Խորհրդային ամեն ինչի վերջը եկել է
Սոֆյա Վասիլիի Սոկոլովան 87 տարեկան է: Նրա խնդիրն այն է, որ Սուլեյման Թագիզադեի փողոցում գտնվող նրա տունը «Սովետականի ապամոնտաժում» անվամբ հայտնի մի ողջ թաղամասի վերացման նախագծի շրջանակում շուտով կքանդեն: Նրա խնդիրն այն է, որ տունն ընդամենը 7 քառակուսի մետր է:
Նա, ով գնահատել է նրա ու մնացած բնակիչներին հատկացվելիք փոխհատուցման չափը, միայն տան վթարային լինելն է նկատել: Այն, որ տունը գտնվում է քաղաքի կենտրոնում, որտեղ բնակարանների գները Կովկասում ամենաթանկն են, պաշտոնյան չի նկատել:
Արդյունքում, երբ այստեղից անհայտ ուղղությամբ տեղափոխվելու ժամանակ տիկին Սոֆյային կփոխանցեն այդ փոխհատուցումը, նա մեկ հարյուրերորդական հողակտոր չի կարող գնել, ուր մնաց՝ բնակարան: Նա շարունակում է մտամոլոր ապրել փլատակներում և, կարծես, հույսը կարող է միայն հարևան երիտասարդների վրա դնել, ովքեր նրան երբեմն մթերք, օճառ կամ այլ բան են բերում:
Ինչպես Սովետական թաղամասը վերապրեց սովետական ժամանակները
Նարիման Նարիմանովի պողոտայի (նախկին Սովետական փողոց) տները սկսեցին քանդել 2014թ. փետրվարի 10-ին: Քանդելու ենթակա տների ցուցակում 10 հազ. տարբեր տիպի տներ կան, հիմնականում՝ խարխուլ: Դրանց տերերին մեկ քառակուսի մետրի դիմաց 1500 մանաթ (1360 $) փոխհատուցում են առաջարկել: Համեմատության համար նշենք, որ Բաքվի այդ թաղամասում 50 քառ. մ մակերեսով բնակարանն արժե 90-100 հազ. մանաթ: Բայց գլխավոր խնդիրն այստեղ փոխհատուցման գումարը չէ, այլ այն, որ տների մեծ մասի մակերեսն այտեղ մեծ չէ, և նորմալ բնակարան գնելը հետո ուղղակի անհնար կլինի:
Սովետականի ապամոնտաժումը ծրագրվել է դեռևս խորհրդային տարիներին, բայց այդպես էլ չի սկսվել: Եթե հավատանք Բաքվի զարգացման պաշտոնական հայեցակարգին, «խորհրդային մնացորդները» վերջնականապես կվերացվեն 2030թ.-ին:
Նրանք սպասում են
Տներից շատերի վրա կարմիր խաչի պես նշաններ են արել: Դրանք խորհրդանշում են, որ շուտով տվյալ շենքը քանդվելու է: Բայց որքա՞ն շուտ: Մինչև 2030թ. դեռ այնքան ժամանակ կա: Բնակիչներն ասում են, որ պատմության ակտիվ ժամանակաշրջանում են գտնվում՝ ուղղակիորեն հետևում են, թե ինչպես է իրենց խորհրդային մանկությունը փլատակների վերածվում:
Թեյմուր Թուշիև, իր կյանքի 35 տարիներն ապրել է Սովետականում
Նախագծի տնտեսական հիմնավորման մասին
«Սովետականի փոխարեն… կանաչապատ տարածքներ են լինելու: Միևնույն ժամանակ՝ կարող են սոցիալական նշանակության օբյեկտներ կառուցվել», — ասված է Ադրբեջանի քաղաքաշինության ու ճարտարապետության պետական կոմիտեի կայքում:
Տնտեսական ու սոցիալական զարգացման կենտրոնի նախագահ Վուգար Բայրամովը Սովետական փողոցի ապամոնտաժման վերաբերյալ 5 կարևոր տվյալ հայտնեց:
2015 թ.-ին պետբյուջեից 180 մլն մանաթ (մոտ 170 մլն $) գումար կհատկացվի: Տնտեսական ու սոցիալական զարգացման կենտրոնի գնահատականի համաձայն՝ տների ապամոնտաժման ու տարածքի բարեկարգման ծախսերը կկազմեն մոտ 500 մլն մանաթ (մոտ 480 մլն $):
Նավթի գների անկումն ու, հետևաբար, պետության եկամտի կրճատումը կառավարությանը ստիպում են վերանայել սոցիալական նախագծերի ծախսերը: Կա անհրաժեշտություն իրականացնելու նախագծեր, որոնք եկամուտ կբերեն: (Նշենք, որ պետական կառույցները որևէ հայտարարություն թաղամասի ապամոնտաժման ու բարեկարգման նախագծի վերաբերյալ չեն արել – Հեղ.):
Նոր ուղենիշը (նախորդ կետի հետ կապված) այստեղ կառուցված ամեն օբյեկտն է, որը պետք է պետությանը եկամուտ ապահովի, թեկուզ՝ հարկերի տեսքով: Ակտիվորեն կխթանվեն մասնավոր ներդրումնեը, որպեսզի այգում Սովետականի փոխարեն սրճարաններ ու ատրակցիոններ լինեն:
Պատմական հուշարձանների ճակատագիրը
«Այս տարածքի 138 պատմական հուշարձաններից կպահպանվեն միայն 15-16-ը: Մնացածները կամ ամբողջությամբ կապամոնտաժվեն, կամ կտեղափոխվեն այլ տեղ», — մեկնաբանում է Ադրբեջանի մշակույթի և տուրիզմի նախարար Աբուլֆաս Հարաևը:
Որոշումը, թե ինչը պետք է շարունակի ապրել, իսկ ինչը՝ անհետ կորչել, ընդունել է նախարարության ստեղծած հատուկ խումբը, որի կազմում ներառվել են Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի, ինչպես նաև անկախ մասնագետներ: Պահպանման ենթակա կառույցների թվում ճարտարապետական արժեք չունեցող, բայց պատմական տեսանկյունից կարևոր կառույցներ են, օրինակ Ջալիլ Մամեդկուլիզադեի ու Աբդուլա Շաիգի տուն-թանգարանները:
Խորհրդային և ոչ խորհրդային տարիների մարդիկ՝ Սովետականի մասին
Ֆեյսբուքում արված հարցումը, որին մասնակցել են և՛ խորհրդային տարիներին ապրած, և՛ նոր սերնդի ներկայացուցիչներ, ցույց տվեց, որ Խորհրդային Միության հանդեպ անձնական զգացմունքները մեծ դեր չեն խաղում, եթե խոսքը գնում է կյանքի որակի մասին: Հարցվածների 80 %-ը վթարային թաղամասի ապամոնտաժումը դրական որոշում է համարում: Եվ հարցվածների 100 % կարծում է, որ գլխավոր հարցը ոչ թե այն է, թե ինչ է կառուցվելու Սովետականի փոխարեն, այլ այն, թե մարդկանց հետ ինչ կլինի:
Գիտակները՝ Սովետականի մասին
Միլլի Մեջլիսի պատգամավոր, Ժողովրդավարական բարեփոխումների կուսակցության նախագահ Ասիմ Մոլլազադեն գոհ է գործընթացից. «Այգիներն ու կանաչ գոտիները, որոնք կգոյանան նախկին խարխուլ տների փոխարեն, Բաքուն աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը կդարձնեն»:
Ադրբեջանի իրավապաշտպան կենտրոնի նախագահ Էլդար Զեյնալովն ու Նավթային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Իլհամ Շաբանը, թեև կողմ են Սովետականը քանդելու որոշմանը, բայց պնդում են, որ առաջին հերթին պետք է պատշաճ կերպով լուծել բնակիչների ճակատագրի հարցը, հետո նոր քննարկել, թե ինչ կառուցել այդտեղ:
Իրավապաշտպան Էլդար Զեյնալով. «Այստեղ փոքր չափի տներ են (տիկին Սոֆյայի տան պես – Հեղ.): Որոշ ընտանիքների բախտը բերել է. նրանց տրամադրել են ոչ թե փոխհատուցում, այլ ստանդարտ բնակարան՝ 45 քառ. մ մակերեսով, նույնիսկ՝ վերանորոգած: Իհարկե, բնակարանը կենտրոնում չէ, բայց այդ ընտանիքների համար դա նվեր է, նմանատիպ բնակարան նրանք իրենց երբեք չէին կարող թույլ տալ: Սակայն շատերին փոխհատուցումը հնարավորություն չի տա կյանքի համար պիտանի մի բան գնել»:
Նավթային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Իլհամ Շաբան. «Այստեղ մի քանի խնդիր կա: Սովետականը քանդելու նախագիծը գոյություն ունի 1928թ.-ից, բայց այն սկսել են իրականացնել հենց այն ժամանակ, երբ նավթի գները սկսեցին իջնել: Բացի այդ, աշխատանքների ծավալը գիտակցեցին սկսելուց հետո միայն և հասկացան, որ մի քանի տարի պետք կլինի «խորհրդային» ամեն ինչից ազատվելու համար: Որպեսզի գործընթացը չձգվի տասնամյակներ, պետք է շտապ մասնավոր ներդրումներ ներգրավել»:
Ի լրումն, առաջարկում ենք քննարկել Իլհամ Շաբանի՝ «Սովետական փողոցի թանգարան» կառուցելու առաջարկը և հավաքել այնտեղ բնակիչների ալբոմներից նկարներ, նաև՝ նվազագույնը 80 տարի այստեղ ապրած նրանց կյանքի պատմությունները: JAMnews-ն այդ գաղափարը հիանալի է համարում: