Վտանգավոր զբոսանք
Զարգացած երկրների լավ քաղաքներում իշխանությունները ձգտում են այնպիսի միջավայր ստեղծել, որ մարդիկ հնարավորինս շատ քայլեն: Ինչո՞ւ: Որքան շատ են մարդիկ քայլում, այնքան քիչ են տրանսպորտից օգտվում, ինչը թեթևացնում է երթևեկությունը, նվազեցնում աղմուկն ու օդի աղտոտվածությունը և ստեղծում ավելի լավ պայմաններ քաղաքում ապրելու համար: Հետիոտնների քանակի ավելացումը բարերար ազդեցություն ունի նաև բիզնեսի շատ տեսակների վրա, որոնք փողոցների վրա են տեղակայված: Եվ վերջապես, զբոսնելն օգտակար է, քանի որ այն կանխում է ճարպակալումն ու դրա հետ կապված հիվանդությունները:
Բոլոր նրանք, ովքեր հաճախ են ստիպված լինում քայլել Թբիլիսիի փողոցներով, կհաստատեն, որ դա այնքան էլ հաճելի գործընթաց չէ: Իսկ ո՞րոնք են պատճառները:
Անբարեկարգ մայթերը
Թբիլիսիի փողոցների մեծ մասն ահավոր վիճակում է, իսկ որոշ տեղերում ընդհանրապես բացակայում է: Խորհրդային տարիներին կառուցած մայթերի փոսերին գումարվում է նաև ենթակառուցվածքային և շինարարական աշխատանքների արդյունքում առաջացած անհարթությունները: Քաղաքային իշխանություններն ընդհանուր առմամբ մեծ ուշադրություն և ռեսուրս են ծախսում ավտոճանապարհների վրա և մայթերի մասին հաճախ մոռանում են: Քաղաքապետարանը հաճախ է հայտարարում, որ ճանապարհների վերականգնումն անցել է «ակտիվ փուլ», սակայն մայթերի վերականգնումը նույնիսկ խոստումների հարթության վրա չի դիտարկվում:
Մեքենաների կայանումը մայթերին
Ցանկացած նորմալ քաղաքում մայթերի հիմնական գործառույթը մարդկանց մի տեղից մյուսը տեղափոխվելու հնարավորություն տալն է: Թբիլիսիում մայթն առաջին հերթին մեքենաների կայանման տեղ է, քանի որ դրանք հատուկ նախատեսված կայանատեղիներում չեն տեղավորվում: Լավ է, եթե մայթին կայանած մեքենայի կողքը մի փոքր տեղ է մնում անցնելու համար, իսկ եթե ոչ՝ մարդը կարող է քայլել նույնիսկ փողոցի բանուկ հատվածի երկրորդ գծով: Եթե ցանկանում եք զգալ Թբիլիսիի մայթերով քայլելու ողջ բարդությունը, արժե զբոսնել մանկական սայլակով:
Փողոցին կից շինարարությունը
Կայանատեղի լինելուց զատ մայթն ունի նաև մեկ այլ հետաքրքիր կիրառություն՝ շինարարական աղբը կուտակելու վայր: Թբիլիսիում հաճախ կարելի է տեսնել ավազի, մանրաքարի կույտով ծածկված մայթեր: Բացի այդ, հաճախ մայթը կամ դրա մեծ մասը հայտնվում է շինարարական ցանկապատից ներս, իսկ անվտանգ ու հարմարավետ անցում հետիոտնի համար նախատեսված չէ:
Հետիոտնի համար նախատեսված անցումների պակասը
Որպեսզի ոտքով զբոսանքը հաճույք պատճառի, այլ ոչ թե վերածվի կյանքի ու մահու պայքարի, մայթով հանգիստ զբոսնելուց զատ մարդիկ պետք է նաև փողոցը հեշտ ու անվտանգ անցնելու հնարավորություն ունենան: Նորմալ քաղաքներում քիչ թե շատ լայն փողոցների վրա 150-200 մետրը մեկ լուսաֆոր է տեղադրված և հետիոտնի անցում կա: Իսկ մեզ մոտ տեղեր կան, որ մեկ կիլոմետրի վրա ոչ մի լուսաֆոր կամ անցում չկա: Օրինակ, քաղաքի կենտրոնական փողոցի՝ Ռուսթավելու պողոտայում, որտեղ փողոցի մի մայթից մյուսն անցնելն իսկական փորձություն է: Անցումների փոխարեն Թբիլիսիում գոյություն ունեն խորհրդային քաղաքաշինության մնացորդներ՝ մութ ու կեղտոտ գետնանցումները: Ոչ մեկին հաճելի չէ գետնանցումից օգտվելը, իսկ ոմանց համար դա գրեթե անհնար է (ծերեր, հաշմանդամներ և մանկական սայլակներով մարդիկ): Հետևաբար այդ մարդիկ զրկված են քաղաքում ազատ տեղաշարժվելու հնարավորությունից, ինչը մարդու հիմնարար իրավունքներից մեկն է: Թբիլիսիի քաղաքային իշխանությունները ոչ միայն չեն վերացրել այդ խորհրդային դարաշրջանից մնացած գետնանցումներն, այլ նույնիսկ ավելի են վատթարացրել իրավիճակը՝ ավելացնելով վերգետնյա անցումներ, որոնցից օգտվեկն ավելի դժվար է:
Ծանր բնապահպանական իրավիճակը
Թբիլիսիի օդը վառելիքի հոտ ունի և վտանգավոր է առողջության համար: Թբիլիսիում չի վերահսկվում ավտոմեքենաների վիճակը, բենզինի որակն ու դրանում տարբեր վնասակար նյութերի առկայությունը: Բացի այդ, չի վերահսկվում նաև շինարարությունը, տարբեր շինարարական օբյեկտներ, շինանյութեր և թափոններ հարկ եղած ձևով չեն մեկուսացվում, և քամու թեթև հոսանքը բավական է, որպեսզի այդ ամենը հայտնվի թոքերումդ: Եվ վերջապես, որոշ փողոցներում (անկանոն շինարարության հետևանքով) այլևս ծառեր չկան, ինչը մեծ խնդիր է քաղաքի համար, որտեղ ջերմաստիճանն ամռանը մինչև 40 է հասնում: Պարզապես փորձեք քայլել նման փողոցներից մեկով արևոտ հուլիսյան մի օր:
Անպիտան հանրային տրանսպորտը
Խոշոր քաղաքները տեղակայված են մեծ տարածությունների վրա, և ոչ ամեն տեղ և ոչ միշտ է հնարավոր տեղ հասնել ոտքով: Քաղաքում հետիոտնի համար հարմարավետ տեղաշարժը նույնպես ենթադրում է որակյալ ու հարմար հասարակական տրանսպորտ: Իսկ ի՞նչ է կատարվում Թբիլիսիում: Եթե հաջողվի մայթերի վրա կայանված մեքենքների արանքով անցնել, ցատկել ավազակույտի վրայով, տեղավորվել շինարարական ցանկապատի և մայթի 20 սմ տարածքում և վերջապես հասնել կանգառ, ապա կարող եք վայելել քաղաքապետարանի կողմից 10 տարի առաջ ձեռք բերված ավտոբուսով երթևեկելու հաճույքը և զգալ, որ այդ 10 տարիների ընթացքում այդ ավտոբուսը ոչ մի տարրական տեխնիկական սպասարկում չի տեսել: Թբիլիսյան ավտոբուսներում բացակայում են սառեցման համակարգերը, ինչը բավականին տարօրինակ է, եթե հաշվի առնենք քաղաքի կլիման: Եթե նախընտրում եք երթուղայիններից օգտվել, ապա այս ամենին կգումարվի նաև բարձր երաժշությունն ու վարորդի ծխախոտի ծուխը: