Ադրբեջանա-իռլանդական ժանյակ
Երբ Ալյոնան զգաց, որ տանը թելերից, ուլունքներից, շյուղերից ու հելուններից տեղ ու դադար չկա, ամուսինը նրան առաջարկեց արվեստանոց վարձել վերջապես: Ալյոնա Սալիմովային ճանաչողները («Ո՞ր Ալյոնան: Իռլանդական ժանյակի՞») ընդհանրապես չզարմացան, քանի որ երբ հոբբին վերածվում է կենսակերպի, արդեն մեկ ճանապարհ կա՝ այն բիզնես դարձնել:
«Իհարկե եղել է ցանկություն ժանյակը պոդիում դուրս բերել, բրենդ ստեղծել, սեփական ուղղությունն ունենալ՝ իռլանդական ժանյակի ադրբեջնական ճյուղավորումը»: Իռլանդական ժանյակագործությունն Ալյոնան սովորել է Իռլանդիայի Կլոնես քաղաքում: Իսկ 2015թ. մեկնել է հայտնի ժանյակագործ Մայրա Թրենորի ամառային դպրոց արդեն որպես հրավիրված մասնագետ: Ալյոնա Սալիմովայի ժանյակագործ շարֆերը տարբերվում են իռլանդական դասականից թելի ընտրությամբ, նկարներով, գունապնակով. նման երանգներ այլևս ոչ ոք չի օգտագործում:
Լուսանկարում՝ Ալյոնա Սալիմովայի արվեստանոցն է:
Մեկ շարֆի վրա աշխատում է 50 ժամ, ժանյակավոր զգեստի վրա՝ 4 ամիս: Այդ պատճառով էլ մեկ շարֆն արժե 150 մանաթ (100 դոլար), զգեստը՝ 1000 (մոտ 620 դոլար): Տեղի միջին դասի համար սա շատ թանկ է: Մնացած երկրներում լայն զանգվածների համար չնախատեսված իրերն ակտիվորեն գնում են ապահովված մարդիկ, սակայն Ադրբեջանում «ձեռքի աշխատանք» պիտակը չի օգնում ապրանք վաճառել: Այդ պատճառով էլ մեկ տարվա մեջ գործած 8 շարֆերից ընդամենը մեկն է վաճառվել, այն էլ գնացել է Կանադա:
Ալյոնան նաև զբաղվում է ուլունքագործությամբ (բնական քարերից զարդեր է պատրաստում) շյուղագործությամբ, գորգագործությամբ և ձեռագործ աշխատանքների այլ տեսակներով: Սակայն օրիգինալ վառ վզնոցն ու ականջօղերը այնքան էլ լավ չեն վաճառվում, որպեսզի ոգեշնչող եկամուտ բերեն:
Արժեզրկման երկրորդ ալիքը վերջնականապես ձախողեց եկամտաբեր բիզնեսի մասին երազանքները: Ցածր պահանջարկի պատճառով եկամուտ այսպես թե այնպես էլ շատ չի լինում, իսկ կենսաթոշակային ֆոնդին պարբերաբար գումար փոխանցելը փոքր բիզնեսի համար կործանիչ հետևանքներ կարող է ունենալ: Արվեստանոցի վարձակալությունից ստիպված էին հրաժարվել:
Բաքվում հաճախ են անցկացվում տոնավաճառ ցուցահանդեսներ, ամենատարբեր իրերի վաճառք՝ սկսած գործած գլխարկներից, ավարտած այնպիսի էկզոտիկայով, ինչպիսին է ճապոնական «թեմարի» գնդակները: Մասնագետների պակաս չի զգացվում, բոլոր սեղանները վարձակալվում են նախօրոք:
Ձեռագործ իրերի ցուցահանդեսի կազմակերպիչ Էլլա Բագիրովան ասում է, որ օրն ավելի լավ է նախատոնական ընտրել, երբ մարդիկ բարձր տրամադրություն ունեն և ուզում են հարազատների համար նվերներ գնել: Թվում է՝ ինչը կարող է յուրօրինակ ձեռագործ նվերից լավ լինել: Շատերը, ձգտելով իրենց ապրանքին լավ տեսք հաղորդել, առաջարկում են այն ոչ թե սովորական պլաստիկ, այլ տոնական փաթեթավորումով՝ սեփական տարբերանշանով: Սակայն հաճախ նրանցից փոքր ու սիրուն հուշանվերներ են գնում մինչև 5 դոլար արժողությամբ:
Մարքեթոլոգ Սևիլ Հասանովան ասում է, որ այս խնդիրը հայելային կողմ ունի. գնորդների սպասումները կանխագուշակելու ունակության բացակայություն վարպետների մոտ և նրանց աշխատանքի գնահատման ցանկության բացակայությունը գնորդների կողմից. “Մերոնք իրականում ամբոխից առանձնանալու մեծ ցանկություն չունեն: Նրանք գնահատում են գովազդված բրենդը, որով կարող են գլուխ գովել: Այդ պատճառով էլ պատրաստ են եռակի ավել գումար ծախսել «Swarovski» խանութից ապարանջան գնելու վրա, սակայն կզարմանան, երբ նրանցից այդ գումարի մեկ երրորդ մասն ուզեն բացառիկ տեղական ապարանջանի համար, որը պատրաստված է հենց Swarovski քարերից: Եթե խոսենք հատուկ հագուստի գույնի հետ համապատասխանեցրած զարդերի մասին, ապա մեզ մոտ չափազանց շատ են սիրում ոսկի, իսկ եթե առանձնահատուկ նվերների մասին, ապա այդ ճյուղը մեզ մոտ դեռ մնացել է տորթերի վրա հոբելյարի լուսանկարի տպագրման մակարդակում»:
Swarovski քարերով ականջօղեր, Ալյոնա Սալիմովա
«Հենդ-մեյդն» Ադրբեջանում էժան չէ: Որակյալ ապրանքի համար որակյալ հումք է պետք, որը թանկ է, և հաճախ այն ստիպված են լինում արտասահմանից ներկրել կամ ինտերնետով պատվիրել: Դա բարձրացնում է ինքնարժեքը: Բացի այդ, զարդերի մեծ մասի պատրաստումը շատ ժամանակ է խլում: Դա ընտանիքից, քնից և հանգստից կտրված ժամանակ է, որը սովորաբար հաշվի են առնում գին որոշելիս:
Սևիլ Հասանովան կարծում է, որ կա ևս մեկ խնդիր. «Ձեռագործ վարպետները չեն հասկանում, ինչու է գնորդը հրաժարվում վճարել 100 ժամ շխատանքի և ներդրված մի քանի կիլոգրամ հոգու դիմաց: Հետևելով շուկայական օրենքներին՝ գործարարն ընդհանրապես չպետք է արտադրի մի բան, որն այնքան աշխատանքային ժամանակ է խլում, որի համար գնորդները հարկ չեն համարում վճարել: Այստեղ շահում է նա, ով հասկանում է, թե ինչպես ստեղծել բացառիկ և պահանջված ապրանք՝ ցածր ինքնարժեքով»:
Իհարկե, եթե վարպետները միավորվեն ընդհանուր գործի շուրջ, հնարավոր կլինի զգալիորեն կրճատել ծախսերը՝ ճիշտ կազմակերպելով աշխատանքային գործընթացը: Սակայն բարձր հարկերն ու ճգնաժամը բիզնես-նախագիծ սկսելու համար այնքան էլ լավ պայմաններ չեն ստեղծում:
12.03.2016