Վարդագույն վագոնն այլասերվածներին կփրկի մեղքից
«Մեր եղբայրներին մի խնդրանք ունենք:
Եկե՛ք չնստենք մետրոյի վերջին վագոնը:
Այս վերջին՝ հինգերորդ վագոնը, եկեք թողնենք մեր կանանց:
Դրանով մենք նրանց կազատենք անհարմարությունից ու հրմշտոցից, ինքներս մեզ էլ՝ մեղքից ու խայտառակությունից:
Կիսվե՛ք, որ բոլորն իմանան»:
Այս մտքի հեղինակն, անկասկած, ճշմարիտ մուսուլման է, սակայն հստակ ճշտել, թե ում է պատկանում գաղափարն ի սկզբանե, բարդ խնդիր է: Ֆեյսբուքյան “ՏղամարդՄիՆստիրՎերջինՎագոն խումբը համակարգում է ոմն Իմամ Հասանլի: Նախաձեռնությունը քիչ էր մնում վերագրեին կրոնական գործիչ Հաջի Շահին Հասանլիին, սակայն նա հայտարարեց, որ ոչ մի կապ չունի դրա հետ:
Այս առաջարկը մեծ աղմուկ է բարձրացրել համացանցում և նույնիսկ՝ հայտնվել ադրբեջանական մամուլում:
Իմամ Հասանլին ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «չնայած կանանց համար նախատեսված վագոնին դեմ արտահայտվողներից ոչ բոլորն են կողմ կանանց ձեռք գցելու, բայց բոլոր ձեռք գցողները դեմ են: Ու մի հավատացեք, երբ նրանք ինտելեկտուալներ են ձևանում»:
«Ինտելեկտուալներն» այս թեմայով մի քանի հարց են տալիս.
1.Ինչո՞ւ պարզապես չավելացնել վագոնների քանակը, որպեսզի հրմշտոց չլինի:
2.Ինչո՞ւ բոլոր նրանք, ովքեր չեն կարողանում նայել կանանց, իրենց աչքերը չփակեն:
3.Ինչի՞ կբերի ըստ սեռի բաժանումը հասարակական տրանսպորտում: Առանձնացված դպրոցների՞, լողափերի՞:
4.Ի՞նչ անենք նրանք, ովքեր մետրոյով երթևեկում են իրենց ամուսինների հետ: Տարբեր վագոննե՞ր նստեն:
5.Ինչո՞ւ են առաջարկում կանանց տրամադրել միայն մեկ վագոն:
Բացի այդ, շատ կանայք համոզված են, որ եթե նրանք նստեն հինգերորդ վագոնից բացի ցանկացած այլ վագոն, դա կգնահատվի որպես անբարոյականություն:
«Ստացվում է, որ եթե ես չնստեմ վերջին հինգերորդ վագոնը, այլ երրորդը, ուրեմն ես ուզում եմ, որ ինձ ձեռք գցեն»:
«Իսկ եթե ինձ երրորդ վագոնում մեկը կսմթի, ես պետք է լռեմ և արցունքներս կուլ տամ՝ չէ որ ես եմ մեղավոր»:
Կան նաև կանայք, ում այս միտքը դուր է գալիս:
«Ես ուրախ կլինեի, եթե այդպիսի վագոն լիներ, թեկուզ՝ կես վագոն, որտեղ միայն կանայք են: Հիշում եմ, նախկինում, ուսանողական տարիներին, երբ դասի էի գնում, հաճախ կամ ուզում էին ձեռք գցել ինձ կամ գոնե հպվել: Շատ տհաճ է, նույնիսկ՝ սրտխառնոց է առաջացնում: Եվ ոչ ոք չէր օգնում, բայց շատերն էին նկատում, որ մի բան այն չէ… եթե դուք կարծում եք, որ ձեր մտերիմների ու ծանոթների հետ նման բան չի եղել, դուք սխալվում եք: Պարզապես շատերը թաքցնում են դա ու չեն խոսում այդ մասին»:
Նորարարության կողմանկիցները հետևյալ փաստարկներն են բերում.
1.Այլասերվածներին բուժել է պետք՝ նրանց զրկելով իրենց հակումները դրսևորելու հնարավորությունից: Ավելի հեշտ է հանցագործությունը կանխարգելել, քան հետո պատժել դրա համար:
2.Կանանց ոչ ոք չի արգելում երթևեկել այլ վագոններում նույնպես:
3.Ճապոնիայում նույնպես հատուկ կանանց համար նախատեսված վագոն կա, այն նույնիսկ վարդագույն է, և բոլորը գոհ են:
4.Տարբերակված տրանսպորտն ամբողջությամբ համապատասխանում է ադրբեջանական մտածելակերպին:
Վերջին փաստարկն ամբողջությամբ հաստատում է նոստալգիայով լի մեկնաբանությունը.
«Երբ ես դեռ փոքր աղջիկ էի, մեր գյուղի ավտոբուսը երկու մասից էր բաղկացած՝ հետևում տղամարդիկ էին նստում, դիմացը՝ կանայք: Իսկ այժմ, երբ պատիվ հասկացությունը մեռել է, ես ավտոբուսներում տղաներ եմ տեսնում, ովքեր հայացքով հոշոտում են աղջիկներին»:
Եվ իրոք, Բաքվում ծայրամասային երթուղիներում դա ավանդական պատկեր է. վերջին նստարաններին միայն տղամարդիկ են: Համարվում է, որ կանանց այնտեղ հարմար չէ նստել ամեն իմաստներով:
Սևինջ Ֆեդային milli.az-ի իր հոդվածում հետաքրքրվում է՝ ուր մնաց առաջընթացը: Նախկինում, ասում է նա, տղաների մայրերը նրանց համար հարս էին ընտրում բաղնիքներում (որպեսզի հանկարծ իրենց գլխին չկապեն կուզ կամ նիհար աղջիկ), հետո՝ հարսանիքների տեսաձայնագրությունները դիտելիս: Հետո երիտասարդներն իրենք սկսեցին սովորել ինքնուրույն ծանոթանալ: Իսկ հիմա հասարակական բաղնիքն առաջարկում են տեղափոխել մետրո՞:
Թեբրիզ Իսլամը inform.az-ի իր հոդվածում բոլոր նրանց, ում նոր գաղափորը վրդովեցնում է, հրմշտելու սիրահարներ անվանեց և կասկած հայտնեց, որ այդ գաղափարը կյանքի կկոչվի:
Ընդհանուր առմամբ, ԶԼՄ-ներում առանձնակի հիացմունք չնկատվեց:
Ինչ վերաբերում է պաշտոնատար անձանց, ապա Բաքվի մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը նշեց, որ որևէ «գենդերային» վագոն ոչ մեկի համար չի պատրաստվում առանձնացնել: «Մեր գործն ուղևորափոխադրումն է, մարդկանց հարմարավետության ու անվտանգության համար հոգ տանելը: Մեզ համար բոլոր ուղևորները հավասար են: Ով և ինչու է սկսել այս արշավը, մենք չգիտենք»: