Բրենդային կարտոֆիլ Գանձակից
Կարտոֆիլով լցված խորհրդային մակնիշի դարչնագույն «Երազ»-ին Երևանի տարբեր թաղամասերում լավ են ճանաչում: Աշնան վերջից մինչև գարնան սկիզբ Վաչիկ Հովհաննիսյանը շենքից շենք, բակից բակ անցնելով փորձում է քաղաքացիներին վաճառել իր ձեռքով աճեցրած կարտոֆիլը՝ շուկայականից էժան գներով:
«Մտնում եմ բակերը ու կանչում.«Կարտոշկա, կարտոշկա…Քյավառի սրսուռ կարտոշկա»: Մեկ էլ լսում եմ՝ մեկը պատուհանից ինձ է պատասխանում.«Նոր գնացին մեր բակից, տարեք ուրիշ տեղ»: Ու էդպես քշում եմ մեկ այլ բակ, չեմ զլանում, ամեն ինչ անում եմ բերքը իրացնելու համար»,- ծիծաղելով պատմում է Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի բնակիչ 63-ամյա Հովհաննիսյանը: — Եթե շուկայում այդ պահին կարտոֆիլի կգ-ը 200 դրամ է, ես առաջարկում եմ 150-ով, ամենաքիչը պետք է 150-ով վաճառենք, որ գոնե մեր ծախսը հանենք, իսկ եթե պակաս եղավ, դա արդեն մեր կորսուստն է լինում»:
Հովհաննիսյանը ներկայացնում է սեփական տնտեսական վերլուծությունը. կարտոֆիլն էլ ինքնարժեք ունի, եթե լավ մշակեն, կես հեկտարից ստանում են մինչև 20 տոննա, ինքն իր կես հեկտարից ստանում է 10 տոննա:
«Աշնանը՝ Արտաշատից,Արմավիրից գալիս են ու բանջարեղենի հետ փոխանակում, գյուղացիները գրեթե բոլորը մեկ տոննայի չափ փոխանակում են անում, նաև ես: 8 տոննան էլ վաճառում ենք մինչև 200 դրամով, 250 դրամով վաճառում են վերավաճառողները: Թող գան գյուղ մենք 200-ով էլ կտանք»,- ասում է Հովհաննիսյանը:
Գեղարքունիքի մարզում, որտեղ զբաղվածության ամենամեծ տոկոսը բաժին է ընկնում գյուղատնտեսությանը՝ 42.000 գյուղական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններում տարեկան արտադրվում է 230.000 տ կարտոֆիլ: Գանձակ գյուղը ամեն տարի գրեթե 5000 տ կարտոֆիլի բերք է արտադրում, որից 3000 տ պարենային կարտոֆիլն է լինում, 100 տ սերմացուն, իսկ 1000 տ էլ ներքին սպառման:
«Քանի որ երկրում չկա այլևս արդյունաբերություն, պետք է զարկ տանք գյուղատնտեսությանը, այժմ դա է մեր լոկոմոտիվը: Եթե հենց հիմա գործարան կառուցենք ու փորձենք Մերսեդեսին մրցունակ ապրանք արտադրել՝ 50 տարում էլ դրան չենք հասնի, բայց մեկ գյուղատնտեսական արտադրական ցիկլում կարող ենք միջազգային շուկա դուրս գալ մեր կաթով, մսով, մեղրով, ծիրանով՝ էն ինչը մեր բրենդն է, օրգանիկ, էկոլոգիապես մաքուր: Կարտոֆիլը այսօր մեր ապրուստի միջոցն է, մեր հայրենական միրգը»,- ասում է Գանձակի գյուղապետ Վանիկ Հարությունյանը:
Գյուղապետը նշում է. գյուղում հիմանդրել են կարտոֆիլ արտադրողների միավորում, որը կապեր է ստեղծում, որպեսզի Գանձակի կարտոֆիլը արտահանվի դրսի շուկա: Անցյալ տարվանից արդեն իսկ սերմնափոխանակության ծրագիր է իրականացվում Ջավախքի հետ:
«Պատրաստվում ենք բրենդավորել և փաթեթավորել մեր արտադրած կարտոֆիլը: Մի գեղեցիկ օր մենք ունենալու ենք Գավառի կամ Գանձակի կարտոֆիլ, որ մեր կարտոֆիլի անվան տակ մեկ ուրիշը կարտոֆիլ չվաճառի: Ով, երբ, ինչ կարտոֆիլ վաճառում է, ասում է՝ Գավառի կարտոֆիլն է: Այսուհետ կարտոֆիլը դարձնելու ենք մեր բրենդը»,- նշում է գյուղապետը:
Այնուհանդերձ գյուղացիներից շատերը դժգոհում են. միայն կարտոֆիլով հնարավոր չէ տուն պահել, հատկապես իրացման հետ կապված խնդիրներ են ունենում:
«Սովետի ժամանակ սկի ո՞վ էր կարտոշկին նայում, աշխատանք կար, բոլորս աշխատում էինք, կոնդենստաորի, կաբելի, տրիկոտաժի գործարաններում, մենակ 6000 աշխատող կոնդենսատորը ուներ, 250-300 ռուբլի փող էինք ստանում ու աղի նման ապրում, էն որ ասում են կոմունիզմը եկավ դուռը ծեծեց, չբացեցինք, էդ իսկական մեր մասին էր, չհասկացանք դրա արժեքը: Իսկ հիմա գյուղին պահողը մնացել է կարտոշկան»,- ասում է 41 տարի գյուղի գրադարանում աշխատած Անուշ Հովհաննիսյանը:
Գյուղի կենտրոնում հավաքվել են տարեց տղամարդիկ, ավելի երիտասարդները, գրեթե 800 հոգի, մեկնել են արտագնա աշխատանքի: Տարեցները քննարկում են երկրի տնտեսական իրավիճակը, իրենց պատած սոցիալական բազմաթիվ խնդիրները:
Գանձակի նախկին գյուղատնտես Լավրենտի Սիրականյանը նշում է. ընտաիքից 7 տղամարդ Ռուսաստանում են, ինքն ու կինը ապրում են երկու հարսների հետ.
