Հայաստանի ապրանքները դժվարությամբ են հայտնվում Եվրասիական միության շուկաներում
Բարդ լոգիստիկան լրացուցիչ դժվարություններ է ստեղծում Հայաստանից Եվրասիական տնտեսական միության երկրներ ապրանք արտահանելու համար, իսկ հարկ եղած չափանիշների բացակայությունն իջեցնում է դրա մրցակցությունը, հայտարարել են «Կավկազսկի ուզելի» կողմից հարցված հայ արտադրողները:
Միս
Մսամթերքի և կիսաֆաբրիկատների արտահանման աճի համար անհրաժեշտ է իջեցնել հայ արտադրողի հարկային բեռը, պնդում է «Բեկոն պրոդուկտ» ընկերության բրենդ-մենեջեր Հարություն Կրպեյանը:
Նրա կարծիքով, տնտեսված միջոցներով հնարավորություն կստեղծվի նոր տեխնոլոգիաներ և արտադրական գծեր ներդնել: Նրա խոսքով, արտադրանքի ծավալի աճը թույլ կտա ապրանքի ավելի մրցակցային գին առաջարկել:
«Մսամթերքի հայկական շուկան բավականին հագեցած է: Անհրաժշտ են հարևան երկրների շուկաներ արտադրանքն արտահանելու մեխանիզմներ: Մասնավորապես, պետության աջակցությամբ կարելի է ընկերություն ստեղծել, որն արտասահմանում մսի վերամշակմամբ զբաղվող ձեռնարկությունների շահերը կներկայացնի», — նշել է Կրպեյանը:
Բրենդ-մենեջերը հայտնել է, որ «Բեկոն պրոդուկտն» իր արտադրանքն արտահանում է միայն Վրաստան: Նա պնդում է, որ արտադրական ծավալները թույլ են տալիս անխափան մատակարարում իրականացնել նաև դեպի Ռուսաստանի հարավ: «Կարելի էր օգտվել այն իրավիճակից ռուսական շուկայում, որն առաջացել էր պատժամիջոցների և եվրոպական մսային արտադրանքի ներկրման արգելքի հետևանքով, սակայն առևտրային ցանցերի առաջարկած գինը շահեկան չէ տրանսպորտային մեծ ծախսերի պատճառով», — ընդգծել է նա:
Կրպեյանը նշել է նաև, որ եվրոպական շուկա հայկական արտադրանքը չի արտահանվում անվտանգության չափանիշների վերաբերյալ խիստ պահանջների պատճառով:
«Եվրոպա ապրանք արտահանելու համար անհրաժեշտ է HACCP (Hazard Analysis and Critical Control Points) սերտիֆիկատ ստանալ: Հայաստանում չկա նման սերտիֆիկատ տրամադրող մարմին: Իսկ սերտիֆիկացիայի համար եվրոպացի մասնագետներ հրավիրելը մի քանի հարյուր հազար դոլար կարժենա, ինչն ընկերությունն իրեն չի կարող թույլ տալ», — պարզաբանեց նա:
Գարեջուր
2016թ-ին աճել է Ռուսաստան արտահանված գարեջրի ծավալը, «Կավկազսկի ուզելի» թղթակցին ասել է «Կոտայք» գարեջրի գործարանի ներկայացուցիչ Աղավնի Ալավերդյանը: Նա նշել է, որ Ռուսաստան արտահանվող գարեջրի ծավալները կտրուկ կրճատվեցին ռուբլու փոխարժեքի անկումից հետո, ինչը, նրա խոսքով, ազդեցություն ունեցավ ընկերության եկամուտների վրա:
«Ճգնաժամի նախնական փուլում բոլոր պայմանագրերը կնքվում էին ռուբլով, այլ ոչ թե դոլարով: Այսօր արդեն ընկերության ռուսաստանյան գործընկերները հաղթահարել են ճգնաժամը: Պայմանագրերը կրկին դոլարով են կնքվում այն պարտադիր պայմանով, որ անհրաժեշտության դեպքում պայմանագրի կնքման օրվա փոխարժեքով վերահաշվարկ է իրականացվելու», — պատմել է Ալավերդյանը:
Ընկերության ներկայացուցիչը նշել է, որ տրանսպորտային փոխադրումները Ռուսաստան գարեջուր արտահանելու գլխավոր խնդիրն են: «Երկրների միջև ընդհանուր սահմանի բացակայության պատճառով արտադրանքը ստիպված է կանգնել «Վերին Լարս» անցակետում՝ այն փակվելու ժամանակ», — պարզաբանել է նա:
Ալավերդյանն ավելացրել է, որ ընկերության արտադրանքն արտահանվում է նաև ԱՄՆ, ԵՄ երկրներ, Ավստրալիա և Իրաք: Նրա խոսքով՝ բանակցություններ են ընթանում գարեջուրը Հարավային Ամերիկա և մասնավորապես Ուրուգվայ արտահանելու շուրջ:
Գինին
Գինեգործական արտադրանքի տարածքային ծագման համապատասխանության վերահսկողության ինստիտուտի բացակայությունը դեպի միջազգային շուկաներ գինու արտահանման հիմնական խնդիրն է, կարծում է «Կարաս» գինեգործական ընկերության մարքեթինգի մենեջեր Վլադիսլավ Խաչատրյանը:
Նա նշեց, որ հայկական գինիները մինչև վերջին ժամանակներս այնքան էլ հայտնի չէին ռուսական շուկայում: Միջազգային շուկայում սեփական տեղը գրավելու համար, նրա կարծիքով, հայկական գինիները պետք է որակի բարձր պահանջներին համապատասխանեն:
«Հայաստանում գինեգործական արտադրանքի որակի վերահսկողության պետական մեխանիզմներ չկան: Չկա օրենք, որը կկարգավորի Հայաստանի այս կամ այն մարզում խաղողի տեսակների մշակումը, ինչպես նաև այն, թե խաղողի որ տեսակներն է պետք օգտագործել գինու արտադրությունում: Եթե, ասենք, «Արենի» ստանալու համար պետք է խաղողի տարբեր տեսակներ որոշակի համադրությամբ խառնել, ապա օրենքով պետք է ամրագրել, թե կոնկրետ որ տեսակներն ու ինչ տոկոսային հարաբերակցությամբ: Եթե շշի վրա գրված է «Արենի», ուրեմն գինին պետք է համապատասխանի ստանդարտին: Միայն գովազդը բավարար չէ շուկա գրավելու համար», — հայտնեց «Կարաս» ընկերության ներկայացուցիչը:
Նրա տվյալներով՝ ռուսական ռուբլու անկումը Հայաստանի գինի արտահանողներն, ի տարբերություն կոնյակ արտահանողներին, առանձնապես չզգացին Ռուսաստանում հայկական գինու ոչ այնքան հայտնիության պատճառով:
«Հայկական գինիները նոր են սկսել լրջորեն գրավել Ռուսաստանի շուկան: Ռուսաստանյան սպառողն իմացավ, որ Հայաստանն արտադրում է ոչ միայն լավ կոնյակ կամ բրենդի, այլ նաև գինի», — պարզաբանեց Խաչատրյանը:
Նա նշեց նաև, որ ընկերությունը խնդիրներ չի ունեցել գինեգործների հետ, քանի որ գինու գործարանը խաղողի մոտ 300 տեսակ է մշակում խաղողի 450 հա սեփական այգիներում: Նրա խոսքով՝ մասնագետներն իրենք են հավաքած բերքի որակի վերահսկողությունն իրականացնում:
- 2015թ-ի սկզբից Հայաստանը Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի հետ միասին Եվրասիական տնտեսական միության անդամ դարձավ, որը Մաքսային միության իրավահաջորդն է: Ընդհանուր հիմքերով Հայաստանը միացավ ԵՏՄ անդամ երկրների պայմանավորվածություններին ծառայությունների ոլորտում, իսկ ապրանքի առևտրի ոլորտում մինչև 2022թ-ը նախատեսվում է աստիճանաբար անցում կատարել դեպի միասնական մաքսային արժույթ:
- ԵՏՄ-ին միանալը Հայաստանում ուղեկցվում էր այդ որոշման դեմ բողոքի ակցիաներով:
- 2015թ-ի սեպտեմբերին «Կավկազսկի ուզելի» կողմից հարցված փորձագետները կարծիք են հայտնել, որ ԵՏՄ անդամակցումը Հայաստանին որևէ դրական արդյունք չի տվել և խոչընդոտում է նրա զարգացմանը բոլոր ոլորտներում: 2016թ-ի հունիսին Հայաստանի խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովը քննարկեց պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի առաջարկը ԵՏՄ կազմից դուրս գալու մասին: Արդյունքում որոշում կայացվեց 1 տարով հետաձգել քննարկումը:
Հրապարակվել է 28.10.2016