Ադրբեջանից եկած փախստականներին Հայաստանում բնակարանների հավաստագրեր են տրամադրում
Հայաստանի իշխանությունները հայտարարում են Ադրբեջանից եկած փախստականների բնկարանային հարցը վերջնականապես լուծելու մտադրության մասին։ Այս խնդիրը երկրի առաջ կանգնել է ավելի քան 30 տարի առաջ, սակայն դեռ լուծված չէ։ Առաջին փախստականները Հայաստան են եկել 1988 թ–ին՝ ղարաբաղյան խնդրի շուրջ Ադրբեջանի հետ հարաբերությունների սրացումից հետո։
Ըստ Երևանում ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալների՝ 1988–1992 թթ–ին Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվել մոտ 360 հազար հայ։ Նրանց մեծ մասը հետագայում արտագաղթել է Ռուսաստան և ԱՄՆ։ Հայաստանի միգրացիոն ծառայությունը հաղորդում է, որ 2019 թ–ի ապրիլի դրությամբ Հայաստանում մոտ 88 հազար փախստական է մնացել։
Նրանք բնակարանով են ապահովվել տարբեր ծրագրերով։ Մասնավորապես, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը հետ համատեղ Հայաստանի կառավարությունը բնակարանով է ապահովել մոտ 4300 ընտանիքի։ Դրա համար հատուկ սոցիալական բնակարաններ և քոթեջներ են կառուցվել մայրաքաղաքում և երկրի շրջաններում, վերանորոգվել է ավելի քան 150 նախկին հյուրանոց և հանրակացարան։
Իրականացվել է նաև փախստականներին բնակարանով ապահովելու պետական ծրագիր։ Սակայն 2008 թ–ին այն կասեցվել է ֆինանսական ճգնաժամի պատճառով։ Այժմ կառավարությունը վերսկսել է այդ ծրագիրը։
Բնակարանային հարցի լուծմանը սպասողների ցուցակում է փախստականների 2589 ընտանիք, նրանցից 1070–ը բնակվում է մայրաքաղաքում, 1519–ը՝ երկրի տարբեր շրջաններում։
Բնակարանների խիստ կարիք ունեցողների ցուցակում է մոտ 1200 ընտանիք։
Փախստականներին բնակարաններով ապահովելու վերսկսված պետական ծրագրով՝ առաջին փուլում բնակարան ձեռք բերելու հավաստագիր կստանա 112 ընտանիք՝ մինչև այս տարվա վերջ։ Այդ նպատակով իշխանությունները մոտ 1,5 մլրդ դրամ ($3 մլն) են տրամադրել։ Երկրորդ փուլում, որը կիրականացվի առաջինից անմիջապես հետո, բնակարան կստանա 185 ընտանիք, այս նպատակով արդեն 2,17 մլրդ դրամ է տրամադրվել ($4,5 մլն)։
Մեկսենյականոց բնակարան ձեռք բերելու համար նախատեսված է 12 մլն դրամ, 2-սենյականոցի համար՝ 14,6 մլն դրամ, 3-սենյականոցի համար՝ 17,3 մլն դրամ։ Հաշվարկներն արվել են 2019 թ–ի առաջին կիսամյակի կադաստրային միջին գնի հիման վրա՝ ըստ Երևանի Ավան վարչական շրջանի։ Քանի որ այն գտնվում է քաղաքի ծայրամասում, այստեղ բնակարանները շատ թանկ չեն։
Փախստականները պետք է հասցնեն բնակարան գնել հավաստագիրը ստանալու պահից մեկ տարվա ընթացքում։
Երեք տասնամյակ՝ սպասման մեջ․ մարդկանց պատմություններ
«Նաիրի» հյուրանոցի շենքը Երևանում երկու խիստ տարբերվող մասերից է բաղկացած, որոնցից մեկում փախստականների 55 ընտանիք է ապրում։ Այդ թևում պայմաններն այնքան վատն են, որ հյուրանոցի տերն անհանգստանում է ընդհանուր առմամբ հյուրանոցի իմիջի վրա այդ իրավիճակի բացասական ազդեցությունից։
Բոլոր փախստականները, որոնք ապաստան են գտել հյուրանոցում ղարաբաղյան հակամարտության առաջին օրերից, ըստ կառավարության պլանի, պետք է հավաստագրեր ստանան և լքեն շենքը։
Լաուրա Անանյանը հույսը կորցրել էր, որ երբևէ իր բնակարանն է ունենալու և ազատվելու է անմարդկային պայմաններից, որոնց մեջ բնակվում է արդեն 32 տարի։
Երկու երեխաների և մոր հետ նա Հայաստան է տեղափոխվել Կիրովաբադից 1988 թ–ին։ Ազգականների տանը մի փոքր ապրելուց հետո ընտանիքը տեղափոխվել է «Նաիրի» հյուրանոցի 12 քառակուսի մետր մակերեսով սենյակ։
Լաուրան պատմում է, որ շենքի խողովակները հին են, ջուր է կաթում, գազ անցկացված չէ, բնակիչները կամ գազի բալոններ են օգտագործում, կամ էլեկտրական սալօջախ։ Իսկ ջուրն ընդհանրապես օրական երկու անգամ մեկ ժամով են տալիս։ Ստիպված են մշտապես ջուր հավաքել, ինչի պատճառով սենյակներում խոնավ է։
Բնակարան ձեռք բերելու համար 62-ամյա Լաուրային պետությունը 12 մլն դրամի հավաստագիր է տրամադրել։ Նա կարծում է, որ գումարը չափազանց համեստ է, և այդ գումարով Ավանում էլ բնակարան գնելը դժվար կլինի։ Սակայն, միևնույն է, ուրախ է, որ վերջապես սեփական բնակարան է կունենա․
«Միայն այն, որ այլևս ուտելու բան չեմ պատրաստելու զուգարանի հետ համակցված լոգասենյակում, ինձ ուրախացնում է։ Ես դերձակ եմ, երբեմն պատվերներ եմ ընդունում, իսկ սալօջախը սենյակ բերել, որտեղ պատվիրատուների իրերն են, հնարավոր չէ, քանի որ դրանցից ուտելիքի հոտ կգա»։
Վալենտինա Աբրահամյանի ընտանիքն Ադրբեջանից փախչել է 1988 թ–ին։ Բաքվում Վալենտինան զորամասում բուժքույր է աշխատել։
Սկզբում նա ամուսնու և դստեր հետ բնակարան է վարձակալել Երևանում, այնուհետև տեղափոխվել են «Բարեկամություն» հյուրանոցի վթարային շենք։ 2001 թ–ին նրանց դուրս են հանել հյուրանոցից և տեղավորել «Էրեբունի» օդանավակայանի հանրակացարանում, այնտեղից էլ որոշ ժամանակ անց՝ տեխնիկումի նախկին հանրակացարանի շենքում։
Մինչ օրս Վալենտինան այդտեղ է ապրում՝ արդեն միայնակ․ ամուսինը մահացել է, իսկ աղջիկը՝ Ռուսաստան տեղափոխվել։ Հանրակացարանային պայմաններին, իր իսկ խոսքով, այդպես էլ չի հարմարվել․
«Լոգարանն ընդհանուր է ողջ հարկի համար, և այդտեղ լողանալ կարելի է միայն ամռանը։ Ոմանք հասարակական բաղնիք են գնում, ես էլ եմ երբեմն գնում, բայց 1000 դրամ արժե»։
Նրան մեկսենյականոց բնակարանի հավաստագիր են տրամադրում։
Ռիմա Աբրամովան ընտանիքով Բաքվից է փախչել 1988-ին, երբ քաղաքում ցույցեր են սկսվել հայերի դեմ։
Հայաստանում Աբրամովները սկզբից տեղավորվել են Աղվերանում կապավորների պանսիոնատում, որտեղ նրանցից բացի փախստականների ևս 30 ընտանիք էր բնակվում։ Ինն ամսից Երևան են տղափոխվել ու բնակարան վարձակալել։
«Պանսիոնատում մեզ շատ լավ էին վերաբերվում, համեղ սնունդ պատրաստում, հարցնում էին, թե ինչ ենք սիրում, սակայն զանգով նախաճաշի, ճաշի կամ ընթրիքի գնալը հոգնեցնում էր», — պատմում է Ռիման։
Մի քանի ամսւց էլ նրանք տեղափոխվել են «Մխիթար Գոշ» հայ–ռուսական համալսարանին պատկանող հանրակացարանի ազատ սենյակներից մեկը։
Աբրամովների ընտանիքը երկսենյականոց բնակարանի հավաստագիր է ստացել։ Ռիման ապրում է իր երկու մեծ տղաների և 91–ամյա մոր հետ, այդ պատճառով էլ նախընտրում է սեփական տուն, ոչ թե բնակարան ձեռք բերել։
Տունը, որը նա գտել է Երևանի ծայրամասում, արժե 38 հազար դոլար, և այն գնելու համար պետք է 8 հազար դոլար ավելացնել հավաստագրին։ Ամեն դեպքում, շատ ուրախ է, որ պետական ծրագիրը վերսկսվել է․
«Ցուրտ օր էր։ Մենք եկանք կառավարության շենքի մոտ, որի նիստին որոշվում էր մեր հարցը։ Ես մեր փախստականներին առաջարկեցի մտնել մոտակա սրճարան, այնտեղից առցանց հետևել նիստին։ Եվ երբ լսեցինք «ընդունել որոշումը» բառերը, սկսեցինք բղավել սրճարանով մեկ, վազեցինք դեպի կառավարության շենք, ծափահարում էինք, ուրախանում։ Իսկ այնտեղ կանգնած ոստիկանները մեզ գրկում և շնորհավորում էին։ Մենք նրանց մի լավ զզվեցրել էինք, այնքան էինք այնտեղ հավաքվել այս որոշումը կայացնելուց առաջ»։
Երբ այս մարդիկ բնակարան ստանան, սպասման ցուցակում դեռ կմնա 2 292 ընտանիք։