«Էս մարզում էլի մեր գյուղն է, որ հող է շատ մշակում, բայց մենակ գյուղատնտեսությամբ տուն ու ընտանիք չես պահի: Էն ժամանակ մենակ մեր տարածաշրջանում 14 գործարան էր աշխատում, էսօր ժողովուրդը մնացել է անգործ: Տեղի ժողովուրդն այնքանով է ապահովված, որ կարտոֆիլը ձմեռվա ունենում է, ապրանքափոխանակությամբ էլ ձմեռվա կաղամբը, գազարն ու ճակնդեղն է ունենում»:
25 տարի գյուղի մանկապարտեզում աշխատած Նազիկ Անտոնյանն էլ պատմում է, որ մեկ տարի շարունակ ամուսնու հետ Չելյաբինսկում էր, որտեղ աշխատում էին ռեստորանում և հիմանականում խորոված պատրաստում:
«Մեր տանջանքի համեմատ իհարկե էն չէր, բայց որպեսզի մի բանի հասնես՝ գնում ես: Հիմա ասում են. կարտոշկեն մեր բրենդն է, բայց ո՞վ չգիտի, որ կարտոֆիլով տուն պահել չի լինում: Հիմա երեխեդ մի հատ պաղպաղակ է ուզում, ի՞նչ անեմ կարտոֆիլը տամ ձեռքը ուղարկեմ խանութ:
Մարդ կա խանութին մինչև 400 հազար պարտք ունի, բա ինչու՞ այդ նույն կարտոֆիլով չեն կարողանում պարտքերը փակել: Վաճառում ենք 100 կամ 120 դրամով, բայց քաղաքում մնում է 250, բերեք մեքենան վարձենք, տանենք մեր կարտոֆիլը շուկա, ո՞վ կթողնի, որ բան վաճառես, բոլոր տեղերն առած են»,- դժգոհում է Նազիկը:
Գանձակի գյուղապետ Վանիկ Հարությունյանը նույնպես փաստում է, որ կարտոֆիլի միակ խնդիրը իրացման հետ է կապված, դրա համար ամեն քայլի դիմում են, որ կարողանան օգնել գյուղացուն այդ բեռի տակից դուրս գալ.
«Վրացիների հետ նույնպես աշխատում ենք, իրենք են գալիս հենց գյուղից տանում, եթե գնային քաղաքականությունը իրենց շահերից է բխում, մեր գյուղից կարտոֆիլ են տարել Իրան, Իրաք: Մենք հիմա աշխատում ենք միջազգային շուկա դուրս գալու համար, հեշտ չէ, աշխատանք է պահանջում, բայց համոզված եմ, որ այլընտրանք չունենք՝ մեր ապագան գյուղատնտեսությունն է»:
Գանձակի հարևանությամբ գտնվում է 9270 բնակչություն ունեցող Սարուխան գյուղը, որտեղից ամեն տարի 2000 հոգի մեկնում է արտագնա աշխատանքի: Սարուխանի գյուղապետ Վահան Գևորգյանը ցույց է տալիս հնդկացորենի ցանքատարածությունները և ասում, որ շատ հնարավոր է շուտով գյուղացիները կարտոֆիլը փոխարինեն հնդկացորենով:
Գեղարքունիքի 7 համայնքներ ներգրավված են «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման» (ENPARD) ծրագրում, որի շնորհիվ 5 համայնքում այս տարի առաջին անգամ իրականացվում է հնդկացորենի մշակություն: Ծրագրի շրջանակում Ծովագյուղ համայնքում կառուցվում է վերամշակման արտադրամաս` հնդկացորենը շուկայահանման պատրաստելու համար: Նույն ծրագրի միջոցներով Գեղարքունիքում նաև պանրի և բուսական թեյերի նոր արտադրամասեր կկառուցեն:
«Իրացման հարցը լուծվում է, ու սա ամենակարևորն է գյուղացու համար, արդեն տնտեսական հաշվարկներ ենք անում: Եթե շահույթի գործակիցը մեծ եղավ, հնարավոր է Սարուխանը սկսի կարտոֆիլը փոխարինել հնդկացորենով: Եթե կարտոֆիլի մասով էլ իրացման հարց լուծվեր, գյուղը մինչև 5000 տ կարտոֆիլ է արտադրում և իրացնում Վրաստանում ու մեր ներքին շուկայում»,- ասում է Սարուխանի գյուղապետը:
Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների՝ 2016 թվականին հանրապետությունում կարտոֆիլի ցանքատարածությունները կազմել են 34077 հա, որը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը 771 հեկտարով։ Սեպտեմբերի 5-ի դրությամբ արտադրվել է շուրջ 210000 տոննա կարտոֆիլ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 40000 տոննայով։
Հրապարակվել է՝ 12.09.2016