«Առաջնորդ չկա, և պետք էլ չէ»․ բախումներ Բելառուսում, օր երրորդ
Ուժայինների աճող դաժանություն, ցույցեր առանց առաջնորդների, նոր տիպի «եվրոպական» հեղափոխության հնարավորություն։ Ցույցերի հինգ նոր տեխնոլոգիա։
Ի՞նչ է ցույց տվել Բելառուսի մայրաքաղաքի ցույցերի երրորդ օրը։
Զանգվածային ցույցերի երրորդ օրն․ ամենագլխավորը
Ուժայինների առանձնահատուկ դաժանությունը ցուցարարների նկատմամբ․
ոստիկանությունն ակտիվորեն հատուկ միջոցներ է կիրառում և, այդ թվում, հարձակվում է լրագրողների վրա, մարդկանց ծեծում են հենց փողոցում։
Տեսանյութ է հրապարակվել, որում երևում է, որ Մինսկի միլիցիայի բաժանմունքներից մեկում տասնյակ ձեռնաշղթաներով մարդիկ պառկած են դեմքով դեպի ասֆալտը։
Ընդհանուր առմամբ, ողջ երկրում ձերբակալվածների թիվը հասել է 5 հազարի։
• Բելառուսում վճռորոշ նախագահական ընտրություններ են
• Կարծիք․ Ռուսաստանը հոգնել է Պուտինից։ Ի՞նչ կարող է նա անել
Բնակչության դեմ ագրեսիա։
ՕՄՕՆ–ը շրջում էր բակերում, դռներ կոտրում և դաժանաբար ծեծում մարդկանց։ Կոտրում էին ավտոմեքենաների ապակիներն ու ծեծում վարորդներին, որոնք ազդանշաններով սատարում էին ցուցարարներին։
Կրակում էին բնակարանների պատուհաններին, որոնց բնակիչները նկարահանում էին կատարվածը։
Ցուցարարներն առաջնորդներ չունեն։
Այն բանից հետո, երբ նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան լքեց երկիրն ու հանրային կերպով ցուցարարներին կոչ արեց դադարեցնել ակցիաները, քաղաքական գործիչներից ոչ ոք չցանկացավ միանալ ռեժիմի դեմ պայքարին։
Մարդիկ ինքնակազմակերպվում են առանց որևէ ղեկավարի։ Որոշ ակտիվիստներ պնդում են, որ ցույցերի առաջնորդ այս իրավիճակում պետք չէ։
Ընդհակառակն, ապակենտրոնացված ելույթներն իշխանություններին խանգարում են բռնաճնշումներ իրականացնել։
Ցույցը վերախմբավորվում է։
Ցուցարարները քաղաքի կենտրոնից տեղափոխվել են ծայրամասեր։ Բախումների մեծ մասը հենց այնտեղ է տեղի ունեցել։
Ցուցարարների գործողությունները կազմակերպվում են Տելեգրամի անանուն ալիքների միջոցով։
Կարծիք․ առաջին իսկական «եվրոպական հեղափոխության» շանս
Հայտնի ռուս տնտեսագետ և քաղաքագետ Վլադիսլավ Ինոզեմցևը կարծում է, որ Բելառուսի ցույցերն արմատապես տարբերվում են հետխորհրդային տարածքում տեղի ունեցած նույնատիպ իրադարձություններից․
«Բելառուսական քեյսը» կարող է ուկրաինականից (Մայդանից) շատ ավելի հետաքրքիր և կարևոր լինել։ Եթե Ուկրաինայում զանգվածների հեղափոխական էներգիան ամեն անգամ օգտագործվում է այս կամ այն օլիգարխի կողմից, ապա Բելառուսում այսօր իրոք ժողովրդական հեղափոխության շանս կա, որն իրական, այլ ոչ թե նշանակված առաջնորդների կառաջադրի։
Բելառուսը Ռուսաստանը չէ․ այնտեղ այժմ պայքար է ընթանում ոչ թե քաղաքական ուղղվածության շտկման, այլ ազգի կենդանի մնալու համար, որի կյանքը սպառնալիքի տակ է դրվել իշխանությունը զավթածների և նրա մանկլավիկների կողմից։
Առավել հավանական է հզոր ժողովրդական շարժման ձևավորումը՝ նոր առաջնորդներով, ինչը հիշեցնում է 1980–ականներին Բելառուսին իր տիպով մոտ Լեհաստանը և դրա «Համերաշխությունը»։
2020 թ–ի Մինսկը ոչ թե 2004 և 2014 թվականների մայդանների, 2018 թ–ի հայկական ցույցերի ժառանգությունն է, այլ 1989 թ–ի մասշտաբային եվրոպական դիմադրության, որը տապալեց ոչ թե առանձին ղեկավարների, այլ անմարդկային կոմունիստական ռեժիմը»։
Բելառուսական ցույցերի հինգ նոր տեխնոլոգիաներ։ Տեսանյութ