ու կանգ առնում:
Վերջերս մեծ աղմուկ էր բարձրացրել մի դեպք, երբ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Սարգսյանը 51-ամյա Վոլոդյա Մուրադյանին դատապարտել էր 3,5 տարի ժամկետով ազատազրկման՝ դանակի 21 հարվածով անչափահաս երեխաների աչքի առջև կնոջը, 35-ամյա Դիանա Նահապետյանին սպանելու համար:
Մեկ այլ դեպքում՝ կնոջը, Նարինե Զոհրաբյանին 11 տարի շարունակ բռնության և ծեծի ենթարկելու համար Վարդան Ջամալյանը նույն դատարանի դատավոր Թաթուլ Պողոսյանի որոշմամբ տուգանվել է 50000 դրամով (մոտ 100 եվրո):
Իրավապահ մարմիններին դիմելով՝ կանայք ոչ միայն արժանի հատուցում չեն ստանում, այլ նաև ենթարկվում են հոգեբանական ճնշման: Թե իրավապահ համակարգում և թե շրջապատում նրանք «գործ տվող» են ընկալվում:
Իտալացի «գործ տվողը»
Իտալուհի Էսթեր Վիոլանտեն որպես կամավոր ապրում և աշխատում է Երևանում: Նրա երևանյան առօրյան միանգամից փոխվել էր, երբ, լսելով հարևանների տանն ընթացող բռնության ձայները, զանգել էր ոստիկանություն:
Ոստիկանները ժամանել են դեպքի վայր, խոսել բռնարար ամուսնու հետ, այնուհետև Էսթերին ասել, թե ոչինչ էլ չի պատահել ու հեռացել:
Նրանց հեռանալուց րոպեներ անց Էսթերի դուռը ծեծել է մեկ այլ հարևանուհի, ասել, որ ուրիշի ընտանիքի գործերին չխառնվի ու այլևս չփորձի իրենց շենք ոստիկանություն կանչել:
Այդ օրվանից հետո իտալուհուն շենքում «գործ տվող» են համարում, մի անգամ էլ դռան դիմաց հարևանները կղանք են դրել` Էսթերին հոգեբանորեն ճնշելու համար:
«Ես համոզված եմ, որ ոստիկաններն էին տեղյակ պահել հարևաններին, թե ով է «գործ տվողը»: Հարևանուհիս ասում էր, որ Հայաստանում նորմալ է, երբ ամուսինը ծեծում է կնոջը: Իսկ ես բազմիցս նրանց բացատրել եմ, որ եթե իրենց համար նորմալ է բռնությունը, ինձ համար` ոչ: Հայաստանը միակը չէ, ամեն տեղ կա ընտանեկան բռնություն, բայց ես առաջին անգամ էի տեսնում, որ իրավապահներին այդ մասին տեղյակ պահելը, օրինական ճանապարհը՝ հասարակության աչքում ինքնին հանցանք է»,- ասում է Էսթերը:
Կա դրամաշնորհ` կա օրենք
Մարդու իրավունքների ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակներում Եվրոպական միությունը Հայաստանին 11 միլիոն եվրո բյուջետային օժանդակություն կտրամադրի: Դրա դիմաց Եվրամիությունը ակնկալում է Հայաստանից, որ այն կմիանա Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիային (Ստամբուլի կոնվենցիա), ինչպես նաև կընդունի Ընտանեկան բռնության մասին օրենքը:
Հիշեցնենք, որ ընտանեկան բռնության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններն վերջին 3 տարիներին ընթացքում բանակցում էին ՀՀ պետական ապարատի հետ` հորդորելով ընդունել Ընտանեկան բռնության մասին օրենքը: Այդ բանակցություններն անընդհատ փակուղի էին մտնում մինչ այն պահը, երբ Եվրոպական միությունը հայտարարեց տրամադրվելիք դրամաշնորհի մասին:
Վերջերս ՀՀ արդարադատության նախարարության առաջատար մասնագետ Ալեն Մկրտչյանը նշել է, որ Ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունման ժամանակացույց է ընտրված 2016 թվականի 4-րդ եռամսյակը: Այս հայտարարությունն արվել է «Ընտանեկան բռնության կանխարգելման օրենսդրությունը` որպես մարդու իրավունքների պաշտպանության կարևոր նախապայման» թեմայով կլոր սեղանի ժամանակ, որին ներկա էին կառավարության, Ազգային ժողովի, ոստիկանության, միջազգային կազմակերպությունների և ՀԿ ներկայացուցիչները:
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» իրավաբան Նոնա Գալստյանը, ով մասնակցել է օրենքի նախագծի մշակման աշխատանքներին, մեզ հետ զրույցում նշեց, որ հիմնական շեշտադրումը նախագծում դրված է բռնության կանխարգելիչ միջոցառումների վրա:
«Առաջին հերթին ոստիկանության կողմից կլինի պաշտոնական նախազգուշացում բռնարարին` գրավոր: Սա կիրառվելու են այն դեպքում, եթե բռնությունն առաջին անգամ է տեղի ունեցել և հանցակազմ չի պարունակում` ծեծ կամ խոշտանգում չկա: Եթե բռնությունը կրկնվի կամ պարունակի հանցակազմի հատկանիշներ, կկայացվի արտակարգ միջամտության որոշում` կրկին ոստիկանության կողմից:
Արտակարգ միջամտությունը ենթադրում է, որ բռնարարն իրավունք չի ունենա 100 մետրից ավելի մոտենալ զոհին, զանգահարել, անհանգստացնել կամ նրա մասին տեղեկություններ հավաքել: Այնուհետև հաջորդում է պաշտոնական որոշման փուլը, որը կիրառվում է դատարանի որոշմամբ: Կրկին նույն սահմանափակումներն են կիրառվելու, սակայն մի տարբերությամբ, որ բռնարարը կարող է հեռացվել իր բնակության վայրից` անկախ նրանից` այդ տունն իր սեփականությունն է, թե ոչ»,- բացատրում է Նոնա Գալստյանը:
Պետական մարմիններն օրենքը չընդունելու հիմնական պատճառ էին համարում ռեսուրսների բացակայությունը: Այժմ, Եվրոպական միության աջակցությամբ, նախատեսվում է ապաստարանների և հոգեբանական աջակցության կենտրոնների ստեղծում` զոհի և բռնարարի համար:
Այս պահին Հայաստանում գոյություն չունի բռնարարի հետ աշխատանքներ տանող որևէ կազմակերպություն:
Ընտանեկան բռնության զոհերին աջակցում են հասարակական կազմակերպությունները
Ընտանեկան բռնության ենթարկված կանանց համար գործում է թեժ գիծ, որտեղ զանգելուց հետո կատարվում է կնոջ վիճակի գնահատում: Եթե ամուսնու հետ նույն տարածքում մնալը վտանգ է ներկայացնում կնոջ կյանքի համար, նրան փորձում են տեղավորել բռնության ենթարկված կանանց համար նախատեսված ապաստարանում: Երևանում, օրինակ, գործում է «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի ապաստարանը, որը հիմնադրվել է սփյուռքահայ բարերար Ջեյմս Թուֆենկյանի ֆինանսավորմամբ:
Այստեղ 2016թ-ի հունվարից մինչ այսօր տեղավորվել է 26 մարդ` կանայք իրենց երեխաներով: Ապաստարանում բոլոր դիմողներին չէ, որ կարողանում են ընդունել` ոչ բավարար ռեսուրսների պատճառով: Թեժ գծի և ապաստարանի մասին կանայք տեղեկանում են մարզպետարաններում, համայնքապետարաններում և ոստիկանության բաժիններում տարածվող թռուցիկներից:
Իրազեկման ակցիաների շրջանակներում «Կանանց աջակցման կենտրոնի» թեժ գծի հեռախոսահամարը փակցվում է նաև մետրոյի վագոններում, բնակելի շենքերի վերելակներում։
«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի ծրագրերի պատասխանատու Հասմիկ Գևորգյանն ասում է, որ ընտանեկան բռնության մասին օրենքի բացակայությունն ամենամեծ խոչընդոտներից է ապաստարանի գործունեության համար: Ապաստարանի կարևորագույն սկզբունքներից է գտնվելու վայրի գաղտնիությունը, քանի որ հաճախ բռնարար ամուսինները գնում են կանանց հետևից և փորձում կրկին բռնություն գործադրել:
«Մեզ համար առաջնային խնդիրներից մեկն ապաստարանի համար վարձով տարածք գտնելն է, քանի որ սեփականատերը միշտ հետաքրքրվում է, թե ինչի համար է տարածքը, իսկ մենք չենք կարող իրական պատճառն ասել: Գալիս է թաղային տեսուչը, հարցնում, թե մենք ով ենք, որ վարձում ենք տարածքը: Որքան կարելի է այսքան լարված աշխատել կամ սեփականատիրոջը համոզել: Կարծում եմ` օրենքի առկայության դեպքում հանգիստ կաշխատենք, քանի որ կլինի պետական պաշտպանություն` անվտանգություն»,- ասում է Հասմիկ Գևորգյանը:
«Կանանց աջակցման կենտրոնի» ապաստարանի գտնվելու վայրը մինչև օրս չի բացահայտվել, սակայն եղել են դեպքեր, երբ սոցաշխատողները ստիպված են եղել անվտանգությունն ապահովելու համար բոլոր կանանց դուրս բերել այնտեղից:
Ապաստանում հայտնված յուրաքանչյուր կին վնասվածքներ է ունենում, որոնք բժշկական միջամտության կարիք ունեն: «Կանանց աջակցման կենտրոնը» հավելյալ ֆինանսական ներդրումներ չի կարողանում անել` կանանց առողջապահական խնդիրների լուծման համար:
«Եթե վիճակագրորեն նայենք, մեծ մասը, ովքեր տեղավորվում են ապաստարանում, ունեն կոտրվածքներ` քթի շրջանում: Նրանց երեխաները թերսնված են, իրենք` հոգեբանորեն ծանր վիճակում են: Առողջապահական աջակցություն ցուցաբերելը մեծ խնդիր է մեզ համար»,- ասում է Հասմիկ Գևորգյանը:
«Կանանց աջակցման կենտրոնի» ծրագրերի պատասխանատուն նշում է նաև, որ ընտանեկան բռնության ենթարկված կանանց մեծ մասը հոգեբանական ծանր տրավմայի է ենթարկված լինում, իսկ հոգեբույժի մոտ հաշվառելու մշակույթը Հայաստանում նույնպես զարգացած չէ:
«Բացի դրանից, իրավական և դատական պրոցեսում կանանց հոգեբուժարանում հաշվառված լինելը կարող է բացասական ազդեցություն ունենալ որոշումների կայացման վրա: Քննիչը երբեմն ասում է, թե կինը սովորականից դանդաղ է խոսում, բայց թե այդ կինը քանի հարված է ստացել իր գլխին և դա ինչի արդյունք է, որևէ մեկին չի հետաքրքրում»,- ասում է Հասմիկ Գևորգյանը:
Պայքարը շարունակվում է
Հասմիկ Խաչատրյանը, ով 1.5 տարի դատական պրոցեսից հետո ի վերջո ազատվեց ամուսնու հալածանքներից, Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարի օրինակ է դարձել: Նա անցյալ տարի Համընդհանուր իրավունքներին նվիրված ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ Եվրոպական միության կողմից արժանացավ «Խիզախ կին» մրցանակին:
Սակայն Հասմիկի պայքարը շարունակվում է: Նա փախլավա պատրաստելու հետ մեկտեղ դեռ ստիպված է ապացուցել հասարակությանը, որ ամուսնալուծված կինը նույնպես ի վիճակի է սեփական բիզնեսն ունենալ, երեխա մեծացնել ու արժանապատիվ ապրել:
«Շուկայից ես միանգամից մի պարկ ալյուր եմ առնում, մեծ տարայով ձեթ, որ մի որոշ ժամանակ բավականացնի: Մի անգամ ծանր պարկով ալյուրն առել էի, փորձում էի տաքսիում տեղավորել, տաքսու վարորդն ասաց` ես պարկը չեմ դնի իմ մեքենան, քո հետ մի տղամարդ չկա՞, որ օգնի: Ասացի, ես կդնեմ, պատասխանեց, որ իր մեքենան ալյուրի պարկի համար չէ: Հասկացա, որ տղամարդ տաքսու վարորդն ուղղակի չէր ուզում ինձ օգնել, քանի որ իմ կողքին տղամարդ չկար: Իհարկե, հետո ուրիշ տաքսիով ու վաճառողների օգնությամբ տարա պարկը, բայց իմ պայքարն ամեն օր շարունակվում է»,- ասում է Հասմիկը:
Հրապարակվել է՝ 13.05.2016