Նոր Երևանը վերացնում է հինը
Լուսանկարիչ-ժամանակագիրը
Նրա տեսախցիկի օբյեկտիվը որսում է Երևանի կենտրոնում քանդվող հերթական պատմական կենսագրություն ունեցող շենքի վերջին բեկորները: Լուսանկարներում պահպանվում է մայրաքաղաքի պատմամշակութային հիշողությունը, սակայն այսօր արդեն 2798-ամյա Երևանում հնարավոր չէ գտնել 200 տարվա վաղեմություն ունեցող որևէ շինություն:
Ապամոնտաժված հուշարձան շենքեր քարերի մոտ, լուսանկարը՝ Լենա Նազարյանի
2000 թվականից ՀՀ կառավարության որոշման համաձայն հանրային գերակա շահ ճանաչվեցին Երևանի կենտրոնական մասի շատ հատվածներ, որտեղ պահպանվում էին քաղաքի պատմամշակութային մի քանի շերտեր: Իշխանությունները հայտարարեցին. քաղաքը կենդանի օրգանիզմ է, և նրանից ժամանակ առ ժամանակ պետք է հեռացնել նույն քաղաքի կենսագործունեությանը խանգարող մասերը: Արդյունքում Երևանի կենտրոնում այսօր վեր են խոյացել նորակառույց էլիտար շենքերը:
39-ամյա Բիանջյանը պատմում է, որ անմահացրել է քանդվող հին Երևանի յուրաքանչյուր ակնթարթը՝ Հյուսիսային պողոտա, Երիտասարդության պալատ, «Արագիլ» ռեստորան, Փակ շուկա, կրկես, «Զվարթնոց» կինոթատրոն, Աֆրիկյանների շենքը…
«Բյուզանդի փողոցի ամեն քանդվող շենքի հետ, ես ապրել եմ: Հիմա, երբ անցնում եմ ու տեսնում, որ այլևս ոչինչ չի մնացել, փոխարենը այդքան խիտ վիշապների նման շարվել են նորակառույցները, նույնիսկ ես չեմ հավատում, որ այդ փողոցի վրա ընդամենը 10 տարի առաջ, մի ուրիշ միջավայր էր: Դալանիկները, որտեղից մտնում էինք ու հայտնվում հետաքրքիր կոլորիտով բակերում, երեխաների աղմուկը, նարդի խաղացող մեծերը… Ես հայտնվեցի այդ ամենի մեջ ուշացած, էն որ ասում են. հասա վերջին վագոնին ու ընդամենը ցտեսություն ասացի»,- պատմում է Հայկը:
Ճարտարապետները մեղավոր չեն
2004 թվականին հրապարակվեց Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկը հաստատելու մասին կառավարության 1616-Ն որոշումը, որը սակայն չկարողացավ փրկել քանդվելուց ցանկում ընդգրկված 975 հուշարձաններից շատերը:
Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը նշում է. հին քաղաքը պահպանելու սկզբունքը ընդունված է ամբողջ աշխարհում, սակայն Երևանում չեն ցանկանում հեռանալ կենտրոնից:
«Մենք վարչական, հրամայական մեթոդով պահպանելու սկզբունքը չընդունեցինք, ընդհակառակը՝ասացինք, հին է՝ կառուցում ենք նորը: Կարելի էր կառուցել, բայց ոչ կենտրոնում, քաղաքը մեծ հնարավորություններ ունի, խոսքս հողային ռեսուրսների մասին է: Աշխարհում է այդպես ժամանակակից, օֆիսային կենտրոններով հագեցած բարձրահարկերն ու բնակելիները ստանում են առանց քաղաքի կենտրոնը վնասելու», — ասում է Մինասյանը:
Ճարտարապետների միության նախագահը նշում է, որ հաճախ բոլորը մեղադրում են ճարտարապետներին, բայց նրանք կատարում են վարչական մարմինների պահանջները.
«Կապիտալը ասում է. ես այս տեղն եմ ուզում, ու եթե քաղաքը ցանկանում է ներդրում ստանալ, պետք է տրամադրի այդ հողակտորը՝ այդ չափով, այդ հարկայնությամբ: Խորհրդային տարիներին, բոլոր տեսակի շինությունների պատվիրատուն միայն պետությունն էր, այսօր պետության տոկոսը նոր կառուցվող կառույցների մեջ 5-10 տոկոս է կազմում, մնացածը մասնավորի ձեռքում է»:
2008 թվականին Հայաստանը վավերացրել է ճարտարապետական հուշարձանների վերաբերյալ եվրոպական կոնվենցիան, որով պատմամշակութային հուշարձան շինությունը չի կարելի առանց լուրջ պատճառների տեղափոխել: «ՀՀ Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության ու օգտագործման մասին» օրենքի 21-րդ հոդվածի համաձայն, հուշարձանի քանդումն արգելվում է, լինի այն հանրապետական, թե տեղական նշանակության հուշարձանը կարող է տեղափոխվել միայն բացառիկ դեպքերում՝ ՀՀ կառավարության թույլտվությամբ:
Ճարտարապետ Սաշուր Քալաշյանը, դժգոհություն հայտնելով, նշում է, ունենք գրված օրենք, սակայն օրենքի գերակայությունը երկրում բացակայում է, կա ընդամենը անձնական շահի գերակայություն.
«Ասում ենք պետության համար գերակա հանրային շահ ճանաչված, բայց ո՞ր մի քանդված տեղում է որևէ մի պետական նշանակության շինություն կառուցվել: Կառուցում են մասնավորները, մինչդեռ պետությունը պետք է առաջ տանի հանրության շահերը, բայց ես չեմ տեսնում: Թե պետությունը ո՞ւմ շահերն է պաշտպանում՝ ակնհայտ է, այս պահին պարզապես ֆինանսական խնդիր են լուծում բյուջեն լցնելու համար»:
Ճարտարապետները ցավով են նշում, որ Երևանը կորցրել է իր այն դիմագիծը, որը կանխորոշել էր հայ նոր ճարտարապետության հիմնադիր Թամանյանը: 1934թ. ճարտարապետը սկսել էր «Մեծ Երևանի» (500 հզ. բնակչի համար) հատակագծումը, որը մնացել էր անավարտ: Իսկ Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ մայրաքաղաքի կենտրոնը պետք է կառուցապատվի թամանյանական հատակագծին համահունչ:
Սաշուր Քալաշյանը կարծում է, որ ազգային մշակույթի դիմագիծը՝ ճարտարապետությունն է. «Երբ գնում ենք այլ երկրներ, առաջին էկզոտիկ տպավորությունը ստանում ենք ճարտարապետությունից, որը ժամանակի ընթացքում ձևավորվել է ու դարձել է ընկալելի: Դրանով սկսվում է մեր վերաբերմունքը այդ ազգի նկատմամբ»:
Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն էլ նշում է. Ալեքսանդր Թամանյանը Երևանը նախագծել է քաղաք-այգի սկզբունքով.
«Քաղաք-այգի ամֆիթատրոնի վրա: Դեպի հյուսիս Երևանը բարձրանում է ու ամբողջ իր տեսողությամբ նայում Արարատյան դաշտավայրին, Արարատ լեռանը, դրանից մեծ տեսարան ու հետաքրքիր մտահղացո՞ւմ: 20-րդ դարի սկզբին նա կարողացել է տեսնել Օպերայի շենքը այդ մաշտաբներով, այդպիսի հրապարակում: Պետք էր քաջություն ունենալ, բացի ֆանտազիայից, այդ բոլորը խորհրդային շրջանում անցկացնելու համար, որպեսզի քեզ հավատային, որ դու ճիշտ ուղու վրա ես: Ու նա մեզ թողեց հրաշալի ժառանգություն, հիանալի դպրոց, ճարտարապետների, ովքեր հետագայում պահպանեցին թամանյանական գիծն ու ուղղվածությունը»:
Խորհրդային ճարտարապետությունը ավելի ֆունկցիոնալ էր, խիստ ոճով, առանց ազգային դրոշմի: Մինասյանը նշում է. Երևանում հաջողվեց պահպանել ազգայինը, հակառակ դեպքում ունենալու էինք՝անհոգի ու անդեմ քաղաք, մինչդեռ այսօր հին Երևանից ընդամենը բեկորներ են մնացել.
«Պուշկին, Աբովյան փողոցներում դեռևս պահպանվել է այդ միջավայրը, և շատ լավ կլիներ, որ կառուցապատողը պահեր շենքերի ճակատային հատվածները»:
Պուշկինի 4 հասցեում գտնվող շենքի պատին փակցված է «Պահպանվում է պետության կողմից» ցուցանակը, այն մայրաքաղաքի պատմությունը կրող եզակի կանգուն կառույցներից մեկն է: Շենքի նկուղային հարկում գինու մառանն է:
Հին քաղաքի բնակիչները
Պուշկինի 4/5 հասցեում բնակվող 84-ամյա Աշոտ Կիլիկյանը պատմում է, որ տունը պատկանել է նշանավոր գինեգործ Վասիլ Թաիրովին: Այստեղ է ապրել նաև Երևանի առաջին գլխավոր ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանը, Վասիլ Թաիրովի տղայի՝ Մկրտիչ Թաիրովի կինը՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Անիկ [Անահիտ] Մկրտումյանը:
Կիլիկյանները տունը ձեռք են բերել 1953 թվականին Անիկ Մկրտումյանից: Շենքի հարևանությամբ գործել է Երևանի առաջին ատամնաբուժարանը, մյուս մասում՝ հայտնի պանրի արտադրություն է եղել, առաջին անգամ ծորակից ջուր է հոսել հենց Պուշկինի 4/5-ի բակում:
«Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը նշում է. հնագույն շենքերը հետաքրքիր են զբոսաշրջության տեսանկյունից.
«Թեպետ մեր երկրում տուրիզմը և գինեգործությունը հայտարարված են որպես տնտեսության գերակա ճյուղեր, սակայն անխնա ոչնչացվում են այն շենքերը, որոնք քաղաքի պատմության մի մասնիկն են և հետաքրքիր են տուրիստների համար: Այս քաղաքականության հետևանքով մենք կորցնում ենք քաղաքի դիմագիծը, որից շատ դժվար է տուրիստական պրոդուկտ ստեղծել և վաճառել»:
Հայկ Բիանջյանն էլ նշում է, որ երբ դրսից հյուրեր են ունենում, հարցնում են. «Իսկ որտե՞ղ է հին քաղաքը»:
Հին քաղաքի ապագան
Պուշկինի, 4 և հարակից տարածքները կառավարության 2013 թվականի որոշմամբ ճանաչվել են բացառիկ գերակա հանրային շահ և ձեռք բերվել «Լոկալ դեվելոփերս» շինարարական ընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանի կողմից:
«Ընկերությունը մեզ առաջարկում է մեր տան դիմաց փոխհատուցում՝ 196 մլն 100 հազար դրամով, մինչդեռ մենք վճարել ենք մասնավոր մի ընկերության, ովքեր մեր 932 քմ տարածքը գնահատել են 618 մլն 141 հազար դրամ։ Մեզ կողոպտում են, մեզանից գողանում են 400 մլն դրամ, հենց այնպես վերցնում են ու չկա»,- ասում է տանտերը՝ Աշոտ Կիլիկյանը և ավելացնում, որ դատական հայց են ներկայացրել «Լոկալ դեվելոփերս» ընկերության դեմ՝ պահանջով, որ ընկերությունն ավելացնի այդ տարածքի դիմաց տրվող փոխհատուցման գումարը:
Ընկերության դեմ դատական հայց են ներկայացրել այդ տարածքի այլ բնակիչներ էլ: Պուշկինի 4-ում է գտնվում նաև Երևանի ամենահայտնի ռեստորաններից մեկը՝ «Դոլմաման»: Այստեղ հայկական ուտեստներ են ճաշակել Ֆրանսիայի երեք նախագահները, Հիլարի Քլինթոնը, Վլադիմիր Պուտինը, Քարդաշյան քույրերը, դերասաններ Ալեն Դելոնը, Ժերար Դեպարդիեն, երգիչ Խուլիո Իգլեսիասը, գրողներից՝Պաուլո Կոելիոն և շատ այլ հայտնիներ:
Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը արդեն իսկ հայտարարել է, որ Պուշկինի 4 հասցեում գտնվող նկուղները չեն քանդվելու:
«Վստահ եմ, որ երբ լինի առաջադրանք, դրանում կամրագրվեն բոլոր սահմանափակումները, թե ինչն է կարելի և ինչը չի կարելի: Սահմանափակումները կլինեն հուշարձանները տեղում պահպանելու վերաբերյալ, դրա մեջ կմտնի նաև նկուղների հարցը, եթե դրանք արժեքավոր են: Ես ինքս չեմ եղել այդ նկուղում», — ասել է քաղաքաշինության նախարարը:
Երևանի կենտրոնից ապամոնտաժվել են ու հատուկ վայրում պահպանվում են պատմամշակութային հուշարձան շենքերից մի քանիսը, այդ թվում և հայտնի 130-ամյա մի շենք, որը ժամանակին կառուցել են մեծահարուստ Աֆրիկյան եղբայրները: Այն եղել է քաղաքի նշանավոր մարդկանց և վերնախավի հավաքատեղի:
Համարակալված շենքերի քարերը համաձայն իշխանությունների խոստումների, վերականգնվելու են «Հին Երևան» նախագծում՝ դարձյալ Երևանի կենտրոնում, մինչդեռ ճարտարապետների գնահատմամբ այդ ծրագիրը հին Երևանի հետ կապ չունի:
«Իրար կողքի դրվելու են տարբեր փողոցներից բերված, ինչ որ շենքեր, կամ նրանց հատվածներն ու բեկորները: Ուղղակի բիզնես ծրագիր է:Կառուցելու են մի մեծ շենք, որտեղ լինելու են խանութներ, մարդկանց բերելու ենք դա ցույց տանք ու ի՞նչ ասենք, որ սա Երևա՞նն է: Ծիծաղի առարակա ենք դառնալու, առավել ևս պորֆեսիոնալների կողմից»,- ասում է ճարտարապետների միության ղեկավար Մկրտիչ Մինասյանը:
«Ամեն ինչ քանդվում էր, ու ես նկարում էի, ինքս ինձ հարցնում եմ՝ իմ նկարածներից ո՞րն է փրկվել՝ ո՛չ մեկը: Հիմա քաղաքում տեղեր կան՝ աչքերս փակում եմ, որ ուղղակի չտեսնեմ, որովհետև ափսոսանքը, ցավը ներսումս շատ են: Ոչինչ չթողեցին, ասենք՝ 10-ից յոթը քանդեին, քաղաքն էլի զարգանար, բայց ոչ ավանդականի հաշվին»,- ասում է լուսանկարիչ Հայկ Բիանջյանը:
Հրապարակվել է՝ 15.04.2016