Մեծապատիվ մուրացկաններ
Քաղաքացիների հիշողության մեջ բնակարանային շահագործման տեղամասերը պահպանվել են որպես կոպտության, կաշառակերության ու բյուրոկրատիայի օջախներ:
Բնակարանային շահագործման տեղամասերը ստեղծվել են 1959թ. և զբաղվում էին պետական բնակարանային ֆոնդի օգտագործմամբ, այսինքն կատարում էին բնակելի շենքերի և օժանդակ շինությունների անհրաժեշտ աշխատանքը, կազմակերպում էին աղբահանությունը, մաքրությունն ու կանաչապատումը:
Արվեստի վարժարանի դիմացի “գազոնը, Բաքվի կենտրոն: Այս ազնիվ հաստատության պատուհաններից բավականաչափ աղբ է դուրս նետվում:
Մինչև բոլորովին վերջերս այս գործունեությունը կարգավորվում էր Ադրբեջանական ՍՀ 1982թ. բնակարանային օրենսգրքով:
Բնակարանային շահագործման տեղամասերի պարտականությունների մեջ էր մտնում բնակարանային ֆոնդի խելամիտ օգտագործումն ու տնտեսումը, քաղաքացիների սպասարկումը ամենաբարձր մակարդակով, բնակելի շենքերի, տների, պատշգամբների վիճակի վերահսկումն ու ընթացիկ խնդիրների լուծումը՝ անբարեկարգ կտուրներ, ջեռուցման բացակայություն, հեղեղված նկուղ և այլն:
№ 21 բնակարանային շահագործման տեղամասը լավագույն ժամանակները չի ապրում
Զարմանալի չէ, որ այստեղի աշխատակիցները խղճահարություն են առաջացնում:
Բնակարանային շահագործման տեղամասերի հիմնական գործառույթներից մեկը ըստ պահանջի տեղեկանքների տրամադրումն էր համապատասխան տեղեր ու կառույցներ ներկայացնելու համար. այսպես կոչված Ձևաթուղթ համար երկուսի տրամադրումը, որում նշված էր բնակարանի վրա գրանցված անձանց կազմը, ինչպես նաև տեղեկանք բնակվայրից, որը տրվում էր ամեն բնակչին առանձին, ըստ պահանջի:
Ժամանակ կար, որ բնակարանային շահագործման տեղամասերում աշխատում էին ոչ միայն հավաքարարներ, անձնագիր տվող խոժոռ դեմքով աշխատակիցներ ու հաշվապահներ, այլ նաև փականագործներ, ջրմուղագործներ ու էլեկտրիկներ: Այսօր նրանք բոլորը ցրված են համապատասխան կառույցներով, որոնք պատասխանատու են լույսի-գազի-ջրի համար, եթե մի բան է պետք վերանորոգել, ապա պետք է զանգահարել ոչ թե բնակարանային շահագործման տեղամասեր, այլ “Ազերսու (ջուր), “Ազերիշեղ (լույս) կամ «Ազերիգազ» (գազ):
Բնակարանային շահագործման տեղամասի նախկին աշխատակից Էթերի Զեյնալովան պատմում է.
«Բնակարանային շահագործման տեղամասերում աշխատում էին հատուկ մարդիկ, ովքեր ամեն առավոտ դուրս էին գալիս շենքից ու շրջում էին տարածքում: Նրանք հետևում էին կարգուկանոնին, որպեսզի ամեն ինչ կարգին լիներ, աղբ չհավաքվեր, ոչինչ չփչանար: Բացի այդ նրանք հետևում էին, թե որտեղ է բնակարան վերանորոգվում, պատշգամբ ապակեպատվում կամ օժանդակ կառույց ավելացվում, իսկ վերադառնալուց հետո միանգամից հայտնում էին պետին»:
Այդ ամենն արվում էր նրա համար, որպեսզի բնակիչներից հարկ հավաքվեր բնակտարածքի ապօրինի ընդլայնման համար՝ բաց պատշգամբի ապակեպատում կամ բակի մի մասի օգտագործումը որպես փոքր պարտեզ: Իհարկե, ոչ մի փաստաթուղթ նրանց չէր տրվում, մարդիկ վճարում էին միայն, որպեսզի իրենց հանգիստ թողնեն:
Ինչ-որ մեկը տան բակում հավ է պահում, ինչ-որ մեկի երկաթե ձիերն էլ տանը չեն տեղավորվում:
Բազմաթիվ կաշառքները բնակարանային շահագործման տեղամասերի հիմնական եկամտի աղբյուրն են, քանի որ աշխատակիցների աշխատավարձերը շատ քիչ են՝ 100-120 մանաթ: Ամբողջ հույսը միայն նրա վրա է, թե ինչպես նրանց “կնայեն բնակիչները: Հաճախ բնակիչները պարզապես խղճում են “մահացող գրասենյակի աղքատիկ հագնված աշխատակիցներին, երբ նրանք սկսում են 5 մանաթ մուրալ տեղեկանքի համար որպես պրոֆեսիոնալ մուրացկաններ:
Բացի այդ, ըստ Զեյնալովայի, բնակարանային շահագործման տեղամասի աշխատակիցը, ավելի կոնկրետ՝ անձնագրերով զբաղվողը, պետք է տեղամասային հսկիչի հետ միասին աշխատի, ով պարտավոր է իմանալ իր տարածքի բոլոր բնակիչներին: Իսկ նրան այդ հարցում օգնում է բնակարանային շահագործման տեղամասի աշխատակիցը, ով զինվում է տնային գրքույկով և տեղեկություններ է հաղորդում այս կամ այն բնակարանում ապրող բնակիչների մասին:
