Խաղող՝ կես գնով
Խաղողն պաշտամունքային միրգ է գինեգործ Հայաստանի համար: Բայց արդեն մի քանի տարի շարունակ այս ոլորտն եկամտաբեր չէ, ավելին՝ ամեն տարի ավելի կորուստաբեր է դառնում: Ճգնաժամն այնքան խորն է, որ սպառնում է վերացնել խաղողի այգիների մշակման բազմադարյա մշակույթը Հայաստանում:
Բացատրեք նրանց՝ թե կարող եք
Ալաշկերտցի Արարատ Մովսիսյանը սեփական գյուղտեխնիկա և 4 հեկտար այգի ունի, որն ընտանիքով մշակում են արդեն 25 տարի: Թվում է՝ գումար վաստակելու բոլոր նախադրյալները կան: Սակայն, չնայած այն բանին, որ Արարատը տիրապետում է իր գործի բոլոր նրբություններին, վերջին տարիներին նա միայն կորուստներ է կրում ու ամեն գարուն գյուղատնտեսական աշխատանքներն առանց գյուղվարկի չի կարողանում իրականցնել: Սա արդեն 3 տարի է՝ այս վիճակն է:
Գինեգործ Մովսիսյանների ընտանիքը է միակը չէ, ճգնաժամում են հայտնվել Արմավիրի մարզի խաղողագործությամբ զբաղվող 8500 տնտեսություն:
Ճգնաժամի պատճառներից մեկը պարարտանյութերի, քիմիկատների ու գյուղտեխնիկայի վառելիքի թանկացումն է: Ոչ այդքան հեռու անցյալում, երբ ամեն ինչ 2-3 անգամ ավելի էժան էր, բերքառատ տարում խաղողագործը կարող էր մի հեկտարից մեկ միլիոն դրամ վաստակել: Ներկայիս փոխարժեքով դա մոտ 2 հազ. դոլար է:
Արարատ Մովսիսյանը զայրանում է. հանրապետությունում չկա իրավասու մի գյուղատնտես, ով գյուղացու հետ միասին կհաշվարկի և իշխանություններին կներկայացնի խաղողի իրատեսական ինքնարժեքը: «Թող որևէ մեկը նրանց բացատրի, որ այդ ամենը գումար արժե՝ և՛ այգեթաղը, և՛ այգեբացը, և՛ դիզելվառելիքը, և՛ հողահարկը, և՛ վարկի տոկոսադրույքը»:
Թվերի մասին պատկերացումները չեն համընկնում
Պետության, գյուղացիների ու խաղող մթերող խոշոր ընկերությունների պատկերացումները խաղողի շուկայական գնի, այն արտադրելու ու գյուղատնտեսության այս ճյուղը ճգնաժամից դուրս բերելու մասին տարբեր են: Հաշվարկված է, որ խաղողի տեխնիկական տեսակը մթերվում է շուկայականից 1.5, իսկ սեղանի տեսակը՝ 3-4 անգամ ցածր գներով:
Պատճառն այն է, որ խաղողի գները թելադրում են մի քանի մթերող ընկերություններ: Պետությունը չի միջամտում այդ գործընթացին:
Շուկայականից մեկուկես անգամ ցածր գինը 150 դրամ է մեկ կիլոգրամի համար՝ 30 ցենտ: Մասնավորապես, այդ գնով է խաղող մթերում հայտնի «Արարատ» կոնյակի գործարանը:
Գյուղացիները պետք է գոհ լինեն, բերքն առատ էր, գործարանը
կարող էր սակագինը նվազեցնել, սակայն լավություն է արել գյուղացիներին,- գնագոյացումը այս կերպ է մեկնաբանում գործարանի գործադիր տնօրեն Իգոր Առաքելյանը:
Հուշակերտցի Նորիկ Ավետիսյանին գործարանը «լավություն է արել»՝ գնել է 10 տոննա խաղող: «Արարատի» հետ այդ գործարքը Նորիկին 1.5 մլն դրամ գումար է բերել (3000 դոլարից մի փոքր ավելին): Եթե հանենք ոռոգման ջրի վարձի, պարարտանյութի, բուժման գինը, գարնանն այս ամենի գնման համար վերցված վարկի տոկոսները, խաղողի այգում աշխատող ընտանիքի յուրաքանչյուր անձին ամսական 15000 դրամ (30 դոլար) էլ բաժին չի հասնի:
Արտահանման հազիվ նշմարելի հույս
Գինեգործների եկամտի կտրուկ կրճատման պատճառներից մեկն արտահանման նվազումն է: Վերջին մի քանի տարում այն գրեթե կրկնակի կրճատվել է:
Բայցևայնպես, Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը կարծում է, որ գինեգործական ընկերությունների կողմից չմթերված խաղողը (մոտ 90 հազ. տոննա) հնարավոր կլինի արտահանել կամ գոնե տեղում վաճառել:
Երկու խնդիրներն էլ դժվար իրագործելի են: Փոքր Հայաստանում նման ծավալի խաղողն իրացնելը, ինչպես և պնդումները, թե այն կվաճառվի Ռուսաստանում, անիրատեսական են: Գյուղացիները նախարարներ չեն, նրանք հասկանում են, որ արտահանողները ռուբլու արժեզրկման պատճառով դժվար թե ռիսկի դիմեն:
Իսկ նախարարին չես համոզի՝ նա շարունակում է պնդել, թե ժամանակ դեռ կա: Այո՝ կա, բայց այն անսահմանափակ չէ: