10 երթուղիներ Վանաձորում
Եվ այսպես, գնում եմ Վանաձոր քաղաք՝ սովետական տարիներին Կիրովական, ավելի վաղ Ղարաքիլիսա կոչվող, Հայաստանի հյուսիսում, Երևանից մոտ 120կմ հեռավորության վրա գտնվող, իր մեծությամբ երրորդը Հայաստանում: Երկու ժամ հանրային տրանսպորտով՝ և ես Վանաձորի ավտոկայանում եմ: Վանաձորցիներին հարց ու փորձ եմ անում և սկսում ծանոթությունը քաղաքի հետ: Իսկ ձեզ ներկայացնում եմ իմ ցուցակը՝ ինչ կարողեք անել Վանաձորում մեկ օրվա ընթացքում:
1. Երգել
2. Բուժվել
«Վանաձոր-Արմենիա» առողջարանի այգին հայտնի է եղել դեռ Խորհրդային միության տարիներից՝ ոչ պակաս, քան առողջարանը: Աշունն այն արդեն ներկել է իր ուզած գույներով, նաև «վտարել» է բոլորին: Առողջարանը բաց է միայն ապրիլից հոկտեմբեր: Այս ահռելի տարածքում միայն տնօրենին հանդիպեցի՝ Սարգիս Ամիրյանին: Նա էլ առողջարանի գովքն արեց. Հայաստանում այն միակն է, որտեղ կոմպլեքս բուժում է իրականացվում՝ տորֆով և հանքային ջրերով:
3. Խմել… թթու ջուր
Տեղացիներն այնպես են գովաբանում Լոռի հանքային ջուրը, որ չխմելը պարզապես հանցանք կլիներ: «Թթու ջուր»՝ այդպես են կոչում տեղի հանքային ջուրն ու աղբյուրը, որտեղից այն բխում է: Բըռռ, իսկականից թթու է, բայց շատ փափուկ, նման չէ մյուս հանքային ջրերին: Ի դեպ, այն Հայաստանում չի շշալցվում և չի վաճառվում խանութներում:
4. Մշակութային երեկո անցկացնել
Քաղաքի անբաժանելի մասն է կազմում ավելի քան 80 տարեկան դրամատիկական թատրոնը: Ցավոք, չեմ հասցնի ինչ-որ ներկայացում դիտել, քանի որ երեկոյան այստեղ չեմ լինի: Համ էլ այստեղ ամեն օր չէ, որ ներկայացում կա…
Ուրեմն մնաց կերպարվեստի թանգարանը 1000-ից ավելի ցուցադրանմուշներով: Բայց ցուրտ եղանակին այստեղ մտնելը անհնար է. ջեռուցում չկա, դրա փոխարենը կա վերանորոգման խիստ կարիք:
Այ, մշակույթի պալատը վերանորոգվել է, այստեղ կազմակերպվում են Վանաձորի համերգներն ու տարբեր մշակութային միջոցառումները, կա նաև կինոդահլիճ: Երկրաշարժից հետո երկար ժամանակ շենքը կիսավեր է մնացել, և անգամ որոշվել էր, որ այդպես էլ մնա՝ որպես երկրաշարժի մասին հիշեցում: Սակայն Շառլ Ազնավուրի շնորհիվ այն վերականգնվել է և վերանվանվել հենց նրա անունով:
5. Խնձորի բերքահավաքի մասնակցել
Մեր հայտնի գրողներից Ստեփան Զորյանն է այստեղ ապրել, ու Վանաձորում է գտնվում նրա տուն-թանգարանը: Գրողի սիրելի խնձորի այգին էլ է այստեղ («Խնձորի այգին» Ս. Զորյանի հայտնի պատմվածքի անունն է): Ամեն տարի այս օրերին թանգարանը բերքահավաքի տոն է կազմակերպում: Բայց խնձորենիների վրա ընդամենը մեկ-երկու պտուղ եմ տեսնում:
Տուն-թանգարանի տնօրեն Լենա Անթառանյանն ասում է, որ ուշացել եմ բերքահավաքի տոնից…
6. Առևտուր անել
Աաա, սիրտս խնձոր ուզեց: Գնամ տեղացիների ասած «Լաչինի միջանցք» (Լաչինի միջանցքն իրականում Հայաստանը և Արցախը միացնող տարածքն է): Այստեղ կարելի է գտնել ԱՄԵՆ ԻՆՉ. թարմ ձկից մինչև օգտագործած մագնիտոֆոն, խաշի մսացուից ու պանրի տեսականուց մինչև տարբեր տեսակի կողպեքներ, և իհարկե խնձոր ու էլի լիքը մրգեր:
7. Սելֆի անել արձանների հետ
Աղմկոտ և փոշոտ նեղլիկ ճանապարհի կողքին տեղ են գտել Վանաձորի ամենահետաքրքիր 2 արձանը: Մեկը Դուդուկի արձանն է՝ նվիրված վարպետ Ատոյին, Վանաձորի հայտնի դուդուկահարին: Ի դեպ, հաճախ արձանի կողքին կարելի է դուդուկի հնչուններ լսել:
Իսկ մյուսը Համբույրի արձանն է: Ճիշտն ասած, ես շատ երկար նայեցի, մինչև հասկացա, թե որտեղ է համբույրը:
Եվս մեկ արձան այս աշնանն է հայտնվել քաղաքում՝ Վանաձորի գլխավոր փողոցի մայթին: Այն նվիրված է եղեռնի 100-րդ տարելիցին: Դե, ինչպես կարող էի սելֆի չանել բրոնզե թուրը ձեռքիս:
8. Հանրահավաքի մասնակցել
Նստեցի Արցախ պուրակի նոր ներկված նստարաններից մեկին բրդուճ ուտելու: Սա քաղաքի ամենամարդաշատ հատվածն է: Երիտասարդությունն էլ է այստեղ շատ՝ պուրակի կողքին Վանաձորի պետական համալսարանն է գտնվում: Կողքիս նստած տատիկն էլ պատմեց, որ այս պուրակը միշտ եղել և մնում է Վանաձորում տեղի ունեցող հանրահավաքների վայրը: Ասեմ, որ չնայած նոր ներկված նստարանների առկայությանը, պուրակն անխնամ, անմխիթար վիճակում է:
9. Եկեղեցի գնալ
Հայաստանում էլ ի՞նչ քաղաք, որ եկեղեցի չլինի: Իսկ Վանաձորում՝ 1,2,3,4,5… նույնիսկ 6 եկեղեցի կա, նաև ռուսական ուղղափառ: Դեռ Երևանից գալու ճանապարհին տեսա Կոտրած եկեղեցու ավերակները: Հենց Կոտրած եկեղեցու սև քարից էլ առաջացել է Վանաձորի առաջին անունը (Ղարաքիլիսիա՝ Սև եկեղեցի):
Սակայն վանաձորցիները սիրում են հպարտանալ, ինչպես իրենք են ասում, հին եկեղեցով՝ սուրբ Մարիամ Աստվածածնով:
Մի քանի րոպե, և ես հին եկեղեցուց հասա Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցին, որը համեմատաբար նոր է կառուցվել: Հայերը շարունակում են եկեղեցի կառուցել, չնայած դրան, որ ավելի շատ ընդունում են և պաշտում հին տաճարները:
10. Կողպեք կախել կամուրջին
Մեկ այլ եկեղեցի էլ գտնվում է հայազգի մեծահարուստ գինեգործ Վասիլ Թայիրովի ամառանոցի բակում (19-րդ դարի վերջ): Ի դեպ, 1999-ից Թայիրովների տունը վերածվել է Գուգարաց թեմի առաջնորդարանի: Դե, հասանք Թաիրովների տուն, ուրեմն շարժվենք առաջ, քանի որ փոքրիկ կամուրջն ինձ տանում է արդեն դեղնած այգի: Բայց մինչև այգին հասնելը, կանաչ կամրջի կողքով եմ անցնելու: Սիրահարներն այստեղ կողպեք են կախում՝ որպես իրենց սիրո հավերժության խորհրդանիշ: Դե, հիմա սիրո կողպեքներին ավելացավ նաև իմը:
Հրապարակվել է՝ 09.10.2016