Հրաժարում պատվաստումներից, հոմոֆոբիա, ռուսամետություն․ արդյո՞ք եկեղեցին խոչընդոտում է Վրաստանի արևմտամետ ուղղվածությանը
Եկեղեցին Վրաստանի ամենաազդեցիկ ինստիտուտն է։ Սակայն դրա շատ գաղափարներ քիչ են համընկնում իշխանությունների արևմտամետ ուղղվածության հետ։ Փորձագետները խոսում են եկեղեցում առկա հոմոֆոբիայի, նրա ռուսամետ հայացքների և այլ ասպեկտների մասին։ Երկրի համար կարևոր մոտալուտ խորհրդարանական ընտրությունները, որոնք կայանալու են 2020 թ–ի հոկտեմբերին, այդ քողարկված կոնֆլիկտը կարող են սրել։
Կորոնավիրուսի համավարակի պատճառով երկրների մեծ մասի քրիստոնեական տաճարների դռներն ամիսներով փակվեցին։ Սակայն Վրաստանը գրեթե միակ ուղղափառ երկիրն էր, որտեղ ոչ միայն չչեղարկվեցին պատարագներն, այլև հավատացյալներին կոչ էր արվում եկեղեցի գալ։
Երկրի ամենաազդեցիկ ինստիտուտն՝ ուղղափառ եկեղեցին, փաստացի հրաժարվեց հետևել արտակարգ դրության կանոններին և չդադարեցրեց պատարագներն անգամ կարանտինի օրերին։
Եկեղեցու այս պահվածքը կրկին հասարակությանը երկու մասի բաժանեց և քննարկում առաջացրեց այն մասին, թե արդյոք Վրաց եկեղեցին օրենքի տիրույթից դուրս է։
Բացի այդ, ազդեցիկ հոգևորականներն իրենց քարոզների ժամանակ սպառնացին, որ թույլ չեն տա բնակչությանը պատվաստել կորոնավիրուսի դեմ դեռևս գոյություն չունեցող պատվաստանյութով։
Իսկ եպիսկոպոսներից մեկը դեմ արտահայտվեց Վրաստանի գործերին արևմտյան երկրների միջամտությանն ու պահանջեց հանրաքվե անցկացնել երկրի արտաքին քաղաքական ուղղվածության հարցով։
Խորհրդարանական ընտրությունները, որոնք կայանալու են հոկտեմբերին, մոտենում են, և փորձագետներն ակնկալում են վրացական քաղաքականությունում եկեղեցու էլ ավելի ակտիվացում։
Եկեղեցին ու կորոնավիրուսը
2020 թ–ի մարտի վերջին, երբ Վրաստանում արտակարգ դրություն և պարետային ժամ էր հայտարարվել, իսկ անձնական ավտոմեքենաներով տեղաշարժն արգելված էր, հոգևորականները, միևնույն է, մեքենաներով էին երթևեկում, նրանք հատուկ թույլտվություններ ունեին։
«Աղոթքն առանձնապես կարևոր է, երբ մարդը դժբախտության մեջ է։ Ի՞նչ անեն հուսահատ մարդիկ, եթե եկեղեցին փակ է կորոնավիրուսի պատճառով», — ասում է 64-ամյա Մանանա Կվանտալիանին, որը երեսուն տարի ամեն կիրակի այցելում է Սուրբ Նիկոլոզի եկեղեցի։
• Կորոնավիրուսն ու «Վերջին օրերի եկեղեցին»։ Ինչո՞ւ վրաց եկեղեցին չի չեղարկում պատարագները տաճարներում
• Վրաստան և կորոնավիրուս․ հաջողությո՞ւն, թե՞ բախտ
• Համավարակ․ շանս Վրաստանի իշխող կուսակցության համա՞ր
Նրա խոսքով՝ թեև ինքը շաքարախտ ունի և ռիսկի խմբում է, այնուամենայնիվ, ներկա է եղել բոլոր պատարագներին արտակարգ դրության ժամանակ։
«Մեր մասին սարսափելի բաներ էին գրում Ֆեյսբուքում։ Որ մենք մարդասպան ենք, որ «եկեղեցական կլաստեր» է հայտնվել, որ մենք բոլորս վարակվելու ենք։ Ո՞ւր է այդ կլաստերը։ Ոչ ոք չի կարող վարակվել եկեղեցում։ Եթե ունեք հավատք, վարակը սարսափելի չէ»։
Իրոք, կանխատեսումներն ու մտավախությունները չարդարացան։ Մի քանի դեպք է եղել, երբ վարակվել են հոգևորականներ, սակայն զանգվածային վարակումից հնարավոր է եղել խուսափել։
Այնուամենայնիվ, ինչպես ասում են փորձագետները, ընդհանուր կանոններին չենթարկվելու եկեղեցու որոշումը կարևոր էր այլ առումով․ եկեղեցին ցույց տվեց, որ չնայած վերջերս տեղի ունեցած մի քանի աղմկահարույց սկանդալներին՝ այն նախկինի պես ամենաազդեցիկ ուժն է երկրում, և նրա խոսքը մեծ արժեք ունի։
«Եկեղեցին փորձում է վերականգնել իր հեղինակությունն ու ազդել զանգվածների վրա։
Գործնականում խոսքն այն մասին է, որ միավորվեն ֆանատիկ և էքստրեմիստական ուժերը, որոնք անհրաժեշտության դեպքում կդիմակայեն կառավարությանը, որ նրա հետ սակարկելու բան լինի։
Այդպիսով, այն մեծ շահ ունի», — ասում է աստվածաբան Գիորգի Տիգինաշվիլին։
Վճռորոշ ընտրությունների նախաշեմին իշխանություններն, ըստ փորձագետների, չունեն հավատացյալներին և հասարակության պահպանողական հատվածին դիմակայելու ոչ ուժ, ոչ էլ ցանկություն։
«Գործնականում պետությունը հրաժարվեց կատարել իր գործառույթը։ Իշխող «Վրացական երազանքը» գիտակցում է, որ իրեն պետք է եկեղեցու օգնությունը, և նա չի կարող իրեն թույլ տալ կոնֆլիկտի մեջ մտնել նրա հետ», — ասում է քաղաքագետ Գիա Նոդիան։
Ամենաուժեղն, ամենահարուստն ու ամենաազդեցիկը
Վրաց ուղղափառ եկեղեցու վերածնունդը սկսվել է 1990-ականների սկզբին, երբ Վրաստանն անկախություն է ձեռք բերել, իսկ կրոնը լցրել է գաղափարական վակուումը, որը ստեղծվել էր ԽՍՀՄ փլուզումից հետո։
Այսօր ուղղափառ եկեղեցին Վրաստանի ամենահարուստ և լավ կազմակերպված կառույցներից է։ Ամեն տարի նա մոտ 25 մլն լարի [մոտ $8 մլն] է ստանում պետբյուջեից։ Այն նաև մեծ ունեցվածք ունի․ պատրիարքարանի սեփականության տակ է ավելի քան 62,7 քառակուսի մետր հող, ինչը հավասար է Բաթում քաղաքի մակերեսին։
Վրաց ուղղափառ եկեղեցին գլխավորում է 47 եպիսկոպոսներից բաղկացած սինոդը։ Նրանցից 41–ը ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվում, օգտվում հարկային և այլ արտոնություններից և զգալի սեփականություն ունի։
2014 թ–ի մարդահամարի համաձայն՝ Վրաստանի 83 տոկոսն իրեն ուղղափառ քրիստոնյա է համարում։
Ըստ 2020 թ–ի հունվարի 16–ին ԱՄՆ Ազգային–ժողովրդավարական ինստիտուտի (NDI) հրապարակած հարցման՝ հարցվածների 66,3 տոկոսն ամբողջությամբ վստահում է Վրաստանի պատրիարքին, իսկ եկեղեցու վարկանիշը կազմում է 50 տոկոս։
Դա, նախորդ հարցումների համեմատ, ամենացածր ցուցանիշն է։
Վերջին երկու–երեք տարիներին եկեղեցին դժվար ժամանակներ է ապրում․ այն ժամանակ առ ժամանակ սկանդալային ցնցումներ է ապրում։ Բանն այն է, որ Վրաստանի կաթողիկոս–պատրիարք Իլյա Երկրորդն 87 տարեկան է և հաճախ է հիվանդանում, այդ պատճառով էլ եկեղեցում բուռն պայքար է ընթանում պատրիարքի աթոռի համար։
Առաջին սկանդալն այսպես կոչված «Ցիանիդի մասին գործն» էր 2017 թ–ի սկզբին, որով կալանավորվել էր ավագերեց Գիորգի Մամալաձեն։ Քննության նախնական վարկածի համաձայն՝ նա պատրաստվում էր պատրիարքին թունավորել նատրիումի ցիանիդով։ Սակայն ավելի ուշ նա դատապարտվել էր պատրիարքի քարտուղար–ռեֆերենտին թունավորելու փորձի համար։
Դա հանգեցրել էր եկեղեցու ներսում անվերահսկելի գործընթացների։ Հոգևորականները երկու ճամբարի են բաժանվել՝ միմյանց մեղադրելով տարբեր հանցագործությունների կամ ծանր մեղքերի համար։ Բանը հասել էր նրան, որ սինոդի անդամներից մեկը՝ հայր Պետրեն, հանրային կերպով պատիարքին մեղադրել էր «մանկապղծության» մեջ։
Հոգևորականները նույնպես հանրային կերպով մեղադրում են միմյանց կոռուպցիայի և «սոդոմական մեղքի» համար։
«Վերջին իրադարձությունները լրջորեն վնասել են եկեղեցու հեղինակությունը, այն անշեղորեն նվազում է, բայց դեռևս ոչ այնքան, որ կառավարությունը դրա հետ հաշվի չնստի», — կարծում է Գիորգի Տիգինաշվիլին։
Նրա խոսքով՝ կորոնավիրուսի համավարակն, ինչպես նաև գալիք ընտրությունները եկեղեցու համար լավ շանս են ապացուցելու, որ այն դեռ ուժեղ և ազդեցիկ է։
Եկեղեցին, որը ցուցադրել է իր ազդեցությունն արտակարգ դրության ժամանակ, արդեն դրանից ստացել է առաջին նյութական շահը․ մի քանի շաբաթ առաջ խորհրդարանն իշխող կուսակցության նախաձեռնությամբ օրենք է ընդունել երկրի յուրաքանչյուր եկեղեցու և մենաստանի 20 հեկտար հարակից անտառային տնտեսություն փոխանցելու վերաբերյալ։
«Այդպիսի նվերներ դեռ շատ կլինեն մինչև ընտրությունները։ Ներկայիս կառավարությունն առավելագույնս օգտագործելու է բոլոր ռեսուրսները՝ ներառյալ եկեղեցու աջակցությունն, իշխանությունը պահպանելու համար։ Եվ եկեղեցին, իհարկե, չի հրաժարվի նման նվերից», — ասում է Տիգինաշվիլին։
Եկեղեցին և քաղաքականությունը
Ընտրություններում եկեղեցին հաճախ է իրոք կարևոր դեր խաղում։
Օրինակ՝ 2012 թ–ի խորհրդարանական ընտրություններում, երբ եկեղեցին քաղաքական չեզոքություն էր հայտարարել, առանձին հոգևորականներ իրենց քարոզներում արշավ էին իրականցնում այն ժամանակվա իշխանությունների և Միխեիլ Սաակաշվիլիի դեմ՝ հօգուտ «Վրացական երազանքի» և դրա առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի։
YouTube–ում այդպիսի քարոզների տասնյակ տեսանյութեր կարելի է գտնել։
Փորձագետներն ասում են, որ այս անգամ էլ եկեղեցին անկախ դիտորդ չի լինելու։ Աստվածաբան Լևան Աբաշիձեն այս իրավիճակը բնական է համարում․
«Ընդդիմությունը, հատկապես՝ «Միասնական ազգային շարժումը» (նախկին նախագահ Սաակաշվիլիի կուսակցությունը), մեծ մասամբ լիբելարիզմով է բնորոշվում։ Եկեղեցին ավանդույթների կողմնակից է, այն ավելի շատ սատարում է իշխող կուսակցությանը, քանի որ համարվում է, որ այդ կուսակությունն ամենաշատն է գնահատում ավանդույթները»։
Խնդիրը ոչ միայն եկեղեցին է, այլ հիմնականում քաղաքական գործիչները, որոնք մշտապես փորձում են եկեղեցին օգտագործել և մանիպուլյացիայի ենթարկել, ասում է Աբաշիձեն։
Քաղաքականությունը կյանքի միակ ոլորտը չէ, որին միջամտում է եկեղեցին։
Օրինակ՝ խորհրդարանի նիստերից մեկում, որտեղ քննարկվում էր սեռական դաստիարակության դասընթացների ներմուծումը, եկել էին եկեղեցու ներկայացուցիչներն ու բառացիորեն տապալել նիստը, քանի որ եկեղեցին դեմ էր դպրոցներում այդ առարկայի դասավանդմանը։
Հոգևորականները դեմ էին նաև խտրականության դեմ օրենքի քննարկմանը, որի էությունը տարբեր, այդ թվում՝ կրոնական և սեռական կողմնորոշման հատկանիշներով խտրականության դեմ պայքարն էր։
Խորհրդարանն, այնուամենայնիվ, ընդունեց օրենքը, որովհետև դա էին պահանջում միջազգային կառույցները, սակայն եկեղեցու պահանջով մեծապես ձևափոխված տեսքով։
Եկեղեցու ազդեցությունը հաճախ է արտահայտվում տարբեր իրավիճակներում։ Օրինակ՝ հոգևորականները հավատացյալներին մոբիլիզացրել էին անձը հաստատող էլեկտրոնային փաստաթղթերի դեմ ակցիայի համար, որովհետև դրանցում «սատանայի նշան» էին տեսել։
Հոգևորականներն արմատական կազմակերպությունների հետ միասին փորձում էին տապալել կինոթատրոններում միասեռական սիրո մասին ֆիլմի ցուցադրությունը։
Հոգևորականները մասնակցում են ԼԳԲՏ դեմ բոլոր ցույցերին։
ԼԳԲՏ–համայնքի շատ ներկայացուցիչներ ստիպված են լքել երկիրն, իսկ նրանց ընտանիքներին վախեցնում և վիրավորում են
2013 թ–ի մայիսի 17–ին հոգևորականների գլխավորած ամբոխը դաժանաբար ցրեց Հոմոֆոբիայի դեմ պայքարի օրվան նվիրված հանրահավաքը։ Իսկ 2014 թ–ին պատրիարքը որոշեց այդ օրը հայտարարել Ընտանիքի սրբության օր։
Այդ օրվանից հարյուրավոր մարդիկ՝ հոգևորականներ և հավատացյալներ, մայիսի 17–ին հավաքվում են և խաչերով ու սրբապատկերներով երթեր կազմակերպում, իսկ ԼԳԲՏ համայնքի կողմնակիցներն այդ օրը վախենում են փողոց դուրս գալ։
«Եկեղեցին միշտ ուժ է եղել, որը կարող է վետո դնել քաղաքացիական որոշումների վրա։ Այն հավակնում է լինել օրենքից և սահմանադրությունից բարձր, և այն հարցերում, որոնք, ըստ եկեղեցու, իրեն են վերաբերում, պետությունը չպետք է առանց իրեն որոշումներ կայացնի», — կարծում է քաղաքագետ Գիա Նոդիան։
Իսկ կորոնավիրուսի համավարակի առնչությամբ վրացի հոգևորականները սկսել են տարօրինակ, գիտության հետ կապ չունեցող հայտարարություններ անել։
Օրինակ՝ եպիսկոպոսներից մեկը՝ հայր Նիկոլոզը, կորոնավիրուսի ապագա պատվաստումը «սատանայի գործողություն» է անվանել։ Մեկ այլ եպիսկոպոս Սաբան քարոզի ժամանակ հայտարարել էր, որ այդ պատվաստանյութը ստեղծվել է «ստրկացման» համար, և «ներկայիս վարակը սատանայի ձեռքի գործն է՝ մարդկանց վրա ազդելու համար»։
Այսպիսի հայտարարությունները «եկեղեցու ներկայացուցիչների տգիտությունից զատ» թելադրված են նաև ռուսական տեղեկատվական օրակարգով, ասում է աստվածաբան Գիորգի Տիգինաշվիլին․
«Ռուսական եկեղեցին և Կրեմլը մարդկանց վախեցնում են միասեռական ամուսնություններով, Արևմուտքի այլասերումով, հայտարարություններով, թե Արևմուտքը փորձում է գայթակղել մեզ և ստրկացնել չիպերի, պատվաստանյութերի և այլնի միջոցով։ Այս մեսիջները նույնն են ամենուր, որտեղ Կրեմլը դրանք հնարավորություն ունի տարածելու»։
Ռուսաստա՞ն, թե՞ Արևմուտք
Կիրակնօրյա քարոզի ժամանակ մայիսի 24–ին ազդեցիկ հոգևորական, սինոդի անդամ եպիսկոպոս Անտոնը հավատացյալներին պատմել էր, որ Վրաց եկեղեցու նկատմամբ կազմակերպված հարձակում է ընթանում, և այդ ամենի հետևում կանգնած է Արևմուտքը։
Նա քննադատել էր հասարակական կազմակերպություններին, որոնց ֆինանսավորում է Արևմուտքը՝ հայտարարելով, որ «նրանք փորձում են ուժերի ներածին չափով ստիպել մարդկանց ատել եկեղեցին և սատարել ԼԳԲՏ համայնքը»։
Նա նաև «արդյո՞ք մենք այդպիսի Եվրոպա ենք ուզում» հարցով հանրաքվե անցկացնելու նախաձեռնությամբ էր հանդես եկել։
Պաշտոնապես վրաց պատրիարքարանը կողմ է Վրաստանի կառավարության արևմտամետ քաղաքականությանը։
Սակայն իրենց քարոզներում հոգևորականները հաճախ բոլորովին հակառակ բաներ են ասում․ արևմտյան արժեքներն ահամատեղելի են վրացական ավանդույթների հետ, ի տարբերություն միահավատ Ռուսաստանի։
«Երբ հոգևորականներն այդպիսի հայտարարություն են անում, դա խոսում է եկեղեցու ներսում առկա ազատության որոշակի մակարդակի մասին։ Նրանք այդպես են կարծում և այդպես քարոզում։ Սակայն դա չի նշանակում, որ եկեղեցու դիրքորոշումն է այդպիսին», — այսպես է մեկնաբանել հոգևորականների քարոզները պատրիարքարանի մամուլի խոսնակ Անդրիա Ջագմայիձեն։
Ռուսաստանի և Ռուս ուղղափառ եկեղեցու նկատմամբ Վրաց ուղղափառ եկեղեցու զգուշավոր վերաբերմունքն արտահայտվել է Ուկրաինական եկեղեցու ավտոկեֆալիայի հարցում։
Ըստ փորձագեների՝ վրաց եկեղեցին չի շտապում ճանաչել ավտոկեֆալիան և այդ հարցով զգուշավոր հայտարարություններ է անում՝ Ռուս եկեղեցու հետ հարաբերությունները փչացնելու վախից դրդված։
Internews-Ukraine–ի անցկացրած հետազոտությունը մի քանի հետխորհրդային երկրներում, այդ թվում՝ Վրաստանում, ուկրաինական ավտոկեֆալիայի լուսաբանման վերաբերյալ ցույց է տվել, որ ուկրաինական ավտոկեֆալիայի մասին ռուսական մեսիջներն ունիվերսալ էին այդ երկրների համար։
Առավել տարածված ուղերձը հետևյալն է․ ուղղափառ աշխարհը պետք է միավորվի՝ Արևմուտքին դիմակայելու համար։
Հետազոտությունը ցույց է տվել, որ Կրեմլը գտել է բոլոր երկրների աքիլեսյան գարշապարը և տեղական եկեղեցիների միջոցով տարածել համապատասխան մեսիջներ։ Օրինակ՝ Վրաստանում ուկրաինական ավտոկեֆալիայի մասին հարցը դիտարկվում էր Ռուսաստանի կողմից Աբխազական եկեղեցու անկախության չճանաչման համատեքստում, իսկ Հայաստանում Ուկրաինան ներկայացվել էր որպես Թուրքիայի դաշնակից։
Պատրիարքարանին մոտ կանգնած աստվածաբան Լևան Աբաշիձեն ասում է, որ Վրաց եկեղեցու դիրքորոշումը ոչ թե ռուսամետ է, այլ զգուշավոր․
«Պատրիարքը միշտ վրացամետ է եղել։ Ռուսաստանը միահավատ երկիր է և միշտ մեր հարևանն է լինելու։ Մենք բոլորս հասկանում ենք, որ վաղ թե ուշ ինչ–որ բան է փոխվելու, և պետք չէ կամուրջներն այրել»։
«Ռուսական հատուկ ծառայություններն օգտագործում են բոլոր հնարավորությունները և, հավանաբար, օգտագործում են նաև եկեղեցին, սակայն դա չի նշանակում, որ մեր եկեղեցին լի է ռուսական գործակալներով և ռուսական քաղաքականություն է վարում։ Դա այդպես չէ», — ասում է Աբաշիձեն։
Նրա կարծիքով՝ ռուսական եկեղեցու նկատմամբ վրացականի կառուցողական վերաբերմունքի արդյունքն այն է, որ ռուսական եկեղեցին չի ճանաչում աբխազական եկեղեցու անկախությունն ու այն վրացականի մաս է համարում։
Գիորգի Տիգինաշվիլին այլ կերպ է նայում եկեղեցու դերին։ Նրա խոսքով՝ «վերջին տարիներին հասարակության ցանկացած խնդիրների հետևում սովորաբար պատրիարքարանն է կանգնած»։
«Եկեղեցու ներկայացուցիչներն ուղղակիորեն ասում են, որ մարդու իրավունքները եկեղեցու դեմ Սորոսի արշավի մի մաս են և դա այն փլուզելու փորձ է։ Իհարկե, Արևմուտքի և պրոգրեսի նկատմամբ այդ վերաբերմունքը խոչընդոտում է հասարակության զարգացմանը», — ասում է նա։
Աստվածաբանը կարծում է, որ, թեև եկեղեցին հայտարարում է երկրի արևմտամետ ուղղվածությանն աջակցելու մասին, «իրականում այն խոչընդոտում է պետության զարգացմանը ժողովրդավարացման և եվրոպական ինտեգրման պրոգրեսի ուղղությամբ»։
«Մեիդացանցի» աջակցությամբ