2009թ. օգոստոսին ուժի մեջ է մտել Ադրբեջանի նոր Բնակարանային օրենսգիրքը, որի համաձայն բնակարանային շահագործման տեղամասերն իրավաբանորեն զրկվել են բնակֆոնդի օգտագործման վերահսկողություն իրականացնելու լիազորությունից: Բացի այդ, դրանց ծառայությունները տարածվում էին միայն պետական բնակարանների վրա, այլ ոչ թե նաև մասնավորների: Հաշվի առնելով, որ մեզ մոտ բնակարանների մեծ մասը մասնավորեցված է, բնակիչները չպետք է անվճար սպասարկում սպասեն տեղամասից: Ըստ նոր օրենսգրքի, բնակֆոնդի վերահսկողությունն իրականացվում է կամ բնակարանի սեփականատիրոջ, կամ մասնագիտացված սպառողական կոպերատիվի, կամ կառավարող կազմակերպության կողմից: Բնակարանային շահագործման տեղամասերի մասին օրենսգրքում բառ անգամ չկա:
Միաժամանակ, բնակարանային շահագործման տեղամասերի գոյությունը պաշտոնական դարձնելու համար 2010թ. մայիսին Բնակարանային օրենսգրքում փոփոխություններ են կատարվել, որոնց համաձայն դրանք սկսել են դասվել գործադիր իշխանությանը և ենթարկվում են բնակարանային կոմունալ տնտեսություններին: Եվ եթե բազմաբնակարան շենքերի կառավարումը կատարվում է գործադիր իշխանության տեղական մարմինների կողմից, ապա կարելի է բնակարանային շահագործման տեղամասի հետ բազմաբնակարան շենքերի կառավարման ու ծառայությունների մասին ֆորմալ պայմանագիր կնքել ինչպես գործադիր իշխանության կառույցներից մեկի հետ:
Ալեսկեր Ալեսկերովի փողոց, տուն 4: Տան բակի աղբը չի հավաքվել նվազագույնը կես տարի:
Իսկ այսօր բնակարանային շահագործման տեղամասերը խաթարում են օրենսգրքի հիմքերը, որտեղ ասված է բնակչի հետ պայմանագիր կնքելու հնարավորության մասին, քանի որ պայմանագիրը ինքնակամ է կնքվում, իսկ տեղամասերի աշխատակիցները համառորեն գումարներ են հավաքում աղբահանության ու բնակվարձի համար: Ընդ որում նույնիսկ կենտրոնում գտնվող շենքերի բակերի մեծ մասը շարունակում են զարդարել աղբային ինստալացիաներ, որոնք երբեմն խորամանկորեն սքողված են ու խցկված են չերևացող անցքերում, ինչպես նաև թափված տերևների գորգեր:
Ինչ վերաբերում է բնակվարձին, ապա խոսքը գնում է գույքահարկի մասին, որի հավաքելը տեղի քաղաքապետարանի գործն է: Բնակարանային շահագործման տեղամասերն իրավական հիմքեր չունեն հավաքելու այդ հարկը:
Բնակարանային-կոմունալ ծառայությունների սակագները սահմանված են նախարարների կաբինետի 2000թ. մարտի հրամանով: Ըստ կարգի, մասանվորեցված բնակարանի պահպանման գինը 1,5 գյափիկ է բնակելի տարածքի մեկ քառակուսու դիմաց, իսկ աղբահանության վճարը՝ 14 գյափիկ:
Այն բանից հետո, երբ մի շարք նախարարությունների վարչարարական գործառույթները փոխանցվեց ԱՍԱՆին, ժողովուրդն ազատ շունչ քաշեց: Այժմ բոլոր փաստաթղթերը կարելի է ստանալ ԱՍԱնից: Ինչպես հայտնեցին Ասան Հիդմեթ ծառայությունից, այժմ նույնիսկ անշարժ գույքի առքուվաճառքի դեպքում կարելի է խուսափել այդ կառույցներ այցելելուց: Բնակարանային շահագործման տեղամասեր անհրաժեշտ է դիմել միայն մեկ պարագայում՝ եթե վաճառում եք բնակարան, որի վրա գրանցված չեք:
Այժմ բնակարանային շահագործման տեղամասերի հնամաշ կաբինետների բնակիչները ստիպված են օգտագործել “գումար վաստակելու բոլոր հնարավորությունները: Օրինակ, “թարմ բնակչին գրանցման համար ծառայություններ առաջարկելու համար. «100 մանաթի դիմաց ես կլուծեմ ձեր բոլոր խնդիրները և կազատեմ ձեզ անձնագրային վարչություն այցելություններից», — վստահեցնում էր բնակարանային շահագործման տեղամասի հնաոճ վարսահարդարանքով ու վազող աչքերով աշխատակիցը: Բարեբախտաբար մենք այդ խայծը կուլ չտվեցինք ու դիմեցինք ԱՍԱՆին: Վճարեցինք միայն նվազագույն պետական տուրքը անձը հաստատող նոր փաստաթղթի ու նոր հասցեի համար:
Բնակարանային շահագործման տեղամասերն այնուամենայնիվ գոյություն ունեն: Եվ հավանաբար դրանք երբեք էլ չեն լուծարի, ինչպես մի ժամանակ պատրաստվում էին: