Ուղտերը քարհանքում
Բաքվի ցանկացած շուկայում սոխի պարկն ուսին որևէ մեկին կհանդիպեք: Նա տանում է իր պարկը, որից սոխի կեղև է թափվում, ձմռան պաշար է հավաքում, քանի որ նման կերպ են վարվել նաև նրա հայրն ու պապը: Նա է հենց այսպես կոչված միջին վիճակագրական ադրբեջանցին: Հետո մի պարկ կարտոֆիլ էլ կգնի՝ կրկին ձմեռվա պաշար: Բնականաբար այդ սոխի մեջ ներդրված աշխատանքը չի հուզում պարկով մարդուն: Իսկ ահա գինը հուզում է, և եթե հարցնեք նրան, կասի, որ վերջերս սոխը թանկ գնով են վաճառում:
Սոխային վիշտ
Բաբեկ Աբբասովն ապրում է Աղդամի շրջանի Մահրիզլի գյուղում: Արդեն 7 տարի է սոխ է աճեցնում, սակայն ընտանիքի ծախսը ծայրը ծայրին հազիվ է հասցնում: Բանն այն է, որ Բաբեկի հողակտորը շատ փոքր է, և նա ստիպված է լինում համագյուղացիներից հող վարձակալել. «Հողակտորս մեծ չէ, այդ պատճառով էլ չեմ կարողանում ֆերմերների համար նախատեսված արտոնություններից օգտվել: Դրանք նրանց համար են, ովքեր ինձ հող են վարձով տալիս: Ամեն տարի մոտ 4 հա սոխ եմ ցանում»: Այնուհետև Բաբեկը պատմում է իր «հաշվապահության» մասին, մեկ հեկտարից բերք հավաքելու համար 2500-3000 մանաթ ($1535 — 1841) գումար է անհրաժեշտ, իսկ վաստակել կարելի է 3200-3600 մանաթ ($1964-2209): Այսպիսով, սեզոնին նա ինչ-որ գումար վաստակել է, սակայն հետո արժեզրկում է տեղի ունեցել, և ամեն ինչ թանկացել է՝ պարարտանյութը, սերմերը, բույսերի դեղերը:
Իսկ նախորդ տարի նրան «անօրակ» սերմեր են վաճառել, սոխը փտել է, արդյունքում Բաբեկը կորցրել է 1500 մանաթ ($920) և այժմ պարտքերի տակ է:
Գներն ենք ճշտում: Պարզվում է, հողակտորներում սոխը հիմնականում մեծածախ է վաճառվում 35 կգ-ոց պարկերով: Մեկ պարկի գինը 3-4 մանաթ է (մոտ 2 դոլար): Բաքվում սոխի նույն պարկը կարժենա նվազագունը 17 մանաթ, այսինքն՝ 13 մանաթը կորչում է ճանապարհին ինչ-որ տեղ: Ավելի էժան է հենց արտադրողից գնելը, սակայն այստեղ մենք բախվում ենք ադրբեջանական գյուղատնտեսության հավերժ խնդրին. իրացման կարգավորված ուղիներ չկան, տրանսպորտը թանկ է, արտադրողը պարզապես չի կարող Բաքվի շուկա հասնել:
Ավելացրեք նաև շուկայի մենաշնորհը, և կստացվի, որ գյուղացին հազիվ է ծայրը ծայրին հացնում:
Սուբսիդիաներ ու արտոնություններ
Ընդհանրապես պետությունը ֆերմերներին ֆինանսական օժանդակություն է ցուցաբերում, սակայն այս տարի ուշացավ. գյուղացիները ստիպված էին սպասել, մինչև գյուղատնտեսության նախարարության սուբսիդիաների կոմիտեն որոշում ընդունի: Ի վերջո սեպտեմբերին ֆերմերներին որոշեցին 82 մլն մանաթից մի փոքր ավել գումար հատկացնել (մոտ 50 մլն դոլար):
Կոնկրետ ֆերմերներին ֆինանսական օժանդակություն է ցուցաբերվում վառելիքի և շարժիչի յուղի օգտագործման համար՝ հողակտորի մակերեսի հաշվարկով. 50 մանաթ ($30) մեկ հեկտարի համար մեկ սեզոնին, հացահատիկի, չմաքրած բրնձի, բամբակի, ծխախոտի համար՝ լրացուցիչ 40 ($25):
Վերջին նորությունը. կառավարությունը մտադիր է ինչ-որ բան ձեռնարկել բամբակաբուծության զարգացման համար, և պատրաստ է վճարել 10 կոպեկ (մոտ 6 ցենտ) մեկ կիլոգրամ բամբակի դիմաց:
Ֆերմերները նաև հարկային արտոնություններ ունեն, այսինքն, նրանք ազատված են բոլոր «ձեռնարկատիրական» հարկերից, բացի հողի հարկը, չեն վճարում նաև ՀՆԱ և ավելի քիչ են վճարում ջրի համար: Սակայն ջերմոցների տերերն անընդհատ բողոքում են, որ գազի վարձավճարը նրանց ամբողջությամբ սնանկացնում է:
Բացի այդ, նրանց վարկեր են տրամադրվում արտոնյալ պայմաններով, սակայն ֆերմերները բողոքում են, որ հաճախ բանկերը կոշտ պահանջներ են ներկայացնում վարկ ստանալու համար: Օրինակ Սաբիրաբադի շրջանում բնակվող ձեռնարկատերը պետք է Բաքվում անշարժ գույք գրավ դնի: հաշվի առնելով տնտեսության ընդհանուր անկայունությունը՝ ձեռնարկատերերն արդյունքում սկսել են ավելի քիչ վարկեր վերցնել:
Գյուղատնտեսության տարի
Նավթից ստացած եկամտի նվազումը կառավարությանը ստիպում է այլընտրանք փնտրել: Առաջնահերթությունների շարքում գյուղատնտեսությունն է: 2015թ-ը հայտարարվել է «Գյուղատնտեսության տարի», բազմաթիվ որոշումներ են կայացվել, հանձնարարություններ տրվել: 2015թ-ի արդյունքներին վերաբերող կառավարության նիստին վարչապետ Արթուր Ռասիզադեն հայտարարեց, որ գյուղմթերքի արտադրությունն ավելացել է 6.6%-ով, արտահանումը՝ 7.2%-ով:
Նախորդ տարին նույնպես «2008-2015թթ-ին բնակչությանը սննդով ապահովելու պետական ծրագրի» վերջին տարին էր:
Ծրագրում հստակ նշված էր, թե որքան պետք է ավելանա բերքատվությունը, ցանքատարածությունը և այլն: Սակայն գյուղատնտեսության ոլորտի փորձագետ Վահիդ Մագերամովն ասում է, որ կառավարության ագրարային քաղաքականությունը չէր նպաստում բոլոր այդ նպատակներին հասնելուն, վիճակագրությունն էլ է խոսում այն մասին, որ ծրագրից ոչ մի օգուտ չի եղել. «Ընդամենը մեկ փաստ. 2008թ-ին, երբ ծրագիրը մեկնարկեց, երկրում 2498,3 հազար տոննա հացահատիկ էր արտադրվում, իսկ 2014թ-ին այդ ցուցանիշը նվազեց 118,9 հազար տոննայով»:
Պատճառները
Նախարարությունում կարծում են, որ ցածր բերքատվության պատճառներից մեկը հողի սխալ օգտագործումն է, որը մունիցիպալիտետները ֆերմերներին հողը վարձով են տալիս: Այդ պատճառով էլ արտադրության առումով իրենց պարտավորությունները չկատարած ֆերմերներից գործադիր իշխանությունը ետ է վերցնում այդ հողը՝ լուծելով պայմանագիրը: Այսպես, օրինակ, Սահաթլինի շրջանում 104 հա հող է «վերադարձվել», Հաջիգաբուլում՝ 4 443 հա: Ապշերոնում ամեն ինչ ավելի վատ է. 19 հազարից ավել հողատարածք ուղտերի արոտավայր է դարձել, իսկ վերջերս էլ այնտեղ քարհանք են հայտնաբերել:
Որպես գյուղատնտեսության խնդիրների ևս մեկ պատճառ նախարարությունը նշում է ղարաբաղյան հակամարտության արդյունքում Հայաստանի կողմից գյուղատնտեսական նշանակության հողերի զգալի մակերեսի օկուպացիան՝ մոտ 200 հազար հա: Լեռնային Ղարաբաղն ու հարակից շրջաններն իրոք բարենպաստ կլիմայով և բերքատու հողերով են աչքի ընկնում: Սակայն որոշ փորձագետներ կարծում են, որ առկա հողերի արդյունավետ օգտագործման դեպքում Ադրբեջանը կարող է հաջողությունների հասնել ներկրումը փոխարինելու հարցում:
Փորձագետ Վահիդ Մագերամովն ասում է, որ եթե պետական կառույցն արդյունավետ ծախսեր նախորդ տարի հատկացված 600 մլն մանաթը, կարելի էր կրճատել կախվածությունը ներմուծումից. «Ընդհանուր առմամբ, այդ ծրագրին տրամադրվել է 914 մլն մանաթ: Ընդ որում, իրավիճակը ողբալի է: Կաթի, կարտոֆիլի և մսի արտադրության ոլորտում մենք զիջում ենք Ռուսաստանին, Ուկրաինային, Հայաստանին, Բելառուսին և Ղազախստանին: Ադրբեջան նույնիսկ Հայաստանից Վրաստանի տարածքով կարտոֆիլ է ներկրվում»:
Նորություններ
Ապրիլին նախագահ Իլհամ Ալիևը հրաման ստորագրեց իրացման հավերժ խնդրի լուծման համար հատուկ կառույց՝ «Սննդամթերքի մթերում և մատակարարում» ՍՊԸ, ստեղծելու մասին: Այդ կազմակերպությունը պետք է մարմնավորի ֆերմերների վաղեմի երազանքը, որի մասին խոսում են մամուլին տված յուրաքանչյուր հարցազրույցի ժամանակ. որպեսզի ֆերմերները պարզապես կարողանան պետությանը հանձնել իրենց արտադրանքը որոշակի գնով և այլևս չտանջվել:
Ըստ ծրագրի՝ համակարգը պետք է սկսեր աշխատել արդեն աշնանից: Ե՛վ ֆերմերները, և փորձագետ-տնտեսագետներն անհամբերությամբ են սպասում, թե երբ հնարավոր կլինի անզեն աչքով տեսնել պետական ծրագրերի արդյունքները :
Հրապարակվել է 25.09.2016