Պիպպիից մինչև Սիլվիա Պլատ
Գեղարվեստական գրականության ստեղծագործությունների վարկանիշ կազմելն անշնորհակալ գործ է, գիրք կարդալն ինդիվիդուալ գործընթաց է, և ամեն ընթերցող ինքն է կազմում սիրած գրքերի ցուցակը:
Այն, ինչին կծանոթանաք ստորև, միայն խորհուրդներ են: Սոցկայքերի միջոցով մենք դիմեցինք Վրաստանի կանանց՝ խնդրելով նշել այն գրքերը, որոնք ամենամեծ ազդեցությունն են ունեցել նրենց վրա և դարձել են նոր գաղափարների ու ոգեշնչման աղբյուր:
«Ապակե անոթը» (The Bell Jar)
Հեղինակ՝ Սիլվիա Պլատ (Sylvia Plath)
Ամերիկյան հայտնի պոետ Սիլվիա Պլատի ամենահայտնի արձակ ստեղծագործությունը՝ «Ապակե անոթը», լույս է տեսել նրա ինքնասպանությունից մեկ ամիս առաջ: Այս ինքնակենսագրական գրքում ամերիկյան պոետ Ջոն Հյուզի կինն ու երկու երեխաների մայրը գրում է ծանր ընկճախտի իր վիճակի մասին, հոգևոր միայնության, ինքնասպանության հնարավորությունների փնտրտուքի և իրականություն վերադառնալու մասին:
«Ոսկե տետր» (The Golden Notebook)
Հեղինակ՝ Դորիս Լեսինգ (Doris Lessing)
«Ոսկե տետրը» լույս է տեսել 1962թ.-ին և դարձել է ֆեմինիստների սեղանի գիրքը: 2007թ.-ին Լեսինգը Նոբելյան մրցանակի արժանացավ: Նոբելյան կոմիտեի մրցանակը նրան է շնորհվել «կանանց փորձի՝ սկեփսիսով, կրքով ու մարգարեական ուժով լի բացահայտման» համար: Լեսինգի կյանքն ինքնին բավականին ոչ տիպիկ է եղել: Նա ծնվել է Իրանում, մեծացել Հարավային Ռոդեզիայում, երիտասարդ տարիքում համակրում էր կոմունիստներին, ծանր էր մոր՝ նրա ճակատագիրը… Այս ամբողջ փորձը նրա գրականությունը բացառիկ ու խորն է դարձնում: «Ոսկե տետրում» անկեղծ ու համոզիչ պատմվում է «ազատ կանանց» կյանքի մասին, կնոջ և տղամարդու հարաբերությունների մասին: Ահա մի մեջբերում գրքից. «Ճշմարտությունն այն է, որ կինն ունի խորը, բնազդային պահանջ տղամարդուց իսկական տղամարդ կերտելու… Կարծում եմ, դա գալիս է նրանից, որ իսկական տղամարդիկ ավելի ու ավելի հազվադեպ երևույթ են դառնում, այդ պատճառով էլ մենք ճիգեր ենք գործադրում և ձգտում ստեղծել նրանց»:
«Սեփական սենյակը» (A Room of One’s Own)
Հեղինակ՝ Վիրջինիա Վուլֆ (Virginia Woolf)
«Ամեն կին, եթե նա պատրաստվում է գրել, պետք է ֆինանսական միջոցներ և սեփական սենյակ ունենա», — Վիրջինիա Վուլֆի այս խոսքերն իրական հեղաշրջում արեցին 20-րդ դարի սկզբին և դարձան այն ժամանակվա ֆեմինիստների ոգեշնչման աղբյուրը: Ցավոք, 21-րդ դարում Վուլֆի այս արտահայտությունը դեռ արդիական է:
«Հպարտություն և նախապաշարմունք» (Pride & Prejudice)
Հեղինակ՝ Ջեյն Օսթին (Jane Austen)
Բենեթների սովորական ընտանիքում 5 աղջիկ կա, և ծնողները նրանց շահեկան ամուսնության հեռանկարներ չեն տեսնում: Եվ այդ ժամանակ նրանց հարևանությամբ բնակություն է հաստատում չամուսնացած հարուստ մի տղամարդ… Դարսի և Լիզի Բենեթը մինչ այժմ համարվում են անգլիական գրականության ամենառոմանտիկ զույգը: Բի-Բի-Սիի վարկանիշի համաձայն, Ջեյն Օսթինի վեպը «Աշխարհի 200 լավագույն» գրքերի ցուցակում երկրորդ տեղն է զբաղեցնում:
«Կույր մարդասպանը» (The Blind Assassin)
Հեղինակ՝ Մարգարեթ Էթվուդ (Margaret Atwood)
Բոլոր նրանց, ովքեր ծանոթ չեն այս կանադացի գրողի ստեղծագործություններին, մեծ հաճույք է սպասվում: «Կույր մարդասպանը» 21-րդ դարի առաջին վեպն է, որի հեղինակին Բուկերովի մրցանակ է շնորհվել: Այս ընտանեկան պատմությունը ներառում է ողջ 20-րդ դարը: Երկու քույրերի՝ Այրիսի և Լորա Չեյզերի սիրո և ատելության անսովոր պատմությունն այնպիսի օրիգինալ ձևով է գրված, որ գլխավոր բացահայտումներն ընթերցողին են սպասում երկրորդ մասում միայն:
«Երկրորդ սեռը» ( The Second Sex )
Հեղինակ՝ Սիմոնա դե Բովուար (Simone de Beauvoir)
Սիմոնա դե Բովուարի այս երկհատորյա ստեղծագործությունը մինչև հիմա համարվում է կանանց խնդիրների փիլիսոփայական և պատմական հետազոտություն: Ինչո՞ւ է այնպես ստացվել, որ կանանց կյանքն ու կարգավիճակը աշխարհում տարբերվում է տղամարդու կյանքից ու կարգավիճակից: Դե Բովուարն իր ստեղծագործությունում փորձել է բացատրել կնոջ ենթակա կարգավիճակը: Այս գործն այնպիսի տարատեսակ կարծիքներ է առաջացրել, որ Վատիկանն այն ներառել է «Արգելված գրքերի ինդեքսում»:
«Թանկագին կյանք» (Dear Life)
Հեղինակ՝ Էլիս Մունրո (Alice Munro)
Արդեն 30 տարի է՝ Էլիս Մունրոն աշխարհում համարվում է կարճ պատմվածքների լավագուն հեղինակ: Չնայած վրացի ընթերցողը ծանոթ է Մունրոյին ոչ այդքան վաղուց, այն բանից հետո երբ կանադացի այս գրողին Նոբելյան մրցանակ շնորհվեց: Նրան հաճախ են համեմատում Չեխովի հետ և դա անհիմն չէ. Մունրոյի հերոսները կենդանի մարդիկ են, նրանք ապրում են մեր կողքին և մենք ճանաչում ենք նրանց:
«Սեքսը մեծ քաղաքում» (Sex and The City)
Հեղինակ՝ Կենդես Բուշնել (Candace Bushnell)
Գիրքն իրենից ներկայացնում է հոդվածների ընտրանի, որոնք Կենդես Բուշնելը գրել է 1994թ. The New York Observer-ի համար: Գլխավոր խմբագիրը Բուշնելին սյունակ է հատկացրել ամսագրում և ասել, որ կարող է գրել՝ ինչի մասին ուզում է: Այսպես ստեղծվել են Նյու Յորքի 4 ազատ բնակիչների կերպարները, ում անկեղծությունն ու ինքնահեգնանքը ամբողջ աշխարհի կանանց համար շոկ էր: Քերրիին, Սամանթային, Միրանդային և Շարլոթին շատերն են ճանաչում նույնանուն սերիալից, չնայած որ նրանց կերպարների ձևավորման գործում գլխավոր դերը սցենարինն է:
«Պաուլա» («Paula»)
Հեղինակ՝ Իսաբել Ալյենդե (Isabel Allende)
«Լսիր, Պաուլա: Ես քեզ այնպիսի պատմություն կպատմեմ, որ երբ զարթնես, քեզ կորցրած չզգաս», — այսպես է սկսվում հայտնի չիլիացի գրող Իսաբել Ալյենդեի «Պաուլա» գիրքը: Այն դստերը՝ Պաուլային, ուղղված նամակների տեսքով է, ով կոմայի մեջ է: Դրանցում Ալյենդեն խոսում է քաղաքականության, կրոնի, իր վաղեմի սիրո և մոր մասին:
«Երկարագուլպա Պիպպին» (Pippi Longstocking)
Հեղինակ՝ Աստրիդ Լինդգրեն (Astrid Lindgren)
Նա ֆինանսապես անկախ է, քանի որ տանը ոսկյա սալիկներով լի պարկ ունի, կարողանում է կրակել ատրճանակով, կարող է ուսերին ձի բարձրացնել և 9 ծով կտրել: Պիպիլոտան համոզել է մեզ՝ փոքր աղջիկներիս, որ ուժեղ ենք, իսկ Աստրիդը մեզ ցույց է տվել, որ մենք՝ աղջիկներս, կարող ենք տղամարդկանցից լավ գիրք գրել: Բացի այդ, Պիպին սովորեցրել է մեզ, որ աղջիկները ցանկացած տարիքում աղջիկ են մնում:
29.04.2016