Նատալյա Գարախանովա, Բաքու
Եթե դուք փոքր “տնային գրասենյակ ունեք, ապա հավաքարարը գալիս է ամեն կիրակի օր և նրա հետ շփումը սահմանափակվում է ճմրթած թղթի վրա նամակներ գրելով, թե նստակոնքը լվանալու միջոցը վերջացել է: Սակայն եթե գրասենյակը մեծ է, իսկ պետը՝ մաքրասեր, ապա հավաքարարը մշտական աշխատող է՝ լրիվ աշխատանքային գրաֆիկով: Եվ, բարեբախտաբար, ավելին, քան աշխատակից:
Չգիտեմ՝ ձեզ մոտ ինչպես է, բայց մեր գրասենյակի հավաքարարները հատուկ կաստա են: Դա յուրօրինակ փոքր աշխարհ է, որտեղ տեղի է ունենում “մեղուների գաղտնի կյանքը: Ծածուկ ուրախություններ, հետաքրքիր բամբասանքներ, փոքր կրքեր և որ ամենակարևորն է՝ Մեծ եղբայր դառնալու ձգտում և դժբախտ գրասենյակը սեփական անկոտրում, խիստ, բայց արդար կամքին հպատակեցնելու մղում:
Թվացյալ կրոնական ավանդույթների, հնամոլության և շաբլոնային մտածելակերպի իրոք բացառիկ այդ օրինակը կարող է մեր հասարակությունում առկա սոցիալական երևույթների և զանգվածների ալեկոծման ամենօրյա հայելի ծառայել:
Նրանց գործունեությունը բազմաբնույթ է, սակայն կարելի է 4 հիմնական ուղղություններ նշել, դրանք “նախարարություններ անվանենք, որոնք սրտի թրթիռով ղեկավարում է Մեծ եղբայրը՝ Ջորջ Օրուելի “1984 գրքի բռնակալը:
Ճշմարտության նախարարություն
Այո-այո, մաքրուհիների ուղեղային կենտրոնը հենց այստեղ է: Եթե դուք գրասենյակում մաքրուհի ունեք, պատրաստ եղեք, որ նա իմանալու է ամեն ինչ և բոլորի մասին: Թե ով որտեղ է ապրում, ով երբ է ծնվել, ով ինչ դիրք ունի ղեկավարության մոտ:
Մանիպուլյացիայի արվեստին նրանք կատարյալ տիրապետում են: Պետք եղած բառ ասեցիր այստեղ, հետո՝ այնտեղ, սրան ակնարկեցիր, նրան ակնարկեցիր, իսկ նա միևնույնն է, ամեն ինչ պատմելու է, սրանից իմացար, մի մասը ինքդ հորինեցիր և արժեքավոր եզրակացություններով հանդերձ փոխանցեցիր մյուսին: Արդյունքում, կարող եք հայտնվել բամբասանքի այնպիսի կիզակետում, որ ինքներդ էլ պատրաստ լինեք հավատալ, որ հենց այդպես էլ եղել է:
Բացի այդ ուղեղիդ մեջ արթնանում են սոցիալական գնահատականների ալգորիթմերը և, ընդամենը մի քանի հարց տալուց հետո ձեզ միանգամից դասում են որոշակի սոցիալական խմբի՝ հետևաբար կառուցելով նաև գործելու մակետը:
Ո՞րտեղից ես: Բաքվի՞ց, թե՞ շրջանից: Եթե այո, ապա՝ ո՞ր: Այս ամենը նշանակություն ունի: Իսկակա՞ն բաքվեցի ես: Լավ: Մեծ բնակավայրի՞ց: Լավ, մի կերպ կտանենք: Գյուղի՞ց: Եկել-լցվել են: Ի դեպ, հայրդ ու մայրդ ինչո՞վ են զբաղվում, հայտնի բարեկամներ ունե՞ս:
Խաղաղության նախարարություն
Այս նախարարությունում հայտնում են ռազմական գործողությունների վերաբերյալ վերջին նորությունները: Դեռ չեք հասցնի ընկղմվել ագահ հետաքրքրությամբ լի այս անդունդ, կիմանաք՝ ով ում է մատնել, հայհոյել, կայանատեղիում մյուսի տեղը զբաղեցրել, չի բարևել փողոցում, ոտքի տակը փորել և այլն: Ով ում հետ չունի և ով է ում թշնամին: Ընդ որում, մի զարմացեք, եթե ցուցակներում դուք էլ լինեք: Դուք կարող եք հզոր հակառակորդներ ունենալ, ովքեր նեղացել են ձեզնից, որ նախորդ տարի Ամանորի կապակցությամբ չեք շնորհավորել:
Սիրո նախարարություն
Յուրաքանչյուր օֆիսային հավաքարար նաև միջնորդ է: Նա անպայման կհետաքրքրվի ձեր ընտանեկան կարգավիճակով: Եվ դուք կզարմանաք հստակ ալգորիթմերով աշխատող նրա գիտակցության աշխատանքի վրա: Այսպես, եթե կին եք.
• Ամուսնացա՞ծ ես: — Այո: Քանի՞ երեխա ունեք: Չունե՞ք: Ինչո՞ւ: Խնդիրներ ունե՞ս:
• Ամուսնացա՞ծ ես: — Ոչ: Ինչո՞ւ: Քանի՞ տարեկան ես: Ժամանկն է: Նշանված եղե՞լ ես: Ես քեզ ամուսին կգտնեմ: Մեր հարևանի տղան մի ընկեր ունի…
Եթե տղամարդ եք.
• Ամուսնացա՞ծ ես:– Այո: — Քանի՞ երեխա ունես: Ինչո՞ւ: Կինդ խնդիրնե՞ր ունի:
• Ամուսնացա՞ծ ես: — Ոչ: Ինչո՞ւ: Քանի՞ տարեկան ես: Միգուցե կա աղջիկ, որի ծնողները դե՞մ են: Արի ես քեզ մի լավ աղջիկ գտնեմ, մեր հարևանի ընկերուհին աղջիկ ունի…
Ի՞նչ անել նման իրավիճակում: Եթե արդեն ճանկել են ձեզ, կոտրեք ալգորիթմը: Այնպիսի մի բան մտածեք, որը կկանգնեցնի ողջ թափով ընթացող այդ գնացքը, թե չէ, ինչպես «Նաուտիլուս Պոմպիլիուս» խումբն էր երգում, դուք նույնպես «կփարվեք սիրո անիվին»:
Օրինակ, կարելի է վստահ հայտնել, որ ձեր հարգելի ծնողների ուխտի համաձայն ձեզ խոստացել են ամուսնացնել խորհրդավոր երիտասարդի հետ (միգուցե՝ հեռավոր բարեկամի, ինչը թեժություն է մտցնում պատմություն), սակայն տվյալ պահին երիտասարդն արտասահմանում է, գումար է վաստակում, որպեսզի ապագա ընտանիքը կարիքի մեջ չլինի: Կամ դուք երիտասարդ մի աղջկա, բնակաբար՝ ձեր հոր մոտ ընկերների դստերը, խոստացել եք նշանվել: Այդ ժամանակ ձեզ հանգիստ կթողնեն՝ ձեր հանդեպ հարգանքեվ լցվելով:
Առատության նախարարություն
Քանի որ հավաքարարները հաճախ նաև տնտեսությամբ են զբաղվում, ապա մեծ մասամբ զանգվածային ահաբեկչություն է տեղի ունենում: Իբր գրասենյակում անընդհատ ինչ-որ բանի պակաս կա, չնայած որ ամեն ինչ կա: Ձեզ կխնդրեն այդքան օճառ չօգտագործել՝ “ուտո՞ւմ եք այն, ինչ է և այդքան ինտենսիվ չօգտագործել զուգարանի թուղթը, քանի որ “մենք պետք է տեղավորվենք բյուջեում:
Կարող է նաև այնպես լինել, որ “ես ջուրը շաբաթվա սկզբին եմ պատվիրելու, քանի որ ինձ այդպես է հարմար, այնպես որ՝ վերջ, այն, ինչ կա, մինչև շաբաթվա վերջ ձգեք: Պատահում է նաև “մի քայլեք միջանցքում, նոր եմ հատակը լվացել, որպես կանոն, աշխատանքային օրվա կեսին, երբ ձեզ անհրաժեշտ է կարևոր փաստաթղթեր տպել: Այնպես որ, եթե ուզում եք այսպիսի պայմաններում ողջ մնաք, սառը պատերազմ պետք է սկսեք: Ասենք, թշնամուն սովի մատնելով հաղթեք:
Օրուելի մոտ այսպիսի բան էլ կար. «Եթե փոքր կանոններին հետևում ես, կարելի է խախտել մեծերը»: Սա նրա համար եմ ասում, որ եթե հետևենք կոնֆորմիզմի քաղաքականությանն ու հավաքարարների կանոններով խաղանք, հնարավոր է, որ հանգիստ գրասենյակային կյանք ձեզ համար այնուամենայնիվ կապահովեք և կկարողանաք կենտրոնանալ աշխատանքի վրա: Սակայն եթե ձեր հոգում փոթորիկ է, ապա հանգիստ կյանք դեռ երկար չեք ունենա, սակայն կա շանս, որ տարածքը կգրավվի և ձեզ էլ չեն անհանգստացնի տնտեսական օճառի և անհավասար ամուսնության հարցերով: Սակայն ինչ էլ ընտրեք, հիշեք, որ Մեծ եղբայրը հետևում է ձեզ:
Ձեր կարծիքով դա հատակի փայտով հանգիստ կին է, և նա ոչ մի յուրահատուկ բան չի անում, միայն հատա՞կն է մաքրում: Մեզ մոտ՝ Կովկասում, հավաքարարը ընկերությունում երկրորդ մարդն է: Բնականաբար, գլխավոր տնօրենի վարորդից հետո:
Հրապարակվել է 11.06.2016