Միխայիլ Շևելյով, Մոսկվա
Մահացել է հիանալի գրող և լուսավոր մարդ Ֆազիլ Իսկանդերը:
Հնարավոր է՝ սխալվեմ, սակայն վերջին բանը, որ գրել է Ֆազիլ Իսկանդերը, Դմիտրի Իվանովի “Որտեղ են գիշերում աստվածները գրքի վերաբերյալ կարծիքն է: Նա խորհուրդ էր տալիս կարդալ: Եվ այդ խորհրդին արժե հետևել. և՛ խորհուրդ տվողն է ոչ սովորական մարդ, և՛ թեման է կարևոր:
Ռուսաստանը Կովկասով չի հետաքրքրվում: Դա երևում է ագրեգատորների թոփ-նորություններից, սոցցանցերում արված գրառումներից, լրատվամիջոցների հրապարակումներից: Հյուսիսային Կովկասով՝ եթե Ռամզան Կադիրովը արտասովոր մի բան հայտարարի կամ անի, կամ Դաղստանում հզոր մի բան պայթեցնեն, կամ Մոսկվայում սպանեն Բորիս Նեմցովին: Իսկ թե ինչ է կատարվում Բաքվում, Երևանում և Թբիլիսիում, ռուսներին բոլորովին չի հետաքրքրում: Բրեքսիթն, այո՛, պետք է քննարկել: Իսկ ռազմական գործողությունները Ղարաբաղում՝ ոչ, չի հետաքրքրում:
Եվ այդ զգացմունքները փոխադարձ են: Ինչպես նաև Վրաստանում, Ադրբեջանում և Հայաստանում քչերին են հետաքրքրում Ռուսաստանի մասին լուրերը: Այդտեղի բնակիչների մեծ մասի համար դա ուրիշ, օտար և հաճախ՝ թշնամական աշխարհ է: Նույնիսկ Հարավային Օսիայում և Աբխազիայում քչանում են նրանք, ովքեր լարված հետևում են մոսկովյան կյանքին: Իրենց գործը չէ:
Եվ ոչ մի առեղծված կամ անսպասելի բան այստեղ չկա. Խորհրդային Անդրկովկասի և ներկայիս Հարավային Կովկասի միջև 25 տարվա տարածություն կա: Եվ որքան էլ մենք խոսենք կայսրության վերածննդի մասին, “արտոնյալ շահերի գոտու մասին, ակնհայտը դժվար է թաքցնել. Կովկասում Ռուսաստանի պահվածքն ավելի շատ զառամյալ կնամոլի է հիշեցբնում, ով թաքցնում է վրա հասած իմպոտենցիան:
Եվ հետաքրքրության այդ երկկողմանի կորուստը նկատվում է այնտեղ, որտեղ հնարավոր չէ ձևացնել: Ռուսերենով գրված քանի՞ գեղարվեստական ստեղծագործություն կա Կովկասի մասին: Չեմ ասում՝ տաղանդավոր, ծավալուն, գոնե մի բան՝ քանի՞սը: Հավանաբար, ես ինչ-որ բան եմ բաց թողել, այդ պատճառով էլ չեմ ասի՝ ոչ մի հատ: Կասեմ՝ ծայրահեղ քիչ: Քանի որ ընթերցողի կողմից պահանջարկ չկա, չկա նաև առաջարկ գրողների կողմից:
Սակա՛յն:
Եկավ 2015 թվականը: Եվ հայտնվեց Դմիտրի Իվանովի “Որտեղ են գիշերում աստվածները:
Լավ է գրված: Գրավիչ սյուժե ունի: Ե՛վ զվարճալի է, և՛ հուզիչ: Դա ես չեմ ասում, ընդամենը միանում եմ այնպիսի մարդկանց կարծիքին, ինչպիսիք են Ֆազիլ Իսկանդերը, Լյուդմիլա Ուլիցկայան, Յուրի Արաբովը, Անդրեյ Մակարևիչը:
Իմ կողմից ավելացնեմ. այն, թե ինչպես է դա արված, կարևոր է, սակայն թեման, ինձ թվում է, ավելի կարևոր է: Դա Կովկասում ապրող մարդկանց հերթական հանդիպման մասին է ռուսական պետության հետ: Պատերազմ չէ այս անգամ, արտաքսում չէ, սովորական սպանություն չէ, այլ պարզապես Սոչիում կայանալիք Օլիմպիադա: Բայցևայնպես, կրկին՝ դժբախտություն:
Հանկարծ պարզվում է, որ դժբախտություն է պատահել, այո, բայց այն հաղթահարելի է: Քանի որ վեպի գլխավոր հերոսը հաջողակ մոսկվացի է, ով պատահաբար հայտնվել է օլիմպիական թալանի կենտրոնում և Կովկասի մասին մինչ այդ պահը շատ աղոտ պատկերացումներ ուներ, հանկարծ սկսում է մտածել: Հետո զգալ: Հետո գործել:
Իհարկե, այդ գրքի ամենակարևոր ընթերցողն ապրում է Մոսկվայում, Պերմում, Չելյաբինսկում կամ Օրենբուրգում: Քանի որ գիրքը նրա մասին է: Սակայն միգուցե այն կարդան Բաքվում, Թբիլիսիում, Երևանում և շատուշատ այլ տեղերում: Կարդան նրանք, ովքեր ապացույցներ էին փնտրում (և վերջերս հազվադեպ էին գտնում) այն բանի, որ ռուսական պետությունն ու Ռուսաստանում ապրող մարդիկ այնուամենայնիվ նույն բանը չեն:
Կարծում եմ, Ֆազիլ Իսկանդերի համար կարևոր էր, որ այս գիրքը կարդան:
Հոդվածում հնչած կարծիքներն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության կարծիքի հետ:
Հրապարակվել է 02.08.2016