Տվեք, թե չէ կխլենք
Աբխազիայում կան մարդիկ, ովքեր բավականին գումար են վաստակում բնակարան գնելու համար: Սակայն նրանք անկասկած փոքրամասնություն են կազմում, և հիմնականում Ռուսաստանում արմատներ ունեցող գործարարներն են և այդ գործարարների երեխաները:
Մնացածներն իրենց խնդիրները ստիպված են ինքնուրույն լուծել: Եվ լուծում են այնպես, ինչպես կարողանում են:
Խնդիրը պարզ է հնչում. նրանք ապրելու տեղ չունեն
Էսման ու Աստանն ընդամնեը մեկ տարի առաջ են ամուսնացել: Կես տարի ապրել են Աստանի ծնողների տանը: Աստանը մեծ ընտանիք ունի, երկու ամուսնացած եղբայր, և բոլորը մի տան մեջ են ապրում, որտեղ երիտասարդ ընտանիքի համար տեղ գրեթե չկա: Այդ պատճառով էլ Աստանն ու Էսման տեղափոխվեցին վարձով բնակարան:
Էսման չի աշխատում, սովորում է բժշկական քոլեջում: Աստանն աշխատում է մթերային խանութում, որտեղ մթերք է ընդունում, աշխատավարձն ընդամենը 15 հազար ռուբլի է կազմում [մոտ $200]: Երիտասարդ ընտանիքին օգնում են ծնողները. այդ գումարով բնակարանի վարձ տալ, սնվել և ինչ-որ հագուստ գնել շատ դժվար է:
«Պետությունը խնդրում է բարելավել մեր երկրի դեմոգրաֆիական իրավիճակը, սակայն ի՞ն չ են նրանք անում երիտասարդ ընտանիքներին օգնելու համար: Ես ու ամուսինս այժմ չենք կարող երեխա ունենալ, քանի որ ի վիճակի չենք նրան պահել», — ասում է Էսման:
«Մեր ծնողներն այնքան ունևոր չեն մեզ բնակարան գնելու համար: Ռուսաստանում երիտասարդ ընտանիքներին նորմալ տոկոսադրույքով հիփոթեք են տալիս: Իսկ մեր պետությունը միայն պահանջում է, սակայն ոչ մի կերպ չի ուզում օգնել», — ասում է Աստանը:
Այդպիսի երիտասարդ ընտանիքները Սուխումում բավականին շատ են, սակայն ճշգրիտ վիճակագրություն չկա:
«Ինչո՞ւ ես պետք է բնակարան գնեմ: Թող պետությունն ինձ տա», — ասում է վճռական տրամադրված 25-ամյա երիտասարդ Դմիտրին: Նա ոչ թե խնդրում է բնակարան, այլ պահանջում այն պետությունից:
Դմիտրին ամուսնացել է մեկ տարի առաջ, և նրա ու կնոջ համար բնակարան ունենալն ու ծնողների հետ չապրելը սկբունքային հարց է: Այդ պատճառով էլ, նրանց խոսքով, իրենք ամեն ինչի պատրաստ են իրենց նպատակին հասնելու համար:
«Հայրս պատերազմում զոհվել է, ինձ պարտավոր են բնակարան հատկացնել: Եթե մոտ ժամանակներս չհատկացնեն, գնալու եմ ու զբաղեցնեմ դատարկ մի բնակարան: Հոգնել եմ սպասել», — ասում է Դմիտրին:
Բնակարանների գրավումն Աբխազիայում. ինչպես է դա տեղի ունենում
Այն, ինչ Դմիտրին է ուզում անել՝ «Կգնամ և դատարկ բնակարան կզբաղեցնեմ», բացառիկ և միևնույն ժամանակ Աբխազիայի համար տիպիկ երևույթ է: Մարդիկ, ովքեր հեռանկարներ չեն տեսնում բնակարանի գումար ինչ-որ կերպ վաստակելու, այդ սկզբունքով խմբեր են կազմում, դատարկ բնակարաններ են գտնում և սկսում ապրել այդտեղ:
Այդպիսի իրադարձություններով հարուստ էր հատկապես 2015թ-ը: Օրինակ, 2015թ-ի մայիսին Սուխումում 18 երիտասարդ ընտանիք եկել էր զբաղեցնելու Նոր թաղամասի Գումիստինի փողոցի 39 բարձրահարկ դատարկ շենքի մուտքը:
Առաջին բանը, որ նրանք արել են, մուտքի նոր երկաթյա դռներ տեղադրելն է եղել: Այնուհետև բնակարանները «բաշխել են» միմյանց միջև:
Դեպքի վայր ժամանած միլիցիայի կարգախմբի տվյալներով՝ այդ շենքը վերակառուցվում է Աբխազիայի հայրենադարձության պետական կամիտեի կողմից և պետք է հանձնվի հայրենադարձների ընտանիքներին: Սակայն շենքը լքելու միլիցիայի պահանջին «զավթիչներն» ագրեսիվ են արձագանքել՝ պնդելով, որ նրանք նույնպես իրավունք ունեն բնակարան ստանալու: Մոտ 30 մարդ էր այդ ժամանակ հավաքվել շենքի մոտ՝ խախտելով «հասարակական կարգը», ինչպես գրանցվել էր արձանագրությունում:
Արդյունքում ձերբակալվեց Թկուարչալ քաղաքի բնակիչ Արսեն Լոմիան, իսկ մուտքի երկաթյա դռներն ապամոնտաժվեցին:
«Կորուսյալ սերունդը» և ուրիշների համար դատարկ բնակարանները
Նման արշավների համար առանձնապես գայթակղիչ է Նոր թաղամասը. այնտեղ շենքերի բնակարանների մեծ մասը տարիներով դատարկ է: Շատ են դեպքերը, երբ երիտասարդները փորձել են բացել բնակարանի դուռն ու բնակություն հաստատել այնտեղ, սակայն հաջորդ օրն իսկ հայտնվել է տանտերը:
Այս խնդիրը, որը երիտասարդությունը փորձում է նման ծայրահեղ ձևով լուծել, իրոք մասշտաբային է: Ախազիայում բնակչության հատուկ խմբերի համար բյուջեից «սոցիալական բնակարանի» տրամադրման համակարգ կա, և այդպիսի բնակարանի հերթ է կանգնել ավելի քան 2000 մարդ: Դա ընդամենը Աբխազիայի ժողովրդի հայրենական պատերազմի (1990թթ.) հաշմանդամները, այդ պատերազմում զոհվածների և կորածների ընտանիքները, ինչպես նաև հրդեհից տուժածները, Երկրորդ աշխարհամարտի վետերանները, ԽՍՀՄ հերոսներն, Աբխազիայի հերոսները, հայրենադարձներն են:
Երիտասարդ ընտանիքներն այդ ցուցակում չկան, և նրանց համար առանձին ծրագիր չկա:
Սակայն այս ընթացքում կյանք է մտնում երիտասարդ սերունդը, 1990-ականների պատերազմի ժամանակ կամ անմիջապես դրա ավարտից հետո ծնված երեխաները: Ծնվելով փոփոխությունների շրջանում՝ նրանք որակյալ կրթություն, դաստիարակություն չեն ստացել, ոչ ոք նրանց ինքնուրույն կյանքի համար մեկնարկային որևէ հնարավորություն չի տվել:
Նրանք շատ քիչ և ոչ սիստեմատիկ են վաստակում: Սակայն հենց հիմա մի տարիքում են, երբ ընտանիքներ են ստեղծում և երեխաներ ունենում: Եվ պետք է ինչ-որ տեղ ապրեն:
Մյուս կողմից, Աբխազիայում շատ են դատարկ տները: Սուխումի հենց այդ նույն Նոր թաղամասում երիտասարդները դատարկ բնակարանների մի ամբողջ մուտքեր են տեսնում: Դա 1990-ականներին վրացական բնակչության կողմից թողնված տներն են, ինչպես նաև նոր տները, որտեղ «բոլոր դեպքերում» ներդրումներ են արել Աբխազիայում ապրող գործարարները, սփյուռքը:
Այսպիսով, տեսականորեն բնակարաններ կան: Սակայն գործնականում 20 տարի առաջ տեղի է ունեցել բնակարանների «ինքնազավթում», փող ունեցող մարդիկ գնել են մնացած բնակարանները և այժմ անտեր տներ չկան:
«Մենք այլ ելք չունեինք, մեզ ոչ ոք չէր ուզում օգնել», — ասում է Նոր թաղամասի չստացված բնակեցման կազմակերպիչներից մեկը՝ Ամրա Կվիցինիան:
«Մենք չենք ուզում, որ մեր երեխաները մեզ պես տառապեն առանց բնակարանի», — բացատրում է այդ «գրոհի» մեկ այլ մասնակից Լավրենտի Ֆետօղլին:
Լավրենտին պատմեց, թե ինչու է հենց այդ տունն ընտրել. «Այն ամենահինն է, և մենք պատրաստ էինք ինքներս վերանորոգել: Մենք դրա վրա կծախսեինք այն գումարը, որը հիմա բնակարանի վարձ ենք տալիս»:
Այդ մարդկանց կոչ անել օրենք պահպանել մեծ մասամբ անօգուտ է: Առաջին հերթին, դա իրավական մշակույթից դուրս մեծացած սերունդ է: Երկրորդ հերթին, երիտասարդ սերնդի աչքերում սեփականության հետպատերազմյան վերաբաշխումը ոչ լեգիտիմ է, նրանք դրան չեն մասնակցել ակնհայտ պատճառներով: Այժմ նրանք առաջարկում են ևս մեկ վերաբաշխում անել և չեն հասկանում, թե ինչու իրենց չի կարելի այն, ինչ կարելի էր ավագ սերնդին:
Այդ մարդկանց անօգուտ է ասել, որ նրանք ունեն ձեռքեր ու ոտքեր և պետք է ինքները բնակարանի գումար վաստակեն: Առաջին հերթին, դա սուտ է, նրանք վաստակելու տեղ չունեն, Աբխազիայի աշխատաշուկան նվազագույն ծավալներ ունի: Երկրորդ հերթին, պետությունն այս պարագայում չի կարող երիտասարդներից հաջողություններ պահանջել, քանի որ ոչինչ չի տվել նրանց՝ ո՛չ կրթություն, ո՛չ զարգացման հնարավորություններ: Դա հենց այն «կորուսյալ սերունդն է», և դրա համար պետք է վճարել:
Ինչո՞ւ այսպես եղավ
Հետպատերազմյան Աբխազիայում 2000-ականներին ձևավորվեց բնակարանների հետ կապված արդեն սկզբունքայնորեն նոր իրավիճակ: Դատարկ, սակայն «զբաղված» բնակարանների և տների մեծ մասը (դրանցից ոչ բոլորն են մինչև հիմա պաշտոնապես ձևակերպված) սկսեց յուրօրինակ արտարժույթի դեր խաղալ, որը պահում են այն հույսով, որ փոխարժեքը կբարձրանա: Նույնիսկ անզեն աչքով երևում է, որ Աբխազիայում անշարժ գույքի վաճառքի մասին հայտարարությունները մոտ 100 անգամ գերազանցում են գնելու հայտերը:
Զարմանալի իրավիճակ է. օրինակ, նույնպիսի ճգնաժամը Մոսկվայում 1930-ականներին կապված էր բնակարանների պակասի հետ, իսկ ժամանակակից աբխազիան, ընդհակառակը տառապում է դրա ավելցուկից:
Ինչ անել
2015թ-ի այդ մասշտաբային «զավթումից» հետո Աբխազիայի կառավարությունն առաջին անգամ սկսեց մտածել ոչ միայն հայրենադարձներին և առանձին մարդկանց խրախուսելու համար անվճար բնակտարածք ապահովելու մասին, այլ նաև բնակարանի կարիք ունեցող շարքային քաղաքացիներին:
Առաջին, թեև ոչ մեծ արդյունքները հետևյալն են. նախարարների կաբինետը որոշեց տասը երիտասարդ ընտանիքների բնակարան տրամադրել Սուխում քաղաքի Կրասնոմայսկի 92 հասցեում: Բնակարանները վերցված են հայրենադարձների համար նախատեսված պետական բնակարանային ֆոնդից:
Սուխումի բնակարանային վարչության ղեկավար Սերգեյ Մաթոսյանն ասում է, որ այնուամենայնիվ երիտասարդ ընտանիքներին «սոցիալական բնակարանով» ապահովելու հատուկ ծրագիր չկա:
«Ես ուրախ եմ այն ընտանիքների համար, որոնք կարողացան ստանալ այդ 10 բնակարանները, սակայն այդ ամենը շատ հարցեր է առաջացնում: Եթե իրավական տեսանկյունից խոսենք, ապա դա իհարկե կոպտագույն խախտում էր: Մյուս կողմից, այդ մարդիկ հուսահատվել են: Սակայն կրկին նրանցից շատերը Սուխումի գրանցում չունեն», — ասում է Սերգեյ Մաթոսյանը:
Նրա խոսքով, այն բանից հետո, երբ այդ տասը ընտանիքներին բնակարաններ տրամադրվեցին, իր կաբինետի մոտ երկար հերթ էր գոյացել. մարդիկ ուզում էին այդ երջանիկների թվում լինեին. «Այնպիսի իրավիճակ էր, որ չէի ուզում աշխատանքի գնալ»:
«Սոցիալական բնակարանը նախկինի պես տրամադրվում է նրանց, ում տները ռազմական գործողությունների ժամանակ կամ տարերային աղետների հետևանքով բնակության համար անպիտան են դարձել», — ասում է Մաթոսյանը:
«Իհարկե, վաղուց ժամանակն է անցում կատարել աշխարհում ընդունված համակարգին, երբ մարդիկ ինքներն են պատասխանատու իրենց համար բնակարան գնելու համար: Սակայն դա հնարավոր է միայն խնդիրների մի ամբողջ շերտ լուծելուց հետո: Առաջին հերթին դա ցածր աշխատավարձերն են և հիփոթեքային վարկավորման բացակայությունը: Իսկ թե երբ այս իրավիճակը կփոխվի, պարզ չէ», — նշեց նա:
Ուրիշների փորձը
Զարգացած երկրներում բնակֆոնդը հստակ բաժանված է մասնավոր և սոցիալական սեկտորների: Դա ռազմավարական կարևորություն ունի բնակարանային քաղաքականության ձևավորման տեսանկյունից, քանի որ յուրաքանչյուր սեկտորում գործում են տարբեր առաջնահերթություններ, մեխանիզմներ և կանոններ:
Բյուջետային ծախսերի կրճատմամբ հետաքրքրվող յուրաքանչյուր կառավարություն ձգտում է մասնավոր հատվածի ավելացման և սոցիալական սեկտորի կրճատման համար պայմաններ ստեղծել, որն ըստ էության դոտացիայի հաշվին է արվում:
Մեծ Բրիտանիայում, օրինակ, որտեղ մասնավոր հատվածը կազմում է ընդհանուր բնակֆոնդի 69%-ը, մասնավոր բանկարանային սեփականության զարգացումը պետության տնտեսական քաղաքականության առաջնահերթություն է: ԱՄՆ-ում մանավոր հատվածն ավելի մասշտաբային է՝ 92%:
Մեծ Բրիտանիայում, ինչպես նաև Ռուսաստանում ժամանակին բնակարանների սեփականաշնորհում է անցկացվել: 1,3 մլն անգլիացի սեփականատեր դարձավ: Պետությունից զգալի զեղչով գնված այդ տները շարունակում են մնալ սոցիալական տնատերերի կառավարման տակ և հաշվառվում են որպես սոցիալական բնակարան, թեև նոր տերերի մասնավոր սեփականություն են կազմում:
«Մենք նոր սոցիալական բնակարաններ չենք կառուցում, քանի որ բյուջեում նման գումարներ չկան, իսկ ՌԴ ներդրումային ծրագիրը նման ֆինանսական օգնություն չի նախատեսում: Այդ պատճառով էլ կանխատեսումները սփոփիչ չեն: 23 տարվա ընթացքում պետությունը սոցիալական բնակարանի մի մետր անգամ չի կառուցել: Մենք շարունակում ենք հայտեր ընդունել մարդկանցից, սակայն ոչնչով չեն կարող օգնել», — ասաց Սերգեյ Մաթոսյանը:
Հոդվածում հնչած կարծիքներն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության կարծիքի հետ
Հրապարակվել է 11.11.2016