Իրարանցում. արժեզրկման հաջորդ օրը
Այս երկուշաբթի մանաթը 50%-ով արժեզրկվեց, իսկ փետրվարից՝ ուղիղ երկու անգամ: Եթե նախկինում դոլարն արժեր 77 գյափիկ, այսօր այն 1.55 մանաթ է:
«Երեկ երկու հերթափոխով եմ աշխատել, այսօր նույն բանն է լինելու, — ասում է սուպերմարկետի վաճառողը: — Հաճախորդներն այնքան շատ են, ինչպես Ամանորից առաջ: Միայն շաքարավազ, ձու, ալյուր, մակարոն, հնդկաձավար, այլ ձավարեղեն են վերցնում, այն, ինչ չի փչանում: Երեկ պահեստից երեք անգամ ձվի նոր քանակ ենք բերել, այն շատ արագ վերջանում է»:
Սուպերմարկետներում մարդիկ իրոք շատ են: Որոշ դարակներ դատարկվել են: Գրեթե ոչ մի տեղ ձու, հնդկաձավար ու շաքարավազ չի մնացել: Մակարոններից միայն թանկերն են մնացել: Սուպերմարկետները գները դեռ չեն բարձրացրել, ինչը չի կարելի ասել օֆիսային տեխնիկայի խանութների մասին:
Ինչպես մանաթի նախորդ արժեզրկման ժամանակ, այս անգամ նույնպես ամենաարագն այս հարցում Music Gallery խանութների ցանցն էր: Այն առավոտյան փակվել էր ու վաճառողները պահակ էին կանգնել, որ մարդիկ չլուսանկարեն: Նույն բանն արեցին մնացած խանութները: Օֆիսային տեխնիկան հիմնականում ներկրվում է և այն ուղղակիորեն կախված է դոլարի հանդեպ մանաթի հարաբերակցությունից:
«Իր «խոհեմ» գնային քաղաքականությամբ հայտնի Ազալ» ավիաընկերությունը նույնպես սպասեցնել չտվեց և ավիատոմսերի գները կրկնակի բարձրացրեց: Թբիլիսի մեկ ուղղությամբ ավիատոմսը, որն արժեր 99 մանաթ, այժմ 210 մանաթ է: Երկաթգծային կայարանում աներևակայելի իրարանցում է: Մարդիկ, կարծես, բոլորը միանգամից գիտակցեցին, որ Նոր տարին ցանկացած այլ երկրում իրենց վրա ավելի էժան կնստի և վազեցին տոմսեր գնելու: Ծխողները դժվարին կացության մեջ հայտնվեցին: Երկու օր է հնարավոր չէ ծխախոտ գնել: «Քաղաքի բոլոր կրպակներն այցելեցի, ամեն տեղ ծխախոտը միայն հատիկով է վաճառվում, — պատմում էմ նրանցից մեկը, — միայն սուպերմարկետում երկար հերթից հետո հաջողվեց ծխախոտ գնել, միաժամանակ զգուշացրին, որ միայն մի տուփ կարող եմ գնել, բայց ես ավելին չէի էլ ուզում»: Հաջորդ օրը ծխախոտը վերացավ նաև սուպերմարկետներից:
Երկու օր է բազմաթիվ դեղատներ փակ են, որոշներում էլ ինչ-որ դեղեր ցուցադրված չեն: «Ես միշտ այս դեղատնից եմ դեղ գնել, իսկ այժմ ասացին, որ չեն բերել, — բողոքում է թոշակառու Ֆարիդան: — Ճիշտ է՝ ես նրանց չեմ հավատում, չէին կարող չէ բոլոր դեղերը վերջանալ հենց երկուշաբթի: Վերջերս կաթված եմ տարել և շատ դեղերի կարիք ունեմ, ես նույնիսկ գիտեմ՝ ինչ են արժենալու դրանք, երբ կրկին հայտնվեն վաճառքում»:
Իրարանցման ևս մեկ տեղ են արտարժույթի փախանակման կետերը: Երկուշաբթի օրը որոշներն աշխատում էին: Երեքշաբթի բացվեցին, սակայն դոլար չէին վաճառում: «Դոլար չունենք», — ասում է հենց նոր մի քանի կապոց հարյուրանոցներ ստացած արտարժույթի կետի աշխատակիցը:
Երկուշաբթիի համար «Ութերորդ շուկայում» (քաղաքի խոշորագույն շուկան) մարդիկ սովորականից շատ էին: Գներն այստեղ չեն աճել, սեղանները չեն փակվել, ապրանքը չեն պահել: Մի խոսքով ամեն ինչ իր հունով գնում էր: «Մենք չենք բողոքում, — ասում է թթվի վաճառողը: — Վերջերս գնորդները նույնիսկ շատացել են: Գները դեռևս չենք բարձրացրել, ամեն ինչ վաճառում ենք այնպես, ինչպես սրանից առաջ էր»:
Փոխարենը Սադարակ առևտրի կենտրոնում մանաթի կուրսը բիզնեսի վերջնական փակման խթան է դարձել: Ահռելի շուկան, որը բոլորովին վերջերս ադրբեջանական առևտրի սիրտն էր, որտեղ կարելի էր գնել ամեն ինչ՝ շինանյութից մինչև ներքնազգեստ, քիչ-քիչ դատարկվում է: Վաճառողները բողոքում են, որ վարձը շատ է, և վաճառքով զբաղվելն այլևս ձեռնտու չէ:
Փորևագետները, հասարակ մարդիկ, խանութների վաճառողները բոլորը խոսում են արժեզրկումից և որ այն վերջինը չի լինելու:
Երկրի ղեկավարությունը դեռևս ոչ մի հայտարարություն չի արել: Երկուշաբթի նախագահն այցելել է բժշկական ինստիտուտներից մեկը, երեքշաբթի՝ հանդիպել թուրքական խորհրդարանի խոսնակին: Կենտրոնական բանկի պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ արժեզրկման պատճառը նավթի գների անկումն է: Սակայն ոչ ոք, ինչպես մանաթի ֆետրվարյան արժեզրկումից հետո, չի բացատրում, թե ինչու է մանաթի փոխարժեքը նման հիստերիկ թռիչքներով ընկնում, և ինչու է դրա նախօրեին ԿԲ միշտ հայտարարում, որ որևէ աղետալի անկում չի սպասվում: