Հայաստանի և Ադրբեջանի սահմանին սրացման վեցերորդ օրը․ հարաբերական անդորր
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հրետանու և անօդաչու թռչող սարքերով հնգօրյա ակտիվ փոխհրաձգությունից հետո իրավիճակը հարաբերականորեն կայունացել է։
Սակայն երկու հասարակություններում լարվածությունը պահպանվում է։ Ադրբեջանի 8 500 քաղաքացի խնդրել է իրեն զինվորական ծառայության ընդունել։ Իսկ Հայաստանում քննարկում են հայկական ատոմակայանը հրետակոծելու մասին Ադրբեջանի հայտարարությունը։
Այս հոդվածի հրապարակման պահին հայկական կողմից զոհվել է չորս հայ զինծառայող, վիրավորվել 36–ը։
Ադրբեջանական կողմից մահացել է 13 զինծառայող, այդ թվում՝ մի քանի սպա, վիրավորների թվի մասին պաշտոնական տվյալներ չկան։
Բոլոր մանրամասները։
Տեղեկություններ Բաքվից
Ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցներում սահմանային իրավիճակի սրացումը հուլիսի 17–ի գլխավոր թեման էր։
Ադրբեջանի 8 500 քաղաքացիներ խնդրել են իրենց զինվորական ծառայության ընդունել։
Սակայն սոցցանցերում Հայաստանին պատերազմ հայտարարելու պահանջները հուլիսի 17–ի երեկոյան այնքան էլ ակտիվ չէին քննարկվում։ Ուշադրությունը շեղվել էր՝ քնարկում էին խիստ կարանտինը ևս երկու շաբաթով երկարաձգելու իշխանությունների որոշումը։ Քննարկումների կենտրոնում է նաև Բաքվում հուլիսի 15–ին կայացած ցույցի ժամանակ երեք լրագրողների կալանքը։ Մի քանի հազար մարդ այդ օրը պահանջում էր վերսկսել Ղարաբաղը նվաճելու ռազմական գործողություններն, այնուհետև ամբոխը ներխուժեց խորհրդարան։ Ցույցը կոպտորեն ցրեց ոստիկանությունը։
Գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ Հայաստանը «հանցագործություններ է կատարել քաղաքացիական անձանց դեմ՝ գնդակոծելով խիտ բնակեցված շրջանները հակամարտության սրացման նպատակով»։ Հայ զինծառայողների դեմ քրեական գործ է հարուցվել այն փաստի առթիվ, որ Թովուզի շրջանի Դոնդար Ղուշչու գյուղի բնակչի տունն ավերվել է հուլիսի 16–ի գնդակոծության հետևանքով։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդել է, որ հայկական կողմը մեկ օրում «հրադադարի ռեժիմը խախտել է ճակատի տարբեր ուղղություններով 97 անգամ»։
Այդպիսի հաղորդագրություններ արդեն երկար տարիներ հայտնվում են երկու երկրների լրատվամիջոցներում։
Ընդ որում, մամուլի ծառայությունը հաստատել է «Ադրբեջանի և Հայաստանի պետական սահմանին Թովուզի շրջանի ուղղությամբ հարաբերական անդորրի» հաստատման փաստը։
«Մեր բնակավայրերը չեն հրետակոծվում, սակայն ընդհանուր առմամբ լարվածությունը պահպանվում է», – հայտարարել է մամուլի ծառայությունը։
Թուրքիայի իշխանությունները հերթական անգամ հայտարարել են որ սատարում են Ադրբեջանին։ Թուրքիայի խորհրդարանը համապատասխան հայտարարություն է տարածել։ Իսկ նախագաի վարչակազմին կից ռազմական արդյունաբերության վարչության պետ Իսմայիլ Դեմիրը Twitter–ում գրել է․
«Մեր պաշտպանական արդյունաբերությունն՝ ԱԹՍ–ներից, զենքից, զինամթերքից և հրթիռներից սկսած մինչև էլեկտրոնային ռազմական համակարգերում, տեխնոլոգիաներում մեր փորձը, մեր բոլոր հնարավորությունները միշտ պատրաստ ենք ծառայեցնել Ադրբեջանին»։
Տեղեկություններ Երևանից
Գլխավոր նորությունը, որը քննարկվում է Հայաստանում, Հայկական ատոմակայանին Ադրբեջանի կողմից հրթիռային հարված հասցնելու սպառնալիքն է դարձել։ Այսպիսի նախազգուշացում է արել հուլիսի 16–ին Ադրբեջանի պաշտպանության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյահլին․
«Հայաստանը չպետք է մոռանա, որ Ադրբեջանի նորագույն հրթիռային համակարգերն ունակ են ճշգրիտ հարված հասցնել Մեծամորի ԱԷԿ–ին, ինչն աղետ կլինի Հայաստանի համար»։
Այս հայտարարությունը պատասխան էր լրագրողներից մեկի այն հարցի, թե ինչ կլինի, եթե Հայաստանը հարվածի Մինգեչաուրի ջրամբարին, որը կարևոր նշանակություն ունի Ադրբեջանի էկոհամակարգի համար։
Երևանում կտրականապես հերքել են հայկական կողմից նման մտադրությունների մասին ենթադրությունը։
Իր պատասխան հայտարարությունում Հայաստանի ԱԳՆ նշել է, որ Մեծամորի ատոմային էլեկտրակայանը հրթիռակոծելու սպառնալիքը վկայում է «Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հուսահատության մակարդակի և մտքի ճգնաժամի մասին»։
«Այն գործողությունները, որոնցով սպառնում է Ադրբեջանի ՊՆ-ն, հանդիսանում են ընդհանուր առմամբ միջազգային հումանիտար իրավունքի և, մասնավորապես, Ժնևյան կոնվենցիայի առաջին լրացուցիչ արձանագրության աղաղակող խախտում: Նմանօրինակ սպառնալիքները պետական ահաբեկչության ուղղակի դրսևորում են և արտահայտում են Ադրբեջանի ցեղասպան մտադրությունները:
Ավելին, Ադրբեջանի ղեկավարությունը նման հայտարարություններով հանդես է գալիս որպես սպառնալիք տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, այդ թվում՝ սեփական ժողովրդի համար»։
Ատոմակայանը գտնվում է թուրքական սահմանին շատ մոտ։ ԱԷԿ–ում ցանկացած արտակարգ պատահար աղետ կդառնա ոչ միայն Հայաստանի, այլև հարևան երկրների համար։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 17–ի գիշերն ու ողջ օրվա ընթացքում հայ–ադրբեջանական սահմանին հարաբերական անդորր էր։
Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը հաղորդել է, որ ադրբեջանական ԶՈւ–ն խախտել է հրադադարի ռեժիմը մոտ 120 անգամ Տավուշի սահմանի ուղղությամբ, որտեղ հուլիսի 12–ին սկսվել էր սրացումը, ինչպես նաև Գեղարքունիքի և Նախիջևանի ուղղությամբ։
«Հրետանի չի կիրառվել, Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային զենք է կիրառել․․․ Հաշվի առնելով խախտումների քանակն ու զինատեսակը՝ կարելի է խոսել լարվածության զգալի թուլացման մասին», — հայտարարել է փորձագետը։
Նրա իսկ տեղեկության համաձայն՝ ադրբեջանական կողմից կրակոցներ եղել են նաև Ղարաբաղի հետ շփման գծում, սակայն, ընդհանուր առմամբ, այնտեղ լարվածություն չկա։