Երկնքից 3 խնձոր ընկավ
Տիկնիկագործ ամուսիններ Էդգար Թաթիկյանի և Գոհար Առաքելյանի տանը ոչինչ «պարապ» չի մնում։ Ամեն մի իր վաղ, թե ուշ իր «դերն է խաղում» որևէ ներկայացման մեջ։ Մի քիչ երևակայություն և հասարակ գրտնակը «զուռնա է փչում», մաղը՝ «դհոլ նվագում», իսկ շորերի չորանոցը վերածվում սիրուն ամանորյա նվերի արկղի։
Երբ ամուսինները սկսեցին տեղացի ընկերներից հին շորեր հավաքել, ոչ մեկի մտքով չէր էլ անցնում, որ հին ջինսից կամ շրջազգեստից Անդերսենի «Խոզարածը» հեքիաթի հերոսներ կստացվեն՝ նորաձևության վերջին ճիչով հագնված թագավոր, բարետես արքայազն ու նրբաճաշակ արքայադուստր։
Մասնագիտությամբ ռեսժիսոր ամուսինները Երևանից Ղարաբաղ են տեղափոխվել 2012թ․ և աշխատանքի անցել Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնում։ Այստեղ էլ առաջին անգամ տիկնիկային ներկայացում բեմադրեցին՝ «Բրեմենյան երաժիշտները»։ Երկու տարի հետո նրանք հիմնադրեցին իրենց սեփական «Երեք խնձոր» շրջիկ թատերախումբը։ Գոհարը տիկնիկներ է սարքում, իսկ Էդգարը ներկայացումների պիեսներն է գրում։
«Իմ մանկությունն անցել է գյուղում։ Հետպատերազմյան տարիներին ես գիտեի, որ կա տիկնիկային թատրոն, բայց այդպես էլ ոչ մի ներկայացում չտեսա։ Հիմա մենք մեր թատերախմբով ուզում ենք այնպես անել, որ այսօր ոչ մի երեխա, մանավանդ գյուղում, կարոտ չմնա ուրախության ու հեքիաթի։ Փորձում ենք նրանց գոնե մի օրը հեքիաթի վերածել»,- ասում է Գոհարը։
Այսպես, ամեն մի հեքիաթի հերոսներ սկզբում Գոհարի գլխում են ծնվում, հետո նա սկսում է սպունգով ու սոսնձով նրանց մարմին տալ։ Իսկ էդգարն այդ ընթացքում ձեռքն է առնում դեռ անավարտ տիկնիկներն ու փորձեր անում նրանց հետ։
Երբ արդեն ներկայացումը պատրաստ է լինում, ամուսիններն ինչ-որ տեղից գումար են հայթայթում և ճամփա ընկնում Ղարաբաղի հեռավոր գյուղեր։ Բոլոր ներկայացումների առաջնախաղը պարտադիր մի հեռավոր գյուղում են անում։
Սպիտակ «Նիվան», բարձած բեմական դեկորներով ու տիկնիկներով, ամեն անգամ մի նոր հեքիաթ է տանում սահամանմերձ, հեռավոր գյուղերի ու գիշերօթիկ հաստատությունների երեխաների համար։
Թատերախումբը ներկայացումների համար երբեք տոմս չի վաճառում, ֆինանսական հարցում աջակցում են սփյուռքի հայերն ու տարբեր հիմնադրամներ։
«Անցած տարի Ամանորի նախօրենին «Awesome Fօundation»-ի դրամաշնորհով 4 սահմանամերձ գյուղերում ցուցադրեցինք Անդերսենի «Խոզարածը» հեքիաթի հիման վրա իմ գրած «Արքայադստեր հարյուր համբույրը» պիեսը։ Արդեն երկրորդ տարին է Լոս Անջելեսի «Հայկական ցանց» կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում տարին մի քանի անգամ հանդես ենք գալիս Ստեփանակերտի և Բերձորի գիշերօթիկ հաստատությունների երեխաների համար։ Այս տարի լոնդոնաբնակ մեր հայրենակից Տիգրան Ալեքսանյանի աջակցությամբ էլ ձեռք ենք բերել անհրաժեշտ տեխնիկա ու ևս մեկ ներկայացման տիկնիկների պատրաստման համար նյութեր»,- ասում է Էդգարն ու հավելում, որ պլանավորում են իրենց թատրոնն ունենալ Ստեփանակերտում։
Ըստ իրենց մտահղացման, Ստեփանակերտի թատրոնում արդեն տոմս կվաճառեն և ստացված հասույթով կշրջեն գյուղերով։
Իսկ մինչ Նոր տարին «Ձնեմարդը» ամանորյա նոր, հեքիաթային ներկայցմամբ բեռնված սպիտակ «Նիվան» կշրջի գյուղերով։ Վերջում էլ, ինչպես ամեն մի հեքիաթում, երկնքից երեք խնձոր կընկնի՝ մեկը հեքիաթը գրողին, մեկը՝ պատմողին, իսկ մյուսը՝ լսողին։