«Հանքահորը մերն է»
Արդեն տասներկուերորդ օրն է, ինչ Թքիբուլիում բողոքի ակցիա է անցկացնում հազարից ավելի հանքափոր:
Նրանք պահանջում են աշխատանքային պայմանների բարելավում և աշխատավարձի 40% ավելացում (հանքափորների միջին աշխատավարձը 400-500 լարի է (175-200 դոլար)):
Թքիբուլցիները պահանջում են նաև իրենց մունիցիպալիտետին վերադարձնել բարձրադիր տարածաշրջանի կարգավիճակը (բարձրադիր շրջանի կարգավիճակ ունեցող տարածաշրջանների բնակչությունը հարկային և այլ արտոնություններ ունի), որից Թքիբուլին զրկվել է 2016թ.-ին:
Բողոքող հանքափորներին իրենց համերաշխությունն են հայտնել Կսանի ապակու գործարանի, Չիատուրի հանքի և Զեստաֆոնի ֆեռոհամաձուլվածքների գործարանի կոլեկտիվները:
Թքիբուլին ածխի հանքաարդյունաբերությամբ զբաղվող քաղաք է Արևմտյան Վրաստանում:
«Սակնախշիրի GIG» ածխի հանքահորերի շահագործմամբ զբաղվող ընկերության վարչական շենքի առջև վրաններ են խփվել: Հանքափորները 24-ժամյա հերթապահություն են սահմանել այստեղ:
Ընկերության ներկայացուցիչները չեն ընդունում հանքափորների պահանջները: Նրանք պնդում են, որ ընկերությունը գործում է Աշխատանքային օրենսգրքի համաձայն և հստակ կատարում է հանքափորների առջև ստանձնած բոլոր պարտավորությունները: Ընկերությունում հայտարարում են, որ հանքափորները չեն նախազգուշացրել գործադուլի մասին, ինչը աշխատանքային օրենսգրքի խախտում է, այդ պատճառով էլ նրանց բողոքն ապօրինի է:
Ձիձիգուր և Մինդելի հանքավայրերը «Սակնախշիրի GIG» ընկերության սեփականությունն են, որն էլ իր հերթին «Վրաստանի ինդուստրիալ խմբի» դուստր ձեռնարկությունն է:
«GIG» բիզնես-պորտֆելի մեջ ածխի հանքաքարի արդյունահանումից զատ մտնում է նաև Էլեկտրաէներգիայի արտադրությունը, բնական գազի իրացումն ու լոգիստիկան, ինչպես նաև գործունեության այլ տեսակներ:
Տվյալ պահին հանքափորների բողոքի ակցիայի միակ ձեռքբերումը համերաշխությունն է, որն արտահայտել են տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչներն ու Վրաստանի խորհրդարանի Թքիբուլիից ընտրված մեծամասնական պատգամավոր Էլիսո Չապիձեն: Նրանք համերաշխություն են հայտնել բողոքի ակցիայի տասներորդ օրը՝ մասնակցելով հանրահավաքներին: Այդ օրվա ավարտին հրաժարական տվեց Մինդելիի անվան հանքահորի տնօրենը:
Հանքափորները հաստատակամ են իրենց պահանջներում՝ հայտարարելով, որ չեն դադարեցնի բողոքը և չեն ցրվի մինչև դրանք չբավարարվեն:
***
Արդեն տասներկու օր ու գիշեր ծովի մակարդակից 590մ բարձրության վրա գտնվող Թքիբուլին իր համար անսովոր միջավայրում է գտնվում: Ինչպես ասում են թքիբուլցիները, նրանք ամեն րոպե սպասում են իրենց ձեռնտու որոշման կայացմանը:
Փետրվարի 24: Ակցիայի տասնմեկերորդ օր: Թքիբուլիի բնակիչներն արդեն սովորական դարձած օրվա պես հավաքվում են տեղական ինքնակառավարման մարմնի շենքի մոտ: Այստեղ նրանք սպասում են որոշման, որից կախված է իրենց ընտանիքների ու քաղաքի փրկությունը:
Թքիբուլիի կենտրոնական այգում հավաքված երիտասարդությունը քննարկում է քաղաքական հարցեր, կառավարության գործունեությունն ու կյանքի դժվարությունները:
Վարչական շենքի մուտքը ամբիոնի է վերածվել:
«Մենք հավաքվում ենք հանուն արդարության և հավասարության: Մարդու պես ապրելու համար տարած պայքարը դեռևս ոչ ոք չի պարտվել: Եվ մենք մտադիր չենք պարտվել կամ հանձնվել», — ասում է Թքիբուլիի բնակիչներից մեկը՝ հանքափոր Ռուսլան Բուցխրիկիձեն: Օրվա ընթացքում թքիբուլցիները քաջալերում են միմյանց տարբեր ուղերձներով, հայրենասիրական բանաստեղծություններով և ժողովրդական ասույթներով:
«Մեկ մարդու պես հավաքված Թքիբուլին չի պարտվի, այն համարձակ մարդկանց քաղաք է»:
«Թքիբուլին աշխատող մարդկանց քաղաք է»:
«Եթե քեզ հարյուր անգամ ասեն, որ դու ստրուկ ես, հազար անգամ պատասխանիր, որ ստրուկ չես», — այս կարգախոսներով են առաջնորդվում հանքափորները:
«Մենք ոչ մի հատուկ բան չենք պահանջում: Ուզում ենք միայն, որ մեզ վերաբերվեն մարդու պես: 21-րդ դարում ստրուկներ չեն լինում: Մինչ այժմ մենք լռում էինք՝ հույս ունենալով, որ բարեփոխումներ կլինեն: Սակայն բոլորը մոռացել են Թքիբուլիի մասին: Մոռացել են, որ այստեղ մարդիկ են ապրում: Շուրջը նայեք, տեսեք, թե որքան բարձրադիր է մեր քաղաքը: Թքիբուլին շրջապատված է սարերով և քանի որ մենք այստեղ ենք ապրում, պետք է փոխհատուցում ստանանք, այլ ոչ թե ստրուկ լինենք», — ասում է հանքափոր Գեորգի Ցիրեկիձեն:
Նա պատմում է հանքափորների ամենօրյա աշխատանքի մասին, այն թե ինչպես են նրանք իջնում գետնի տակ՝ ինը-հարկանի շենքի խորությամբ:
«Ղեկավարությունը դրսի կողմից կողպեքով դռները փակում է հանքափորների վրա, որպեսզի որևէ մեկի մտքով չանցնի աշխատանքային ժամերին մաքուր օդ շնչել», — պատմում է Ցիրեկիձեն:
Հանքափորներն ասում են, որ իրենց աղքատիկ աշխատավարձով հազիվ են հասցնում ընտանիքի հոգսերը հոգալ:
«Մենք մուր ենք թքում, բայց դեղի փող չունենք: Բանկային վարկերը խեղդում են մեզ: Էլ չեմ ասում, որ աշխատանքային հագուստը բանի պետք չէ, փտած է»:
Այստեղ պատմում են, որ շատ քիչ հանքափորներ կհասնեն կենսաթոշակային տարիքի. «Եվ սա արդեն մի ամբողջ հավերժություն է տևում, և այդ պատճառով էլ մենք պետք է սրան վերջ դնենք»:
«Այդ պատճառով էլ այսքան կարևոր է, որ մեք քաղաքին բարձրադիր շրջանի կարգավիճակը վերադարձնենք: Թքիբուլիին այդ կարգավիճակից զրկելուց հետո մեր աշխատավարձերը 20 տոկոսով կրճատվել են», — բացատրում են տեղացիները:
***
Այս տարվա հունվարի մեկից ուժի մեջ մտած բարձրադիր շրջանների մասին օրենքի համաձայն, Թքիբուլիի մունիցիպալիտետը զրկվել է բարձրադիր շրջանի կարգավիճակից: Դա հանգեցրել է նրան, որ հանքափորները զրկվել են տարբեր տեսակի հարկային արտոնություններից:
Քաղաքին այդ կարգավիճակը վերադարձնելու խոստում է տվել Թքիբուլիից ընտրված մեծամասնական պատգամավոր Էլիսո Չապիձեն, սակայն իշխանությունները չեն շտապում փոխել իրենց որոշումը:
Գրուզուգոլ ընկերությանը դեմ դուրս գալու անկարողություն դրսևորեցին նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները:
«Մենք վրդովված ենք այնպես, ինչպես վրդովված են այստեղ հավաքվածները՝ հանքափորներն ու նրանց ընտանիքները: Կենտրոնական իշխանության ներկայացուցիչների հետ մեկտեղ մենք կաշխատենք լուծել այս հարցը»:
«Գրուզուգոլ» ընկերության ներկայացուցիչները հանքափորների աշխատավարձերը 40 տոկոսով բարձրացնելու հարցը չեն դիտարկում: Ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ, տեխնիկական տնօրեն Բեժան Բալավաձեն ասում է, որ այն բանից հետո, երբ «Վրաստանի ինդուստրիալ խումբն» իր վրա վերցրեց լքված և անպիտան դարձած հանքահորերի վերականգնումը, ընկերությունը աշխատանքի է ընդունել 1500 հոգու: Նրանց միջին աշխատավարձը կազմում է 815 լարի: Ընկերությունն ամեն տարի 15 մլն լարի գումար է փոխանցում պետբյուջե, որից 2 մլն համալրում է տեղական բյուջեն»:
***
Գիշերը հանքափորները հերթափոխություն են իրականացնում վրաններում, որտեղ փայտի վառարանների մոտ տաքանում են: